ԳԼՈՒԽ 32
Աստված ինչպե՞ս պաշտպանեց Հիսուսին
Եհովան երբեմն զարմանահրաշ ձևով պաշտպանում է նրանց, ովքեր փոքր են ու անօգնական։ Բնության գրկում զբոսնելիս գուցե հանդիպես նման օրինակների, բայց սկզբում հնարավոր է գլխի չընկնես, թե իրականում ինչ է տեղի ունենում։
Պատկերացրու՝ քո դիմաց մի թռչուն է վայր իջնում։ Քեզ թվում է, թե նա վնասված է. երբ փորձում ես մոտենալ, նա, թևը կախ գցած, սկսում է փախչել քեզանից։ Դու գնում ես նրա ետևից, իսկ նա շարունակում է փախչել։ Մեկ էլ հանկարծ՝ թռչում–գնում է. նրա թևը բոլորովին էլ վնասված չէր։ Գիտե՞ս, թե ինչու էր թռչունն իրեն այդպես պահում։ ~
Այն կողմերում, որտեղ դու սկզբում կանգնած էիր, թփերի մեջ գտնվում էին նրա ձագերը։ Մայր թռչունը վախեցավ, որ հանկարծ դու կգտնես նրանց ու կվնասես։ Դրա համար էլ ձևացրեց, թե ինքը վիրավոր է, որպեսզի հեռացնի քեզ այդ տեղից։ Գիտե՞ս, թե այդ մայր թռչնի նման ով կարող է պաշտպանել մեզ։ ~ Աստվածաշունչը Եհովային համեմատում է իր ձագուկներին օգնող արծվի հետ (Բ Օրինաց 32։11, 12)։
Ինչպե՞ս է այս մայր թռչունը պաշտպանում իր ձագերին
Եհովայի սիրելի Որդին՝ Հիսուսը, բոլոր երեխաներից ամենաթանկն է եղել Նրա համար։ Երբ Հիսուսը երկնքում էր, իր Հոր նման ոգեղեն զորեղ անձնավորություն էր և կարողանում էր իր մասին հոգալ։ Բայց երբ նա ծնվեց երկրի վրա որպես մարդ, անօգնական երեխա էր ու պաշտպանության կարիք ուներ։
Երկրի վրա Աստծո կամքը կատարելու համար Հիսուսը պետք է մեծանար ու հասուն մարդ դառնար։ Սակայն քանի դեռ Հիսուսը փոքր էր, Սատանան ուզում էր նրան սպանել։ Զարմանալի ձևով Եհովան փրկեց նրա կյանքը։ Կուզե՞ս իմանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ։ ~
Հիսուսի ծնվելուց կարճ ժամանակ անց Սատանան այնպես արեց, որ Արևելքում աստղի նման մի բան փայլեր։ Հետևելով աստղին՝ մի քանի աստղագուշակներ հարյուրավոր կիլոմետրեր կտրեցին–անցան և եկան Երուսաղեմ։ Այնտեղ նրանք հարցրեցին, թե որտեղ պետք է ծնվի հրեաների թագավորը։ Աստվածաշնչում գրվածին լավատեղյակ մարդիկ պատասխանեցին՝ Բեթլեհեմում (Մատթէոս 2։1–6)։
Հիսուսին այցելած աստղագուշակներին Աստված ի՞նչ զգուշացում տվեց, որն էլ փրկեց Հիսուսի կյանքը
Երբ Հերովդեսը՝ Երուսաղեմի չար թագավորը, իմացավ այն մասին, որ մոտակա Բեթլեհեմ քաղաքում նոր թագավոր է ծնվել, աստղագուշակներին ասաց. «Գնացե՛ք և գտե՛ք այդ երեխային, ապա վերադարձեք ու տեղեկացրեք ինձ»։ Ի՞նչ ես կարծում, Հերովդեսն ինչո՞ւ էր ուզում գտնել Հիսուսին։ ~ Որովհետև նախանձից դրդված՝ ուզում էր սպանել նրան։
Գիտե՞ս, թե Աստված ինչպես պաշտպանեց իր Որդուն։ ~ Այն բանից հետո, երբ աստղագուշակները գտան Հիսուսին ու տվեցին իրենց նվերները, Աստված երազի միջոցով նրանց զգուշացրեց, որ չվերադառնան Հերովդեսի մոտ։ Այդպես էլ արեցին. Երուսաղեմ գնալու փոխարեն՝ ուրիշ ճանապարհով վերադարձան տուն։ Երբ Հերովդեսը իմացավ, որ աստղագուշակները առանց իրեն տեղեկություն հաղորդելու հեռացել են, շատ բարկացավ։ Նա սպանել տվեց Բեթլեհեմում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր տղա երեխաներին՝ ցանկանալով սպանած լինել Հիսուսին։ Բայց այդ ժամանակ Հիսուսն արդեն այնտեղ չէր։
Գիտե՞ս, թե ինչու Հիսուսը Բեթլեհեմում չէր։ ~ Աստղագուշակների մեկնելուց հետո Եհովան զգուշացրել էր Մարիամի ամուսնուն՝ Հովսեփին, որ ընտանիքի հետ միասին Բեթլեհեմից փախչի Եգիպտոս։ Այնտեղ Հիսուսը հեռու կլիներ չար Հերովդեսից։ Տարիներ հետո, երբ Մարիամն ու Հովսեփը Հիսուսի հետ վերադարձան Եգիպտոսից, Աստված ևս մեկ զգուշացում տվեց Հովսեփին. երազի միջոցով պատվիրեց նրան գնալ Նազարեթ, որտեղ Հիսուսին վտանգ չէր սպառնում (Մատթէոս 2։7–23)։
Ինչպե՞ս մանուկ Հիսուսը կրկին անգամ փրկվեց
Տեսնո՞ւմ ես՝ ինչ լավ պաշտպանեց Եհովան իր Որդուն։ ~ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ կարելի է նմանեցնել թփերում թաքցված փոքրիկ ճուտիկներին կամ էլ մանուկ Հիսուսին։ Օրինակ՝ դու նման չե՞ս։ ~ Կան ոմանք, ովքեր ուզում են քեզ նույնպես վնասել։ Կուզե՞ս իմանալ, թե ովքեր։ ~
Աստվածաշունչն ասում է, որ Սատանան նման է մռնչացող առյուծի, որ ուզում է մեզ ուտել։ Եվ ինչպես առյուծն է որսում փոքր կենդանիների, այնպես էլ Սատանան ու իր դևերն են հաճախ վնաս հասցնում փոքր երեխաներին (Ա Պետրոս 5։8)։ Բայց Եհովան ավելի զորեղ է, քան Սատանան։ Եհովան կարող է պաշտպանել իր երեխաներին և թույլ չտալ, որ Սատանան նրանց վնաս հասցնի։
Այս գրքի 10–րդ գլխից մենք իմացանք, թե Սատանան ու իր դևերը ինչ քայլերի են ուզում մեզ դրդել. հիշո՞ւմ ես։ ~ Այո, նրանք ուզում են այնպես անել, որ երեխաները սեռական հարաբերություններ ունենան, ինչը Աստված արգելում է։ Հիշո՞ւմ ես, թե միայն ովքեր կարող են սեռական հարաբերություն ունենալ։ ~ Միայն հասուն մարդիկ՝ իրար հետ ամուսնացած տղամարդն ու կինը։
Սակայն ցավոք լինում են դեպքեր, երբ մեծահասակներից ոմանք ուզում են երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալ։ Երբ երեխաների հետ այդպես են վարվում, նրանք էլ սկսում են նույն իրենց սովորածը անել իրենց հասակակիցների հետ։ Նրանք սկսում են իրենց սեռական օրգանները սխալ ձևով օգտագործել։ Շատ վաղուց նման մի բան պատահեց Սոդոմ քաղաքում։ Աստվածաշունչն ասում է, որ այդ քաղաքի տղամարդիկ՝ փոքր տղայից մինչև մեծահասակը, ուզում էին սեռական հարաբերության մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր Ղովտի տուն հյուր էին եկել (Ծննդոց 19։4, 5)։
Ինչպես տեսնում ես, անհրաժեշտ է, որ դու նույնպես պաշտպանվես որոշ մեծահասակներից և նույնիսկ երեխաներից, որոնք կարող են փորձել քեզ հետ սեռական հարաբերություն ունենալ։ Այդպիսի մարդիկ կարող են ձևացնել, թե իբրև քո ընկերներն են։ Նրանք գուցե ինչ–որ բաներ քեզ խոստանան այն բանի դիմաց, որ խոսք տաս, որ ոչ ոքի չես հայտնի այն մասին, թե նրանք ինչ էին ուզում քեզ անել։ Իրականում այդ մարդիկ եսասեր են ինչպես Սատանան ու իր դևերը և մտածում են միայն իրենց սեփական հաճույքի մասին։ Եվ այդ հաճույքը նրանք ուզում են ստանալ երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալով։ Սա շատ սխա՛լ արարք է։
Գիտե՞ս, թե նրանք ինչ կարող են անել հաճույք ստանալու համար։ ~ Նրանք գուցե փորձեն շոշափել քո սեռական օրգանները կամ իրենց սեռական օրգանով դիպչել քո սեռական օրգանին։ Երբե՛ք թույլ չտաս, որ ինչ–որ մեկը խաղա քո ամոթույքի (կամ առնանդամի) հետ՝ անգամ եթե դա լինի քո հարազատ եղբայրը, քույրը, մայրը կամ հայրը։ Քո մարմնի այդ մասերը խիստ անձնական են։
Ի՞նչ պետք է ասես և անես, երբ ինչ–որ մեկը փորձում է քեզ սխալ ձևով դիպչել
Ուրեմն՝ այսպիսի մարդկանցից պաշտպանվելու համար ի՞նչ է հարկավոր անել։ ~ Առաջին հերթին՝ թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը դիպչի քո սեռական օրգաններին։ Եթե ինչ–որ մեկը փորձի նման բան անել, համարձակորեն ու բարձրաձայն ասա. «Դադարեցրո՛ւ։ Հեռո՛ւ ինձանից։ Ես խաբար կտամ»։ Եթե այդ մարդը փորձի քեզ համոզել, թե տեղի ունեցածի համար դու ես մեղավոր, մի՛ հավատա նրան։ Դա ճիշտ չէ։ Գնա՛ ու պատմի՛ր տեղի ունեցածը՝ անկախ այն բանից, թե ով է քեզ հետ այդպես վարվել։ Դրա մասին դու պետք է հայտնես նույնիսկ այն դեպքում, եթե նա ասի, թե ձեր մեջ տեղի ունեցածը գաղտնիք է, որը միայն դուք երկուսով պետք է իմանաք։ Նույնիսկ եթե նա քեզ լավ նվերներ խոստանա կամ վախեցնի, միևնույն է, դու պետք է ազատվես նրանից ու հայտնես պատահածի մասին։
Պետք չէ վախենալ, բայց հարկավոր է զգույշ լինել։ Երբ ծնողներդ զգուշացնում են քեզ խուսափել որոշ մարդկանցից կամ որոշ տեղեր գնալուց, դու պետք է լսես նրանց։ Եթե հնազանդվես ծնողներիդ, վատ մարդիկ չեն կարողանա քեզ վնաս հասցնել։
Որպեսզի իմանաս, թե ինչպես կարող ես քեզ պաշտպանել սեռական սխալ հարաբերություններից, կարդանք Ծննդոց 39։7–12; Առակաց 4։14–16; 14։15, 16; Ա Կորնթացիս 6։18 և Բ Պետրոս 2։14 համարները։