Ընթերցողների հարցերը
Ի՞նչ նկատի ուներ ժողովողը, երբ ասաց, որ միայն ‘մեկ մարդ գտավ հազարի միջից’, բայց ‘ամենի մեջ մի կին’ չգտավ (Ժողովող 7։28)։
Այս ներշնչված խոսքերը ճիշտ ըմբռնելու համար մենք նախ պետք է հասկանանք, թե Աստված ինչ տեսակետ ունի կանանց վերաբերյալ։ Աստվածաշնչում, օրինակ, Նոեմիի հարսի՝ Հռութի մասին ասվում է, որ նա «մի առաքինի կին» էր (Հռութ 3։11)։ Առակաց 31։10–ի համաձայն՝ լավ կինը ‘ավելի թանկ է, քան գոհարները’։ Այդ դեպքում հին Իսրայելի Սողոմոն թագավորն ի՞նչ նկատի ուներ՝ ասելով. «Մէկ [տղա]մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի [հազար կանանց] մէջ մի կին չ’գտայ»։
Համատեքստը ցույց է տալիս, որ, ըստ ամենայնի, Սողոմոնի օրերում կանանց բարոյական չափանիշները ցածր էին (Ժողովող 7։26)։ Դրա հիմնական պատճառը կարող էր լինել այն օտարազգի կանանց ազդեցությունը, որոնք երկրպագում էին Բահաղին։ Նույնիսկ Սողոմոն թագավորը ենթարկվեց իր բազմաթիվ օտարազգի կանանց ազդեցությանը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա «եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին» դեպի կեղծ աստվածները (Գ Թագաւորաց 11։1–4)։ Տղամարդկանց բարոյական չափանիշները նույնպես բարձր չէին. հազար տղամարդու մեջ հազիվ թե գտնվեր, գրեթե անհնար էր գտնել մեկ արդար։ Սողոմոնը եզրակացնում է. «Ահա սա գտել եմ, որ Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել» (Ժողովող 7։29)։ Սա եզրակացություն է բոլոր մարդկանց մասին. Սողոմոնը տղամարդկանց չի առանձնացնում կանանցից։ Ուստի Ժողովող 7։28–ում նրա ասած խոսքերը պետք է դիտել որպես մեկնաբանություն իր օրերի մարդկանց ընդհանուր բարոյական վիճակի վերաբերյալ։
Սակայն այս համարը կարելի է նաև այլ կերպ բացատրել։ Այն կարող է ունենալ մարգարեական իմաստ. չի եղել մի կին, որը կատարելապես հնազանդվել է Աստծուն, բայց եղել է մեկ տղամարդ, որն այդպիսի հնազանդություն է ցուցաբերել։ Դա Հիսուս Քրիստոսն է (Հռովմայեցիս 5։15–17)։
[նկար 31–րդ էջի վրա]
‘Մեկ տղամարդ հազարի միջից’