Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfs հոդված 11
  • Փափագում էի օգնել խուլերին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փափագում էի օգնել խուլերին
  • Եհովայի վկաների կենսագրությունները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչից հրաշալի բաներ եմ իմանում
  • Հայտնում եմ աստվածաշնչյան ճշմարտությունները
  • Ծառայում ենք Բալթյան երկրներում
  • Կազմակերպված՝ օգնելու խուլերին
  • Օգնելու իմ ցանկությունը մինչ օրս բոցավառվում է
  • «Եհովան պայծառացրել է իր երեսը նրանց վրա»
    2009 Դիտարան
  • Ուշադիր եղեք ձեր տարածքում համր անհատների հանդիպելիս
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Գնահատի՛ր խուլ եղբայրներին ու քույրերին
    2009 Դիտարան
  • Եհովան վարձատրեց իմ ձեռքի գործը
    Եհովայի վկաների կենսագրությունները
Ավելին
Եհովայի վկաների կենսագրությունները
lfs հոդված 11
Տապանի Վիտալան տնետուն ծառայության ժամանակ քարոզում է ժեստերի լեզվով

ՏԱՊԱՆԻ ՎԻՏԱԼԱ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փափագում էի օգնել խուլերին

Երբ առաջին անգամ հանդիպեցի Եհովայի վկաներին, նրանք ինձ ցույց տվեցին հետևյալ աստվածաշնչյան խոստումը. «Խուլերի ականջները կբացվեն» (Եսայիա 35։5)։ Քանի որ ի ծնե խուլ եմ, ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչ է ձայնը։ Դրա համար էլ այդ խոստումը առանձնապես չհետաքրքրեց ինձ։ Ավելի շատ տպավորվեցի, երբ ինձ Աստվածաշնչից ցույց տվեցին, որ Աստծու Թագավորությունը վերացնելու է անարդարությունը, պատերազմները, հիվանդությունները և անգամ մահը։ Ժամանակի ընթացքում սրտումս ուժգին ցանկություն առաջացավ, որ իմ սովորածը պատմեմ ուրիշ խուլերի։

Ծնվել եմ 1941 թ.-ին խուլերի ընտանիքում՝ Ֆինլանդիայի Վիրատ քաղաքում։ Ծնողներս, մեր բարեկամներից շատերը, կրտսեր եղբայրս և քույրս նույնպես խուլ էին։ Մենք հաղորդակցվում էինք ժեստերի լեզվով։

Աստվածաշնչից հրաշալի բաներ եմ իմանում

Սովորում էի գիշերօթիկ դպրոցում, որը մեր տնից շուրջ 240 կմ (150 մղոն) հեռու էր։ Մեր դպրոցում ժեստերի լեզվով խոսելը խստիվ արգելված էր։ Այդ ժամանակ խուլերի համար նախատեսված ֆիննական դպրոցներում ստիպողաբար սովորեցնում էին խոսել և շուրթերից կարդալ։ Երբ մեր ուսուցիչները տեսնում էին, որ ժեստեր ենք անում, քանոնով կամ ցուցափայտով այնքան ուժեղ էին հարվածում մեր մատներին, որ դրանք մի քանի օր ուռած էին մնում։

Ավագ դպրոցից հետո ընդունվեցի գյուղատնտեսական քոլեջ։ Այդ կրթությունն անհրաժեշտ էր ինձ, քանի որ ծնողներս ֆերմա ունեին։ Երբ ուսումս ավարտեցի և տուն վերադարձա, մեր սեղանին տեսա «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Հայրս ասաց, որ այդ ամսագրերում Աստվածաշնչից հրաշալի մտքեր են գրված։ Պարզվեց, որ ծնողներս մի ամուսնական զույգի օգնությամբ սկսել էին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ մարդիկ լսողական խնդիրներ չունեին և ծնողներիս հետ հաղորդակցվում էին թուղթ ու գրչի միջոցով։

Հայրս պատմեց ինձ, որ Աստծու Թագավորության ներքո՝ երկիրը գեղեցիկ դրախտի է վերածվելու և մահացածները հարություն են առնելու։ Բայց ինձ սովորեցրել էին, որ մահացածները երկինք են գնում։ Մտածեցի, որ սխալ է հասկացել Վկաներին, քանի որ ժեստերի լեզվով չեն հաղորդակցվել։

Երբ այդ զույգը կրկին այցելեց ծնողներիս, նրանց պատմեցի, թե հայրս ինչ է ասել։ Նրանք էլ հավաստիացրին, որ նա ճիշտ է հասկացել իրենց։ Հետո ցույց տվեցին, թե Հիսուսն ինչ է ասել հարության վերաբերյալ Հովհաննես 5։28, 29 համարներում։ Նրանք բացատրեցին, թե Աստված ինչպես է մաքրելու երկիրը չարությունից, և ասացին, որ մարդիկ ապրելու են հավիտյան՝ ունենալով կատարյալ առողջություն և վայելելով խաղաղություն (Սաղմոս 37։10, 11; Դանիել 2։44; Հայտնություն 21։1-4)։

Ուզում էի ավելին իմանալ։ Սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Անտեռո անունով մի ոչ խուլ Վկայի օգնությամբ։ Քանի որ նա ժեստերի լեզու չգիտեր, ուսումնասիրության ձեռնարկի հարցերի պատասխանները գրում էի թղթի վրա։ Հետո Անտեռոն կարդում էր դրանք և հավելյալ հարցեր էր գրում կամ մեկնաբանում։ Նա այս մեթոդով շաբաթական երկու ժամ համբերատար կերպով ուսումնասիրում էր ինձ հետ։

1960 թ.-ին մասնակցեցի Եհովայի վկաների մարզային համաժողովին, որի ընթացքում ծրագիրը թարգմանվում էր ժեստերի լեզվով։ Ուրբաթ հետճաշյա ծրագրին հայտարարություն արվեց, որ հաջորդ օրը մկրտություն է լինելու։ Այդպես շաբաթ առավոտյան ինձ հետ սրբիչ ու լողազգեստ վերցրի և մկրտվեցի։a Կարճ ժամանակ անց ծնողներս, եղբայրս և քույրս նույնպես մկրտվեցին։

Տապանին՝ երիտասարդ տարիքում՝ իր ծնողների, եղբոր և քրոջ հետ

Ընտանիքիս բոլոր անդամները ժամանակի ընթացքում մկրտվեցին

Հայտնում եմ աստվածաշնչյան ճշմարտությունները

Ուզում էի մյուս խուլ մարդկանց պատմել սովորածս, ու դա անելու լավագույն միջոցը ժեստերի լեզուն էր։ Սկզբում խանդավառությամբ հայտնում էի բարի լուրը իմ հայրենի քաղաքի խուլերին։

Շուտով տեղափոխվեցի Տամպերե անունով մի խոշոր արդյունաբերական քաղաք։ Փնտրում էի խուլերին. գնում էի տնետուն և հարցնում բնակիչներին, թե արդյոք ճանաչում են որևէ խուլ մարդու։ Այդպես Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսեցի։ Ընդամենը մի քանի տարի անց Տամպերեում արդեն մեկ տասնյակից ավելի խուլ քարոզիչներ կային։

1965 թ.-ին հանդիպեցի Մայրի անունով մի հրաշալի քրոջ։ Հաջորդ տարի ամուսնացանք։ Մայրին շատ արագ ժեստերի լեզու սովորեց։ Հաջորդ հինգ տասնամյակներին նա ծառայության մեջ նվիրված և եռանդուն ուղեկից եղավ ինձ համար։

Մայրին և Տապանին՝ իրենց հարսանիքին

Մեր հարսանիքին, 1966 թ.

Ամուսնությունից երկու տարի անց ծնվեց մեր որդին՝ Մարկոն, ով լսողական խնդիր չունի։ Նա մանկուց սովորեց ֆիններեն և ֆիննական ժեստերի լեզու։ 13 տարեկանում Մարկոն մկրտվեց։

Ժամանակի ընթացքում բազմաթիվ նորեր միացան Տամպերեի ժեստերի լեզվի խմբին։ Այդ պատճառով 1974 թ. տեղափոխվեցինք մեկ այլ քաղաք՝ Տուրկու, որտեղ ոչ մի խուլ Վկա չկար։ Կրկին գնացինք տնետուն՝ փնտրելու խուլերին։ Տուրկուում անցկացրած տարիներին իմ ուսումնասիրողներից 12-ը մկրտվեց։

Ծառայում ենք Բալթյան երկրներում

1987 թ.-ին Մարկոն հրավիրվեց ծառայելու Բեթելում։ Տուրկուի մեր ժեստերի լեզվով խումբը արդեն կայացել էր ու ամրացել, ուստի սկսեցինք կրկին տեղափոխվելու ծրագրեր կազմել։

Մոտավորապես այդ ժամանակ արևելյան Եվրոպայում արդեն հնարավոր էր ազատորեն քարոզել։ Ուստի 1992 թ. հունվարին մեկ այլ խուլ եղբոր հետ այցելեցի Տալլին՝ Էստոնիա։

Կապ հաստատեցինք մի քրոջ հետ, ում եղբայրը խուլ էր։ Թեպետ վերջինս հետաքրքրված չէր ճշմարտությամբ, բայց մեծ սիրով ծանոթացրեց մեզ բազմաթիվ խուլ էստոնացիների հետ։ Մեր այցելության վերջին օրը նա մեզ տարավ Էստոնիայի խուլերի միության հանդիպմանը։ Շուտ տեղ հասանք և սեղանը լցրինք էստոներեն և ռուսերեն ամսագրերով ու գրքերով։ Շուրջ 100 գիրք ու 200 ամսագիր բաժանեցինք և մոտ 70 հասցե վերցրինք։ Այդ երեկո հիմք դրվեց Էստոնիայում ժեստերի լեզվով քարոզչությանը։

Մայրին և Տապանին՝ նավի վրա

Քարոզելու նպատակով ուղևորվում ենք Բալթյան երկրներից մեկը

Կարճ ժամանակ անց ես ու Մայրին սկսեցինք կանոնավորաբար գնալ Էստոնիա՝ քարոզելու նպատակով։ Կրճատեցինք մեր աշխատաժամերը և ռահվիրայություն սկսեցինք։ 1995 թ.-ին Հելսինկիին ավելի մոտ վայր տեղափոխվեցինք, որպեսզի լաստանավով Տալլին ճամփորդելը ավելի հեշտ լիներ։ Էստոնիայում ծառայելը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները։

Այնքա՜ն շատ ուսումնասիրություններ ունեինք, որ հազիվ էինք հասցնում։ Մեր ուսումնասիրողներից 16 հոգի առաջադիմեց ու մկրտվեց, այդ թվում՝ երկու հարազատ քույրեր, ովքեր կույր էին և խուլ։ Նրանց հետ ուսումնասիրում էի շոշափելի ժեստերի միջոցով. նրանց ձեռքերը բռնած՝ ժեստեր էի անում։

Խուլերի հետ ուսումնասիրելը դժվար էր։ Այդ ժամանակ մեր դաշտում ժեստերի լեզվով հրատարակություններ չկային։ Ուստի հնարավորինս հաճախ էի օգտագործում մեր գրականության նկարները։ Դրանք հավաքում էի մի ալբոմի մեջ։

Ֆինլանդիայի մասնաճյուղը խնդրեց ինձ այցելել Լատվիա ու Լիտվա և տեսնել, թե այդ Բալթյան երկրներում ինչպես է հնարավոր խթանել ժեստերի լեզվով քարոզչական գործունեությունը։ Մի քանի անգամ այցելեցինք այդ երկրներ և օգնեցինք տեղի Վկաներին փնտրել խուլերի։ Գրեթե յուրաքանչյուր երկիր իր ժեստերի լեզուն ունի։ Ուստի սովորեցի Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ժեստերի լեզուները, մի քիչ էլ ռուսական ժեստերի լեզու, որով խոսում են Բալթյան երկրներում ապրող ռուս խուլերը։

Ցավոք, Էստոնիա և Բալթյան այլ երկրներ 8 տարի ճամփորդելուց հետո Մայրիի մոտ պարկինսոնյան հիվանդություն ախտորոշվեց։ Ստիպված եղանք դադարեցնել մեր ճամփորդությունները։

Կազմակերպված՝ օգնելու խուլերին

1997 թ.-ին Ֆինլանդիայի մասնաճյուղում կազմավորվեց ժեստերի լեզվի թարգմանչական խումբ։ Քանի որ մոտակայքում էինք ապրում, ես ու Մայրին կարողանում էինք օգնել ժեստերի լեզվով հրատարակությունների պատրաստմանը, ինչը մինչ օրս ժամանակ առ ժամանակ անում եմ։ Ծառայում էինք մեր որդու՝ Մարկոյի հետ։ Հետագայում Մարկոն և իր կինը՝ Կիրսին, այլ երկրներում օգնեցին մարզել ժեստերի լեզվի թարգմանչական խմբերին։

Տապանին նկարահանվում է ստուդիայում՝ ժեստերի լեզվով տեսանյութի համար։ Մայրին ու ևս երկու հոգի մոնիտորների միջոցով հետևում են նկարահանման ընթացքին

Մասնակցում ենք ֆիննական ժեստերի լեզվով տեսանյութի թողարկմանը

Բացի այդ՝ մասնաճյուղը կազմակերպել է դասընթացներ, որ օգնի լսողական խնդիրներ չունեցող քարոզիչներին ժեստերի լեզու սովորել։ Այդ դասընթացների շնորհիվ շատերն են միացել ժեստերի լեզվի դաշտին։ Այժմ նրանք աջակցում են քարոզչական գործին, օգնում հանդիպումների ժամանակ և ժողովում պատասխանատվություններ ստանձնում։

Օգնելու իմ ցանկությունը մինչ օրս բոցավառվում է

2004 թ.-ին ես ու Մայրին օգնեցինք հիմնել Հելսինկիում ֆիննական ժեստերի լեզվով առաջին ժողովը։ Երեք տարում այն դարձավ բազմաթիվ ռահվիրաներ ունեցող ուժեղ ու եռանդուն ժողով։

Կրկին չկարողացանք հանգիստ նստել։ Մտածում էինք տեղափոխվել այնպիսի տարածք, որտեղ կարիքը մեծ է։ 2008 թ.-ին տեղափոխվեցինք Տամպերեի մոտակայք և վերադարձանք ժեստերի լեզվի այն խումբը, որից հեռացել էինք 34 տարի առաջ։ Մեկ տարի անց այդ խումբը դարձավ Ֆինլանդիայում ժեստերի լեզվով գործող երկրորդ ժողովը։

Սակայն այդ ժամանակ Մայրիի առողջությունը վատթարանում էր։ Ես մեծ սիրով հոգ տարա նրա մասին մինչև նրա մահը՝ 2016 թ.-ը։ Թեպետ շատ եմ կարոտում իմ թանկագին Մայրիին, բայց անհամբերությամբ սպասում եմ, որ կրկին հանդիպեմ նրան նոր աշխարհում, երբ հիվանդություն այլևս չի լինի (Եսայիա 33։24; Հայտնություն 21։4)։

Միևնույն ժամանակ՝ բարի լուրը մյուս խուլերին պատմելու ցանկությունը, որը վերջին 60 տարիներին առաջնորդել է կյանքս, մինչ օրս բոցավառվում է իմ սրտում։

a Այդ ժամանակ դեռ չէր գործում այն կարգը, ըստ որի՝ երեցները նախ հանդիպում են մկրտության թեկնածուների հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը