Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfs հոդված 22
  • Եհովան միշտ ելք է բացում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան միշտ ելք է բացում
  • Եհովայի վկաների կենսագրությունները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան ելք բացեց իմ պատանեկության տարիներին
  • Եհովան ինձ հավատարիմ կին տվեց
  • Կրկին դատարանում
  • Եհովան շարունակեց ելք բացել
  • Եհովան ելք բացեց՝ պատասխանելով աղոթքներիս
  • Եհովան ելք բացեց Լիդիայի համար
  • Ծառայում ենք Եհովային որպես ընտանիք
  • 30 տարվա ընդհատակյա գործունեություն
    2009 Արթնացե՛ք
Եհովայի վկաների կենսագրությունները
lfs հոդված 22
Վիրգիլյուս Պուդջույիս

ՎԻՐԳԻԼՅՈՒՍ ՊՈՒԴՋՈՒՅԻՍ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան միշտ ելք է բացում

1976 թ.-ին մորաքրոջս և մորեղբորս այցելությունը առանձնահատուկ էր, ինչի համար իմ ընտանիքը միշտ երախտապարտ կլինի նրանց։ Մորեղբայրս, ով ուսումնասիրում էր Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ, ծնողներիս ասաց, որ նոր բան է սովորել Աստվածաշնչից։ Սկզբում նա հիշեցրեց, թե Մատթեոս 23-րդ գլխում Հիսուսն ինչ էր ասել իր ժամանակի կրոնական առաջնորդների մասին։ Ապա ցույց տվեց, թե ինչ նմանություններ կային Հիսուսի օրերի կրոնական առաջնորդների և ժամանակակից կրոնական առաջնորդների միջև։ Մայրս, ով բարեպաշտ կաթոլիկ էր, չէր կարողանում հավատալ, որ Հիսուսը այդքան ուղիղ և համարձակ կերպով դատապարտել էր կրոնական առաջնորդներին։ Այդ պատճառով որոշեց ինքնուրույն պարզել, թե իրականում ինչ է ասում Աստվածաշունչը։

Մենք ապրում էինք Լիտվայում, որն այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էր։ Քանի որ կառավարությունը խիստ սահմանափակել էր դավանանքի ազատության իրավունքը, շատ քչերը Աստվածաշունչ ունեին։ Այդ պատճառով մայրս եկեղեցուց ժամանակավորապես մի Աստվածաշունչ վերցրեց, անձամբ կարդաց այն և համոզվեց, որ Հիսուսը իսկապես դատապարտել էր իր օրերի կրոնական առաջնորդներին նրանց կեղծավորության համար։ Դա շատ հետաքրքրեց մորս, և ցանկանալով իմանալ՝ ուրիշ ինչեր է սովորեցնում Աստվածաշունչը, նա գրականություն վերցրեց այն Վկայից, որի օգնությամբ մորեղբայրս ուսումնասիրում էր։

Շուտով մեր ընտանիքը սկսեց հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Քանի որ նրանց գործունեությունը արգելված էր, ժողովները ամեն անգամ անցկացվում էին տարբեր վայրերում, երբեմն էլ՝ մոտակա անտառում։ 1978 թ.-ին մայրս, ես ու երկվորյակ քույրս՝ Դանգուոլեն, մկրտվեցինք։ Այդ ժամանակ ես և քույրս 15 տարեկան էինք։ Իսկ հայրս մկրտվեց մի քանի տարի անց։

Չորս տարեկան Վիրգիլյուսը կանգնած է իր երկվորյակ քրոջ՝ Դանգուոլեի հետ՝ ձեռքը նրա ուսին գցած

Ես և իմ երկվորյակ քույրը՝ Դանգուոլեն՝ չորս տարեկանում

Եհովան ելք բացեց իմ պատանեկության տարիներին

Մեր մկրտությունից մեկ ամիս անց իմ և Դանգուոլեի նկատմամբ հալածանք սկսվեց դպրոցում։ Դպրոցի դահլիճում տեղի ունեցող հատուկ միջոցառման ժամանակ ուսուցչուհիներս նկատեցին, որ մենք Սովետական Միության ազգային օրհներգի ժամանակ ոտքի չենք կանգնել, քանի որ ցանկանում էինք ցույց տալ մեր քրիստոնեական չեզոքությունը։ Ուստի նրանք մեր անունները փոխանցեցին տնօրենին։ Նա էլ իր հերթին տեղեկացրեց գաղտնի ոստիկանությանը, որը հայտնի էր որպես ՊԱԿ (ԿԳԲ)։ Շուտով նրանք եկան մեր տուն և հարցաքննեցին մեր ընտանիքին։

Բացի այդ՝ ես ու Դանգուոլեն դպրոցում ստիպված էինք անընդհատ դիմակայել աթեիստական քարոզչությանը։ Օրինակ՝ երբ 16 տարեկան էինք, մեր դասարանին հանձնարարեցին շարադրություն գրել «Ինչու չեմ հավատում Աստծուն» թեմայով։ Քանի որ ես համաձայն չէի այդ պնդմանը, թղթի մի կտորի վրա գրեցի՝ «Ես հավատում եմ Աստծուն» և դրեցի սեղանիս։ Երբ ուսուցիչս տեսավ թուղթը, շատ բարկացավ և բղավեց «Այդ դեպքում գրիր, թե ինչու ես հավատում»։ Ես շատ ուրախ էի, որ թույլտվություն ստացա գրելու հավատալիքներիս մասին, քույրս էլ գրեց։ Երկու աղջիկներ, տեսնելով, որ մենք գրում ենք մեր հավատալիքների մասին, սկսեցին իրենք էլ գրել, թե ինչու են հավատում Աստծուն։ Սա ընդամենը մեկն էր այն բազմաթիվ դեպքերից, երբ տեսել եմ, թե ինչպես է Եհովան դժվար իրավիճակներում «ելք բացում մեր առաջ» (1 Կորնթացիներ 10։13)։

Ժողովում պատասխանատվություն կրող եղբայրները մեզ մեկ ամսով տվեցին մեր հրատարակություններից մեկը՝ «Կորցված դրախտից վերականգնված դրախտ» գիրքը։ Ինչքան գիտեմ, այդ ժամանակ գրքի ընդամենը 4 կամ 5 օրինակ կար Լիտվայում։ Ես ու Դանգուոլեն իրար ասացինք. «Երանի կարողանայինք պահել այս գիրքը»։ Բայց քանի որ չէինք կարող, որոշեցինք մեկ այլ բան անել՝ ձեռքով արտագրել այն։ Մեր ձեռքերը ցավում էին, բայց մենք անչափ ուրախ էինք, որ ունեցանք այդ հրատարակության ողջ նյութը և կարող էինք դրա միջոցով էլ ավելի ամրացնել մեր հավատը։

1982 թ.-ին՝ 19 տարիս բոլորելուց շատ չանցած, զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեցի 2 տարվա ազատազրկման։ Բանտում շատ դժվար էր, քանի որ շրջապատված էի հանցագործներով։ Բայց ուրախ էի, որ կարողանում էի ժամանակ առ ժամանակ խոսել այնտեղ գտնվող մեկ ուրիշ Վկայի հետ։ Վերջապես երկու տարի անց դուրս եկա բանտից, բայց դա իմ միակ բանտարկությունը չէր լինելու։

Եհովան ինձ հավատարիմ կին տվեց

Ես ու Լիդիան՝ մեր ամուսնությունից կարճ ժամանակ առաջ

1984 թ.-ին՝ բանտից ազատ արձակվելուց հետո, հանդիպեցի Լիդիային՝ Ուկրաինայում ապրող մի գեղեցիկ, հոգևորապես հասուն քրոջ, և մենք ամուսնացանք։ Մեր ամուսնությունից հետո Լիդիան տեղափոխվեց մեզ մոտ՝ Լիտվա։ Նա և իր ընտանիքի անդամներն էլ էին Եհովայի վկաներ, ու նա էլ էր դպրոցական տարիներին բախվել հալածանքի։ Այդպիսի պահերին նրան ուժ էին տալիս նացիստական համակենտրոնացման ճամբարներում եղած կամ Սիբիր աքսորված մեր հավատակիցների օրինակները։

1980-ականներին Եհովայի վկաների գործունեությունը Լիտվայում դեռևս արգելքի տակ էր։ Դրա համար Վկաների հարսանիքները վերածվում էին երկօրյա համաժողովների։ Մերն էլ այդպես եղավ։ Հյուրերը մեզ շնորհավորեցին, բայց մենք նաև մի քանի ելույթներ լսեցինք, տասնյակ երգեր երգեցինք և անգամ դիտեցինք բեմական հագուստներով ներկայացված չորս դրամա։ Ինչքան հիշում եմ, ներկաների թիվը գրեթե 450 էր, այդ թվում՝ ամբողջ Խորհրդային Միությունից եկած մեր բարեկամները։ Կային նույնիսկ անկոչ հյուրեր՝ ՊԱԿ-ի (ԿԳԲ) գործակալները, որոնց նկատել էին մեր եղբայրներից ոմանք։

Պուդջույիսները իրենց հարսանիքի ժամանակ նստած են բեմի վրա՝ մեծ վրանի տակ։ Նրանց հետ բեմի վրա նստած են նաև Վիրգիլյուսի զարմուհին և նրա ամուսինը, որոնց հարսանիքն էլ էր այդ օրը

Մեր հարսանիքը, որն անցկացվեց երկօրյա համաժողովի ընթացքում։ Բեմի վրա երկու զույգ է նստած, քանի որ նույն օրը ամուսնացավ նաև իմ զարմուհին

Կրկին դատարանում

Եթե բանտարկությունից հետո Վկա կալանավորը չէր վերադաստիարակվում ու չէր համաձայնում Խորհրդային Միության քաղաքականության հետ, կառավարությունը երբեմն նրան նորից էր բանտ նստեցնում։ Ուստի մեր ամուսնությունից մեկ տարի էլ չանցած՝ նորից դատարանում հայտնվեցի։ Ես մի ամբողջ օր անցկացրի դատարանի դահլիճում, իսկ այդ ընթացքում Լիդիան, ով հղի էր, գտնվում էր մոտակա հիվանդանոցում։ Դատավարության ընթացքում ինձ թույլ չտվեցին գնալ հիվանդանոց, բայց ընդմիջման ժամանակ կարողացա քայլելով հասնել այնտեղ և կանգնեցի նրա պատուհանի տակ։ Նա բացեց պատուհանը, և մենք այդ կարճ առիթն օգտագործեցինք, որ միմյանց քաջալերենք։ Դրանք թանկ պահեր էին մեզ համար։ Այդ օրը դատապարտվեցի երեք տարվա ազատազրկման։

Վիրգիլյուսը այցելել է հիվանդանոցում գտնվող իր կնոջը՝ Լիդիային, և պատուհանի տակ կանգնած խոսում է նրա հետ

Ցավոք, երկու օր անց մեր փոքրիկը, դեռ չծնված, մահացավ։ Լիդիան պատմում է, որ դա ծանր հարված էր իր համար, սիրտն ասես կտոր-կտոր էր լինում։ Լիդիայի համար նաև դժվար էր հարմարվել նոր երկրի կյանքին։ Բացի այդ՝ նա ապրում էր ծնողներիս հետ, ովքեր շատ քիչ էին խոսում ուկրաիներեն կամ ռուսերեն՝ այն լեզուներով, որոնցով ինքն էր խոսում։ Բայց նա լիովին ապավինում էր Եհովային, իսկ ծնողներս ջերմ հոգատարությամբ էին վերաբերվում նրան և իրենց կարողության սահմաններում զգացապես աջակցում էին այդ դժվար ժամանակահատվածում։

Եհովան շարունակեց ելք բացել

Այն, ինչ սովորել էի առաջին բանտարկության ընթացքում, պատրաստեց ինձ երկրորդի համար։ Ինձ շատ էր օգնում ուրիշներին քարոզելը։ Օրինակ՝ լավ առիթ եղավ, երբ ինձ բանտ էին տեղափոխում։ Կալանավորներին բանտ տանելիս նրանց խիտ տեղավորում էին մեքենաների և գնացքների մեջ։ Երբեմն 15-ից 20 հոգու խցկում էին 5, 6 հոգու համար նախատեսված տեղում։ Բանտ գնալու ճանապարհին մյուս բանտարկյալների հետ խոսեցի Աստվածաշնչից։ Նրանց բացատրեցի, թե քաղաքական հարցերում ինչու եմ չեզոք, ինչու չեմ մասնակցում պատերազմների, և որ դա է իմ բանտարկության պատճառը։ Նաև ասացի, թե իմ կարծիքով՝ ինչու է ողջամիտ հավատալ Աստծու գոյությանը։

Այն բանտը, որտեղ անցկացնում էի կալանքս, գտնվում էր Մարիամպոլեa քաղաքում։ Իմ իմանալով՝ ես այնտեղի միակ Վկան էի 2000 վտանգավոր հանցագործների մեջ։ Նրանց համար բանտակիցներին սպառնալը, ծեծելը կամ նույնիսկ սպանելը սովորական բան էր։ Բայցևայնպես ես դաժան ծեծի ենթարկվեցի միայն մեկ անգամ։ Չնայած սարսափելի պայմաններին՝ ես փորձում էի թև տալ ընկճվածներին և կարեկցանք դրսևորել՝ մի բան, որը կալանավորները բանտում հազվադեպ են տեսնում ու զգում։

Նաև ՊԱԿ-ի գործակալները մեզ վրա հոգեբանական ճնշում էին բանեցնում։ Նրանք ինչ-որ կերպ իմանում էին, թե ընտանիքիս անդամները ինչ են խոսում տանը, և ինձ պատմում էին նրանց զրույցների մասին, բայց այդ ամենը աղավաղված էին ներկայացնում և այնպիսի տպավորություն էին ստեղծում, թե ընտանիքս միասնական չէ և անընդհատ վիճում է։ Իհարկե, գործակալներին չէի հավատում, բայց միայն բանտից դուրս գալուց հետո էր, որ կարողացա պարզել՝ ինչ են ընտանիքիս անդամները իրականում ասել (Մատթեոս 10։16)։

Մի անգամ քույրերից մեկը խնդրեց իր հարևանին, ով մեզ մոտ հսկիչ էր, և ում ինքը լավ էր ճանաչում, թաքուն ինձ փոխանցել ռուսերեն փոքր Աստվածաշունչ։ Գիշերները ես թղթի կտորների վրա Հիսուսի լեռան քարոզից խոսքեր էի արտագրում, որ հաջորդ օրը բանտի արտադրամասում աշխատելիս կարողանայի կրկին ու կրկին ընթերցել դրանք, երբ տեսնող չլիներ։ Այդպես ես անգիր սովորեցի Հիսուսի լեռան քարոզը ռուսերենով, թեև այն իմ մայրենի լեզուն չէ։ Ցավոք, մի օր հսկիչները գտան իմ Աստվածաշունչը և բռնագրավեցին այն։ Բայց այդ ժամանակ ես արդեն Հիսուսի խոսքերը դաջել էի իմ մտքում և սրտում։

Բանտախցում՝ սեղանի մոտ նստած՝ Վիրգիլյուսը թղթի փոքր կտորների վրա աստվածաշնչյան խոսքեր է գրում։ Նա զգուշորեն հետ է նայում։ Սեղանի դարակում թաքցված Աստվածաշունչ կա

Ես նաև անգնահատելի աջակցություն էի ստանում Լիդիայից, ով գրեթե ամեն օր ինձ քաջալերական նամակներ էր ուղարկում։ Թեև ամսվա մեջ ընդամենը երկու անգամ էի կարողանում պատասխան նամակ ուղարկել, նա ինձ ասում էր, որ իմ ուղարկած նամակները իրեն վստահեցնում էին երեք կարևոր բաներում՝ որ ողջ եմ, հավատարիմ եմ Եհովային և առաջվա պես սիրում եմ իրեն։

Եհովան ելք բացեց՝ պատասխանելով աղոթքներիս

Մի անգամ կալանավորների մի աշխատանքային բրիգադ ղեկավարությունից պահանջեց փոքր-ինչ բարելավել աշխատանքային պայմանները և հրաժարվեց աշխատել, մինչև որ իրենց պահանջը չբավարարվի։ Բայց իհարկե նրանք խստորեն պատժվեցին իրենց ըմբոստության համար։ Հետո ղեկավարությունը ինձ և ուրիշ մի քանի հոգու անձամբ տեղեկացրեց, որ մեզ նշանակել են մեկ այլ բրիգադում աշխատելու։

Եթե հրաժարվեի նոր խմբի հետ աշխատել, խստորեն կպատժվեի, իսկ եթե համաձայնեի, մյուս բանտարկյալները ինձ դավաճան կհամարեին և վրեժ կլուծեին, ինչը շատ դեպքերում նշանակում էր ծեծ կամ մահացու դանակահարություն։ Ես շատ մեծ ճնշման տակ էի, ասես երկու քարի արանքում լինեի, չգիտեի՝ ինչ անել (2 Տարեգրություն 20։12)։ Ուստի այդ ողջ ընթացքում անդադար աղերսում էի Եհովային, որ օգնի ինձ։

Հանկարծ իմ առաջվա բրիգադից մի բանտարկյալ ասաց, որ գործի կազմակերպչի մոտ գնանք։ Այդ բանտարկյալը իմ ընկերը չէր, մենք պարզապես աշխատում էինք միասին։ Բայց նա կազմակերպչից պահանջեց, որ ինձ թողնի իմ առաջվա բրիգադում, ինչը բուռն վեճի պատճառ դարձավ։ Ի վերջո կազմակերպիչը, ով երբեք որևէ հարցում չէր զիջում, մեզ դուրս վռնդեց իր գրասենյակից՝ ասելով, որ կարող եմ իմ առաջվա բրիգադի հետ աշխատել։ Ասես մի մեծ քար ընկավ ուսերիցս (2 Պետրոս 2։9)։ Իմ բանտարկության ողջ ընթացքում երբեք չէի տեսել, որ մի բանտարկյալը այդքան մեծ եռանդով աջակցեր մեկ ուրիշ բանտարկյալի։ Այդ դեպքից սովորեցի, որ Եհովան կարող է պատասխանել մեր աղոթքներին և օգնել մեզ ցանկացած մարդու միջոցով։

Վիրգիլյուսը կանգնած է մեկ այլ բանտարկյալի հետևում, ով վիճում է գործի կազմակերպչի հետ։ Մյուս բանտարկյալները, շուրջբոլորը կանգնած, նրանց են նայում

Եհովան ելք բացեց Լիդիայի համար

Պատմեմ, թե Լիդիան ինչերի միջով էր անցնում, երբ ես հեռու էի։ Նա պետք է աշխատանք գտներ, բայց, քանի որ ես կալանավորված էի, շատ գործատերեր նրան աշխատանքի չէին վերցնում՝ վախենալով, որ ՊԱԿ-ի հետ խնդիրներ կունենան։ Վերջապես նա մի գործ գտավ, որտեղ պետք է աշխատեր 12 ժամ և հոգ տաներ 30 երեխաների։ Դա շատ հոգնեցուցիչ էր։ Բայց Եհովան նրան ամեն օր ուժ էր տալիս։ Բացի այդ՝ եղբայրներն ու քույրերը Լիտվայի ողջ տարածքից հարյուրավոր կիլոմետրեր էին կտրում-անցնում, որ գային ու շփվեին նրա հետ, մխիթարեին նրան և ռուսերեն հրատարակություններ բերեին։ Նա երբեք իրեն միայնակ չէր զգում։

Ծառայում ենք Եհովային որպես ընտանիք

Բանտից ազատ արձակվելուց հետո ես օգնում էի կազմակերպել մեր գրականության լիտվերեն ընդհատակյա թարգմանությունը։ Մի քանի տարի անց Սովետական միությունը փլուզվեց, և մեր գործունեությունը օրինապես գրանցվեց Լիտվայում։ Ի վերջո պաշտոնապես բացվեց լիտվական թարգմանչական գրասենյակ։ Թեև մենք ապրում էինք գրասենյակից ավելի քան մեկուկես ժամվա հեռավորության վրա, ես մեծ սիրով մեքենայով գնում էի այնտեղ՝ թարգմանության գործին աջակցելու համար, և այդպես՝ ամեն շաբաթ 5 տարի շարունակ։

1997 թ.-ին Լիդիան և ես հրավիրվեցինք ծառայելու Եհովայի վկաների Լիտվայի մասնաճյուղում (կոչվում է նաև Բեթել)։ Մեր ուրախությանը չափ չկար, երբ ստացանք այդ հրավերը։ Արդեն երկու դուստր ունեինք՝ ինը տարեկան Օկսանան և հինգ տարեկան Սվայունեն։ Մեզ երեք օր տրվեց Բեթելին մոտ բնակարան տեղափոխվելու և Օկսանային նոր դպրոց փոխադրելու համար։

Վիրգիլյուսը գլխարկ է դրել իբրև թագ, ծածկոցը գցել է վրան որպես թիկնոց և իր երկու աղջիկների հետ բեմականացնում է «Եսթեր» գրքից մի դրվագ

Մենք ուզում էինք, որ մեր ընտանեկան երկրպագությունը լիներ իմաստալից և հաճելի։ Այս նկարում բեմականացնում ենք Ասուերոսի, Եսթերի և Մուրթքեի պատմությունը

Ինչպե՞ս էինք համատեղում մեր պարտականությունները։ Ամեն օր ես վաղ առավոտյան գնում էի Բեթել, իսկ Լիդիան հետո էր գալիս, երբ աղջիկներն արդեն գնացած էին լինում դպրոց։ Երեկոյան Լիդիան աղջիկներից շուտ էր գնում տուն, որպեսզի երբ նրանք վերադառնային, ինքն արդեն տանը լիներ ու նրանց հետ ջերմ, հաճելի ժամանակ անցկացներ։

Վիրգիլյուսը, Լիդիան, Օկսանան և Սվայունեն Լիտվայի ընդլայնված մասնաճյուղի նվիրման ժամանակ դրսում նկարվում են

2003 թ. Լիտվայի ընդլայնված մասնաճյուղի նվիրմանը հագել ենք լիտվական ազգային տարազ

Ողջ ընտանիքով անհամբերությամբ էինք սպասում ուրբաթ երեկոներին. միասին ուտելիք էինք պատրաստում, մաքրում տունը, ընտանեկան երկրպագություն անում և զվարճանում։ Մենք նաև ճանապարհորդություններ էինք կազմակերպում դեպի լեռներ, ծով և Եվրոպայի մյուս Բեթելներ, որպեսզի մեր աղջիկները տեսնեին Եհովայի ստեղծագործությունները և ծանոթանային մեր միջազգային եղբայրության հետ։ Լիդիան և ես շատ ենք հպարտանում մեր աղջիկներով, նրանք երկուսն էլ 15 տարեկանում ռահվիրայություն սկսեցին։ Ներկայումս Օկսանան և նրա ամուսինը՝ Ժան-Բենուան, ծառայում են լիտվերենի հեռակա թարգմանչական գրասենյակում, իսկ Սվայունեն և նրա ամուսինը՝ Նիկոլասը, ծառայում են Ֆրանսիայի Բեթելում։

Որպես զույգ՝ ես ու Լիդիան իսկապես դարձել ենք «մեկ մարմին», և դա հիմնականում շնորհիվ այն բանի, որ Եհովային ծառայելը միշտ ամենակարևոր բանն է եղել մեր կյանքում (Եփեսացիներ 5։31; Ժողովող 4։12)։ Թեև երկար տարիներ «ճնշումների ենք ենթարկվել» և հալածվել, բայց երբեք լքված ու «պատին սեղմված» չենք եղել (2 Կորնթացիներ 4։8, 9)։ Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Եհովան ելք բացում, և համոզված ենք, որ նա միշտ էլ այդպես կվարվի։

Իմ սիրելի կնոջ՝ Լիդիայի հետ

a 1955-ից 1990 թ. կոչվել է Կապսուկաս

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը