Աստված գիտե՞ր, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու
ՇԱՏԵՐՆ են ուզում իմանալ այս հարցի պատասխանը։ Հաճախ, երբ խոսում ենք այն մասին, թե Աստված ինչու է հանդուրժում անօրենությունը, անդրադառնում ենք Եդեմի պարտեզում մարդկային առաջին զույգի գործած մեղքին։ Իմանալով, որ Աստված ամեն ինչ գիտի՝ մարդիկ մտածում են, թե նա պետք է նախապես իմանար, որ Ադամն ու Եվան չեն հնազանդվելու իրեն։
Եթե Աստված իսկապես նախօրոք իմանար, որ այս կատարյալ զույգը մեղք է գործելու, ապա դա ի՞նչ կնշանակեր։ Կնշանակեր, որ նա չի սիրում մարդկանց, անարդար է ու կեղծավոր։ Կարելի է ասել, որ դաժանություն է մարդկանց գիտակցաբար դնել այնպիսի իրավիճակում, որը վատ ավարտ է ունենալու։ Աստված ամբողջովին կամ մասամբ պատասխանատու կլիներ այն ամբողջ չարության ու տառապանքի համար, որ գոյություն է ունեցել մարդկության պատմության ընթացքում։ Ոմանք նույնիսկ գուցե մտածեն, թե Ստեղծիչը չի հասկանում, թե ինչ է անում։
Բայց մի՞թե Եհովա Աստված այդպիսին է։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը նրա հատկությունների և ձեռքի գործերի մասին։
«Ամենը շատ լավ է»
Աստծու ստեղծագործության, այդ թվում առաջին մարդկանց մասին «Ծննդոց» գիրքն ասում է. «Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Երկրի վրա կատարյալ պայմաններ էին ստեղծված մարդկանց գոյության համար։ Ադամն ու Եվան նույնպես կատարյալ էին. նրանք ոչ մի թերություն չունեին։ «Շատ լավ» ստեղծված լինելով՝ նրանք անշուշտ կարող էին այնպիսի կյանքով ապրել, որն ակնկալվում էր իրենցից։ Նրանք «Աստծու պատկերով» էին ստեղծված (Ծննդոց 1։27)։ Ուստի օժտված էին Աստծու հատկություններով, ինչպիսիք են՝ իմաստությունը, նվիրված սերը, արդարությունը և բարությունը։ Այդ հատկությունները դրսևորելով՝ նրանք կարող էին իրենց համար օգտակար որոշումներ կայացնել և ուրախացնել իրենց երկնային Հորը։
Եհովան այս կատարյալ և բանական էակներին ազատ կամք էր շնորհել։ Ուստի նրանք նման չէին ռոբոտների՝ «ծրագրավորված» չէին Աստծուն հաճեցնելու համար։ Օրինակ՝ քեզ համար ի՞նչը ավելի հաճելի կլիներ՝ ընդունել այն նվերը, որը տրվում է մեխանիկորե՞ն, թե՞ այն նվերը, որը տրվում է սրտանց։ Պատասխանը շատ պարզ է։ Նմանապես, եթե Ադամն ու Եվան հոժարակամորեն հնազանդվեին Աստծուն, դա ավելի մեծ արժեք կունենար նրա աչքում։ Ուստի ընտրելու ազատությունը հնարավորություն էր տալիս առաջին մարդկային զույգին հնազանդվել Աստծուն սիրուց մղված (2 Օրենք 30։19, 20)։
Արդար է և բարի
Աստվածաշունչը բացահայտում է, թե ինչպիսին է Եհովան։ Նա չի կարող որևէ առնչություն ունենալ մեղքի հետ։ «Եհովան արդարություն և արդարադատություն է սիրում»,— ասվում է Սաղմոս 33։5-ում։ Իսկ Հակոբոս 1։13-ում գրված է. «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում»։ Լինելով ազնիվ և հոգատար՝ Աստված զգուշացրեց Ադամին. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։16, 17)։ Առաջին զույգը կարող էր իր ընտրությամբ կա՛մ հավիտյան ապրել, կա՛մ մահանալ։ Մի՞թե Աստծու կողմից կեղծավորություն չէր լինի զգուշացնել մի մեղքի մասին՝ նախապես իմանալով, որ մարդն անպատճառ այն գործելու է։ «Արդարություն և արդարադատություն սիրող» Աստվածը չէր տա ընտրության հնարավորություն, որն իրականում գոյություն չուներ։
Եհովան նաև անչափ բարի է (Սաղմոս 31։19)։ Նկարագրելով, թե որքան բարի է Աստված՝ Հիսուսն ասաց. «Ձեզանից ո՞վ իր որդուն քար կտա, եթե նա հաց խնդրի։ Կամ մի՞թե օձ կտա նրան, եթե ձուկ խնդրի։ Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մատթեոս 7։9–11)։ Աստված «բարիքներ» է տալիս իր ստեղծած էակներին։ Այն, թե ինչպիսին է Աստված ստեղծել մարդկանց և թե ինչպես է դրախտը պատրաստել նրանց բնակության համար, վկայում է նրա բարության մասին։ Այսպիսի բարի Գերիշխանը չէր կարող նրանց տալ մի գեղեցիկ տուն՝ իմանալով, որ հետո զրկվելու են դրանից։ Մեր արդար ու բարի Արարիչը մեղավոր չէ մարդկանց ըմբոստության մեջ։
«Միակ իմաստունն» է
Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան «միակ իմաստունն» է (Հռոմեացիներ 16։27)։ Աստծու անսահման իմաստության մասին են վկայում նրա ձեռքի գործերը։ Երբ Եհովան արարում էր երկիրը, հրեշտակները հիանում էին նրա ստեղծագործություններով ու բարձրաձայն գովաբանում էին Աստծուն (Հոբ 38։4–7)։ Այս բանական էակները մեծ հետաքրքրությամբ նայում էին, թե ինչ է տեղի ունենում Եդեմի պարտեզում։ Ուստի մի՞թե իմաստության դրսևորում կլիներ Աստծու կողմից անհուն տիեզերքը և երկրի հրաշալիքները ստեղծելուց հետո իր երկնային որդիների առաջ ներկայացնել երկու կատարյալ էակների, որոնք դատապարտված էին ձախողման։ Պարզ է, որ ոչ։
Ոմանք գուցե առարկեն. «Բայց ինչպե՞ս կարող էր իմաստուն Աստվածը չիմանալ, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու»։ Իր անսահման իմաստության շնորհիվ Աստված, անշուշտ, կարող է «ամենասկզբից ասել այն, ինչ լինելու է վերջում» (Եսայիա 46։9, 10)։ Սակայն նա ստիպված չէ այդ կարողությունը միշտ գործի դնել, ինչպես որ ստիպված չէ միշտ գործի դնել իր ողջ զորությունը։ Նախապես ամեն բան իմանալու իր կարողությունը Եհովան ընտրողաբար է օգտագործում, և դա նրա կողմից իմաստության դրսևորում է։ Նա այդպես է վարվում միայն անհրաժեշտության դեպքում կամ երբ ինքն է հարկ համարում։
Այն, որ Աստված կարող է և չօգտագործել իր այդ կարողությունը, եկեք պարզաբանենք օրինակով։ Ենթադրենք մեկը պատրաստվում է դիտել սպորտային մի մրցաշարի տեսագրություն։ Նա կարող է միանգամից նայել խաղի վերջին հատվածը՝ նախապես իմանալու համար, թե ինչպես է այն ավարտվելու։ Բայց նա ստիպված չէ այդպես վարվել։ Ո՞վ կարող է նրան դատապարտել այն բանի համար, որ նա ցանկանում է խաղը նայել սկզբից մինչև վերջ։ Նմանապես, Ստեղծիչը ակներևաբար ոչ թե ցանկացել է նախապես տեսնել, թե ինչ կլինի հետագայում, այլ նախընտրել է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կունենա իր երկրային զավակների կյանքը։
Ինչպես արդեն նշվեց, Եհովան իմաստությամբ առաջին մարդկանց ստեղծեց ոչ թե ինչպես ռոբոտներ ու նրանց կյանքը նախապես ծրագրավորեց, այլ սեր դրսորելով նրանց հանդեպ՝ ազատ կամք շնորհեց։ Ճիշտ ընտրություն անելով՝ նրանք իրենց սերը, երախտագիտությունն ու հնազանդությունը ցույց կտային Աստծու հանդեպ, ինչը ուրախություն կպատճառեր թե՛ իրենց և թե՛ Եհովային՝ իրենց երկնային Հորը (Առակներ 27։11; Եսայիա 48։18)։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված շատ դեպքերում չի օգտագործել ապագան իմանալու իր կարողությունը։ Օրինակ՝ երբ հավատարիմ Աբրահամը քիչ էր մնացել, որ զոհաբերեր իր որդուն, Եհովան այդ պահին ասաց. «Հիմա գիտեմ, որ վախենում ես Աստծուց, քանի որ ինձ համար քո մինուճար որդուն չխնայեցիր» (Ծննդոց 22։12)։ Կան նաև մի շարք դեպքեր այն մասին, որ մարդկանց սխալ գործերը «վշտացրել» են Եհովային։ Մի՞թե նա կվշտանար, եթե նախապես իմանար, որ նրանք այդպես են վարվելու (Սաղմոս 78։40, 41; 1 Թագավորներ 11։9, 10)։
Այսպիսով՝ տրամաբանական է եզրակացնել, որ մեր իմաստուն Ստեղծիչը չի օգտագործել ապագան տեսնելու իր կարողությունը, որպեսզի իմանա, թե արդյոք առաջին մարդկային զույգը մեղք կգործի, թե ոչ։ Նա այդպիսի անմիտ քայլ չէր անի, որ օգտագործելով իր կարողությունը և նախապես իմանալով, թե ինչ է լինելու՝ կազմեր մի տարօրինակ ծրագիր և հետևեր, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին ինքն արդեն գիտեր։
«Աստված սեր է»
Աստծու թշնամին՝ Սատանան է Եդեմում ծագած ըմբոստության պատճառը։ Այդ ըմբոստությունը վատ հետևանքներ ունեցավ և մեղք ու մահ բերեց մարդկանց վրա։ Այդպիսով Սատանան դարձավ «մարդասպան», ինչպես նաև «ստախոս» և «ստության հայր» (Հովհաննես 8։44)։ Թեև իրականում վատ մղումներ ունի ինքը, բայց փորձում է դրանք վերագրել մեր սիրառատ Ստեղծչին։ Նա ուզում է, որ մարդկանց ըմբոստության համար մեղադրվի Եհովան։
Եհովան սիրո Աստված է, և այդ սերն էր գլխավոր պատճառը, որ նա չուզեց նախապես իմանալ, թե ինչպես կվարվեն Ադամն ու Եվան։ 1 Հովհաննես 4։8-ում ասվում է. «Աստված սեր է»։ Սերը դրական հատկություն է. այն մղում է մյուսների մեջ լավ բաներ փնտրելու։ Ուստի Եհովա Աստված, սիրուց մղված, առաջին մարդկային զույգի համար ամենալավ բաներն էր ցանկանում։
Թեև Աստված հասկանում էր, որ Ադամն ու Եվան կարող էին սխալ ընտրություն կատարել, սակայն դա չէր մղում նրան թերահավատորեն կամ կասկածանքով վերաբերվելու իր կատարյալ զավակներին։ Նա ամեն բան տվել էր նրանց։ Նրանք գիտեին այն ամենն, ինչ անհրաժեշտ էր իրենց։ Ուստի տեղին է, որ Աստված ակնկալեր, որ նրանք ոչ թե կըմբոստանային, այլ սիրով կհնազանդվեին իրեն՝ որպես երախտագիտության դրսևորում։ Նա վստահ էր, որ Ադամն ու Եվան կարող էին հավատարիմ մնալ։ Այո՛, դա հնարավոր էր, քանի որ նույնիսկ անկատար մարդիկ կարողացան հավատարիմ մնալ Աստծուն, ինչպես օրինակ՝ Աբրահամը, Հոբը և Դանիելը։
«Աստծու համար ամեն բան հնարավոր է»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 19։26)։ Այս միտքը կարող է մխիթարական լինել մեզ համար։ Եհովայի սերը, ինչպես նաև նրա մյուս գլխավոր հատկությունները՝ արդարությունը, իմաստությունն ու զորությունը, մեզ համար երաշխիք են, որ իր ժամանակին Աստված կվերացնի առաջին զույգի ըմբոստության հետևանքները (Հայտնություն 21։3–5)։
Պարզ է ուրեմն, որ Աստված չգիտեր, որ Ադամն ու Եվան մեղք կգործեն։ Թեև մարդու անհնազանդությունը և դրա հետևանքով նրա կրած տառապանքը ցավ պատճառեցին Աստծուն, սակայն նա գիտեր, որ ի վերջո երկրի ու մարդկության առնչությամբ ունեցած իր մեծ նպատակը կիրականանա։ Մի՞թե չարժե իմանալ, թե ինչ նպատակ է դա և թե ինչպես է այն առնչվում քեզa։
[ծանոթագրություն]
a Երկրի առնչությամբ Աստծու նպատակի մասին տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 14-րդ էջի վրա]
Եհովան առաջին մարդկանց չստեղծեց ռոբոտների պես ու նրանց կյանքը նախապես չծրագրավորեց
[մեջբերում 15-րդ էջի վրա]
Աստված վստահ էր, որ Ադամն ու Եվան կարող էին հավատարիմ մնալ