Նորերին պատրաստենք հալածանքի
1 Երբ մարդը սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել և «ցանկանում է Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել», նա դառնում է Սատանայի հատուկ թիրախ (2 Տիմոթ. 3։12)։ Նրան կարող են հակառակվել գործընկերները, դասընկերները և հարևանները։ Հատկապես դժվար է լինում, երբ լավագույն մղումներից ելնելով՝ հակառակվում են հարազատները (Մատթ. 10։21; Մարկ. 3։21)։
2 Կանխագուշակված է եղել։ Նորեկին հարկավոր է բացատրել, որ ինքը հալածվելու է, և որ հալածանքը Քրիստոսի ճշմարիտ աշակերտը դառնալու ապացույց է (Հովհ. 15։20)։ Երբեմն նոր անհատը գուցե հալածվի այն պատճառով, որ ոմանք սխալ տեսակետ ունեն Եհովայի վկաների մասին։ Ասա, որ Հիսուսի հետևորդը լինելու և Աստծուն հնազանդվելու համար «անարգվելը» մեծ ուրախություն է պատճառում (Գործ. 5։27–29, 40, 41)։ Հավաստիացրու նորեկին, որ Եհովան սիրում և հոգ է տանում նրան (Սաղ. 27։10; Մարկ. 10։29, 30)։ Անարատություն պահելով՝ նա ցույց կտա, որ թիկունք է կանգնում Եհովայի գերիշխանությանը (Առակ. 27։11)։
3 Ճշգրիտ գիտելիքների դերը։ Աստվածաշունչ ուսումնասիրողին համոզիչ կերպով բացատրիր, որ, չնայած հնարավոր փորձություններին, կարևոր է շարունակել գիտելիքներ ստանալ։ Հակառակության միջոցով Սատանան փորձում է ամեն ինչ անել, որ անհատի ստացած գիտելիքները արմատներ չգցեն նրա սրտում (Առակ. 4։23; Ղուկ. 8։13)։ Նա պետք է շարունակի ճշգրիտ գիտելիքներ ստանալ Աստծու Խոսքից, որպեսզի հավատի մեջ խոր արմատներ գցի (Սաղ. 1։2, 3; Կող. 2։6, 7)։
4 Տոկունություն է անհրաժեշտ։ Ցանկացած դժվար իրավիճակում տոկունություն դրսևորելը շատ կարևոր է. այն լավ արդյունքներ է բերում (Ղուկ. 21։16–19)։ Երբ նորեկը դիմանում է հակառակությանը, օգուտներ են ստանում թե՛ ինքը, թե՛ մյուսները։ Նա անձամբ է համոզվում, որ Եհովան կարող է առատորեն օրհնել նրանց, ովքեր հավատարմորեն տոկում են (Հակ. 1։12)։
5 Պողոս առաքյալը ուրախացավ՝ տեսնելով թեսաղոնիկեցի իր եղբայրների հոգևոր աճը։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն նրանց համար, որոնցից շատերին հենց ինքը՝ առաքյալն էր օգնել ընդունելու ճշմարտությունը (2 Թեսաղ. 1։3–5)։ Նույն ուրախությունն ու բավարարվածությունը կզգանք նաև մենք, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողին պատրաստենք հալածանքի։