Մոտեցեք Աստծուն
Նա գիտի «մարդկանց որդիների սրտերը»
ԲՈԼՈՐՍ էլ կյանքում թեկուզ մի պահ ընկճվում ենք դժվարությունների ու խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ գուցե թվա, թե ոչ ոք չի կարող հասկանալ մեր զգացումները կամ սրտի ցավը։ Սակայն կա մեկը, ով լիարժեքորեն հասկանում է մեզ։ Այդ անձնավորությունը Եհովա Աստված է։ Մեզ կարող են մխիթարել Սողոմոնի խոսքերը, որ արձանագրված են 2 Տարեգրություն 6։29, 30 համարներում։
Մ.թ.ա. 1026-ին Երուսաղեմի տաճարի բացման ժամանակ Սողոմոնն աղոթեց Աստծուն։ Մոտ 10 րոպե տևած այդ աղոթքում նա փառաբանեց Եհովային՝ ասելով, որ նա նվիրված Աստված է, կատարում է իր խոստումները և լսում է իրեն ուղղված աղոթքները (1 Թագավորներ 8։23–53; 2 Տարեգրություն 6։14–42)։
Սողոմոնը աղոթեց, որ Աստված լսի իր երկրպագուների խնդրանքները (համար 29)։ Թեև նա թվարկեց մի շարք նեղություններ (համար 28), սակայն նշեց, որ Աստծու ծառաներից յուրաքանչյուրն ունի «իր վերքը» և իր սրտի «ցավը»։ Մեկի տրտմության պատճառը կարող էր լինել մի բան, մինչդեռ մյուսինը՝ բոլորովին այլ բան։
Աստվածավախ մարդիկ չպետք է մտածեն, որ մենակ են իրենց խնդիրների հետ։ Իր աղոթքում Սողոմոնը խնդրում էր այն մարդկանց համար, ովքեր իրենց «ձեռքերը դեպի վեր բարձրացնելով»՝ անկեղծ սրտով կդիմեին Աստծունa։ Նա հավանաբար հիշում էր իր Հոր՝ Դավթի խոսքերը, որն ընկճված ժամանակ գրեց. «Քո բեռը Եհովայի վրա գցիր» (Սաղմոս 55։4, 22)։
Եհովան ինչպե՞ս կպատասխաներ այն մարդկանց անկեղծ աղոթքներին, ովքեր օգնության համար կդիմեին իրեն։ Սողոմոնը խնդրեց. «Լսիր երկնքից՝ քո բնակության վայրից, ներիր ու ամեն մեկին իր ճանապարհների համեմատ հատուցիր» (համար 30)։ Նա գիտեր, որ «աղոթքներ Լսողը» հոգ կտանի իր երկրպագուների մասին ոչ միայն որպես խմբի, այլև անհատապես (Սաղմոս 65։2)։ Եհովան օգնության ձեռք է մեկնում ընկճվածին և ներում է այն մարդկանց մեղքերը, ովքեր ամբողջ սրտով դառնում են դեպի իրեն (2 Տարեգրություն 6։36–39)։
Ինչո՞ւ էր Սողոմոնը վստահ, որ Եհովան կպատասխանի զղջացող անհատի խնդրանքին։ Շարունակելով իր աղոթքը՝ Սողոմոնն ասում է. «Քանի որ դու գիտես նրանց սիրտը (չէ՞ որ միայն դու ես ճանաչում մարդկանց որդիների սրտերը)»։ Եհովան գիտի, թե յուրաքանչյուր հավատարիմ ծառա ինչ ցավ է կրում իր սրտում, և անտարբեր չէ նրանց զգացումների նկատմամբ (Սաղմոս 37։4)։
Սողոմոնի աղոթքն, իրոք որ, մխիթարական է մեզ համար։ Մարդիկ չեն կարող ամբողջությամբ հասկանալ մեր զգացումները՝ մեր «վերքն ու ցավը» (Առակներ 14։10)։ Սակայն Եհովան տեսնում է, թե ինչ է կատարվում մեր ներսում և մտահոգվում է մեզ համար։ Եթե մեր սիրտը բացենք Եհովայի առաջ, այդ ժամանակ մեր բեռը կթեթևանա ու մեզ համար ավելի հեշտ կլինի կրել այն։ «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»,— ասում է Աստվածաշունչը (1 Պետրոս 5։7)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչյան ժամանակներում «ձեռքերը դեպի վեր բարձրացնելը»՝ ափերը վեր ուղղած, Աստծուն աղոթք մատուցելու դիրք էր (2 Տարեգրություն 6։13)։