«Սովորեցէ՛ք ինձնից»
«Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ [«թարմություն», ՆԱ] պիտի գտնէք» (Մատթէոս 11։29)։
1. Ինչո՞ւ Հիսուսից սովորելը կարող է մեզ բավականություն պատճառել ու մեր կյանքը հարստացնել։
ՀԻՍՈՒՍ Քրիստոսը միշտ մտածել, ուսուցանել և գործել է համապատասխան կերպով։ Երկրի վրա նրա անցկացրած ժամանակը կարճ էր, բայց նա ապրեց գոհացուցիչ ու երջանիկ կյանքով։ Նա աշակերտներ էր հավաքում ու նրանց սովորեցնում, թե ինչպես երկրպագել Աստծուն, սիրել մարդկանց ու հաղթել աշխարհին (Յովհաննէս 16։33)։ Հիսուսը նրանց սրտերը հույսով լցրեց և «լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով» (Բ Տիմոթէոս 1։10)։ Եթե դուք ձեզ նրա աշակերտների թվին եք դասում, ապա ինչպե՞ս կպատասխանեիք «ի՞նչ է նշանակում աշակերտ լինել» հարցին։ Ուշադրություն դարձնելով աշակերտ լինելու մասին Հիսուսի խոսքերին՝ կարող ենք իմանալ, թե ինչպես հարստացնել մեր կյանքը։ Դա, օրինակ, կարելի է անել՝ նրա հայացքները որդեգրելով ու մի քանի հիմնական սկզբունքներ կյանքում կիրառելով (Մատթէոս 10։24, 25; Ղուկաս 14։26, 27; Յովհաննէս 8։31, 32; 13։35; 15։8)։
2, 3. ա) Ի՞նչ է նշանակում լինել Հիսուսի աշակերտ։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ ինքներս մեզ հարցնենք, թե ում աշակերտն ենք դարձել։
2 Քրիստոնեական Հունարեն գրություններում «աշակերտ» թարգմանված հունարեն բառը հիմնականում նշանակում է՝ մեկը, որն իր միտքը որոշակի ուղղությամբ է կենտրոնացնում, նա, ով սովորում է։ Մեր հոդվածի բնաբանում՝ Մատթէոս 11։29–ում, այս բառի հետ կապված մեկ այլ բառ կա. «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ [«թարմություն», ՆԱ] պիտի գտնէք»։ Այո, աշակերտը նա է, ով սովորում է։ Ավետարանները «աշակերտ» բառը սովորաբար վերագրում են Հիսուսի մտերիմ հետևորդներին, որոնք նրա հետ էին, երբ նա քարոզչական ճամփորդություններ էր կատարում, և որոնց ուսուցանում էր։ Ոմանք Հիսուսի ուսուցումները ընդունել էին հեշտությամբ, մյուսներն էլ՝ գաղտնաբար (Ղուկաս 6։17, 18ա; Յովհաննէս 19։38)։ Ավետարանները գրողները նաև հիշատակում են ‘Հովհաննես [Մկրտչ]ի ու փարիսեցիների աշակերտների’ մասին (Մարկոս 2։18, Արևմտ. Աստ.)։ Քանի որ Հիսուսն իր հետևորդներին պատվիրում էր, որ «զգուշանան.... փարիսեցիների.... ուսուցումից», ապա կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ո՞ւմ աշակերտն եմ ես դարձել» (Մատթէոս 16։12)։
3 Եթե մենք Հիսուսի աշակերտներն ենք, եթե սովորել ենք նրանից, ապա ուրիշները մեր ներկայությամբ իրենց թարմացած կզգան։ Նրանք պետք է նկատեն, որ մենք ավելի հեզ ու խոնարհ ենք դարձել։ Եթե աշխատավայրում ղեկավարի պատասխանատվություններ ունենք, եթե ծնող ենք կամ քրիստոնեական ժողովում հովվական պարտականություններ ունենք, ապա արդյո՞ք մեր հոգածության տակ գտնվողները զգում են, որ վարվում ենք նրանց հետ այնպես, ինչպես Հիսուսն էր վարվում իր հոգածության ներքո գտնվողների հետ։
Ինչպես էր Հիսուսը վարվում մարդկանց հետ
4, 5. ա) Ինչո՞ւ դժվար չէ իմանալ, թե ինչպես էր Հիսուսը վարվում նրանց հետ, ովքեր խնդիրներ ունեին։ բ) Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսը ճաշում էր փարիսեցու տանը։
4 Հարկավոր է, որ իմանանք, թե ինչպես էր Հիսուսը վարվում մարդկանց հետ, հատկապես նրանց հետ, ովքեր լուրջ խնդիրներ ունեին։ Դա դժվար չէ իմանալ. Աստվածաշնչում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է նա վերաբերվել մարդկանց հետ, որոնցից ոմանք ճնշված ու խեղճ էին։ Եկեք նաև տեսնենք, թե ինչպես էին կրոնական առաջնորդները, մասնավորապես՝ փարիսեցիները, վարվում նման մարդկանց հետ։ Այն հակադրությունը, որ երևան կգա, մեզ շատ բան կսովորեցնի։
5 Մ.թ. 31–ին, երբ Հիսուսը քարոզչական շրջագայությամբ Գալիլեայում էր, «Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի»։ Հիսուսը չհրաժարվեց հրավերից։ «Նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, կանգնեց Յիսուսի ետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում» (Ղուկաս 7։36–38)։
6. Ինչպե՞ս էր հնարավոր, որ այդ «մեղավոր» կինը փարիսեցու տանը լիներ։
6 Կարո՞ղ եք պատկերացնել դա։ Մի տեղեկատու աշխատության մեջ ասվում է. «Այդ կինը (համար 37) օգտվեց այն հասարակական սովորությունից, որը թույլ էր տալիս կարիքավոր մարդկանց մտնել ճաշկերույթի վայր ուտելիքի որոշ մնացորդներ ստանալու նպատակով»։ Դրանով էր բացատրվում այն, թե ինչպես կարող էր չհրավիրված մարդը ներս մտնել։ Գուցե ուրիշներ էլ կային, որոնք հույս էին փայփայում հացկերույթի վերջում մի բան ձեռք գցել։ Բայց այս կնոջ արարքն արտասովոր էր։ Նա հեռվում կանգնելով չսպասեց, թե երբ ճաշկերույթը կավարտվի։ Կինը վատ համբավ ուներ, քանի որ բոլորին հայտնի «մեղաւոր» էր, ուստի Հիսուսն ասաց, որ ‘գիտի նրա անհամար մեղքերի» մասին’ (Ղուկաս 7։47)։
7, 8. ա) Ինչպե՞ս կվարվեինք Ղուկաս 7։36–38-ում նշված հանգամանքներում։ բ) Իսկ ինչպե՞ս արձագանքեց Սիմոնը։
7 Պատկերացրեք ձեզ Հիսուսի տեղը այդ ժամանակներում ապրելիս։ Ինչպե՞ս կվարվեիք։ Անհարմա՞ր կզգայիք, երբ այդ կինը մոտենար ձեզ։ Ինչպիսի՞ ազդեցություն կթողներ այդ իրավիճակը ձեզ վրա (Ղուկաս 7։45)։ Կշփոթվեի՞ք, իրարանցման մեջ կընկնեի՞ք։
8 Եթե հյուրերից լինեիք, ապա ինչ որ չափով փարիսեցի Սիմոնի նմա՞ն կմտածեիք։ «Փարիսեցին, որ [Հիսուսին] հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ’իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»» (Ղուկաս 7։39)։ Ի տարբերություն նրա՝ Հիսուսը սրտացավ մարդ էր։ Նա հասկանում էր այդ կնոջ կացությունն ու զգում էր նրա տառապանքը։ Մեզ հայտնի չէ, թե ինչպես է այդ կինը մեղավոր կյանքի մեջ ընկել։ Եթե նա իսկապես պոռնիկ է եղել, ապա ակնհայտ է, որ քաղաքի տղամարդիկ՝ նվիրյալ հրեաները, նրան օգնություն ցույց չէին տվել։
9. Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը և ի՞նչ հավանական արդյունքով։
9 Սակայն Հիսուսն ուզում էր օգնել նրան։ Նա ասաց նրան. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ Հետո ավելացրեց. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ» (Ղուկաս 7։48–50)։ Այստեղ պատմությունը վերջանում է։ Ինչ–որ մեկը կարող է առարկել, որ Հիսուսն առանձնապես բան չարեց նրա համար։ Բայց Հիսուսը, օրհնելով այդ կնոջը, ճանապարհ դրեց նրան։ Ի՞նչ եք կարծում՝ նա կրկին դարձա՞վ իր հին կյանքին։ Մենք չենք կարող վստահաբար այդպես ասել, սակայն ուշադրություն դարձրեք, թե վերոհիշյալ համարներից հետո ինչ է ասում Ղուկասը։ Նա պատմում է, որ Հիսուսը «շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը»։ Ղուկասը նաև հայտնում է, որ նրա ու աշակերտների հետ էին «մի քանի կանայք», որոնք «իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում» (ԱԹ)։ Չի բացառվում, որ այս զղջամիտ ու երախտագետ կինը այժմ նրանց հետ էր, և նա սկսել էր աստվածահաճո կյանք վարել, ուներ մաքուր խիղճ, նոր նպատակներ էր դրել իր առաջ ու շատ ավելի խորն էր սիրում Աստծուն (Ղուկաս 8։1–3)։
Հիսուսի ու փարիսեցիների միջև եղած տարբերությունը
10. Ինչո՞վ է մեզ համար օգտակար քննարկել Սիմոնի տանը տեղի ունեցած՝ Հիսուսի ու այդ կնոջ դեպքը։
10 Ի՞նչ կարող ենք սովորել այս ուշագրավ օրինակից։ Անշուշտ, այս դեպքը մեր մեջ հույզեր է արթնացնում, այդպես չէ՞։ Պատկերացրեք ձեզ Սիմոնի տանը։ Ինչպե՞ս ձեզ կզգայիք։ Հիսուսի՞ նման կվարվեիք, թե՞ մի փոքր նրա փարիսեցի հյուրընկալի պես կզգայիք ձեզ։ Հիսուսը Աստծո Որդին էր, ուստի՝ մենք չենք կարող զգալ ու վարվել ճիշտ նրա պես։ Բայց մյուս կողմից էլ մենք, ըստ ամենայնի, չէինք ցանկանա մտածել փարիսեցի Սիմոնի պես։ Քչերը կուզենային փարիսեցիական կեցվածք ունենալ։
11. Ինչո՞ւ չէինք ցանկանա փարիսեցիների շարքին դասվել։
11 Աստվածաշնչյան ու աշխարհիկ փաստերի ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ փարիսեցիները, սեփական անձի մասին մեծ կարծիք ունենալով, իրենց համարում էին հասարակության ու ազգի բարօրության պահապաններ։ Նրանց չէր բավարարում այն, որ Աստծո օրենքն իր ողջ էությամբ պարզ էր ու դյուրըմբռնելի։ Եթե նրանց թվում էր, որ Օրենքում ինչ–որ բան հստակ չի ասվում, ապա աշխատում էին փակել այդ «բացը» լրացուցիչ սահմանումներով՝ դրանով իսկ զրկելով մարդկանց խղճով առաջնորդվելու հնարավորությունից։ Այս կրոնական առաջնորդները փորձում էին կանոններ հնարել, որով կվերահսկեին մարդկանց քայլերը բոլոր՝ նույնիսկ աննշան հարցերում։a
12. Ի՞նչ կարծիքի էին փարիսեցիներն իրենց մասին։
12 Առաջին դարի հրեա պատմաբան Հովսեպոսը պարզ ցույց է տալիս, որ փարիսեցիներն իրենք իրենց համարում էին բարի, մեծահոգի, անաչառ ու իրենց գործի համար միանգամայն համապատասխան։ Անկասկած, նրանցից ոմանք ինչ–որ չափով այդպիսին էին։ Օրինակ՝ Նիկոդեմոսը (Յովհաննէս 3։1, 2; 7։50, 51)։ Ժամանակի ընթացքում նրանցից մի քանիսն ընդունեցին քրիստոնեությունը (Գործք 15։5)։ Քրիստոնյա առաքյալ Պողոսը որոշ հրեաների, մասնավորապես՝ փարիսեցիների մասին գրեց. «Նախանձախնդիր են Աստծու հանդեպ, միայն թե այս նախանձախնդրությունը հիմնված չէ Աստծու ճշմարիտ գիտության վրա» (Հռովմայեցիս 10։2, ՆԿ–ի ՆԱԹ, 2001 թ. հրատ.)։ Ամեն դեպքում, Ավետարանները ներկայացնում են նրանց այնպես, ինչպես որ հասարակ ժողովուրդն էր տեսնում՝ հպարտ, ինքնահավան, ինքնագոհ, բծախնդիր, ուրիշներին դատապարտող ու ստորացնող։
Հիսուսի տեսակետը
13. Ի՞նչ ասաց Հիսուսը փարիսեցիների մասին։
13 Հիսուսը խստորեն դատապարտեց դպիրներին ու փարիսեցիներին իրենց կեղծավորության համար։ «Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք»։ Այո, ժողովրդի բեռը ծանր էր, իսկ նրանց վրա դրված լուծը՝ կոպիտ։ Հիսուսը դպիրներին ու փարիսեցիներին անվանեց «հիմարներ»։ Հիմար մարդը վտանգավոր է հասարակության համար։ Հիսուսը դպիրներին ու փարիսեցիներին կոչեց նաև «կույր առաջնորդներ» ու վճռականորեն հայտարարեց, որ նրանք «անտեսում [են] Օրենքի կարևոր պարտավորությունը՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատարմությունը» (ՆԿ–ի ՆԱԹ, 2001 թ. հրատ.)։ Ո՞վ կցանկանար, որ Հիսուսն իրեն փարիսեցի համարեր (Մատթէոս 23։1–4, 16, 17, 23)։
14, 15. ա) Այն, թե ինչպես Հիսուսը վարվեց Մատթեոսի՝ Ղևիի հետ, ի՞նչ է բացահայտում փարիսեցիների մասին։ բ) Ի՞նչ կարևոր դաս կարող ենք քաղել այս պատմությունից։
14 Ավետարանի գրեթե յուրաքանչյուր ընթերցող կարող է տեսնել, որ փարիսեցիների մեծ մասը քննադատական ոգի ուներ։ Հիսուսը Մատթեոսին՝ Ղևիին, որը մաքսավոր էր, հրավիրեց դառնալու իր աշակերտը, և վերջինս մեծ խնջույք կազմակերպեց նրա համար։ Կարդում ենք. «Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»։ Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «....Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»» (Ղուկաս 5։27–32)։
15 Ինքը Ղևին մեկ ուրիշ բան էլ հասկացավ այդ առիթով Հիսուսի ասած խոսքերից. «Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ» (Մատթէոս 9։13)։ Թեպետ փարիսեցիները պնդում էին, որ հավատում են եբրայեցի մարգարեների գրվածքներին, նրանք չընդունեցին Ովսէէ 6։6–ից կատարված մեջբերումը։ Եթե նրանք մի ինչ–որ բանի խիստ կառչած էլ մնային, ապա դա անպայման ավանդույթներին հավատարիմ մնալու հարցում պիտի լիներ։ Մեզանից ամեն մեկը կարող է ինքն իրեն հարցնել. «Արդյո՞ք աչքի եմ ընկնում նրանով, որ կառչած եմ մնում որոշ կանոնների, որոնք հիմնված են անձնական կամ ընդհանուրի կողմից ընդունված տեսակետների վրա։ Թե՞ ուրիշներն այն կարծիքին են, որ ավելի շուտ գթասիրտ ու բարի անձնավորություն եմ»։
16. Ո՞րն էր փարիսեցիների նշանաբանը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել նրանց նման լինելուց։
16 Բծախնդրություն, բծախնդրություն, բծախնդրություն. ահա սա էր փարիսեցիների նշանաբանը։ Նրանք ուշադրություն էին դարձնում ամեն մի թերության վրա՝ լիներ դա իրական թե մտացածին։ Նրանք մարդկանց միշտ լարված վիճակում էին պահում ու շարունակ հիշեցնում նրանց իրենց կատարած սխալները։ Փարիսեցիները հպարտանում էին, որ իրենք տալիս են ամենամանր համեմաբույսերի, ինչպես օրինակ, անանուխի, սամիթի և չամանի տասանորդը։ Նրանք իրենց հագուստով ի ցույց էին դնում իրենց բարեպաշտությունը և փորձում էին ուղղություն տալ ժողովրդին։ Կասկած չկա, որ եթե ցանկանում ենք Հիսուսի պես վարվել, ապա պետք է խուսափենք ուրիշների թերություններն ամեն ժամանակ փնտրելու ու դրանք ընդգծելու հակումից։
Ինչպե՞ս էր Հիսուսը լուծում խնդիրները
17-19. ա) Բացատրեք, թե ինչպես վարվեց Հիսուսը մի իրավիճակում, որը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ։ բ) Ինչո՞ւ էր այդ իրավիճակը լարված ու տհաճ։ գ) Եթե դուք այնտեղ լինեիք, ինչպե՞ս կվարվեիք՝ տեսնելով, որ կինը մոտենում է Հիսուսին։
17 Այն, թե ինչպես էր Հիսուսը լուծում խնդիրները, շատ ու շատ է տարբերվում փարիսեցիների գործելակերպից։ Եկեք տեսնենք, թե Հիսուսն ինչպես վարվեց մի իրավիճակում, որը կարող էր բավական բարդանալ։ Այդ պատմությունն առնչվում էր մի կնոջ, որը 12 տարի շարունակ արյունահոսություն ուներ։ Այդ մասին կարելի է կարդալ Ղուկաս 8։42–48-ում։
18 Մարկոսի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ կինը ‘վախեցավ և դողաց’ (Մարկոս 5։33, ԱԹ)։ Ինչո՞ւ։ Անշուշտ այն պատճառով, որ գիտեր՝ ինքը խախտել է Աստծո օրենքը։ Համաձայն Ղեւտացոց 15։25–28-ի՝ այն կինը, որ անբնական արյունահոսություն ուներ, անմաքուր էր համարվում այնքան ժամանակ, ինչքան որ այն տևում էր՝ դրան ավելացրած նաև մեկ շաբաթ։ Ամեն բան, որին նա դիպչեր և ամեն մարդ, որի հետ նա շփվեր, անմաքուր էր դառնում։ Այս կինը, որպեսզի մոտենար Հիսուսին, պետք է ճեղքեր–անցներ բազմության միջով։ 2 000 տարիների հեռավորությունից նայելով այս պատմությանը՝ մենք կարեկցանքով ենք լցվում այդ վատառողջ կնոջ հանդեպ։
19 Եթե այդ օրն այնտեղ լինեիք, ինչպե՞ս էիք վարվելու այդ իրավիճակում։ Ի՞նչ էիք ասելու։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսն այդ կնոջ հետ վարվեց բարությամբ, սիրալիր ու կարեկից կերպով՝ անգամ չակնարկելով այն մասին, որ նա կարող էր իրեն ինչ–ինչ անհարմարություններ պատճառել (Մարկոս 5։34)։
20. Եթե Ղեւտացոց 15։25–28-ը մերօրյա պահանջ լիներ, ապա ի՞նչ դժվարությունների կհանդիպեինք։
20 Կարո՞ղ ենք ինչ–որ բան սովորել այս դեպքից։ Ենթադրենք՝ հիմա դուք քրիստոնեական ժողովի երեց եք։ Եվ ենթադրենք, թե Ղեւտացոց 15։25–28-ը մեր օրերին վերաբերող քրիստոնեական պահանջ է, իսկ մի քրիստոնյա կին էլ խախտել է այդ օրենքը և իրեն խիստ վատ ու անհույս է զգում։ Ինչպե՞ս կվարվեիք։ Արդյոք քննադատաբար խորհուրդ տալով՝ բոլորի ներկայությամբ կստորացնեի՞ք նրան։ «Օ՜, ո՛չ,— կասեիք դուք։ Երբեք այդպես չեմ վարվի։ Հիսուսի օրինակին հետևելով՝ ամեն ինչ կանեմ, որ լինեմ բարի, սիրող, ուշադիր և կարեկից»։ Շա՛տ լավ։ Բայց հարցն այն է, որ դա գործերով ցույց տանք, ընդօրինակե՛նք Հիսուսին։
21. Օրենքի վերաբերյալ ի՞նչ սովորեցրեց Հիսուսը մարդկանց։
21 Մարդիկ Հիսուսի ներկայությամբ իրենց թարմացած ու ավելի լավ էին զգում, նրանք ոգևորվում էին։ Որտեղ որ Աստծո օրենքը որոշակի էր, ապա դա հենց այդպես էլ պետք էր հասկանալ։ Եթե այն ընդհանուր բնույթ էր կրում, ապա նրանք կարող էին իրենց խղճի թելադրանքով առաջնորդվել ու իրենց կայացրած որոշումներով ցույց տալ, որ սիրում են Աստծուն։ Օրենքը ճկուն էր, չէր խեղդում մարդկանց (Մարկոս 2։27, 28)։ Աստված սիրում էր իր ժողովրդին, միշտ հոգ էր տանում նրանց ու պատրաստ էր գթասիրտ լինելու, երբ նրանք սխալվում էին։ Հիսուսն էլ էր այդպիսին (Յովհաննէս 14։9)։
Հիսուսի ուսուցումների արդյունքը
22. Հիսուսից սովորելով՝ աշակերտներն ի՞նչ մտավիճակ ձեռք բերեցին։
22 Նրանք, ովքեր լսեցին Հիսուսին ու դարձան նրա աշակերտները, բարձր գնահատեցին նրա հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։30)։ Նրանք երբեք չէին մտածում, թե Հիսուսը ծանրաբեռնում, հոգնեցնում կամ իր ելույթներով ձանձրացնում է իրենց։ Նրանք իրենց ավելի ազատ, ավելի երջանիկ էին զգում ու Աստծո հետ և մեկը մյուսի նկատմամբ ունեցած իրենց հարաբերություններում ավելի վստահ էին (Մատթէոս 7։1–5; Ղուկաս 9։49, 50)։ Հիսուսից նրանք սովորեցին, որ հոգևոր առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է լինել այնպիսի մարդ, որը կարողանում է թարմացնել մյուսներին և որը սրտով ու մտքով խոնարհ է (Ա Կորնթացիս 16։17, 18; Փիլիպպեցիս 2։3)։
23. Հիսուսի հետ լինելով՝ ի՞նչ կարևոր դաս սովորեցին աշակերտները, և նրա հետ լինելն օգնեց, որ նրանք ի՞նչ եզրակացությունների հանգեն։
23 Ավելին՝ շատերը խորապես տպավորվել էին՝ հասկանալով, թե որքան կարևոր է Քրիստոսի հետ միության մեջ լինել և ունենալ այն ոգին, որը որ նա էր ցուցաբերում։ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին. «Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք։ Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ» (Յովհաննէս 15։9, 10)։ Եթե նրանք՝ որպես Աստծո ծառաներ, որոշել էին հաջողությունների հասնել, ապա պետք է կյանքում ջանասիրաբար կիրառեին այն, ինչ սովորել էին Հիսուսից, այն է՝ թե ինչպես քարոզել ու մարդկանց ուսուցանել Աստծո հրաշալի բարի լուրը, ինչպես վարվել ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Երբ արդեն ժողովներ կազմավորվեին, նրանք հաճախակի պետք է իրենք իրենց հիշեցնեին, որ Հիսուսին հետևելը ճշմարիտ ճանապարհն է։ Ինչ որ նա սովորեցրել էր իրենց, ճշմարտությունն էր, և նրանց համար Հիսուսի ապրած կյանքը իսկապես այն կյանքն էր, որը հարկավոր էր ընդօրինակել (Յովհաննէս 14։6; Եփեսացիս 4։20, 21)։
24. Ինչե՞ր պետք է սովորենք Հիսուսի օրինակից։
24 Այժմ, խորհրդածելով մեր քննարկած որոշ հարցերի շուրջ, տեսնո՞ւմ եք ձեր մեջ ինչ–ինչ կողմեր, որոնք հարկավոր է բարելավել։ Համաձա՞յն եք, որ Հիսուսը միշտ մտածում, ուսուցանում ու գործում էր համապատասխան կերպով։ Ուրեմն՝ քաջացե՛ք։ Ահա մեզ ուղղված նրա քաջալերական խոսքերը. «Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» (Յովհաննէս 13։17)։
[ծանոթագրություն]
a «Սկզբունքային տարբերությունը [Հիսուսի և փարիսեցիների միջև] հստակ է դառնում միայն Աստծո վերաբերյալ երկու հակառակ ըմբռնումների լույսի ներքո։ Ըստ փարիսեցիների՝ Աստված հիմնականում պահանջում է, ըստ Հիսուսի՝ Աստված գթասիրտ ու կարեկից է։ Փարիսեցին, իհարկե, չի ժխտում, որ Աստված բարի ու սիրող է, բայց նրա համար այս հատկությունները արտահայտվում են Թորայի [Օրենքի]՝ որպես նվերի միջոցով և դրանում եղած պահանջների կատարման հնարավորությամբ.... Փարիսեցու համար Թորան կատարել՝ նշանակում էր հավատարիմ մնալ բանավոր ավանդույթներին, որոնց ուղեկցում էին օրենքը մեկնաբանող կանոնները.... Այն, որ Հիսուսը սիրո երկակի պատվիրանը (Մատթ. 22։34–40) բարձրացրեց մինչև չափանիշի աստիճանի և մերժեց շրջանակների մեջ դնող բանավոր ավանդույթները.... հանգեցրեց նրան, որ նա հակամարտության մեջ մտավ փարիսեցիների կազուիստիկայի հետ» («The New International Dictionary of New Testament Theology»)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է ձեզ համար նշանակում լինել Հիսուսի աշակերտ։
• Ինչպե՞ս էր Հիսուսը վարվում մարդկանց հետ։
• Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես էր Հիսուսը ուսուցանում։
• Ինչո՞վ էին Հիսուսն ու փարիսեցիներն իրարից տարբերվում։
[նկարներ 18–րդ և 19–րդ էջերի վրա]
Որքա՜ն էր տարբերվում Հիսուսը փարիսեցիներից մարդկանց հանդեպ ունեցած իր վերաբերմունքով