Աշխարհ առանց կրոնի. հօգուտ մարդկությա՞ն
ՆՈՐ աթեիստները աշխարհը պատկերացնում են առանց կրոնի՝ առանց ինքնասպան ահաբեկիչների, կրոնական պատերազմների և առանց մարդկանց, որոնք հեռուստատեսությամբ քարոզներ են անում՝ խաբելով ժողովրդին։ Արդյոք այս պատկերը գրավո՞ւմ է ձեզ։
Նախքան որևէ պատասխան տալը հարցրեք ինքներդ ձեզ. «Կա՞ որևէ ապացույց, որ եթե ամբողջ աշխարհն ընդունի աթեիզմի գաղափարախոսությունը, այն ավելի լավը կդառնա»։ Նկատի առեք հետևյալը. ավելի քան 1,5 միլիոն մարդ է մահացել Կամբոջայում այն ժամանակ, երբ կարմիր քմերները փորձում էին հաստատել անաստված մարքսիստական գաղափարախոսությունը։ Իսկ աթեիստական ՍՍՀՄ-ում Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին տասնյակ միլիոնավոր մարդ է մահացել։ Ճիշտ է, այս ոճրագործությունները չի կարելի միանշանակ կապել աթեիզմի հետ, սակայն դրանք ցույց են տալիս, որ աթեիզմը չի երաշխավորում խաղաղություն և համերաշխություն։
Շատերը կհամաձայնեն, որ կրոնը բազմաթիվ տառապանքների պատճառ է դարձել։ Արդյոք Աստվա՞ծ է մեղավոր դրանում։ Ո՛չ։ Մի՞թե մեքենա արտադրողն է մեղավոր, երբ վարորդը հեռախոսով խոսելու պատճառով վթարի է ենթարկվում։ Մարդիկ տառապում են բազմաթիվ պատճառներով, բայց կա մի պատճառ, որն ավելի լուրջ է, քան կրոնական ուսմունքների միջև եղած տարբերությունը։ Աստվածաշունչն ասում է, որ դա բնածին անկատարությունն է։ «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Այս մեղավոր հակումը դրդում է մարդուն լինելու եսասեր, գոռոզ, ոտնահարելու բարոյական սկզբունքները և դիմելու բռնության (Ծննդոց 8։21)։ Այդ պատճառով է նաև, որ նա սկսում է սխալ տրամաբանել և արդարացնել մեղավոր գործերը (Հռոմեացիներ 1։24–27)։ Հիսուս Քրիստոսը իրավամբ ասել է. «Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթեոս 15։19)։
Էական տարբերություն
Կարևոր է տարբերել Աստծուն ընդունելի ճշմարիտ երկրպագությունը կեղծ երկրպագությունից։ Ճշմարիտ երկրպագությունը օգնում է մարդկանց պայքարելու վատ հակումների դեմ։ Այն քաջալերում է զարգացնել անձնազոհ սեր, խաղաղություն, բարություն, առաքինություն, մեղմություն, ինքնատիրապետում, լինել հավատարիմ և նվիրված կողակցի հանդեպ, ինչպես նաև հարգել ուրիշներին (Գաղատացիներ 5։22, 23)։ Սակայն կեղծ կրոնը հակված է հաճեցնելու մեծամասնությանը։ Ինչպես Աստվածաշունչն է նշում, այն «ականջներին հաճելի բաներ» է ասում՝ հանդուրժելով որոշ վատ արարքներ, որոնք դատապարտեց Հիսուսը (2 Տիմոթեոս 4։3)։
Հնարավո՞ր է՝ աթեիզմն էլ նպաստի, որ մարդիկ չունենան հստակ պատկերացում բարոյական չափանիշների վերաբերյալ և նույնպես խառնաշփոթի մեջ ընկնեն։ Եթե Աստված չկա, ապա չկա և պատասխանատվություն աստվածային իշխանության հանդեպ, ինչպես նաև «չկան օբյեկտիվ արժեքներ, որոնք մենք պարտավոր ենք հարգել»,— ասում է իրավաբանության պրոֆեսոր Ֆիլիպ Ջոնսոնը։ Այսպիսով՝ բարոյական չափանիշները դառնում են հարաբերական, և ամեն մարդ ինքն է սահմանում իր չափանիշները, եթե, իհարկե, նա ցանկանում է որևէ չափանիշ ունենալ։ Անկասկած, այսպիսի մտածելակերպը որոշ մարդկանց համար աթեիզմը ավելի գրավիչ փիլիսոփայություն է դարձնում (Սաղմոս 14։1)։
Սակայն Աստված հավերժ չի հանդուրժի աթեիստական կամ կրոնական սուտը և նրանց, ովքեր նպաստում են դրանa։ Նա խոստանում է. «Ուղղամիտները [նրանք, ովքեր կառչում են բարոյական չափանիշներից և կրոնական ճշմարտությունից] կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։ Արդյունքում աշխարհում խաղաղություն ու երջանկություն կտիրի, մի բան, որ ոչ մի մարդ, մարդկային փիլիսոփայություն կամ կազմակերպություն երբեք չի կարող բերել (Եսայիա 11։9)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչից հիմնավոր բացատրություն ստանալու համար, թե ինչու է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ 13-րդ էջի վրա]
ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այն երկիրը, որը տրվեց հին Իսրայելին, բնակեցված էր քանանացիներով, որոնք ապականված ժողովուրդ էին։ Նրանք զբաղվում էին սեռային անբարոյությամբ՝ արյունապղծությամբ, համասեռամոլությամբ, անասնապղծությամբ, նաև կրոնական արարողությունների ժամանակ երեխաներ էին զոհաբերում (Ղևտական 18։2–27)։ «Հնագիտությունը և Հին Կտակարանը» գրքում ասվում է, որ պեղումների ժամանակ «հեթանոսական զոհասեղանների շուրջ եղող գերեզմանոցներում հայտնաբերվել են մոխրի կույտեր և նորածինների կմախքի մնացորդներ, ինչը ցույց է տալիս, որ [երեխաներ զոհաբերելը] լայնորեն տարածված է եղել»։ Աստվածաշնչյան մի ձեռնարկում ասվում է, որ քանանացիները պաշտում էին իրենց աստվածներին՝ անբարո սեռական վարք դրսևորելով և այդ նույն աստվածներին զոհաբերելով իրենց առաջնեկներին։ Այն ավելացնում է. «Հնագետները, ովքեր պեղումներ են կատարում քանանական քաղաքների ավերակներում, զարմանում են, թե ինչու Աստված ավելի շուտ չի կործանել դրանք» (Archaeology and the Old Testament)։
Այն, որ Աստված կործանեց քանանացիներին, սթափեցնում է մեզ և հիշեցնում, որ նա հավիտյան չի հանդուրժելու իր անունով արվող չարիքը։ «[Աստված] մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը»,— ասվում է Գործեր 17։31-ում։
[նկարներ 14-րդ էջի վրա]
Թե՛ հավատացյալ և թե՛ անհավատ մարդիկ դաժան արարքներ են գործել
Եկեղեցին աջակցում է Հիտլերին
Կարմիր քմերների գանգերը (Կամբոջա)
[թույլտվությամբ]
AP Photo