Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb14 էջ 26–35
  • Իրավաբանական հաշվետվություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իրավաբանական հաշվետվություն
  • 2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Իրավաբանական հաշվետվություն
    2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Անցած տարվա նշանակալից իրադարձությունները
    2013 Եհովայի վկաների տարեգիրք
  • Իրավաբանական հաշվետվություն
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • Անցած տարվա նշանակալից իրադարձությունները
    2012 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2014 Եհովայի վկաների տարեգիրք
yb14 էջ 26–35
նկար 27-րդ էջի վրա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրավաբանական հաշվետվություն

Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված» (Եբր. 13։3)։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք հիշում ենք մեր հավատարիմ քույրերին ու եղբայրներին և աղոթում ենք «բոլոր բարձր դիրք ունեցողների համար, որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթ. 2։1, 2; Եփես. 6։18)։

Ներկայացնում ենք որոշ իրավաբանական խնդիրներ, որոնց բախվել են Եհովայի վկաները անցած տարվա ընթացքում։

Ռուսաստանում մեր եղբայրները «առանց դադարի շարունակում են սովորեցնել ու.... բարի լուրը հռչակել»՝ չնայած ռուսական ուղղափառ եկեղեցու և որոշ պաշտոնյաների շարունակական ջանքերին՝ ուղղված մեր գործունեության դեմ (Գործ. 5։42)։ Ռուսաստանի իշխանությունը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի համար ոչ հստակ սահմանված օրենքը կիրառել մեր գրականության և եղբայրների դեմ։ Արդյունքում ռուսական ատյանները մեր հրատարակություններից մոտ 70-ը համարել են «ծայրահեղական» և ընդգրկել են արգելված գրականության ցուցակում։ Դրանով իսկ տպավորություն է ստեղծվում, թե մենք վտանգավոր ենք։ Այդ պատճառով որոշ քաղաքներում տեղական իշխանությունների ներկայացուցիչները ներխուժել են Թագավորության սրահներ և մեր եղբայրներից ոմանց տները՝ հետախուզելու և այդ հրատարակությունները առգրավելու համար։ Քարոզչական ծառայության ժամանակ ոստիկանները շատ Վկաների կալանավորել են, լուսանկարել, մատնահետքեր են վերցրել և, եղբայրներին ոստիկանությունում երկար պահելով, փորձել են վախեցնել։

2013-ի մայիսի սկզբին 16 եղբայրներ և քույրեր Տագանրոգ քաղաքում դատարանի առաջ են կանգնել քրիստոնեական հանդիպումներ կազմակերպելու, դրանց մասնակցելու և քարոզելու համար։ Սա առաջին անգամ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Վկաները քրեական պատասխանատվության են ենթարկվում իրենց հավատի համար։ Ռուսաստանի այլ քաղաքներում նույնպես իշխանությունները փորձում են դատարանների միջոցով մեր գրականությունը «ծայրահեղական» համարել և դատել մեր եղբայրներին որպես հանցագործների կրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով։

Էրիթրեայում մեր եղբայրների և քույրերի վիճակը չի փոխվել։ 2013թ. հուլիսի դրությամբ 52 հոգի գտնվում էր բանտում, որոնցից 8 եղբայրները 70-ն անց են։ Նրանց մեջ կան նաև 6 քույրեր։ Երեք եղբայրներ՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, 1994-ի սեպտեմբերի 24-ից բանտարկված են զինծառայությունից հրաժարվելու համար։

Ազատազրկվածների կեսից ավելին Մայտեր բանտում են, որը գտնվում է մայրաքաղաքի՝ Ասմարայի հյուսիսային մասում՝ անապատում։ 2011-ի հոկտեմբերից մինչև 2012-ի օգոստոսը իշխանությունները որպես պատիժ մեր եղբայրներից 25-ին պահեցին մետաղե տնակում, որը կիսով չափ գետնի տակ էր։ Ամռան ամիսներին բանտապահները նրանց թույլ էին տալիս օրվա ընթացքում դուրս գալ, որ ներսում շոգից չխաշվեին։ Սակայն եղբայրներին շատ քիչ ուտելիք և ջուր էին տալիս, այդ պատճառով նրանց առողջությունը գնալով վատանում էր։ Ցավոք, 2012-ի օգոստոսին այդ դաժան պայմանների պատճառով մեր եղբայր Յոհանես Հայլին 68 տարեկանում մահացավ, ինչպես որ եղբայր Միսգինա Գեբրեթինսաեն էր մահացել 2011-ին։

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները

Հիմնված Եսայիա 2։4 և Հովհաննես 18։36 համարների վրա

ՀԱՅԱՍՏԱՆ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2012թ. նոյեմբերի 27-ին «Խաչատրյանը և ուրիշները ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։ Հայաստանի կառավարությունը անօրինական կերպով քրեական հետապնդման է ենթարկել 17 Վկաների, ովքեր հրաժարվել են այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից, որը վերահսկվում էր զինվորական մարմինների կողմից։ Հայաստանը պարտավորվեց վճարել պատճառած բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի դիմաց։

Չնայած այս և «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործի հետ կապված պատմական վճիռներին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կայացրած նմանատիպ հետագա վճիռներին՝ Հայաստանի կառավարությունը շարունակում էր հետապնդել և դատապարտել խղճի և կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Վկաներին։ Սակայն 2013-ի հունիսի 8-ին կառավարությունը այլընտրանքային ծառայության օրենքում փոփոխություններ մտցրեց, ինչով, ըստ ամենայնի, այլընտրանքային ծառայությունը դուրս բերվեց զինվորական վերահսկողությունից։ Մինչև 2013-ի նոյեմբերի 12-ը կալանավայրերում գտնվող բոլոր Վկաները ազատ արձակվեցին, իսկ նրանք, ովքեր պատրաստ են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել, դիմում են ներկայացնում։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ։

2013-ի հոկտեմբեր 31-ի տվյալներով 602 եղբայրներ գտնվում էին բանտում։ 1950թ.-ից սկսած՝ Հարավային Կորեայի իշխանությունները խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկել են 17605 Վկաների, որոնց բանտում անցկացրած տարիների ընդհանուր թիվը 34184 է։

Մինչև վերջերս բանտարկված շատ Վկաներ գտնվում էին հանցագործների հետ միևնույն խցում, ոմանք նույնիսկ ծանր հանցագործների հետ։ Մեր կազմակերպությունը ներկայացնող մի քանի եղբայրներ հանդիպում ունեցան Կորեայի գաղութների վարչության պետի հետ և խնդրեցին, որ մեր եղբայրներին առանձնացնեն մյուս բանտարկյալներից։ Այս խնդրանքին ընդառաջեցին, և բանտի աշխատակիցները մեր եղբայրների մեծ մասին անմիջապես առանձնացրին հանցագործներից։ 2013-ի ապրիլին նրանց 75 տոկոսը առանձին էր, ամեն խցում՝ 4–5 եղբայր։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս փոփոխությունը եղբայրների վրա։

«Այսպես մենք հեռու ենք բացասական ազդեցությունից՝ մյուսների անբարո վարքը տեսնելուց և անվայել խոսքերը լսելուց»,— ասում է մի եղբայր։ Մեկ ուրիշն էլ ասում է. «Հիմա մենք քաջալերում ենք միմյանց և կարողանում ենք անցկացնել շաբաթական բոլոր 5 հանդիպումները»։

Իսկ 56 հոգի, ովքեր ազատվել էին զինվորական ծառայությունից, ընդգրկվել պահեստային ուժերում և հետագայում դարձել Վկաներ, պարբերաբար հետապնդվում են, տուգանվում և կալանավորվում զինավարժություններին չմասնակցելու համար։ Քանի որ 8 տարի շարունակ տարեկան մի քանի անգամ զինավարժությունների են կանչվում, դժվար է նրանց հանդեպ անընդհատ դրսևորվող անարդարությունը ինչ-որ կերպ կանխել։

ՍԻՆԳԱՊՈՒՐ։

Չնայած որ մեր 12 եղբայրները բազմաթիվ անգամ դիմել են այլընտրանքային քաղաքացիական ծառայության նշանակվելու համար, ռազմական ոստիկանության կողմից դատապարտվել են 3 տարի և 3 ամիս ազատազրկման։ Մեկ ուրիշ եղբայր 1 տարով ազատազրկվել է որպես պահեստազորային՝ ռազմական պարտավորություններից հրաժարվելու համար։

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ։

Ինը Վկա եղբայրներ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել են 1,5–2 տարի ազատազրկման և բանտապահների ու զինվորների կողմից հաճախ ենթարկվում են դաժան ծեծի։ Երբ Վկաները դուրս են գալիս բանտից, իշխանությունները հաճախ շարունակում են նրանց հետապնդել, որպեսզի նույն բանի համար դարձյալ դատապարտեն և ավելի խիստ պատժի ենթարկեն։ Տասը եղբայրների փաստաբանները բողոք են ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին։

Խղճի ազատություն և հայրենասիրական արարողություններ

Հիմնված Դանիել 3։16–18 համարների վրա

նկար 32-րդ էջի վրա

Տանզանիա։ Վկա աշակերտները այժմ կարող են շարունակել կրթություն ստանալ դպրոցում

ՏԱՆԶԱՆԻԱ։

Դար Էս-Սալամի վերաքննիչ դատարանը՝ Տանզանիայի բարձրագույն ատյանը, միաձայն ընդունեց, որ դպրոցի տնօրինությունը անթույլատրելի արարք է կատարել՝ 5 աշակերտների հեռացնելով դպրոցից և ուրիշ 122-ի պատժելով, որոնք հրաժարվել են երգել ազգային հիմնը։ 2013թ. հուլիսի 12-ի վճռի համաձայն՝ դատարանը ընդունեց, որ Վկա աշակերտները անկեղծորեն են դավանում իրենց կրոնը և պաշտպանեց դավանանքի և խղճի ազատության նրանց սահմանադրական իրավունքը։ Այս հաղթանակը, որը երեխաների՝ Աստծուն հավատարիմ մնալու վճռականության արդյունքն էր, նպաստեց, որ Տանզանիայում Եհովայի անունը փառավորվի և Աստծու ժողովուրդը կարողանա ազատորեն երկրպագել նրան։

Համոզմունքներն արտահայտելու ազատություն

Հիմնված Գործեր 4։19, 20 համարների վրա

ՂԱԶԱԽՍՏԱՆ։

«Փորձագիտական ուսումնասիրությունը», որն իրականացրեց կրոնական գործերով զբաղվող տարածաշրջանային դեպարտամենտը, մեր հրատարակություններից մի քանիսը «ծայրահեղական» հայտարարեց՝ պատճառաբանելով, որ դրանք հասարակական և կրոնական բաժանումներ են առաջ բերում։ 2013-ի ապրիլի 6-ին Կարաբալիկ քաղաքի ոստիկանությունը ապօրինի կերպով ներխուժեց ժողով, որն անցկացվում էր մասնավոր տանը, և բռնագրավեց ողջ գրականությունը։ 2013-ի հուլիսի 3-ին Աստանայի Տնտեսական դատարանը վճիռ կայացրեց արգելքի տակ դնել մեր հրատարակություններից տասը՝ շարունակելով գրաքննության ենթարկել և սահմանափակել գրականության ներմուծումը։ 2012-ի դեկտեմբերին ղեկավար մարմինները սկսել էին ձերբակալել և դատապարտել մեր եղբայրներին այսպես կոչված ապօրինի միսիոներական գործունեության համար։ 2013-ի մարտի 28-ին կրոնական գործերով զբաղվող գործակալությունը Եհովայի վկաների տարածաշրջանային կրոնական կենտրոնին կարգադրել է տեղեկացնել Ղազախստանի բոլոր Եհովայի վկաներին, որ անօրինական է քարոզել իրենց գրանցված երկրպագության վայրի տարածքից դուրս։ 2013-ի հուլիսի տվյալներով՝ իշխանությունները դատական գործ են հարուցել 21 եղբայրների և քույրերի դեմ։

Հավաքույթների անցկացման ազատություն

Հիմնված Եբրայեցիներ 10։24, 25 համարների վրա

ԱԴՐԲԵՋԱՆ։

2010-ի հունվարին կրոնական միությունների հարցերով զբաղվող ազգային կոմիտեն մերժեց վերագրանցել Եհովայի վկաների կրոնական համայնքը՝ պատճառաբանելով, որ դիմումի մեջ տեխնիկական սխալներ կան։ Չնայած այդ «տեխնիկական սխալները» վերացնելու Վկաների բազմաթիվ ջանքերին՝ իշխանությունները շարունակում են մերժել նրանց դիմումը։ 2012-ի հուլիսի 31-ին եղբայրները այս գործը ներկայացրին ՄԻԵԴ-ի ուշադրությանը՝ պնդելով, որ կառավարությունը խախտում է կրոնական ազատության իրավունքը, երբ առանց իրավական հիմքի մերժում է գրանցել որպես կրոնական համայնք։ Առանց վերագրանցման մեր եղբայրները չեն կարող օգտվել օրենքով երաշխավորվող իրավունքներից։

Անձի և սեփականության ազատությունն ու անվտանգությունը

Հիմնված Փիլիպպեցիներ 1։7 համարի վրա

ՈՒԿՐԱԻՆԱ։

Թեպետ Ուկրաինայում Եհովայի վկաները դավանանքի ազատություն ունեն, սակայն Թագավորության սրահների վրա հարձակումներ են լինում. դրանք ենթարկվում են վանդալիզմի և հրկիզման։ Այս դեպքերը իրավապահ մարմինների կողմից պատշաճորեն չեն քննվում, և մեղավորները մնում են անպատիժ, ինչի պատճառով էլ շարունակում են իրենց սև գործը։ Արդյունքում 2012 և 2013թթ. այդ հանցագործությունների թիվը ավելացավ։ 2010-ին վանդալիզմի և հրկիզման դեպքերը 5-ն էին, 2011-ին՝ 15-ը, 2012-ին հասան 50-ի, իսկ 2013-ի առաջին հինգ ամիսների ընթացքում տեղի է ունեցել 23 դեպք։ Մասնաճյուղը այս խնդիրը ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին։

նկար 28-րդ էջի վրա

Ուկրաինա։ Եղբայրները պատրաստվում են վերակառուցել վանդալիզմի ենթարկված և հրկիզված Թագավորության սրահը

Կամքի արտահայտման իրավունք

Հիմնված Գործեր 5։29 և 15։28, 29 համարների վրա

ԱՐԳԵՆՏԻՆԱ։

2012թ. գարնանը Պաբլո Ալբառասինին, որը ակամայից ականատես եղավ զինված գողության, հրաձգության զոհ դարձավ և անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։ Նա իր մոտ ուներ «Բժշկական դիրքորոշում» թերթիկը, որտեղ նշել էր, որ հրաժարվում է արյան փոխներարկում պահանջող ցանկացած բուժօգնությունից։ Թեև բուժանձնակազմը պատրաստ էր հարգել նրա որոշումը, սակայն ընտանիքի ոչ Վկա անդամներից մեկը փորձեց դատարանի միջոցով իրավունք ստանալ եղբայր Ալբառասինիին արյուն ներարկելու՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է նրա կյանքը փրկելու համար։ Սակայն Արգենտինայի Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ եղբայր Ալբառասինիի՝ հարգելով բուժման մեթոդ ընտրելու նրա իրավունքը, թեև նա անգիտակից վիճակում էր։ Նրան արյան փոխներարկում չարվեց, և նա լիովին ապաքինվեց։ Ալբառասինին երախտապարտ է Եհովային, որ օգնել է իրեն անարատ մնալու այս կարևոր հարցում։

Կրոնական խտրականության զոհերը

Հիմնված Ղուկաս 21։12–17 համարների վրա

ՂՐՂԸԶՍՏԱՆ։

2013-ի ապրիլի 16-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Տոկտոգուլ քաղաքի մեր եղբայրների, որտեղ քաղաքի բնակիչները Թագավորության սրահը երկու անգամ ավերել էին։ Դատարանը մեղավոր ճանաչեց հանցագործներին և պահանջեց փոխհատուցել։ Առաջին անգամվա ոճրագործությունը կատարողների դեմ հարուցված գործը դեռ ընթացքի մեջ է, ինչը հույս է տալիս, որ այդ տարածքում նման դեպքեր այլևս տեղի չեն ունենա։ Ժողովները այժմ վերակառուցում են Թագավորության սրահը։

նկար 34-րդ էջի վրա

Ղրղըզստան։ Քաղաքի բնակիչները երկու անգամ ավերել են այս Թագավորության սրահը

Իրավաբանական հաղթանակներ

  1. Հարց։ Պե՞տք է կրոնական խումբը մեծ և փոքր հավաքույթներ անցկացնելու համար թույլտվություն ստանա։

    Վճիռ։ 2012-ի դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը հաստատեց, որ Ռուսաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, և որ մեր եղբայրները կարող են կրոնական հանդիպումներ անցկացնել առանց իշխանություններին նախապես տեղյակ պահելու և նրանցից թույլտվություն ստանալու։

  2. Հարց։ Քաղաքացիները իրավունք ունե՞ն գաղտնի պահելու իրենց անձնական բժշկական տվյալները։ 2007թ.-ին Սանկտ Պետերբուրգի դատախազությունը քաղաքի բոլոր հիվանդանոցներին կարգադրել էր տրամադրել արյան փոխներարկումից հրաժարված Եհովայի վկաների տվյալները առանց նրանց տեղյակ պահելու։ Երբ Ռուսաստանի դատարանները չպաշտպանեցին պացիենտների իրավունքները, եղբայրները դիմեցին ՄԻԵԴ։

    Վճիռ։ 2013-ի հունիսի 6-ին ՄԻԵԴ-ը վճռեց, որ դատախազությունը խախտել է անձնական կյանքի հիմնարար իրավունքը, և հաստատեց, որ ոչ մի հիմնավոր պատճառ չի եղել անձնական տվյալները իշխանություններին ներկայացնելու համար։ Վճիռը վերջնական էր, քանի որ հոկտեմբերի 7-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժեց գործը վերանայելու Ռուսաստանի դիմումը (Ավիլկինան և ուրիշները ընդդեմ Ռուսաստանի)։

Նախորդ «Իրավաբանական հաշվետվության» զարգացումները

Ֆրանսիայի կառավարությունը՝ անարդար հարկման հետ կապված գործով, կատարել է ՄԻԵԴ-ի կողմից 2012թ. հուլիսի 5-ին սահմանված համաձայնության պահանջները։ Վերադարձրել է բռնագանձված գումարը տոկոսների հետ միասին, փակել է փաստաբանական ծախսերը և հանել է մասնաճյուղի գույքի վրա դրված կալանքը (Տարեգիրք 2013, էջ 34)։

Հնդկաստանում Եհովայի վկաները դեռ հակառակությունների թիրախ են դառնում։ Սակայն նախկինի պես նրանց չեն բանտարկում կամ կեղծ մեղադրանքների հիման վրա դատում։ Որպեսզի մեր եղբայրները փոխհատուցում ստանան իրենց դեմ կատարված ոտնձգությունների դիմաց, այժմ 20 գործ կա հարուցված (Տարեգիրք 2013, էջ 35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը