Հարկ կա՞, որ իմ երեխան դպրոց հաճախի
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ չեք կարողանում կարդալ այս էջի բառերը, չեք կարողանում խոսել այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ ապրում եք։ Բացի այդ, ի վիճակի չեք աշխարհի քարտեզի վրա ցույց տալ ձեր հայրենիքը։ Ժամանակի ընթացքում անհամար երեխաներ են հայտնվելու նման վիճակում։ Ի՞նչ կարելի է ասել ձեր երեխայի մասին։
Հարկ կա՞, որ ձեր երեխան դպրոց գնա։ Շատ երկրներում տարրական ու միջնակարգ կրթությունը պարտադիր է և հաճախ՝ ձրի։ Երեխաների իրավունքների վերաբերյալ կայացած մի համաժողովում նշվեց, որ կրթությունը երեխայի հիմնական իրավունքներից է։ Նույն միտքը արտահայտված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայում։ Սակայն որոշ երկրներում դպրոցական կրթությունը գուցե անվճար չլինի, ու թերևս ծնողները անկարող լինեն վճարել երեխայի ուսման վարձը։ Եկեք կրթության հարցին նայենք քրիստոնյա ծնողի տեսանկյունից, ով ցանկանում է, որ իր երեխան գրագետ լինի՝ անկախ այն բանից՝ երեխան կստանա կրթություն դպրոցում, թե մեկ այլ ձևով։
Գրաճանաչության աստվածաշնչային օրինակներ
Աստծո ծառաների մեծամասնությունը, որ հիշատակվում են Աստվածաշնչում, կարողացել են գրել և կարդալ։ Հիսուսի առաքյալներ Պետրոսն ու Հովհաննեսը հրեա ձկնորսներ էին, բայց աստվածաշնչային գրքեր գրեցին հունարենով և ոչ թե իրենց՝ Գալիլեայի բարբառով։a Ակներևաբար նրանց ծնողները հոգ էին տարել, որ իրենց երեխաները հիմնական գիտելիքներ ստանան։ Նույն ձևով ուսուցում են ստացել Աստվածաշնչի գրքերը գրողներից Դավիթը, որ հովիվ էր, Ամովսը, որ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, և Հիսուսի եղբայր Հուդան, որը հավանաբար հյուսն էր։
Հոբը, որի անունն է կրում Աստվածաշնչի գրքերից մեկը, կարողանում էր գրել ու կարդալ։ Այդ գրքից երևում է, որ նա որոշ չափով հասկանում էր գիտությունից։ Հոբը հավանաբար նաև ստեղծագործելու ձիրք ուներ, քանի որ նրա խոսքերը «Յոբ» գրքում ներկայացված են բանաստեղծական ձևով։ Մեզ հայտնի է, որ վաղ քրիստոնյաները նույնպես գրագետ են եղել. դա երևում է խեցաբեկորների վրա նրանց կատարած գրառումներից, հավանաբար՝ սուրբգրային։
Կրթությունը կարևոր է քրիստոնյաների համար
Քրիստոնյաները, եթե ցանկանում են Աստծո հավանությանը արժանանալ, պետք է ավելացնեն իրենց սուրբգրային գիտելիքները (Փիլիպպեցիս 1։9–11; Ա Թեսաղոնիկեցիս 4։1)։ Գրություններից ու դրանց վրա հիմնված գրականությունից ջանասիրաբար օգտվելը նպաստում է հոգևոր առաջընթացին։ Քանի որ Աստված հոգ է տարել, որ իր Խոսքը առկա լինի գրավոր ձևով, նա իր երկրպագուներից ակնկալում է հնարավորին չափ գրագետ լինել։ Աստվածաշունչը հասկանալով ընթերցելը նպաստում է, որ մենք հեշտությամբ կիրառենք նրա խորհուրդը։ Իհարկե, գուցե հարկ լինի տվյալ հատվածը կարդալ ավելի քան մեկ անգամ, որպեսզի կարողանանք ամբողջությամբ հասկանալ իմաստը ու խորհրդածել դրա շուրջ (Սաղմոս 119։104; 143։5; Առակաց 4։7)։
Ամեն տարի Եհովայի ժողովուրդը ընթերցանության օգտակար նյութեր է ստանում, որոնք հարյուրավոր էջերով լույս են տեսնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» առաջնորդությամբ (Մատթէոս 24։45–47)։ Այդ գրականությունը շոշափում է ընտանեկան կյանքի, տարբեր ժողովուրդների, կրոնի, գիտության և շատ այլ թեմաներ։ Եվ որ ամենակարևորն է՝ դրանք պարունակում են սուրբգրային խորհուրդներ հոգևոր հարցերի վերաբերյալ։ Եթե ձեր երեխաները չեն կարողանում կարդալ, ապա նրանք խիստ կարևոր տեղեկություններից կզրկվեն։
Մարդկության պատմությունն իմանալը կարևոր է նրանով, որ օգնում է մեզ հասկանալ, թե ինչու Աստծո Թագավորության կարիքն ունենք։ Աշխարհագրություն իմանալը նույնպես կարևոր է։ Աստվածաշնչում բազմաթիվ երկրների մասին է խոսվում, ինչպես՝ Իսրայել, Եգիպտոս, Հունաստան։ Կարո՞ղ է ձեր երեխան քարտեզի վրա ցույց տալ դրանք։ Իսկ կարո՞ղ է ցույց տալ իր երկիրը։ Ընդունակ չլինելով կողմնորոշվել քարտեզի օգնությամբ՝ անհատը գուցե նույնիսկ դժվարությունների առջև կանգնի իրեն հատկացված տարածքում ծառայությունն իրականացնելիս (Բ Տիմոթէոս 4։5)։
Պատասխանատվություններ ժողովում
Քրիստոնյա երեցները և ծառայող օգնականները շատ պատասխանատվություններ ունեն, որոնք առնչություն ունեն կարդալու հետ։ Օրինակ՝ նրանք ելույթներ են պատրաստում ժողովի հանդիպումներին հանդես գալու համար։ Նաև նրանք գրառումներ պետք է անեն՝ գրականության ու նվիրատվությունների հետ կապված։ Առանց որոշակի կրթության՝ անհատը կդժվարանա այդ գործերը արդյունավետ ձևով կատարել։
Ամբողջ աշխարհում կան Բեթելի տներ, որտեղ կամավորներ են ծառայում։ Որպեսզի նրանք կարողանան հարկ եղած ձևով հաղորդակցվել միմյանց հետ ու կատարել իրենց պարտականությունները, ինչպես օրինակ՝ թարգմանություն և սարքավորումների վերանորոգում, նրանք պետք է ընդունակ լինեն կարդալու և գրելու այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ իրենք ապրում են։ Եթե ուզում եք, որ ձեր երեխաները մի գեղեցիկ օր նման առանձնաշնորհում ունենան, ապա հիմնականում անհրաժեշտ կլինի, որ նրանք միջնակարգ կրթություն ստանան։ Իսկ ուրիշ ի՞նչ պատճառներ կան, որ ձեր երեխան դպրոց հաճախի։
Աղքատություն և սնահավատություն
Կան պարագաներ, երբ աղքատության մեջ ապրող մարդիկ գրեթե ոչինչ ի վիճակի չեն անել իրենց վիճակը բարելավելու համար։ Սակայն որոշ դեպքերում բավարար կրթությունը կարող է օգնել նրանց և նրանց երեխաներին խուսափելու տառապանքից։ Ոչ գրագետ մարդկանցից շատ քչերն են կարողանում ինչ–որ չափով նյութական ապահովվածության հասնել։ Երեխաները և նույնիսկ ծնողները երբեմն մահանում են այն պատճառով, որ սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս նրանց բժշկական օգնություն ստանալու։ Հաճախ թերսնումից տառապում և վատ բնակարանային պայմաններում են ապրում հենց այն մարդիկ, ովքեր քիչ են սովորել կամ ընդհանրապես չեն սովորել։ Կրթություն ստանալը կամ գոնե գրել–կարդալ սովորելը կարող է ինչ–որ չափով օգնել, որ անհատը լուծի այդ խնդիրները։
Գրագետ լինելը նաև նպաստում է, որ անհատը պակաս սնահավատ լինի։ Իհարկե, սնոտիապաշտությունը տարածված է և՛ կրթված, և՛ չկրթված մարդկանց շրջանում։ Բայց կրթություն չունեցող անձինք ավելի հեշտությամբ կարող են խաբվել կամ շահագործվել, քանի որ չեն կարողանում կարդալ այնպիսի գրականություն, որտեղ մերկացվում են այդ խաբեությունները։ Հետևաբար նրանք մյուսներից ավելի սնահավատ են լինում և հավատում են, որ ոգիների միջոցով բուժումներ անող մարդիկ կարող են հրաշքով ապաքինել անհատին (Բ Օրինաց 18։10–12; Յայտնութիւն 21։8)։
Կրթությունը աշխատանք գտնելու համար չէ միայն
Շատերը կարծում են, թե կրթություն ստանալու հիմնական նպատակը դրամ վաստակելն է։ Բայց մարդիկ կան, որոնք, կրթված լինելով հանդերձ, գործազուրկ են կամ էլ չեն ստանում այնքան աշխատավարձ, որը կհերիքեր ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելուն։ Ուստի որոշ ծնողներ գուցե մտածեն, թե անիմաստ է երեխաներին դպրոց ուղարկելը։ Սակայն դպրոցը երեխային ավելին է տալիս, քան պարզապես փող աշխատելու նախապատրաստելը. դպրոցը երեխային զինում է գիտելիքներով, որոնք նրան պետք կգան ողջ կյանքում (Ժողովող 7։12)։ Եթե անհատը կարողանում է խոսել, կարդալ և գրել այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ ապրում է, ապա հաղորդակցվելը բուժաշխատողների, իշխանության ներկայացուցիչների կամ բանկի ծառայողների հետ ավելի դյուրին է դառնում և նույնիսկ՝ սովորական, ու անհատը չի վախենում նրանց հետ գործ ունենալուց։
Որոշ վայրերում երեխաներին, դեռ գրաճանաչ չդարձած, տալիս են մեկ ուրիշի, որպեսզի նրանց սովորեցնեն աղյուս շարել, ձուկ որսալ, կարուձև անել և այլն։ Արհեստ սովորելը լավ բան է, բայց եթե այդ երեխաները երբևէ դպրոց չգնան, ապա նրանք, ըստ ամենայնի, այդպես էլ ճիշտ գրել–կարդալ չեն սովորի։ Եթե նրանք նախ կրթություն ստանան և հետո արհեստ սովորեն, ապա շատ ավելի հավանական է, որ նրանք կխուսափեն շահագործումից և ավելի գոհացուցիչ կյանքով կապրեն։
Հիսուս Նազովրեցին հյուսն էր և ակներևաբար այդ արհեստը սովորել էր իր երկրային հորից՝ Հովսեփից (Մատթէոս 13։55; Մարկոս 6։3)։ Հիսուսը նաև գրագետ էր. դա կարելի է եզրակացնել այն բանից, որ նա ընդամենը 12 տարեկան հասակում, երբ տաճարում էր, կարողացավ իմաստալից մտքեր արտահայտել կրթված մարդկանց հետ զրուցելիս (Ղուկաս 2։46, 47)։ Հիսուսի դեպքում արհեստ սովորելը չխանգարեց նրան այլ կրթություն ստանալու։
Աղջիկներն է՞լ պետք է սովորեն
Երբեմն ծնողներն իրենց որդիներին դպրոց են ուղարկում, իսկ դուստրերին՝ ոչ։ Գուցե որոշ ծնողներ մտածում են, թե իրենց վրա չափից դուրս թանկ է նստում աղջիկներին ուսում տալը, և կարծում են, որ նրանք ավելի օգտակար կարող են լինել իրենց մայրերին, եթե օրն անցկացնեն տանը։ Բայց եթե աղջիկն անգրագետ լինի, դժվարություններ կունենա։ ՄԱԿ–ի մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) մի զեկուցման մեջ ասվում է. «Հետազոտությունից հետազոտություն երևում է, որ աղջիկներին ուսման տալը աղքատության կապանքները թոթափելու լավագույն ստրատեգիաներից մեկն է» («Poverty and Children։ Lessons of the 90s for Least Developed Countries»)։ Կրթված աղջիկները ավելի լավ են պատրաստված կյանքի դժվարություններին և իմաստուն որոշումներ են կայացնում՝ դրանով իսկ օգուտ բերելով ընտանիքի բոլոր անդամներին։
Երեխաների մահացության վերաբերյալ Բենինում (արևմտյան Աֆրիկա) անցկացված մի հետազոտություն ցույց տվեց, որ 1 000 անգրագետ մայրերից ծնված երեխաներից 167–ը մինչև հինգ տարեկան դառնալը մահանում է, մինչդեռ միջնակարգ կրթություն ստացած նույն թվով մայրերից ծնված երեխաներից մահանում է միայն 38–ը։ ՅՈՒՆԻՍԵՖ–ը հետևյալ եզրակացությունն է անում. «Բենինում երեխաների մահացության հարցում [մայրերի] կրթության մակարդակը վճռորոշ դեր է խաղում, և նույնը վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին»։ Ուրեմն՝ ձեր դուստրերին ուսում տալը շատ օգուտներ կարող է բերել։
Բավակա՞ն են գրաճանաչության դասընթացները
Եհովայի վկաները, որտեղ որ անհրաժեշտ է, գրաճանաչության դասընթացներ են անցկացնում ժողովի այն անդամների համար, ովքեր չեն կարողանում կարդալ։b Այս օգտակար միջոցառումը մարդկանց օգնում է սովորել կարդալ, սովորաբար՝ իրենց մայրենի լեզվով։ Կարելի՞ է ասել, որ այս դասընթացները փոխարինում են միջնակարգ կրթությանը։ Արդյոք պե՞տք է ակնկալեք, որ ձեր երեխաների համար ժողովը նման դասընթացներ կազմակերպի, նույնիսկ եթե գոյություն ունեն սովորական դպրոցներ։
Չնայած որ գրաճանաչության դասընթացների միջոցով Եհովայի վկաները ուզում են օգնել մարդկանց գրաճանաչ դառնալ, այնուամենայնիվ դրանք նախատեսված են միայն այն չափահասների համար, ովքեր երեխա ժամանակ ընդհանրապես դպրոց չեն հաճախել։ Հնարավոր է, որ նրանց ծնողները չեն գիտակցել գրագիտության կարևորությունը, կամ էլ այդ վայրերում դպրոցներ չեն եղել։ Նման անհատները կարող են հաճախել ժողովներում կազմակերպվող գրաճանաչության դասընթացներին։ Բայց դրանք չեն փոխարինում սովորական դպրոցական ուսուցմանը և չեն նախատեսված տարրական կրթություն տալու համար։ Այնտեղ չեն ուսուցանվում այնպիսի առարկաներ, ինչպիսիք են բնական գիտությունները, մաթեմատիկան և պատմությունը։ Դրանք կարելի է անցնել սովորական դպրոցներում։
Աֆրիկայում գրաճանաչության դասընթացները մեծամասամբ անց են կացվում տվյալ ցեղի լեզվով և ավելի քիչ՝ տվյալ երկրի պաշտոնական լեզվով։ Իսկ դպրոցներում ուսուցումը սովորաբար անց է կացվում պաշտոնական լեզվով։ Սա լրացուցիչ օգուտներ է տալիս երեխաներին, քանի որ պաշտոնական լեզվով ավելի շատ գրքեր ու ընթերցանության նյութեր են առկա լինում։ Թեև գրաճանաչության դասընթացները կարող են գիտելիքներ տալ երեխային ի լրումն դպրոցի տված գիտելիքների, այնուամենայնիվ դրանք չեն կարող փոխարինել դպրոցին։ Ուրեմն՝ եթե դպրոցը կարող է օգուտ տալ, չարժե՞, որ երեխան այնտեղ ուսում ստանա։
Ծնողների պատասխանատվությունը
Այն տղամարդիկ, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովի անդամների հոգևոր կարիքները բավարարելու համար, պետք է օրինակելի քրիստոնյաներ լինեն։ Նրանք պետք է «բարի վերակացու» լինեն իրենց տանը, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ (Ա Տիմոթէոս 3։4, 12)։ «Բարի վերակացու» լինելու մեջ մտնում է նաև հնարավոր ամեն բան անելը՝ օգնելու երեխաներին, որ նրանք կարողանան խուսափել ապագա անհաջողություններից։
Աստված մեծ պատասխանատվություն է տվել քրիստոնյա ծնողներին։ Նրանք պետք է իրենց երեխաներին դաստիարակեն Նրա Խոսքի համաձայն և օգնեն նրանց ‘գիտություն սիրել’ (Առակաց 12։1; 22։6; Եփեսացիս 6։4)։ Պողոս առաքյալը գրեց. «Եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար [«իր ընտանիքին», Արևմտ. Աստ.] խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթէոս 5։8)։ Ուրեմն՝ մենք էլ մեր երեխաներին պետք է ինչպես հարկն է կրթություն տանք։
Երբեմն դպրոցական համակարգը չի կարողանում անհրաժեշտ որակի կրթություն ապահովել, քանի որ դպրոցներում նախատեսվածից ավելի շատ երեխաներ են սովորում, ֆինանսավորումը վատ է կատարվում, ուսուցիչների աշխատավարձը ցածր է լինում։ Ուստի կարևոր է, որ ծնողները միշտ հետաքրքրվեն, թե դպրոցում իրենց երեխաները ինչ են սովորում։ Խելացի կլիներ ծանոթանալ ուսուցիչների հետ, հատկապես՝ յուրաքանչյուր կիսամյակի սկզբում։ Կարելի է նաև նրանցից խորհուրդ հարցնել, թե ինչպես կարող են երեխաներն ավելի լավ սովորել։ Նման վերաբերմունքի դեպքում ուսուցիչներն իրենց գնահատված կզգան ու կցանկանան ավելին անել երեխային անհրաժեշտ գիտելիքներ տալու համար։
Կրթությունը երեխայի զարգացմանը նպաստող կարևոր տարրերից է։ «Իմաստունները գանձում են գիտութիւնը»,— ասվում է Առակաց 10։14–ում։ Այս միտքը ճիշտ է առանձնապես Աստվածաշնչի գիտության վերաբերյալ։ Եհովայի ծառաները՝ երիտասարդ թե տարեց, պետք է հնարավորին չափ գիտուն լինեն, որպեսզի կարողանան մարդկանց հոգևորապես օգնել և իրենց ‘անձերը ընտիր կանգնեցնել Աստծո առաջին իբր մշակներ առանց ամոթի, որոնք ճշմարտության խոսքը ուղիղ են մատակարարում’ (Բ Տիմոթէոս 2։15; Ա Տիմոթէոս 4։15)։ Եվ այսպես, հարկ կա՞, որ ձեր երեխան դպրոց հաճախի։ Անկասկած, դուք կեզրակացնեք, որ՝ այո, չնայած որ շատ բան թերևս կախված է նրանից, թե ձեր երկրում ինչպես է իրականացվում երեխաների ուսուցումը։ Սակայն քրիստոնյա ծնողները կարիք ունեն պատասխանելու մեկ ուրիշ հարցի ևս, որն ավելի կարևոր է. «Հարկ կա՞, որ իմ երեխաները կրթված լինեն»։ Համաձայն չե՞ք, որ անկախ այն բանից, թե որտեղ եք ապրում, այս հարցին պետք է վստահորեն պատասխանեք՝ այո՛։
[ծանոթագրություններ]
a Նրանց մայրենի լեզուն կա՛մ Գալիլեայի արամերեն բարբառներից մեկն էր, կա՛մ էլ եբրայերենի բարբառներից։ Տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 1, էջ 144–146, անգլ.։ Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
b Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2000 թ. դեկտեմբերի 22–ի համարը, էջ 8, 9 (ռուս.)։
[շրջանակ/նկար 12–րդ և 13–րդ էջերի վրա]
ԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՃԱԽԵԼ ԴՊՐՈՑ
Որոշ դեպքերում հնարավոր չէ հաճախել դպրոց։ Օրինակ՝ «Refugees» հանդեսը հայտնում է, որ փախստականների ճամբարներում 5 երեխայից միայն 1–ը կարող է դպրոց հաճախել։ Ուրիշ դեպքերում էլ ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցները երկար ժամանակով փակվում են։ Նաև դպրոցները կարող են գտնվել չափազանց մեծ հեռավորության վրա կամ էլ գուցե տվյալ տարածքում ընդհանրապես դպրոց չլինի։ Եվ վերջապես, հնարավոր է, որ հալածանքի պատճառով քրիստոնյա երեխաներին հեռացնեն դպրոցից։
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին նման իրավիճակներում։ Ի՞նչ կարող եք անել, եթե մի քանի երեխա ունեք ու ապրում եք այնպիսի վայրում, որտեղ մեծ ծախսերի պատճառով չեք կարող բոլորին ուղարկել դպրոց։ Միգուցե հնարավորություն ունեք երեխաներից մեկի՞ն կամ երկուսի՞ն տեղավորել դպրոցում՝ առանց նրանց հոգևոր վիճակը վտանգի ենթարկելու։ Եթե այո, նրանք կկարողանան ձեր մյուս երեխաներին սովորեցնել այն ամենը, ինչ իրենք են սովորում դպրոցում։
Որոշ երկրներում կիրառվում է այնպիսի պրակտիկա, որը կոչվում է տնային ուսուցում.c ծնողներից մեկը օրական մի քանի ժամ իր երեխային ուսուցում է տալիս։ Նահապետական ժամանակներում ծնողները բավական հաջողությունների են հասել իրենց զավակներին կրթելու գործում։ Ակներևաբար լավ ծնողական կրթության շնորհիվ էր, որ Հակոբի որդի Հովսեփը երիտասարդ հասակում ընդունակ էր վերակացություն անել։
Այնպիսի վայրերում, ինչպիսին, օրինակ, փախստականների ճամբարն է, դժվար է երեխաներին ուսուցանել որոշակի կրթական ծրագրով։ Սակայն ծնողները կարող են որպես ուսուցման հիմք ընդունել Եհովայի վկաների հրատարակությունները։ Օրինակ՝ երեխաների համար օգտակար կարող է լինել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ «Արթնացե՛ք» պարբերագրում լույս են տեսնում հոդվածներ ամենատարբեր թեմաներով։ «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» գիրքը կարելի է օգտագործել բնագիտական առարկաների ուսուցման համար։ Իսկ Եհովայի վկաների տարեգրքերում զետեղված է լինում աշխարհի քարտեզը և պատմվում է տարբեր երկրների ու այնտեղ կատարվող քարոզչական գործունեության մասին։
Այս ձևով շատ հաջողությունների կարելի է հասնել, եթե իհարկե, ուսուցումը լավ պլանավորվի ու հարմարեցվի երեխաների ըմբռնողականության մակարդակին։ Եթե նրանք շարունակեն կարդալ ու սովորել, ապա հետագայում, դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծվելու դեպքում, ավելի հեշտությամբ կհարմարվեն սովորական դպրոցի ծրագրին։ Լինելով նախաձեռնող ու ջանասեր՝ դուք կկարողանաք օգնել ձեր երեխային բավականաչափ կրթված անձնավորություն դառնալու։ Դա ձեզ մե՜ծ ուրախություն կբերի։
[ծանոթագրություն]
c Տե՛ս «Տնային ուսուցում. ձեզ համա՞ր է» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 1993 թ. մայիսի 8–ի համարում (էջ 9–12, ռուս.)։
[նկար]
Ի՞նչ կարող եք անել, եթե ապրում եք այնպիսի վայրում, որտեղ ձեր երեխաները չեն կարող դպրոց հաճախել