Երջանիկ լինելու համար շատ կարևոր է վստահել
ՍՆՆԴԻՑ թունավորվելը շատ տհաճ բան է։ Այն անհատը, որի հետ հաճախակի է նման բան կատարվում, կարիք ունի վերանայելու ուտելու հետ կապված իր սովորությունները։ Սակայն թունավորման վտանգից խուսափելու նպատակով սննդից ընդհանրապես հրաժարվելը հարցի իրատեսական լուծում չէ։ Այդպես վարվելը ավելի շատ պրոբլեմներ կառաջացնի, քան կլուծի։ Առանց սննդի ոչ ոք երկար ժամանակ չի դիմանա։
Նման ձևով, շատ ցավալի է լինում, երբ մեր վստահությունը չեն արդարացնում։ Եթե դա կրկնվում է մի քանի անգամ, ապա գուցե ստիպված լինենք լրջորեն խորհել, թե ինչ մարդկանց հետ ենք նախընտրում ընկերակցել։ Այնուհանդերձ, խաբված լինելու վտանգից խուսափելու նպատակով մարդկանցից ամբողջովին մեկուսանալը լուծում չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ չվստահելը զրկում է մեզ մեր իսկ երջանկությունից։ Գոհունակ կյանք վարելու համար մենք կարիք ունենք հարաբերությունների, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա։
«Վստահությունը այն հիմնական բաներից է, որոնք անհրաժեշտ են մարդուն առանց որևէ դժվարության մյուսների հետ առնչվելու համար»,— մեկնաբանվում է «Jugend 2002» գրքում։ «Ամեն ոք ծարավ է վստահության»,— գրվում է «Neue Zürcher Zeitung» թերթում։ «Վստահությունը բարձրացնում է կյանքի որակը» այն աստիճան, որ «էական դեր է խաղում վերապրելու համար»։ Իսկապես, առանց վստահության, ինչպես այս թերթն է ասում, «անհատը չի կարող շարունակել ապրել»։
Քանի որ ինչ–որ մեկին վստահելը մեր հիմնական կարիքներից է, ապա հարց է առաջանում. «Ո՞ւմ կարող ենք վստահել ու միևնույն ժամանակ չվախենալ, որ մեզ կխաբեն»։
Վստահեք Եհովային ձեր ամբողջ սրտով
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 3։5)։ Եվ իրոք, Աստծո Խոսքը բազմիցս քաջալերում է մեզ վստահել մեր Արարչին՝ Եհովա Աստծուն։
Ինչո՞ւ կարող ենք Աստծուն վստահել։ Առաջին պատճառն այն է, որ Եհովա Աստված սուրբ է։ Եսայիա մարգարեն գրեց. «Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը» (Եսայիա 6։3)։ Մի՞թե սրբության գաղափարը ձեզ չի հրապուրում։ Իրականում այն պետք է որ հրապուրի ձեզ, քանզի Եհովայի սրբությունը նշանակում է, որ նա մաքուր է, հեռու ամեն տեսակ սխալներից և բացարձակապես հուսալի։ Նա երբեք չի կարող լինել անբարեխիղճ կամ վիրավորել որևէ մեկին ու անհնար է, որ չարդարացնի մեր վստահությունն իր հանդեպ։
Ավելին, մենք կարող ենք ապավինել Աստծուն, քանի որ նա ի վիճակի է և ցանկանում է թիկունք կանգնել նրանց, ովքեր ծառայում են իրեն։ Նրա անսահման զորությունը, օրինակ, իրեն հնարավորություն է տալիս գործելու, ընդ որում նա առաջնորդվում է կատարյալ արդարությամբ ու իմաստությամբ։ Իսկ Աստծո անզուգական սերը մղում է նրան գործելու։ «Աստուած սէր է»,— գրեց Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։8)։ Աստծո սերը առկա է իր բոլոր գործերում։ Շնորհիվ իր սրբության և մյուս ուշագրավ հատկությունների Եհովան մեզ համար իդեալական Հայր է. մեկը, որին կարող ենք անվերապահորեն վստահել։ Ոչ ոք ու ոչինչ երբևէ չի կարող ավելի արժանի լինել վստահության, քան Եհովան։
Եհովային վստահելով՝ երջանիկ կլինեք
Եհովային վստահելու մեկ այլ հիմնավոր պատճառ է այն, որ նա մեզ հասկանում է ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը։ Նա գիտի, որ յուրաքանչյուր մարդու հիմնական կարիքներից մեկն է Արարչի հետ կայուն, տևական ու վստահելի փոխհարաբերություններ ունենալը։ Ովքեր նման փոխհարաբերություններ ունեն, իրենց ավելի ապահով են զգում։ «Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում»,— այս եզրակացության հանգեց Դավիթ թագավորը (Սաղմոս 40։4)։ Այսօր միլիոնավոր մարդիկ լիովին համակարծիք են Դավիթի հետ։
Քննենք մի քանի օրինակ։ Դորիսն ապրել է Դոմինիկյան Հանրապետությունում, Գերմանիայում, Հունաստանում և ԱՄՆ–ում։ Նա ասում է. «Ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ վստահել Եհովային։ Նա գիտի, թե ինչպես հոգ տանի իմ ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ կարիքները։ Նա լավագույն ընկերն է, որ մարդ երբևէ կարող է ունենալ»։ Վոլֆգանգը իրավախորհրդատու է։ Նա բացատրում է. «Ուղղակի հրաշալի է, որ կարող ես ապավինել մեկին, որն ամեն ինչ անում է հանուն քո բարօրության, որը կարող է քեզ համար անել և կանի էլ լավագույնը»։ Համը, որ ծնվել է Ասիայում, բայց այժմ ապրում է Եվրոպայում, ասում է. «Վստահ եմ, որ Եհովան իր ձեռքում է պահում ամեն ինչ, և քանի որ նա չի սխալվում, ես երջանիկ եմ ապավինել նրան»։
Իհարկե, յուրաքանչյուրս կարիք ունի վստահելու ոչ միայն մեր Արարչին, այլև մարդկանց։ Այդ պատճառով էլ Եհովան՝ որպես իմաստուն ու փորձառու ընկեր, մեզ խորհուրդներ է տալիս, թե ում լավ կլիներ վստահել։ Ուշադրությամբ կարդալով Աստվածաշունչը՝ մենք կգտնենք այդ խորհուրդները։
Մարդիկ, որոնց կարող ենք վստահել
«Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ»,— գրեց սաղմոսերգուն (Սաղմոս 146։3)։ Աստծո ներշնչումով գրված այս խոսքն օգնում է մեզ հասկանալ, որ շատ մարդիկ արժանի չեն մեր վստահությանը։ Նույնիսկ նրանք, ովքեր այս աշխարհում մեծ հարգանք են վայելում որպես ‘իշխաններ’, ինչպես ասենք՝ որևէ բնագավառում մասնագետ հանդիսացող անձինք, չեն կարող ինքնաբերաբար արժանանալ մեր վստահությանը։ Նրանք հաճախ սխալ առաջնորդություն են տալիս, և այդ «իշխաններին» վստահելը արագորեն կարող է հանգեցնել հիասթափության։
Ինչ խոսք, սա չի նշանակում, թե մենք ոչ մեկին չպետք է վստահենք։ Բայց միանշանակ է, որ պետք է ընտրողական մոտեցում հանդես բերենք, երբ մտածում ենք, թե ում վստահենք։ Ո՞րն է չափանիշը։ Մի հին ազգի՝ իսրայելացիների պատմությունից մի դրվագ կարող է մեզ օգնել այս հարցում։ Երբ անհրաժեշտություն առաջացավ Իսրայել ազգի մեջ կարևոր նշանակումներ կատարելու, Մովսեսին խորհուրդ տրվեց «բոլոր ժողովրդիցը կարող մարդիկ՝ Աստուածանից վախող՝ հաւատարիմ՝ ագահութիւնը ատող մարդիկ ընտր[ել]» (Ելից 18։21)։ Ի՞նչ կարող ենք սովորել այստեղից։
Նրանք այնպիսի մարդիկ էին, որոնք դրսևորել էին որոշ աստվածահաճ հատկություններ նախքան այդ՝ վստահելիություն պահանջող պաշտոններում նշանակվելը։ Նրանք արդեն ցույց էին տվել, որ աստվածավախ են. մեծ ակնածանք էին տածում Արարչի հանդեպ ու զգուշանում էին նրան տհաճեցնելուց։ Բոլորին պարզ երևում էր, որ այդ մարդիկ ամեն ինչ անում էին Աստծո չափանիշներին հավատարիմ մնալու համար։ Նրանք ատում էին ագահությունն ու անազնիվ եկամուտը, ինչը վկայում էր նրանց բարոյական զորության մասին, և այս հանգամանքը թույլ չէր տա, որ ունեցած իշխանությունն այլասերեր իրենց։ Նրանք չէին չարաշահի իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ հետապնդելով իրենց կամ իրենց ազգականների ու ընկերների շահերը։
Մի՞թե ճիշտ չէր լինի, եթե մենք էլ, խորհելով, թե ում կարելի է վստահել, այսպիսի չափանիշներով առաջնորդվեինք։ Ճանաչո՞ւմ ենք մարդկանց, որոնց վարքից երևում է, որ նրանք վախենում են Աստծուց։ Լի՞ են նրանք վճռականությամբ պահելու նրա՝ վարքի չափանիշները։ Բարոյապես անբասի՞ր են և հեռու մնո՞ւմ են սխալ բաներ անելուց։ Այնքան ազնի՞վ են, որ հանգամանքներին չեն տալիս այնպիսի ընթացք, որից կարող են շահ կորզել։ Անկասկած, նման հատկություններ ցուցաբերող մարդիկ արժանի են մեր վստահությանը։
Հիասթափվեցի՞ք, մի՛ վհատվեք
Խորհելով, թե ում կարելի է վստահել՝ մենք պետք է միաժամանակ համբերող լինենք, քանզի վստահությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում։ Խելամիտ կլինի, որ անհատին վստահենք աստիճանաբար, քայլ առ քայլ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Կարող ենք որոշակի ժամանակահատվածում դիտել տվյալ անհատի վարքագիծը ու նկատել, թե ինչպես է նա գործում կոնկրետ իրավիճակներում։ Կարելի՞ է վստահել նրան փոքր հարցերում։ Օրինակ՝ վերադարձնո՞ւմ է նա պարտքով վերցված իրերը, ինչպես խոստացել է, և ճշտապա՞հ է պայմանավորվածությունների հարցում։ Եթե այո, ապա թերևս համարենք, որ կարելի է առանց վախենալու վստահել նրան ավելի մեծ հարցերում։ Սա համահունչ է հետևյալ սկզբունքին. «Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է» (Ղուկաս 16։10)։ Ընտրողական ու համբերատար լինելը կարող է օգնել մեզ խուսափելու մեծ հիասթափությունից։
Ինչպե՞ս կարող ենք վարվել, եթե, այնուամենայնիվ, որևէ մեկից հիասթափվել ենք։ Աստվածաշունչ ուսումնասիրող անձինք ամենայն հավանականությամբ գիտեն, որ Հիսուս Քրիստոսի առաքյալները նրա ձերբակալման գիշերը նրան մենակ թողեցին։ Հուդա Իսկարիովտացին մատնեց Հիսուսին, իսկ մյուսները ահով համակված փախան։ Պետրոսը նույնիսկ երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Սակայն Հիսուսը տեսավ, որ միայն Հուդան չարամտորեն վարվեց։ Ու թեև նրանք լքեցին Հիսուսին այդ վճռական պահին, դա չխանգարեց նրան ընդամենը մի քանի շաբաթ անց կրկին հավաստիացնելու մնացած 11 առաքյալներին, որ վստահում է նրանց (Մատթէոս 26։45–47, 56, 69–75; 28։16–20)։ Նմանապես, եթե զգում ենք, որ մեզ դավաճանել են, լավ կլիներ քննել, թե արդյո՞ք պատճառն այն է, որ անհատն անվստահելի է, թե՞ դա հետևանք է անկատար մարմնի րոպեական թուլության։
Իսկ ես վստահելի՞ եմ
Այն մարդը, որի համար միևնույն չէ, թե ում կվստահի, պետք է ազնվորեն ինքն իրեն հարց տա. «Իսկ ես վստահելի՞ եմ։ Այս առումով ի՞նչ իրական ակնկալիքներ պետք է ունենամ ինքս ինձանից և ուրիշներից»։
Անշուշտ, վստահարժան անհատը միշտ ճշմարտությունն է խոսում (Եփեսացիս 4։25)։ Նա չի հարմարեցնում իր խոսքերն իր ունկնդրի ականջին՝ անձնական շահ ստանալու նպատակով։ Իսկ եթե մի բան է խոստանում, ապա ձեռքից եկած ամեն ինչ անում է իր խոսքը պահելու համար (Մատթէոս 5։37)։ Եթե մեկը, վստահելով նրան, իր սիրտը բացում է նրա առջև, ապա վստահարժան անձնավորությունը այդ մասին չի խոսի ուրիշների հետ։ Հուսալի անհատը հավատարիմ է իր կողակցին։ Նա չի նայում պոռնկագրություն, չի տրվում սեքսուալ երևակայության, չի սիրաբանում (Մատթէոս 5։27, 28)։ Այն անհատը, ով արժանի է մեր վստահությանը, իր ձեռքերով ջանասիրաբար միջոցներ է վաստակում իր ու իր ընտանիքի համար և չի խորհում ուրիշ մարդկանց հաշվին փող աշխատելու մասին (Ա Տիմոթէոս 5։8)։ Միշտ մտապահելով այս տրամաբանական սուրբգրային չափանիշները՝ մենք կկարողանանք հասկանալ, թե ում կարելի է վստահել։ Բացի այդ, եթե յուրաքանչյուրս հետևենք վարքի այս նույն չափանիշներին, ապա վստահելի կլինենք մյուսների համար։
Հաճելի կլիներ ապրել մի աշխարհում, որտեղ բոլորն էլ վստահելի մարդիկ են և որտեղ չկա հիասթափություն այն պատճառով, որ անհատի վստահությունը չի արդարացվել։ Երա՞զ է սա արդյոք։ Ո՛չ, դա երազ չէ այն մարդկանց համար, ովքեր լրջորեն են վերաբերվում աստվածաշնչյան խոստումներին. Աստծո Խոսքը կանխագուշակում է գալուստը գեղեցիկ ‘նոր երկրի’, որտեղ չեն լինի խաբեություն, սուտ, շահագործում, վիշտ, հիվանդություն և նույնիսկ մահ (Բ Պետրոս 3։13; Սաղմոս 37։11, 29; Յայտնութիւն 21։3–5)։ Մի՞թե չարժե ավելին իմանալ այս հեռանկարի մասին։ Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեզ ապահովել ավելի շատ տեղեկությամբ այս և այլ կենսական հարցերի վերաբերյալ։
[նկար 4–րդ էջի վրա]
Չվստահելը զրկում է մեզ երջանկությունից
[նկար 5–րդ էջի վրա]
Ամենաշատը Եհովան է արժանի մեր վստահությանը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Բոլորս էլ կարիք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների