Ի՞նչ կարող ենք տալ Եհովային
1 Գիտեի՞ր, որ մարդիկ կարող են որևէ բան տալ Աստծուն։ Աբելը զոհաբերել էր Եհովայի համար իր կենդանիներից ամենալավերը։ Նման զոհաբերություններ մատուցել են նաև Նոյն ու Հոբը (Ծննդ. 4։4; 8։20; Յոբ 1։5)։ Իհարկե, այդ զոհաբերությունները ոչ մի կերպ չէին հարստացնում Ստեղծչին, քանի որ նա է ամեն բանի տերը։ Սակայն դրանք վկայում էին այդ հավատարիմ մարդկանց խոր սիրո մասին, որն ունեին Աստծու նկատմամբ։ Այսօր մենք կարող ենք տալ Եհովային մեր «գովաբանության զոհը»՝ տրամադրելով մեր ժամանակը, ուժերն ու միջոցները (Եբր. 13։15)։
2 Ժամանակը։ Ծառայությանը լիարժեքորեն մասնակցելու համար ավելի քիչ կարևորություն ունեցող գործերից ժամանակ «գնելը» իսկապես գովասանքի արժանի քայլ է (Եփես. 5։15, 16)։ Հավանաբար կարող ենք փոփոխություններ մտցնել մեր գրաֆիկի մեջ, որպեսզի տարվա ընթացքում մեկ կամ մի քանի ամիսներ ծառայենք որպես ենթառահվիրա։ Նաև գուցե հնարավոր լինի սովորականից ավելի երկար ժամանակ տրամադրել ծառայությանը։ Ամեն շաբաթ 30 րոպե ավել ծառայելով՝ կկարողանանք ամսվա մեջ առնվազն երկու ժամ ավելի շատ ծառայել։
3 Ուժերը։ Որպեսզի կարողանանք բավականաչափ ուժ ունենալ ծառայելու համար, պետք է խուսափենք այնպիսի զվարճություններից և աշխատանքից, որոնք գուցե այնքան հոգնեցնեն մեզ, որ չկարողանանք տալ Եհովային մեր լավագույնը։ Մենք նաև պետք է թույլ չտանք, որ անհանգստությունները «ճնշեն» մեր սիրտը, նաև սպառեն մեր ուժերը, որոնք կարող էինք օգտագործել Աստծուն ծառայելու համար (Առակ. 12։25)։ Անգամ եթե ունենք անհանգստանալու արդարացի պատճառ, անկասկած ավելի լավ կլինի, որ «մեր հոգսն Աստծու վրա գցենք» (Սաղ. 55։22; Փիլիպ. 4։6, 7)։
4 Միջոցները։ Մենք նաև կարող ենք տալ մեր նյութական միջոցները՝ քարոզչական գործին թիկունք կանգնելու համար։ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին կանոնավորաբար «մի բան մի կողմ դնել և հավաքել», որպեսզի կարողանան օգնել կարիք ունեցողներին (1 Կորնթ. 16։1, 2)։ Նմանապես, մենք թերևս կարող ենք մի քիչ փող մի կողմ դնել, որպեսզի նվիրաբերություններ անենք տեղի ժողովի ծախսերի և համաշխարհային գործի համար։ Եհովան գնահատում է, երբ սրտանց ենք տալիս նրան, նույնիսկ եթե մեր տվածը շատ փոքր է (Ղուկ. 21։1–4)։
5 Եհովան մեզ շատ բաներ է տվել (Հակ. 1։17)։ Մենք ցույց կտանք մեր երախտագիտությունը, եթե մեր ժամանակը, ուժը և միջոցները առատաձեռնորեն տրամադրենք նրան ծառայելու համար։ Այդպես վարվելով՝ մենք կհաճեցնենք Եհովային, «որովհետև Աստված ուրախությամբ տվողին սիրում է» (2 Կորնթ. 9։7)։