‘Սովորենք’ ունեցածով բավարարված լինելու գաղտնիքը
Փիլիպպեցի քրիստոնյաներին ուղղված իր քաջալերական նամակում Պողոս առաքյալը գրեց. «Ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական [«գոհ», Արևմտ. Աստ.] լինել։ ....Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ» (Փիլիպպեցիս 4։11, 12)։
Ո՞րն էր գաղտնիքը, որ Պողոսը բավարարվածության զգացում ուներ։ Քանի որ մեր ժամանակներում բավական դժվար է ապրուստի միջոցներ հայթայթելը, իսկ տնտեսական վիճակը անկայուն է, ճշմարիտ քրիստոնյաների համար, անշուշտ, օգտակար կլինի սովորել, թե ինչպես բավարարվել ունեցածով, որպեսզի կարողանան Աստծո ծառայությունն իրենց ուշադրության կենտրոնում պահել։
ԱՎԵԼԻ վաղ իր նամակում Պողոսը մանրամասնորեն խոսել էր այն մասին, թե ինքը նախկինում ինչ հաջող կարիերա է ունեցել։ Նա ասել էր. «Եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։ Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի, ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի» (Փիլիպպեցիս 3։4–6)։ Եվ քանի որ Պողոսը նախանձախնդիր հրեա էր, Երուսաղեմի քահանայապետները նրան հանձնարարություն էին տվել, ընդ որում՝ նրանք սատարում էին նրան այդ գործը կատարելու մեջ։ Այս ամենը Պողոսին խոստանում էր իշխանություն ու հեղինակություն հրեական համակարգում քաղաքական, կրոնական և, անկասկած, ֆինանսական առումներով։ (Գործք 26։10, 12)։
Սակայն, երբ Պողոսը դարձավ եռանդուն քրիստոնյա, իրերի վիճակը արմատապես փոխվեց։ Հանուն բարի լուրի նա պատրաստակամորեն զոհեց իր հաջող կարիերան և այն ամենը, ինչ նախկինում նա կարևոր էր համարում (Փիլիպպեցիս 3։7, 8)։ Ինչպե՞ս նա այժմ պետք է հոգար իր կարիքները։ Միգուցե իրեն աշխատավա՞րձ էր տրվելու՝ որպես ծառայողի։ Ինչպե՞ս էին բավարարվելու նրա անձնական կարիքները։
Պողոսն իր ծառայությունը կատարում էր առանց որևէ վարձատրության։ Որպեսզի բեռ չլիներ նրանց համար, ում ծառայում էր, նա Կորնթոսում միացավ Ակյուղասին ու Պրիսկիղային վրաններ կարելու գործում։ Նա իր կարիքները հոգալու համար նաև ուրիշ գործերով զբաղվեց (Գործք 18։1–3; Ա Թեսաղոնիկեցիս 2։9; Բ Թեսաղոնիկեցիս 3։8–10)։ Պողոսը երեք հեռավոր միսիոներական շրջագայություն կատարեց, ինչպես նաև այցելեց ժողովներ, որոնք դրա կարիքն ունեին։ Քանի որ նա լիովին զբաղված էր Աստծո ծառայությամբ, նյութական քիչ բան ուներ։ Սովորաբար եղբայրներն էին հոգում նրա կարիքները։ Բայց երբեմն Պողոսը խիստ կարիքի մեջ էր լինում ծանր հանգամանքների պատճառով (Բ Կորնթացիս 11։27; Փիլիպպեցիս 4։15–18)։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման դեպքերում Պողոսը չէր գանգատվում իր վիճակից և չէր տենչում ունենալ այն, ինչ ուրիշներն ունեին։ Նա ջանք չէր խնայում՝ պատրաստակամորեն և ուրախությամբ ծառայելու իր հավատակիցներին։ Հենց Պողոսն էր, որ մեջբերեց Հիսուսի հետևյալ խոսքերը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը»։ Ի՜նչ ուշագրավ օրինակ մեզ բոլորիս համար (Գործք 20։33–35)։
Ինչ է նշանակում բավարարվել ունեցածով
Մի շատ կարևոր հանգամանք կար, որը նպաստում էր, որ Պողոսն իրեն երջանիկ ու գոհ զգար. դա նրա՝ ունեցածով բավարարվելու զգացումն էր։ Ի՞նչ է, սակայն, նշանակում բավարարվել։ Պարզ ասած՝ դա գոհ լինելն է՝ ունենալով ամենաանհրաժեշտ բաները։ Սրա առնչությամբ Պողոսը Տիմոթեոսին՝ իր ծառայակցին, ասաց. «Մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։ Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք» (Ա Տիմոթէոս 6։6–8)։
Ուշադրություն դարձրու, որ Պողոսը ‘բավականությունը’ զուգակցեց ‘աստվածապաշտության’ հետ։ Նա ընդունում էր, որ իսկական երջանկությունը բխում է աստվածապաշտ լինելուց, այսինքն՝ Աստծուն մատուցվող մեր ծառայությունը կյանքում առաջին տեղը դնելուց, և ոչ թե նյութականից կամ հարստությունից։ ‘Կերակուրը և հագուստը’ նրա համար զուտ միջոց էին՝ շարունակելու աստվածապաշտությամբ ընթանալ։ Ուստի Պողոսի համար ունեցածով բավարարված լինելու գաղտնիքը կայանում էր հետևյալի մեջ. ապավինել Եհովային՝ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն հանգամանքները։
Այսօր շատ մարդիկ բազում անհանգստությունների ու դժբախտությունների մեջ են ընկնում, քանի որ անտեղյակ են այդ գաղտնիքից կամ էլ անտեսում են այն։ Իրենց մեջ բավարարվածության զգացում մշակելու փոխարեն՝ նրանք հույսները դնում են փողի և այն ամենի վրա, ինչ որ փողով կարելի է ձեռք բերել։ Գովազդի արդյունաբերությունը և լրատվական միջոցները մարդկանց ներշնչում են այնպիսի զգացում, թե նրանք չեն կարող երջանիկ լինել, եթե չունենան ամենավերջին ու ամենաորակյալ ապրանքներն ու տեխնիկայի նորույթները, ընդ որում՝ դրանք հարկավոր է ձեռք բերել անհապաղ։ Հետևանքն այն է լինում, որ շատերը զոհ են գնում դրամ ու նյութական արժեքներ ձեռք բերելու ձգտումին։ Երջանկություն և բավարարվածության զգացում գտնելու փոխարեն՝ նրանք «փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
Նրանք ‘սովորել’ են այդ գաղտնիքը
Իսկապե՞ս հնարավոր է մեր ժամանակներում ապրել աստվածապաշտությամբ, բավարարված լինել ունեցածով ու միաժամանակ երջանիկ լինել։ Այո, հնարավոր է։ Իրողությունն այն է, որ այսօր միլիոնավոր մարդիկ հենց այդպես են ապրում։ Նրանք ‘սովորել’ են, իրենց ունեցած նյութականով հանդերձ, երջանիկ լինելու գաղտնիքը։ Այդ մարդիկ Եհովայի վկաներն են, ովքեր իրենց անձերը նվիրել են Աստծուն և կատարում են նրա կամքը ու ամենուրեք մարդկանց ուսուցանում են նրա նպատակների մասին։
Օրինակ՝ ուշադրություն դարձրու այն մարդկանց, ովքեր կամավորապես ցանկացել են ուսուցում ստանալ և որպես միսիոներներ ուղարկվել անծանոթ երկրներ՝ քարոզելու Աստծո Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Այդ երկրներում, ուր որ նրանք ուղարկվում են, հաճախ կյանքի պայմաններն այնպես լավ չեն լինում, ինչպես որ նրանք սովոր են տեսնել իրենց հայրենիքում։ Օրինակ՝ երբ միսիոներները եկան մի ասիական երկիր 1947 թ.–ին, այնտեղ պատերազմի հետևանքները դեռևս զգացվում էին, և քիչ էր այն տների քանակը, որտեղ էլեկտրական լույս կար։ Շատ երկրներում միսիոներները տեսնում էին, որ մարդիկ, չունենալով լվացքի մեքենա, լվացքը ձեռքով էին անում՝ տախտակի վրա կամ էլ գետի մոտ՝ քարի վրա։ Սակայն նրանք հարմարվեցին տեղի պայմաններին ու լծվեցին ծառայությանը, քանի որ եկել էին ուսուցանելու մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունը։
Ուրիշները լիաժամ ծառայություն են սկսել կամ էլ տեղափոխվել են այլ վայրեր, որտեղ դեռ չի հասել բարի լուրը։ Ադուլֆոն ավելի քան 50 տարի լիաժամ ծառայություն է կատարել Մեքսիկայի տարբեր մասերում։ Նա ասում է. «Պողոս առաքյալի պես, ես ու կինս սովորել ենք հարմարվել հանգամանքներին։ Օրինակ՝ ժողովներից մեկը, որ մենք այցելեցինք, շատ հեռու էր գտնվում որևէ խանութից կամ քաղաքից։ Ամեն անգամ ճաշելիս եղբայրները բավարարվում էին միայն մեկ տորտիլլայով (եգիպտացորենի բլիթ), մի կտոր խոզի ճարպով, աղով և մեկ բաժակ սուրճով։ Նրանց ողջ սնունդը օրական երեք տորտիլլա էր։ Այսպես մենք սովորեցինք ապրել եղբայրների նման։ Ես շատ եմ նման բաներ տեսել այն 54 տարիների ընթացքում, երբ լիաժամ ծառայում էի Եհովային»։
Ֆլորենտինոն հիշում է, թե ինչպես նա և իր ընտանիքը ստիպված էին հարմարվել ծանր հանգամանքներին։ Հիշելով անցյալը՝ նա ասում է. «Հայրս հարուստ առևտրական էր։ Նա շատ հողատարածքներ ուներ։ Մինչև հիմա հիշում եմ մեր նպարեղենի խանութի դրամարկղը։ Այն ուներ մոտ 50 սանտիմետր լայնությամբ և 20 սանտիմետր խորությամբ, չորս բաժին ունեցող դարակ։ Օրվա ընթացքում ստացվող դրամն այնտեղ էինք դնում։ Իսկ օրվա վերջում այդ դարակը լիքն էր լինում մետաղադրամներով ու թղթադրամներով։
Բայց միանգամայն անսպասելիորեն ֆինանսական դժվարություններ ունեցանք. առատությունից ընկանք կարիքի մեջ։ Մենք ամեն ինչ կորցրեցինք, բացի տնից։ Նաև դժբախտ պատահարի պատճառով եղբայրներիցս մեկը երկու ոտքերից անդամալույծ դարձավ։ Երբեք նման վիճակում չէինք հայտնվել։ Ես սկսեցի միառժամանակ մրգեր ու միս վաճառել։ Նաև հավաքում էի բամբակի, խաղողի և առվույտի բերքը, ինչպես նաև մասնակցում էի դաշտեր ջրելուն։ Ոմանք ինձ անվանում էին ամեն արհեստների վարպետ։ Մայրս հաճախ էր մեզ մխիթարում՝ ասելով, որ մենք ունենք ճշմարտությունը. մի հոգևոր հարստություն, որը քչերն ունեն։ Այսպես ես սովորեցի ապրել թե՛ նյութական առատության մեջ, և թե՛ պակասության մեջ կամ ընդհանրապես ոչինչ չունենալով։ Այժմ, երբ Եհովային լիաժամ ծառայել եմ արդեն մոտ 25 տարի, կարող եմ ասել, որ ամեն օր զգացել եմ, թե ինչ ուրախություն է բերում այն բանի իմացությունը, որ ընտրել եմ կյանքի լավագույն կենսաձևը՝ Եհովային լիաժամ ծառայելը»։
Աստվածաշունչը մեզ պարզորոշ ասում է, որ «այս աշխարհի կերպարանքն անցնում է»։ Հենց այս պատճառով էլ այն մեզ հորդորում է. «[Թող] ուրախացողները չ’ուրախացողների [պես լինեն], եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս. Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չ’գործածողների պէս» (Ա Կորնթացիս 7։29–31)։
Հետևաբար այժմ ժամանակն է, որ ավելի մոտիկից քննես, թե ինչպիսին է քո ապրելակերպը։ Եթե սահմանափակ միջոցների տեր ես, ապա զգույշ եղիր, որ չսկսես դժգոհել և նույնիսկ լցվել դառնությամբ ու չարությամբ։ Մյուս կողմից՝ ինչ ունեցվածքի տեր էլ լինես, խելացի կլինի, որ հավասարակշռված տեսակետ ունենաս դրա հանդեպ, այնպես որ այն չսկսի ղեկավարել քեզ։ Ինչպես Պողոս առաքյալն է հորդորում, դու պետք է ոչ թե «ունայն մեծութեան [«հարստութեան», Արևմտ. Աստ.] վերայ յոյս դնե[ս], այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար»։ Եթե այդպես վարվես, ապա դու նույնպես կկարողանաս ասել, որ ‘սովորել’ ես ունեցածով բավարարված լինելու գաղտնիքը (Ա Տիմոթէոս 6։17–19)։
[նկար 9–րդ էջի վրա]
Պողոսն իր սեփական ձեռքերով աշխատում էր, որպեսզի բեռ չլիներ մյուսների համար
[նկարներ 10–րդ էջի վրա]
Հազարավոր մարդիկ են երջանկություն գտնում՝ աստվածապաշտ կյանք վարելով և ունեցածով բավարարվելով