- 
	                        
            
            Ճշգրիտ մարգարեությունների գիրք2012 Դիտարան | հունիս 1
 - 
                            
- 
                                        
Ճշգրիտ մարգարեությունների գիրք
«Այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց» (ՀԵՍՈՒ 23։14)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Հնում գուշակները հայտնի էին նրանով, որ անորոշ, անհասկանալի և ոչ հուսալի կանխատեսումներ էին անում։ Մերօրյա «գուշակները»՝ հորոսկոպները, նրանցից ավելի արժանահավատ չեն։ Իսկ ֆուտուրոլոգիան ուսումնասիրում է ներկա զարգացումները և հազվադեպ է փորձում կանխագուշակել այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են տեղի ունենալ դարեր անց։ Մինչդեռ Աստվածաշնչի մարգարեությունները մանրամասն են և միշտ կատարվում են, անկախ այն բանից՝ դրանք «վաղեմի ժամանակներից են» ասվել, թե ոչ (Եսայիա 46։10)։
ՕՐԻՆԱԿ։ Մ.թ.ա. վեցերորդ դարում Դանիել մարգարեն տեսավ մի տեսիլք՝ համաձայն որի Հունաստանը արագորեն պարտության էր մատնելու Մարա-Պարսկաստանին։ Դանիելը նաև մարգարեացավ, որ երբ Հունաստանի հաղթական թագավորը «հզոր դառնա», նրա թագավորությունը «կկոտրվի»։ Ո՞վ էր փոխարինելու նրան։ Դանիելը գրում է. «Չորս թագավորություն է դուրս գալու նրա ազգից, սակայն ոչ նրա զորությամբ» (Դանիել 8։5–8, 20–22)։
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ։ Դանիելի ժամանակներից ավելի քան 200 տարի անց Ալեքսանդր Մակեդոնացին դարձավ Հունաստանի թագավոր։ Տասը տարվա ընթացքում Ալեքսանդրը պարտության մատնեց մարա-պարսկական կայսրությունը և հունական իշխանությունը ընդարձակեց մինչև Ինդոս գետի ափերը (այս գետը այժմ գտնվում է Պակիստանի տարածքում)։ Բայց նա 32 տարեկանում հանկարծամահ եղավ։ Իպսոսի մոտ (Փոքր Ասիա) տեղի ունեցած ճակատամարտից հետո նրա կայսրությունը, ըստ էության, դադարեց գոյություն ունենալուց։ Այդ ճակատամարտի չորս հաղթողները հունական կայսրությունը բաժանեցին իրար միջև։ Սակայն նրանցից ոչ մեկը չունեցավ այնպիսի իշխանություն, ինչպիսին որ ուներ Ալեքսանդրը։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կա՞ մեկ ուրիշ գիրք, որը կարող է այսպիսի ճշգրտությամբ կանխագուշակել ապագա իրադարձությունները։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 4-րդ էջի վրա]
«Աստվածաշնչի մարգարեությունները.... այնքան շատ են, որ անհավանական է, որ դրանց կատարումը պատահական լինի» (ԻՐՎԻՆ ԼԻՆՏՈՆ, A LAWYER EXAMINES THE BIBLE)
[նկար 4-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Robert Harding Picture Library/SuperStock
 
 - 
                                        
 
- 
	                        
            
            Ճշգրիտ պատմություն, ոչ թե առասպել2012 Դիտարան | հունիս 1
 - 
                            
- 
                                        
Ճշգրիտ պատմություն, ոչ թե առասպել
«Սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել եմ» (ՂՈՒԿԱՍ 1։3)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Լեգենդներն ու առասպելները ֆանտաստիկ պատմություններ են, որտեղ չեն նշվում կոնկրետ վայրեր, թվականներ և պատմական դեմքերի անուններ։ Մինչդեռ Աստվածաշնչում կան բազմաթիվ մանրամասնություններ, որոնք փաստում են, որ այս գրքի «խոսքերը վերին աստիճանի ճշմարիտ են» (Սաղմոս 119։160; Ռ. Հարիսոն, The Psalms for Today)։
ՕՐԻՆԱԿ։ Աստվածաշնչում գրված է, որ «Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը.... [Հուդայի թագավոր] Հովաքինին գերի տարավ Բաբելոն»։ Հետագայում «Ելմարոդաք թագավորը իր թագավոր դառնալու տարում Հուդայի Հովաքին թագավորին բարեհաճություն ցույց տվեց և նրան հանեց բանտից»։ Ավելին, «իր կյանքի բոլոր օրերում Հովաքինին մշտապես տալիս էին թագավորի կողմից նշանակված ամեն օրվա իր բաժինը» (2 Թագավորներ 24։11, 15; 25։27–30)։
ԻՆՉ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ։ Հին Բաբելոնի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերեցին վարչական արձանագրություններ, որոնք թվագրվում են Նաբուգոդոնոսոր II-ի կառավարման ժամանակաշրջանով։ Այնտեղ գրված են բանտարկյալներին և արքունիքից կախում ունեցողներին տրվող մթերաբաժինները։ Ցուցակում ընդգրկված են «Յաուքինը [Հովաքինը]», որը «Յահուդի (Հուդայի) թագավորն էր», և նրա ընտանիքի անդամները։ Իսկ կա՞ն վավերագրեր Նաբուգոդոնոսորի հաջորդի՝ Ելմարոդաք անունով թագավորի գոյության մասին։ Շոշ քաղաքի մոտակայքում գտնված մի սկահակի վրա գրված է. «Ամիլ-Մարդուկի [Ելմարոդաքի]՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի որդու պալատը»։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կա՞ արդյոք մեկ այլ կրոնական գիրք, որ պարունակի այսպիսի կոնկրետ ու ճշգրիտ պատմական մանրամասներ։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 5-րդ էջի վրա]
«Ժամանակագրական և աշխարհագրական տեղեկությունները ավելի ճշգրիտ են ու վստահելի, քան ցանկացած ուրիշ հին արձանագրությունում նշված տեղեկությունները» (ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՍՈՆ, A SCIENTIFIC INVESTIGATION OF THE OLD TESTAMENT)
[նկար 5-րդ էջի վրա]
ԲԱԲԵԼՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՀՈՒԴԱՅԻ ՀՈՎԱՔԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ
[նկար 5-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© bpk, Berlin/Vorderasiatisches Museum, SMB/Olaf M. Tessmer/Art Resource, NY
 
 - 
                                        
 
- 
	                        
            
            Գիտականորեն ճշգրիտ2012 Դիտարան | հունիս 1
 - 
                            
- 
                                        
Գիտականորեն ճշգրիտ
«Մի՞թե մինչև հիմա ես չեմ գրել քեզ և խորհուրդներ ու գիտելիք տվել, որ ցույց տամ ճշմարիտ խոսքերի ճշմարտացիությունը, և որ կարողանաս ճշմարտության խոսքերով պատասխան տալ» (ԱՌԱԿՆԵՐ 22։20, 21)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Ժամանակակից գիտությունը հաստատել է, որ վաղեմի ժամանակների գրքերը հաճախ անհիմն և վտանգավոր գաղափարներ են պարունակում։ Նույնիսկ այսօր հեղինակները ստիպված են վերանայել իրենց գրած դասագրքերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն վերջին հայտնագործություններին։ Մինչդեռ Աստվածաշնչի հեղինակը ինքը Արարիչն է, և նրա Խոսքը «մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։25)։
ՕՐԻՆԱԿ։ Մովսիսական օրենքը իսրայելացիներին պատվիրում էր իրենց բնական կարիքները հոգալ «ճամբարից դուրս»՝ արտաթորանքները թաղելով հողի մեջ (2 Օրենք 23։12, 13)։ Եթե նրանք դիպչեին կենդանու կամ մարդու դիակի, պետք է ջրով լվացվեին (Ղևտական 11։27, 28; Թվեր 19։14–16)։ Բորոտներին պետք է մեկուսացնեին այնքան ժամանակ, մինչև որ զննումով չպարզվեր, որ նրանք մաքրվել են վարակիչ ախտից (Ղևտական 13։1–8)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ։ Արտաթորանքի հեռացումը, ձեռքերը լվանալը և հիվանդների մեկուսացումը շարունակում են մնալ արդյունավետ միջոցներ հիվանդությունների դեմ պայքարում։ Իսկ եթե մոտակայքում չկա՞ն զուգարաններ կամ այլ սանիտարական համակարգեր։ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնները (ՀՎԿ) հետևյալ խորհուրդն են տալիս. «Հարկավոր է բնական կարիքները բավարարել ջրային պաշարներից առնվազն 30 մետր հեռու։ Արտաթորանքը պետք է ծածկել հողով»։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երբ արտաթորանքները ճիշտ են հեռացվում, փորլուծությամբ հիվանդների թիվը նվազում է 36 տոկոսով։ 200 տարի առաջ բժիշկները հայտնաբերեցին, որ իրենք, երբ ձեռքերը չեն լվանում դիակներին ձեռք տալուց հետո, բազմաթիվ հիվանդների են վարակում։ ՀՎԿ-ն շարունակում է ձեռքերը լվանալը համարել «հիվանդության փոխանցումը կանխելու լավագույն միջոց»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բորոտություն կամ այլ հիվանդություն ունեցողներին մեկուսացնելու մասին։ Վերջերս «Սաուդի մեդիքալ ջորնալ» հանդեսում գրվեց. «Համաճարակի վաղ շրջանում մեկուսացումը և կարանտինը կարող են լինել միակ միջոցը՝ վարակիչ հիվանդությունները արդյունավետորեն վերահսկողության տակ պահելու համար»։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարո՞ղ է որևէ այլ հին կրոնական գիրք ներդաշնակ լինել ժամանակակից գիտությանը։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
«Հնարավոր չէ չտպավորվել Մովսեսի ժամանակներում հիգիենայի մանրակրկիտ մշակված կանոններով» (ԴՈԿՏՈՐՆԵՐ ԱԼԴՈ ԿԱՍՏԵԼԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ՉԱԼՄԵՐԶ, MANUAL OF TROPICAL MEDICINE)
 
 - 
                                        
 
- 
	                        
            
            Ներքին ներդաշնակություն2012 Դիտարան | հունիս 1
 - 
                            
- 
                                        
Ներքին ներդաշնակություն
«Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 ՊԵՏՐՈՍ 1։21)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Նույնիսկ նույն ժամանակամիջոցում գրված հին արձանագրությունները հաճախ հակասում են իրար։ Այն գրքերը, որոնք գրել են տարբեր մարդիկ տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում, հազվադեպ են իրար լիովին ներդաշնակ լինում, մինչդեռ Աստվածաշնչի բոլոր 66 գրքերը ներդաշնակ են իրար և ունեն մեկ ասելիք ու մեկ հեղինակ (2 Տիմոթեոս 3։16)։
ՕՐԻՆԱԿ։ Մովսեսը, որը հովիվ էր, մ.թ.ա. 16-րդ դարում Աստվածաշնչի առաջին գրքում գրեց մի «սերնդի» մասին, որը փրկելու է մարդկությանը։ Այս գրքում նաև ասվում է, որ այդ սերունդը լինելու է Աբրահամի, Իսահակի և Հակոբի ժառանգներից (Ծննդոց 3։15; 22։17, 18; 26։24; 28։14)։ 500 տարի հետո Նաթան մարգարեն մարգարեացավ, որ այդ սերունդը Դավթի թագավորական տոհմից է գալու (2 Սամուել 7։12)։ Դրանից հազար տարի անց Պողոս առաքյալը բացատրեց, որ այդ սերունդը կազմված է լինելու Հիսուսից և մի խումբ ընտրված հետևորդներից (Հռոմեացիներ 1։1–4; Գաղատացիներ 3։16, 29)։ Իսկ մ.թ. առաջին դարի վերջում Աստվածաշնչի վերջին գրքում գրվեց մի մարգարեություն, որ այդ սերնդի անդամները վկայություն են տալու Հիսուսի մասին երկրի վրա, հետո երկինք են բարձրանալու և նրա հետ ղեկավարելու են 1000 տարի։ Սերունդը վերացնելու է Սատանային և փրկելու է մարդկությանը (Հայտնություն 12։17; 20։6–10)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ։ Աստվածաշնչի 66 գրքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Լուի Գոսենը գրեց, որ ինքը հիացած է «հազար հինգ հարյուր տարիների ընթացքում գրված այս գրքի տպավորիչ ներդաշնակությամբ.... Այդքան շատ հեղինակներ են գրել, բայց նրանք բոլորն էլ միևնույն նպատակն են հետապնդել ու, թեև առանց լիովին հասկանալու, շարունակաբար ընթացել են դեպի մեկ մեծ ավարտը՝ մարդկության փրկությունը Աստծու Որդու կողմից» (Theopneusty—The Plenary Inspiration of the Holy Scriptures)։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարելի՞ է ակնկալել, որ ավելի քան 1500 տարվա ընթացքում 40 տարբեր մարդկանց կողմից գրված գիրքը լիովին ներդաշնակ լինի։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 7-րդ էջի վրա]
«Երբ այդ գրությունները դնում ենք կողք կողքի, դրանք դառնում են մի ամբողջական գիրք.... Չկա մի այնպիսի գրական ստեղծագործություն, որը թեկուզ մի փոքր նման լինի նրան» (ՋԵՅՄՍ ՕՐՐ, THE PROBLEM OF THE OLD TESTAMENT)
 
 - 
                                        
 
- 
	                        
            
            Գործնական է մեր ժամանակների համար2012 Դիտարան | հունիս 1
 - 
                            
- 
                                        
Գործնական է մեր ժամանակների համար
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119։105)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Գրական ստեղծագործությունները կարող են համարվել դասական, բայց դրանք դժվար թե կարողանան առաջնորդություն տալ կյանքի կարևոր հարցերում։ Իսկ ժամանակակից ուսումնական ձեռնարկները անընդհատ վերանայման կարիք են ունենում։ Աստվածաշունչը, սակայն, այդպիսին չէ։ Այն կարո՛ղ է մեզ ուսուցանել։ Հռոմեացիներ 15։4 համարում գրված է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց»։
ՕՐԻՆԱԿ։ Աստվածաշունչը թեև բժշկական ուղեցույց չէ, սակայն պարունակում է գործնական խորհուրդներ թե՛ էմոցիոնալ և թե՛ ֆիզիկական առողջության վերաբերյալ։ Բերենք մի քանի օրինակ։ «Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար» (Առակներ 14։30)։ «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակներ 18։1)։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Հանդարտ պահվածքը, լավ ընկերները և առատաձեռնությունը կարող են բարելավել ձեր առողջությունը։ «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում» ասվում է. «Այն տղամարդիկ, ովքեր զայրույթի պոռթկումներ են ունենում, երկու անգամ ավելի շատ են հակված կաթված ստանալու, քան նրանք, ովքեր ինքնատիրապետում են դրսևորում» (The Journal of the American Medical Association)։ Ավստրալիայում անցկացված մի տասնամյա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն տարեցները, ովքեր «շատ են շփվում ընկերների և վստահելի անձանց հետ», հավանաբար, ավելի երկար կապրեն։ Իսկ 2008թ.-ին Կանադայում և Միացյալ Նահանգներում մասնագետները եկան այն եզրակացության, որ «մարդը իրեն ավելի երջանիկ է զգում, երբ փողը ծախսում է ուրիշների վրա»։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կա՞ 2000 տարի առաջ գրված որևէ այլ գիրք, որը բժշկական հարցերում ավելի վստահելի լինի։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 8-րդ էջի վրա]
«Աստվածաշունչը ինձ շատ է դուր գալիս.... որովհետև այն պարունակում է բժշկական հիանալի խորհուրդներ» (ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ՀՈՎԱՐԴ ՔԵԼԻ, ՋՈՆՍ ՀՈՊԿԻՆՍԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ)
 
 -