Աստվածաշնչի տեսակետը
Ինչո՞ւ Աստված չի ոչնչացնում Բանսարկուին
ԿԹԵԹԵՎԱՑՆԵԻ՞Ր ուրիշի տառապանքը, եթե կարողանայիր։ Հաճախ փրկարարները շտապում են այնտեղ, որտեղ բնական աղետ է եղել, որ թեթևացնեն անծանոթ մարդկանց տառապանքները ու փրկեն նրանց կյանքը։ Ուստի գուցե ինչ-որ մեկը հարցնի. «Ինչո՞ւ Աստված չի շտապում ոչնչացնել Բանսարկուին՝ նրան, ում պատճառով մարդիկ այդքան շատ տառապանքներ են կրում»։
Այս հարցին պատասխանելու համար եկեք պատկերացնենք մի աղմկահարույց դատական գործ։ Քանի որ մարդասպանը չի կարող կանգնեցնել դատավարությունը, պնդում է, թե դատավորը անազնիվ կերպով է նախագահում դատարանի դահլիճում, և նույնիսկ հայտարարում, թե նա կաշառել է երդվյալներին։ Այդ պատճառով վկայություն տալու համար կանչվում են անթիվ-անհամար վկաներ։
Դատավորը գիտի, որ բազում դատավարությունները շատ անհարմարություններ կստեղծեն, և ցանկանում է, որ այդ գործը ավարտվի առանց անտեղի հետաձգման։ Սակայն նաև գիտակցում է հետևյալը. որպեսզի կայացնի այնպիսի դատավճիռ, որը նախադեպ կլինի ապագա դատական գործերի համար, հարկավոր է երկու կողմերին բավականաչափ ժամանակ տալ, որ ներկայացնեն իրենց փաստերը։
Ինչպե՞ս է այս օրինակը առնչվում այն մարտահրավերին, որը Բանսարկուն (նաև կոչվում է «վիշապ», «օձ» և «Սատանա») նետեց Եհովային՝ ամբողջ երկրի «Բարձրյալին» (Հայտնություն 12։9; Սաղմոս 83։18)։ Ո՞վ է իրականում Բանսարկուն։ Ի՞նչ մեղադրանքներ է ներկայացրել Եհովա Աստծու դեմ։ Ինչպե՞ս է Աստված ոչնչացնելու նրան։
Ինչու էր անհրաժեշտ նախադեպ սահմանել
Սկզբում նա, ով դարձավ Բանսարկու, կատարյալ ոգեղեն անձնավորություն էր՝ Աստծու հրեշտակներից մեկը (Հոբ 1։6, 7)։ Նա ինքն իրեն Բանսարկու դարձրեց, երբ եսասիրական ցանկություններով համակվեց՝ ցանկանալով, որ մարդիկ իրեն երկրպագեն։ Այսպիսով՝ հարցականի տակ դրեց Արարչի իշխելու իրավունքը և նույնիսկ ակնարկեց, որ Աստված արժանի չէ, որ իրեն հնազանդվեն։ Նա ասաց, որ մարդիկ կծառայեն Աստծուն միայն այն դեպքում, եթե վերջինս օրհնություններով կաշառի իրենց։ Սատանան պնդեց, թե դժվարությունների ներքո բոլոր մարդիկ «կանիծեն» իրենց Ստեղծչին (Հոբ 1։8–11; 2։4, 5)։
Սատանայի այս մեղադրանքներին պատասխան չէր տրվի միայն ուժ գործադրելով։ Իրականում, եթե Բանսարկուն մահապատժի ենթարկվեր Եդեմի պարտեզում, գուցե ոմանք մտածեին, թե նա իրավացի էր։ Ուստի Աստված, ունենալով գերագույն իշխանություն, իրավական դատավարություն սկսեց, ինչով և պատասխան կտրվեր այդ հարցերին ու ականատեսներից ոչ մեկի մեջ կասկածի նշույլ անգամ չէր մնա։
Իր սկզբունքներին ու կատարյալ արդարությանը ներդաշնակ վարվելով՝ Եհովա Աստված մատնանշեց, որ յուրաքանչյուր կողմ պետք է վկաներ բերի, որոնք վկայություն կտան հօգուտ իրեն։ Շնորհիվ այն բանի, որ Եհովան ժամանակ տվեց, Ադամի հետնորդները հնարավորություն ունեցան ապրելու և վկայություն տալու հօգուտ Աստծու՝ չնայած որևէ դժվարության՝ անարատ մնալով նրա առաջ։
Որքա՞ն ժամանակ
Եհովա Աստված շատ լավ գիտի, որ մինչ տեղի են ունենում այս դատավարությունները, մարդկությունը շարունակում է տառապել։ Այնուհանդերձ, նա վճռել է գործը փակել հնարավորինս շուտ։ Աստվածաշունչը նրան նկարագրում է որպես «գթության Հայր և ամենայն մխիթարության Աստված» (2 Կորնթացիներ 1։3)։ Պարզ է, որ «ամենայն մխիթարության Աստվածը» թույլ չի տա Բանսարկուին ապրելու ավելի շատ, քան անհրաժեշտ է, և ոչ էլ թույլ կտա, որ նրա ազդեցության հետևանքները մնան։ Մյուս կողմից՝ Աստված չի վերացնի Բանսարկուին ժամանակից շուտ, այսինքն՝ նախքան տիեզերական դատական գործի ավարտը։
Երբ հարցերը ի վերջո լուծվեն, Եհովայի ղեկավարելու իրավունքը լիովին կարդարացվի։ Սատանայի դեմ դատական գործը ողջ հավիտենության համար վառ օրինակ կլինի։ Եթե երբևէ կրկին նման մարտահրավեր նետվի, Սատանայի օրինակը նախադեպ կլինի, և նման դատավարության կարիք այլևս չի լինի։
Պատշաճ ժամանակին Եհովա Աստված կառաջնորդի հարություն առած իր Որդուն, որ վերջինս ոչնչացնի Բանսարկուին և քանդի նրա բոլոր գործերը։ Աստվածաշունչը խոսում է այն ժամանակի մասին, երբ Քրիստոսը «թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը, երբ ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն։ Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի։ Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։24–26)։
Ուրախ ենք, որ Աստվածաշունչը խոստանում է, որ ամբողջ երկիրը դրախտի կվերածվի։ Ինչպեսև Աստված սկզբում նպատակադրել էր, մարդիկ կապրեն խաղաղ պայմաններում։ «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Այո՛, «արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։11, 29)։
Ուշադրություն դարձրու, թե ինչ մեծ հեռանկար ունեն Աստծու ծառաները, որի մասին նկարագրված է Աստծու Խոսքում. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ինչպե՞ս է Բանսարկուն սուտ մեղադրանքներ ներկայացրել Աստծու և մարդու դեմ (Հոբ 1։8–11)։
● Աստծու ո՞ր հատկություններն են երաշխիք մեզ համար, որ ժամանակի ընթացքում նա կոչնչացնի Բանսարկուին (2 Կորնթացիներ 1։3)։
● Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը (Հայտնություն 21։3, 4)։
[նկար 18-րդ էջի վրա]
Որպեսզի կայացվի այնպիսի դատավճիռ, որը նախադեպ կլինի, հարկավոր է երկու կողմերին բավականաչափ ժամանակ տալ, որ ներկայացնեն իրենց փաստերը