«Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ»
«Իսկ արդ՝ ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ» (Հռովմայեցիս 8։31)։
1. Ովքե՞ր իսրայելացիների հետ միասին լքեցին Եգիպտոսը և ինչո՞ւ։
ԵՐԲ իսրայելացիները Եգիպտոսում 215 տարի, մեծամասամբ ստրկության մեջ անցկացնելուց հետո ազատություն ստացան, «նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ» (Ելից 12։38)։ Այս ոչ իսրայելացիները իրենց կաշվի վրա զգացին այն ահասարսուռ տասը պատուհասները, որոնք աղետի գոտու վերածեցին Եգիպտոսը և ծաղրուծանակի առարկա դարձրին նրա չաստվածներին։ Միևնույն ժամանակ նրանք տեսան, հատկապես չորրորդ պատուհասից սկսած, որ Եհովան իր ժողովրդին պաշտպանելու զորություն ունի (Ելից 8։23, 24)։ Թեև այս ոչ իսրայելացիները սահմանափակ գիտելիքներ ունեին Եհովայի նպատակների մասին, բայց մի բանում նրանք համոզված էին. Եգիպտոսի աստվածները չկարողացան պաշտպանել եգիպտացիներին, մինչդեռ Եհովան ցույց տվեց իր հզոր բազուկը՝ ի պաշտպանություն իսրայելացիների։
2. Ինչո՞ւ Ռախաբը օգնեց իսրայելացի հետախույզներին, և ինչո՞ւ նրա հավատը նրանց Աստծո հանդեպ զուր չէր։
2 Քառասուն տարի անց՝ Ավետյաց երկիր ոտք դնելու նախօրեին, Մովսեսի հաջորդը՝ Հեսուն, երկու մարդ ուղարկեց՝ երկիրը հետախուզելու։ Այնտեղ նրանք հանդիպեցին երիքովցի Ռախաբին։ Նա լսել էր, թե Եգիպտոսից դուրս գալուց հետո հաջորդ 40 տարիների ընթացքում ինչ զորավոր կերպով է Եհովան պաշտպան կանգնել իսրայելացիներին և գիտեր, որ եթե ցանկանում է Եհովայի հաճությունն ունենալ, ապա պետք է սատարի նրա ժողովրդին։ Շնորհիվ այն բանի, որ իմաստուն որոշում ընդունեց՝ նա ընտանիքի հետ միասին խուսափեց մահից, երբ ավելի ուշ իսրայելացիները զավթեցին քաղաքը։ Նրանց հրաշքով փրկվելն ինքնին բացահայտ ապացույց էր, որ Աստված իրենց հետ էր։ Այսպիսով՝ Ռախաբի հավատը իսրայելացիների Աստծու հանդեպ զուր չէր (Յեսու 2։1, 9–13; 6։15–17, 25)։
3. ա) Ի՞նչ հրաշք կատարեց Հիսուսը վերականգնված Երիքովի մոտակայքում, և ինչպիսի՞ն էր հրեա հոգևորականության արձագանքը։ բ) Ի՞նչ հասկացան որոշ հրեաներ, իսկ հետագայում նաև՝ բազմաթիվ ոչ հրեաներ։
3 Տասնհինգ հարյուրամյակ անց Հիսուս Քրիստոսը արդեն վերականգնված Երիքովի մոտակայքում մի կույր մուրացկանի բուժեց (Մարկոս 10։46–52; Ղուկաս 18։35–43)։ Այդ մարդը աղաչեց Հիսուսին ողորմածություն ցուցաբերել իր հանդեպ՝ շեշտելով, թե ինքը հասկանում է, որ Հիսուսն Աստծո աջակցությունն ունի։ Մյուս կողմից՝ հրեա կրոնական առաջնորդներն ու նրանց հետևորդները, ընդհանուր առմամբ, չցանկացան Հիսուսի կատարած հրաշքներն ընդունել որպես ապացույց այն բանի, որ նա Աստծո գործն էր կատարում։ Դեռ ավելին, նրանք քննադատում էլ էին նրան (Մարկոս 2։15, 16; 3։1–6; Ղուկաս 7։31–35)։ Այդ մարդիկ սպանել տվեցին Հիսուսին, և նույնիսկ այն բանից հետո, երբ նա հարություն առավ, չկամեցան ընդունել, որ դա Աստված արեց։ Ավելին, նրանք գլխավորեցին Հիսուսի հետևորդների դեմ կազմակերպված հալածանքը՝ ձգտելով խանգարել նրանց գործին՝ ‘Տեր Հիսուսին ավետարանելը’։ Սակայն որոշ հրեաներ, իսկ ավելի ուշ բազմաթիվ ոչ հրեաներ, ուշադրություն դարձրին այս դեպքերին և ըստ արժանվույն գնահատեցին։ Նրանց համար ակնհայտ էր, որ Աստված երես է դարձրել հրեա ինքնահավան առաջնորդներից և թիկունք է կանգնում Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդներին (Գործք 11։19–21)։
Ո՞ւմ կողմն է Աստված այսօր
4, 5. ա) Ինչպե՞ս են ոմանք կողմնորոշվում կրոն ընտրելիս։ բ) Ճշմարիտ կրոնը բնորոշելու համար ո՞րն է գլխավոր հարցը։
4 Վերջերս հեռուստատեսությամբ մի հոգևորականի հետ հարցազրույց անցկացվեց, որի ժամանակ ճշմարիտ կրոնի վերաբերյալ տրված հարցին նա պատասխանել էր. «Ես համոզված եմ, որ այն կրոնն է ճշմարիտ, որը մարդուն ավելի լավ անհատ է դարձնում, երբ նա ապրում է այդ կրոնին համապատասխան»։ Ճիշտ է, ճշմարիտ կրոնն, իրոք, մարդուն ավելի լավ անհատ է դարձնում։ Սակայն մի՞թե դա ինքնին փաստում է, որ այդ կրոնը Աստծո հավանությանն է արժանանում։ Դա՞ է ճշմարիտ կրոնը որոշելու միակ չափանիշը։
5 Յուրաքանչյուր ոք գնահատում է ընտրության ազատություն ունենալը, ներառյալ կրոնի հարցում։ Սակայն այդ ազատությունը չի երաշխավորում, որ մարդը ճիշտ ընտրություն կկատարի։ Ոմանք, օրինակ, կրոն ընտրելիս հիմք են ընդունում տվյալ կրոնի անդամների թիվը, հարստությունը, ծիսակատարությունների հանդիսավորությունը կամ էլ իրենց ընտանեկան կապերը։ Սրանցից ոչ մեկը ոչ մի դեպքում չի կարող հիմք հանդիսանալ՝ որոշելու՝ տվյալ կրոնը ճշմարիտ է, թե՝ ոչ։ Այստեղ գլխավոր հարցը հետևյալն է. ո՞ր կրոնն է քաջալերում իր անդամներին կատարել Աստծո կամքը, և որի՞ մեջ է երևում Աստծո աջակցությունը այնպիսի ակնհայտությամբ, որ նրանք վստահորեն կարող են ասել՝ «Աստուած մեր կողմն է»։
6. Հիսուսի ո՞ր խոսքերն են լույս սփռում այն հարցի վրա, թե ինչպես որոշել ճշմարիտ և կեղծ կրոնները։
6 Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես տարբերել ճշմարիտ կրոնը կեղծից։ Նա ասաց. «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք» (Մատթէոս 7։15, [16 ԱԹ]; Մաղաքիա 3։18)։ Եկեք քննարկենք ճշմարիտ կրոնի այդ «պտուղներից», այսինքն՝ բնորոշող նշաններից մի քանիսը, որպեսզի, անկողմնակալ կերպով, կարողանանք որոշել, թե ում կողմն է Աստված այսօր։
Աստծո աջակցությունն ունեցողներին բնորոշող նշանները
7. Ի՞նչ է նշանակում սովորեցնել միայն այն, ինչ որ հիմնավորված է Աստվածաշնչով։
7 Նրանց ուսուցումները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Հիսուսն ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ’իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում»։ Նաև. «Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում» (Յովհաննէս 7։16, 17; 8։47)։ Տրամաբանական է, որ Աստծո աջակցությունը վայելելու համար անհատը պետք է սովորեցնի միայն այն, ինչ որ Աստված երևան է հանում իր Խոսքում ու մերժի մարդկային իմաստության և ավանդության վրա հիմնված ուսուցումները (Եսայիա 29։13; Մատթէոս 15։3–9; Կողոսացիս 2։8)։
8. Ինչո՞ւ է կարևոր երկրպագության մեջ գործածել Աստծո անունը։
8 Նրանք գործածում և հռչակում են Աստծո անունը՝ Եհովա։ Եսայիան կանխագուշակել է. «Այն օրը կ’ասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. յիշեցէք որ բարձր է նորա անունը։ Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը» (Եսայիա 12։4, 5)։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Ուստի, քրիստոնյաները՝ լինեին հրեա թե ոչ, պետք է ծառայեին որպես ‘[Աստծո] անունով մի ժողովուրդ’ (Գործք 15։14)։ Աստված ակներևաբար հաճում է նրանց, ովքեր հպարտ են «իր անունով մի ժողովուրդ» լինելու համար։
9. ա) Ինչո՞ւ է ուրախությունը ճշմարիտ կրոնը դավանողներին բնորոշ հատկանիշ։ բ) Ինչպե՞ս է Եսայիան ճշմարիտ կրոնը հակադրում կեղծին։
9 Նրանք արտացոլում են Աստծո ուրախ անձնավորությունը։ Որպես բարի լուրի հեղինակ՝ Եհովան «ուրախ Աստված» է (ՆԱ) (Ա Տիմոթէոս 1։11)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող են իր երկրպագուները դժբախտ կամ մշտապես վատ տրամադրության մեջ լինել։ Չնայած աշխարհի ծանր վիճակին և անձնական բնույթի խնդիրներին՝ ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են ուրախ մնալ, քանի որ կանոնավորաբար առատ հոգևոր կերակուր են ճաշակում։ Եսայիան նրանց հակադրում է կեղծ կրոն դավանողների հետ. «Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։ Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք» (Եսայիա 65։13, 14)։
10. Ինչպե՞ս են ճշմարիտ կրոն դավանողները խուսափում դառը փորձի հիման վրա սովորելուց։
10 Նրանք ապրում և որոշումներ են կայացնում աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա։ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր,— խորհուրդ է տալիս «Առակաց» գրքի հեղինակը։— Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները (Առակաց 3։5, 6)։ Աստված սատարում է նրանց, ովքեր, մարդկային իրար հակասող տեսություններին հետևելու փոխարեն, որոնցում անտեսվում է Աստծո իմաստությունը, իր առաջնորդությունն են փնտրում։ Ինչքանով որ անհատը պատրաստ լինի ապրել ըստ Աստծո Խոսքի, այնքանով նա կխուսափի իր դառը փորձի հիման վրա սովորելուց (Սաղմոս 119։33; Ա Կորնթացիս 1։19–21)։
11. ա) Ինչո՞ւ ճշմարիտ կրոն դավանողները չեն բաժանվում հոգևոր և աշխարհիկ դասերի։ բ) Ի՞նչ օրինակ պետք է թողնեն հոտին Աստծո ժողովրդի մեջ առաջնորդություն վերցնողները։
11 Նրանք գործում են առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակով։ Հիսուսը հետևյալ սկզբունքը սահմանեց. «Դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ[ն] է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ «Առաջնորդ» մի՛ կոչուիք, որովհետեւ ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է։ Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի» (Մատթէոս 23։8, 9, [10, ՆԿ–ի ՆԱԹ], 11)։ Եղբայրների ժողովը թույլ չի տալիս գոռոզամիտ հոգևոր դասի ի հայտ գալը. դաս, որն ինքն իրեն ամպագոռգոռ տիտղոսներ է վերագրում և իրեն բարձր դասում աշխարհիկ մարդկանցից (Յոբ 32։21, 22)։ Աստծո հոտը հովվողներին պատվեր է տրված ‘վերակացու լինել ոչ թե հակառակ իրենց կամքին, այլ՝ հոժարակամ, ըստ Աստծո. ոչ թե շահախնդրությամբ, այլ՝ հոժարությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած իրենց, այլ օրինակ լինելով հոտին’ (Ա Պետրոս 5։2, 3)։ Իսկական քրիստոնեական հովիվները խուսափում են իշխել ուրիշների հավատի վրա։ Որպես Աստծո ծառայության մեջ գործակիցներ՝ նրանք ընդամենը ձգտում են օրինակելի լինել (Բ Կորնթացիս 1։23)։
12. Ովքեր ցանկանում են Աստծո աջակցությունն ունենալ, ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է պահպանեն մարդկային կառավարությունների հանդեպ։
12 Չեզոքություն պահպանելով հանդերձ՝ նրանք հնազանդվում են մարդկային կառավարություններին։ Այն մարդը, որ չի ‘հնազանդվում բարձր իշխանություններին’ (ԱԹ), չի կարող ակնկալել Աստծո աջակցությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ «եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռովմայեցիս 13։1, 2)։ Այնուամենայնիվ, Հիսուսը գիտեր, որ շահերի հավանական բախում կարող էր տեղի ունենալ, երբ ասաց. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։17)։ Ովքեր ցանկանում են Աստծո աջակցությունը ստանալ, պետք է շարունակ փնտրեն Աստծո թագավորությունն ու նրա արդարությունը և միևնույն ժամանակ հնազանդվեն տվյալ երկրի այն օրենքներին, որոնք ներդաշնակ են Աստծո օրենքների հետ (Մատթէոս 6։33; Գործք 5։29)։ Հիսուսը ընդգծեց չեզոքության կարևորությունը, երբ իր աշակերտների մասին ասաց. «Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ»։ Իսկ ավելի ուշ ասաց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ» (Յովհաննէս 17։16; 18։36)։
13. Աստծո ժողովրդին բնորոշելու մեջ ի՞նչ դեր է խաղում սերը։
13 Նրանք անաչառորեն ‘բարին են գործում բոլորի հանդեպ’ (Գաղատացիս 6։10)։ Քրիստոնեական սերը չի ճանաչում ոչ մի կողմնակալություն, և նրա վրա ազդեցություն չի գործում մարդկանց մաշկի գույնը, տնտեսական վիճակը, կրթությունը, ազգային պատկանելությունը և լեզուն։ Քրիստոնյաները, բոլորի՝ և հատկապես իրենց հավատակիցների հանդեպ բարին գործելով, ցույց են տալիս, թե Աստված ում կողմն է։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35; Գործք 10։34, 35)։
14. Արդյո՞ք Աստծո հավանությունն ունեցողները անհրաժեշտաբար համընդհանուր ընդունելություն են գտնում։ Բացատրեք։
14 Նրանք պատրաստ են հալածվել հանուն Աստծո կամքը կատարելու։ Հիսուսը նախապես զգուշացրեց իր հետևորդներին. «Եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն» (Յովհաննէս 15։20; Մատթէոս 5։11, 12; Բ Տիմոթէոս 3։12)։ Աստծո աջակցությունն ունեցողները բոլոր ժամանակներում էլ ժողովրդականություն չեն վայելել, ինչպես՝ Նոյը, որն իր հավատով դատապարտեց աշխարհը (Եբրայեցիս 11։7)։ Այսօր նրանք, ովքեր ցանկանում են Աստծո աջակցությունն ունենալ, մատների արանքով չեն նայում նրա խոսքին և փոխզիջման չեն գնում, որպեսզի խուսափեն հալածանքից։ Քանի դեռ հավատարմորեն ծառայում են Աստծուն, նրանք գիտեն, որ մարդիկ «կը զարմանան.... ու հայհոյութիւն կ’ընեն» իրենց (Ա Պետրոս 2։12; 3։16; [4։4 Արևմտ. Աստ.])։
Ժամանակն է ծանրութեթև անել փաստերը
15, 16. ա) Որ հարցերն են օգնում մեզ բնորոշել Աստծո աջակցությունն ունեցող կրոնական խմբին։ բ) Ի՞նչ եզրակացության են հանգել միլիոնավոր մարդիկ և ինչո՞ւ։
15 Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞ր կրոնական խումբն է հայտնի Աստծո Խոսքին կառչած մնալու իր դիրքորոշմամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր ուսուցումները տարբերվում են մարդկանց մեծամասնության հավատալիքներից։ Ովքե՞ր են շեշտում Աստծո անձնական անվան կարևորությունը՝ այն նույնիսկ գործածելով իրենց բնորոշելու համար։ Ովքե՞ր են լավատեսորեն մատնացույց անում Աստծո Թագավորությանը՝ որպես բոլոր մարդկային հիմնախնդիրների լուծման միջոցի։ Ովքե՞ր են ապրում աստվածաշնչյան չափանիշներով՝ առանց մտավախություն ունենալու, որ հնաոճ անձնավորություններ կհամարվեն։ Ո՞ր խումբն է, որ չունի վարձատրվող հոգևորականություն, և որի բոլոր անդամները քարոզիչներ են։ Ո՞ւմ են գովաբանում օրինապահ քաղաքացիներ լինելու համար, թեև նրանք չեն խառնվում քաղաքականությանը։ Ովքե՞ր են սիրով ժամանակ և փող տրամադրում, որպեսզի օգնեն ուրիշներին՝ իմանալու Աստծո և նրա նպատակների մասին։ Եվ չնայած այս բոլոր դրական կողմերին՝ ո՞ւմ են արհամարհում, ծաղրում և հալածում»։
16 Ամբողջ աշխարհով մեկ միլիոնավոր անհատներ ծանրութեթև են արել եղած փաստերը և համոզվել, որ միայն ու միայն Եհովայի վկաներն են ներկայացնում ճշմարիտ կրոնը։ Նրանք այդ եզրակացությանն են հանգել Վկաների սովորեցրածի և դրսևորած վարքի, ինչպես նաև այն օգուտների հիման վրա, որոնք նրանց կրոնն է բերել (Եսայիա 48։17)։ Միլիոնավոր մարդիկ, ըստ էության, ասում են այն, ինչ գրված է Զաքարիա 8։23–ում. «Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է»։
17. Ինչո՞ւ չի կարելի ասել, թե Եհովայի վկաները մեծամտանում են՝ ասելով, որ իրենք են ներկայացնում ճշմարիտ կրոնը։
17 Չե՞ն մեծամտանում արդյոք Եհովայի վկաները՝ ասելով, որ միայն իրենք ունեն Աստծո աջակցությունը։ Իրականում նրանք պնդում են նույնը, ինչ որ իսրայելացիները՝ Եգիպտոսում, թե՝ Աստված իրենց կողմն է, և ոչ թե՝ եգիպտացիների, կամ ինչպես առաջին դարի քրիստոնյաներն էին պնդում, որ Աստված իրենց կողմն է, և ոչ թե՝ հուդայական կրոնավորների։ Փաստերն ինքնին դա են վկայում։ 235 երկրներում Եհովայի վկաներն անում են այն գործը, որի մասին Հիսուսը կանխագուշակել էր, թե իր ճշմարիտ հետևորդները դրանով կլինեն զբաղված վերջի ժամանակներում. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։
18, 19. ա) Ինչո՞ւ Եհովայի վկաները ետ չեն կանգնում իրենց քարոզչական գործունեությունից, նույնիսկ երբ հակառակության են հանդիպում։ բ) Ինչպե՞ս է Սաղմոս 41։11–ը փաստում, որ Վկաները վայելում են Աստծո աջակցությունը։
18 Եհովայի վկաները շարունակելու են կատարել այս հանձնարարությունը՝ երբեք թույլ չտալով, որ հալածանքն ու հակառակությունը խանգարեն իրենց գործունեությանը։ Եհովայի գործը պետք է կատարվի և կկատարվի։ Վկաներն Աստծո գործն են անում, և նրանց գործունեությունը խափանելու ցանկացած փորձ անցած հարյուրամյակում, ի վերջո, ձախողման է դատապարտվել, քանզի Եհովան խոստացել է. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է» (Եսայիա 54։17)։
19 Այն փաստը, որ Եհովայի վկաները հիմա ավելի ուժեղ և ավելի ակտիվ են, քան երբևէ (և այդ ամենն ի դեմս համատարած ընդդիմության), ապացուցում է, որ նրանց գործը Եհովայի հավանությանն է արժանանում։ Դավիթ թագավորն ասաց. «Գիտեմ թէ՝ ինծի կը հաւնիս, անոր համար թշնամիս յաղթական չըլլար» (Սաղմոս 41։11, Արևմտ. Աստ.; 56։9, 11)։ Եհովայի թշնամիները երբեք չեն հաղթի իր ժողովրդին, քանզի նրանց Առաջնորդը՝ Հիսուս Քրիստոսը, առաջ է սլանում դեպի վերջնական հաղթանակ։
Կարո՞ղ եք պատասխանել
• Անցյալում ո՞ւմ է Աստված թիկունք կանգնել։
• Որո՞նք են ճշմարիտ կրոնը բնորոշող նշաններից մի քանիսը։
• Անձամբ դուք ինչո՞ւ եք համոզված, որ Աստված Եհովայի վկաների կողմն է։
[նկար 13–րդ էջի վրա]
Նրանք, ովքեր ցանկանում են Աստծո աջակցությունն ունենալ, պետք է իրենց ուսուցումները բացառապես նրա Խոսքի վրա հիմնեն
[նկար 15–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները օրինակ են հանդիսանում հոտին