Գլուխ 31
Շաբաթ օրը հասկեր են պոկում
ՇՈՒՏՈՎ Հիսուսն ու իր աշակերտները Երուսաղեմից վերադառնում են Գալիլեա։ Գարուն է։ Արտերում հասկերի վրա ցորենի հատիկներ են արդեն հայտնվել։ Աշակերտները սոված են։ Ուստի նրանք պոկում են ցորենի հասկերը և ուտում։ Բայց քանի որ օրը շաբաթ է, նրանց արարքն աննկատ չի մնում։
Այդ դեպքից քիչ առաջ Երուսաղեմում կրոնական առաջնորդները ուզում էին սպանել Հիսուսին՝ պնդելով, իբր թե նա խախտել է շաբաթը։ Այժմ փարիսեցիները նորից սկսում են ամբաստանել։ «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչը օրենքով չի թույլատրվում անել շաբաթ օրը»,— մեղադրում են նրանք։
Փարիսեցիների համար հասկ պոկելը և ուտելու համար ափի մեջ տրորելը համազոր է ցորենը հնձելուն և կալսելուն։ Նրանց հաստատած խիստ կանոնների պատճառով, թե ինչն է համարվում գործ, և ինչը՝ ոչ, մարդկանց համար շաբաթը բեռ է դարձել, մինչդեռ այն պետք է ուրախ, հոգևորապես կազդուրիչ ժամանակ լիներ։ Ուստի Հիսուսը Գրություններից օրինակներ է բերում՝ ցույց տալու համար, որ երբեք Եհովա Աստծու նպատակը չի եղել, որ շաբաթ օրվա օրենքը այդքան խիստ ձևով կիրառվի։
Հիսուսը պատմում է, որ երբ Դավիթն ու իր հետ եղող մարդիկ սովածացան, խորանը մտան և մատուցման հացերը կերան։ Այդ հացերը, որ արդեն վերցվել էին «Եհովայի առաջից» և փոխարինվել նորերով, սովորաբար վերապահվում էին քահանաների համար։ Սակայն հանգամանքների բերումով՝ Դավիթն ու իր մարդիկ այդ հացերը կերան ու չդատապարտվեցին։
Մեկ այլ օրինակ բերելով՝ Հիսուսն ասում է. «Չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում շաբաթին չեն վերաբերվում իբրև սրբազան օրվա և շարունակում են անմեղ մնալ»։ Այո, նույնիսկ շաբաթ օրը քահանաները տաճարում կենդանիներ են մորթում և ուրիշ գործեր անում անասնական զոհեր նախապատրաստելու համար։ «Բայց ասում եմ ձեզ,— ավելացնում է Հիսուսը,— որ տաճարից ավելի մեծ մի բան կա այստեղ»։
Փարիսեցիներին հանդիմանելով՝ Հիսուսն ասում է. «Եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում՝ «ես ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» խոսքերը, ապա չէիք դատապարտի անմեղներին»։ Ապա եզրակացնում է. «Քանզի մարդու Որդին շաբաթի Տերն է»։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։ Նա խոսում է իր խաղաղ Թագավորության հազարամյա իշխանության մասին։
Արդեն 6 000 տարի է, ինչ մարդկությունը տառապում է՝ գտնվելով Բանսարկու Սատանայի իշխանության տակ։ Բռնությունն ու պատերազմը այսօր սովորական երևույթ են դարձել։ Սակայն մեծ Շաբաթը՝ Քրիստոսի իշխանությունը, կլինի ամեն տեսակ տառապանքից ու ճնշումներից զերծ հանգիստ մի ժամանակաշրջան։ Մատթեոս 12։1–8; Ղեւտացոց 24։5–9; Ա Թագաւորաց 21։1–6; Թուոց 28։9; Ովսէէ 6։6։
▪ Ինչո՞ւմ են մեղադրում Հիսուսի աշակերտներին, և ինչպե՞ս է Հիսուսը պատասխանում այդ ամբաստանությանը։
▪ Փարիսեցիների ո՞ր սխալն է մատնանշում Հիսուսը։
▪ Ի՞նչ իմաստով է Հիսուսը «շաբաթի Տերը»։