Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • od գլ. 13 էջ 130–140
  • «Ամեն բան Աստծու փառքի համար արեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ամեն բան Աստծու փառքի համար արեք»
  • Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
  • ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  • ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԱՊՐԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
  • Աստված սիրում է մաքուր մարդկանց
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Պարկեշտ ժամանց, որ թարմացնում է
    2006 Դիտարան
  • Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք
    2011 Դիտարան
  • Անձնական հիգիենա
    2008 Դիտարան
Ավելին
Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
od գլ. 13 էջ 130–140

ԳԼՈՒԽ 13

«Ամեն բան Աստծու փառքի համար արեք»

ՈՐՊԵՍ Աստծու նվիրված ծառաներ՝ մենք պետք է Եհովայի փառքն արտացոլենք մեր խոսքով ու գործով։ Այս առնչությամբ Պողոս առաքյալը մի կարևոր սկզբունք նշեց. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթ. 10։31)։ Սա նշանակում է, որ մենք պետք է հավատարիմ մնանք Աստծու արդար չափանիշներին, որոնք արտացոլում են նրա կատարյալ էությունը (Կող. 3։10)։ Լինելով սուրբ ժողովուրդ՝ մենք պետք է ընդօրինակենք Աստծուն (Եփես. 5։1, 2)։

2 Քրիստոնյաների ուշադրությունը հրավիրելով այդ կարևոր սկզբունքի վրա՝ Պետրոս առաքյալը գրեց. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք, երբ չէիք ճանաչում Աստծուն, այլ ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում, որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետ. 1։14–16)։ Ինչպես հնում էր իսրայելացիներից պահանջվում սուրբ լինել, այնպես էլ այսօր քրիստոնեական ժողովում բոլորից է պահանջվում սուրբ վարք դրսևորել։ Դա նշանակում է լինել անարատ՝ հեռու մնալով աշխարհի ոգով և մեղքով ապականվելուց։ Այո՛, քրիստոնյաներն առանձնացված են Եհովային սուրբ ծառայություն մատուցելու համար (Ելք 20։5)։

3 Սուրբ կարող ենք լինել՝ հավատարիմ մնալով Եհովայի օրենքներին ու սկզբունքներին, որոնք գրի են առնված Աստվածաշնչում (2 Տիմոթ. 3։16)։ Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը՝ մենք սովորել ենք Եհովայի ու նրա գործելակերպի մասին և այդպիսով մոտեցել նրան։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը հավաստիացրել է մեզ, որ անհրաժեշտ է նախ Աստծու Թագավորությունը փնտրել և նրա կամքն անելը մեր կյանքում առաջին տեղում դնել (Մատթ. 6։33; Հռոմ. 12։2)։ Իսկ դրա համար անհրաժեշտ է եղել հագնել նոր անձնավորությունը (Եփես. 4։22–24)։

ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

4 Միշտ չէ, որ հեշտ է ապրել մեր նվիրման համաձայն և հավատարիմ մնալ Եհովայի արդար չափանիշներին։ Մեր հակառակորդը՝ Սատանան, ուզում է հեռացնել մեզ ճշմարտությունից։ Այս աշխարհի բացասական ազդեցության և մեր մեղավոր հակումների պատճառով երբեմն դժվարությունների ենք բախվում։ Ուստի մենք պետք է հոգևոր պատերազմ մղենք։ Աստվածաշունչը հորդորում է չզարմանալ, երբ հակառակությունների կամ փորձությունների ենք բախվում։ Հանուն արդարության մենք հալածանքներ կունենանք (2 Տիմոթ. 3։12)։ Սակայն կարող ենք ուրախ լինել՝ իմանալով, որ այդպիսի փորձությունները փաստում են, որ մենք կատարում ենք Աստծու կամքը (1 Պետ. 3։14–16; 4։12, 14–16)։

5 Չնայած Հիսուսը կատարյալ էր, բայց, փորձությունների միջով անցնելով, հնազանդություն սովորեց։ Նա չտրվեց Սատանայի փորձություններին։ Բացի այդ, հրաժարվեց աշխարհային ձգտումներից (Մատթ. 4։1–11; Հովհ. 6։15)։ Հիսուսի նույնիսկ մտքով չանցավ զիջումների գնալ։ Թեև նրա հավատարիմ ընթացքը աշխարհի կողմից ատելության արժանացավ, նա միշտ հավատարիմ մնաց Եհովայի արդար չափանիշներին։ Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը նախազգուշացրեց աշակերտներին, որ աշխարհը նրանց էլ է ատելու։ Ուստի Հիսուսի հետևորդները նեղություններ են կրել, բայց, իմանալով, որ Աստծու Որդին հաղթեց աշխարհին, քաջությամբ են լցվել (Հովհ. 15։19; 16։33; 17։16)։

6 Աշխարհին հաղթելու համար մենք, մեր Տիրոջ նման, պետք է հետևենք Եհովայի արդար չափանիշներին։ Աշխարհի քաղաքական և հասարակական գործերին միջամուխ չլինելուց բացի, մենք պետք է դիմադրենք աշխարհի բարոյական առումով քայքայված չափանիշներին։ Հարկավոր է լրջորեն վերաբերվել Հակոբոս 1։21-ում գրված խորհրդին. «Մի կողմ դրեք ամեն կեղտոտ բան և այն, ինչն անօգուտ ու անպետք է, այսինքն՝ չարությունը, և հեզությամբ ընդունեք սերմանվող խոսքը, որը կարող է փրկել ձեր հոգիները»։ Անձնական ուսումնասիրություն անելով և ժողովի հանդիպումներին հաճախելով՝ մենք մեր մտքում ու սրտում կսերմանենք ճշմարտության խոսքը և չենք ցանկանա այն, ինչ առաջարկում է այս աշխարհը։ Հակոբոսը գրեց. «Մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել, Աստծու թշնամին է դառնում» (Հակ. 4։4)։ Դա է պատճառը, որ Աստվածաշունչը հորդորում է ամուր բռնել Եհովայի արդար չափանիշները և աշխարհից հեռու մնալ։

7 Աստծու Խոսքը պատվիրում է մեզ հեռու մնալ ամոթալի և անբարո վարքից։ Այնտեղ ասվում է. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց» (Եփես. 5։3)։ Ուստի մենք չպետք է մեր միտքը կենտրոնացնենք այնպիսի բաների վրա, որոնք անպարկեշտ են, ամոթալի կամ այլասերված։ Նաև չպետք է թույլ տանք, որ այդպիսի բաները ներթափանցեն մեր զրույցների մեջ։ Այդպիսով կփաստենք, որ ուզում ենք հավատարիմ մնալ Եհովայի մաքուր և արդար չափանիշներին։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

8 Հոգևոր և բարոյական մաքրություն պահպանելուց բացի, քրիստոնյաները կարևորում են նաև ֆիզիկական մաքրությունը։ Հին Իսրայելում Աստված, որ սուրբ է, պահանջում էր ճամբարը մաքուր պահել։ Մենք նույնպես պետք է ֆիզիկապես մաքուր լինենք, որպեսզի Եհովան «ոչ մի անվայել բան չտեսնի» մեր մեջ (2 Օրենք 23։14)։

9 Սերտ կապ գոյություն ունի սրբության և ֆիզիկական մաքրության միջև։ Պողոսը գրեց. «Սիրելինե՛ր.... եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթ. 7։1)։ Հետևաբար, քրիստոնյա տղամարդիկ և կանայք պետք է իրենց մարմինը մաքուր պահեն՝ կանոնավորաբար լոգանք ընդունելով և իրենց հանդերձները լվանալով։ Թեև տարբեր երկրներում պայմանները տարբեր են, սակայն քրիստոնյաները կարող են օճառ և ջուր հայթայթել ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաներին մաքուր պահելու համար։

10 Վկայություն տալու շնորհիվ մեզ սովորաբար լավ են ճանաչում մեր բնակավայրում։ Սակայն տունը թե՛ ներսից և թե՛ դրսից մաքուր ու կոկիկ պահելը նույնպես վկայություն է հարևանների համար։ Այս հարցում ընտանիքի բոլոր անդամները պետք է համագործակցեն միմյանց հետ։ Քրիստոնյա տղամարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն տանը և բակին, քանի որ խնամված այգին և բարվոք վիճակում գտնվող տունը լավ տպավորություն են թողնում մարդկանց վրա։ Ընտանիքի գլուխները գիտակցում են, որ մաքրություն պահպանելով, ինչպես նաև հոգևոր հարցերում առաջնորդություն վերցնելով՝ ցույց են տալիս, որ լավ են ղեկավարում իրենց ընտանիքը (1 Տիմոթ. 3։4, 12)։ Կանայք նույնպես տարբեր բաների մասին հոգալու հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնեն տան մաքրությանը (Տիտոս 2։4, 5)։ Բացի այդ, երեխաները կարող են թե՛ իրենց և թե՛ իրենց սենյակները մաքուր ու կոկիկ պահել։ Այդպիսով ամբողջ ընտանիքը կնպաստի մաքրության պահպանմանը, մի գործ, ինչը անելու ենք նաև նոր աշխարհում՝ Աստծու Թագավորության ներքո։

11 Այսօր Եհովայի ծառաներից շատերը ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայության գնալու համար օգտվում են մեքենաներից։ Որոշ վայրերում ծառայության համար մեքենա ունենալը անհրաժեշտություն է դարձել։ Ուստի այն նույնպես պետք է լինի մաքուր և սարքին վիճակում։ Մեր տունը և մեքենան պետք է վկայեն, որ մենք Եհովայի մաքուր և սուրբ ժողովրդի մի մասն ենք կազմում։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև մեր ծառայության պայուսակին և Աստվածաշնչին։

12 Մեր հագուստն ու հարդարանքը նույնպես պետք է ներդաշնակ լինեն Աստծու չափանիշներին։ Օրինակ՝ մենք չէինք գնա պաշտոնյայի մոտ անփույթ տեսքով կամ չափից դուրս սովորական հագուստով։ Որքան ավելի կարևոր է ուշադրություն դարձնել մեր հագուստին, երբ ներկայացնում ենք Եհովային ծառայության մեջ կամ ելույթ ենք ունենում բեմից։ Մեր հարդարանքը և հագուստի ոճը կարող են ազդել Եհովայի երկրպագության հանդեպ ուրիշների վերաբերմունքի վրա։ Ինչ խոսք, տեղին չի լինի հագնվել անպարկեշտ ձևով կամ հագուստ ընտրելիս հաշվի չառնել ուրիշների զգացմունքները (Միք. 6։8; 1 Կորնթ. 10։31–33; 1 Տիմոթ. 2։9, 10)։ Ուստի երբ պատրաստվում ենք քարոզչական ծառայության կամ հավաքվում ենք միասին երկրպագություն մատուցելու ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ, պետք է հիշենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում ֆիզիկական մաքրության և համեստ հագուկապի մասին։ Մենք միշտ ուզում ենք փառք ու պատիվ բերել Եհովային։

Որպես Աստծու նվիրված ծառաներ՝ մենք պետք է Եհովայի փառքն արտացոլենք և՛ մեր խոսքերում, և՛ գործերում

13 Նույն սկզբունքները կիրառելի են նաև այն ժամանակ, երբ այցելում ենք Եհովայի վկաների գլխավոր վարչություն կամ որևէ մասնաճյուղ։ Հիշիր, «Բեթել» բառը նշանակում է «Աստծու տուն»։ Ուստի պետք է այնպես հագնվենք, հարդարվենք և այնպիսի վարք դրսևորենք, ինչպես որ անում ենք Թագավորության սրահ գնալիս։

14 Անգամ զվարճության ձևերին մասնակցելիս հարկավոր է ուշադրություն դարձնել մեր հագուստին և հարդարանքին։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Իմ հագուկապի պատճառով կամաչե՞մ ոչ պաշտոնական վկայություն տալուց»։

ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15 Հանգստանալն ու զվարճանալը անհրաժեշտ են հավասարակշռված և առողջ կյանք վարելու համար։ Մի անգամ Հիսուսը հրավիրեց իր աշակերտներին միասին գնալ մի մեկուսի վայր՝ «մի փոքր հանգիստ առնելու» (Մարկ. 6։31)։ Հանգիստը, ինչպես նաև թարմացուցիչ զվարճությունները հաճելի փոփոխություն են մտցնում մեր կյանքում, թարմացնում են մեզ, ուժ են տալիս, որ շարունակենք կյանքի բնականոն ընթացքը։

16 Այսօր զվարճանալու շատ ձևեր կան։ Ուստի քրիստոնյաները պետք է ընտրողական լինեն և աստվածահաճո իմաստություն դրսևորեն ժամանցին վերաբերող հարցերում։ Թեև հանգիստն ունի իր տեղը, սակայն կյանքում այն ամենակարևոր բանը չէ։ Մեզ զգուշացում է տրվում, որ «վերջին օրերում» մարդիկ կլինեն «ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթ. 3։1, 4)։ Նրանք, ովքեր ցանկանում են հավատարիմ մնալ Եհովայի արդար չափանիշներին, պետք է գիտակցեն, որ զվարճության և ժամանցի ձևերի մեծ մասն անընդունելի է քրիստոնյաների համար։

17 Վաղ քրիստոնյաները պետք է հեռու մնային իրենց շրջապատող հաճոյասեր աշխարհի ազդեցությունից։ Հռոմեական կրկեսում հանդիսատեսները զվարճանում էին՝ դիտելով, թե ինչպես էին տանջվում ուրիշները։ Բռնությունը, արյունահեղությունը և սեռական անբարոյությունը այդ հասարակության զվարճություններում մեծ տեղ էին զբաղեցնում, սակայն առաջին դարի քրիստոնյաները հեռու էին մնում այդպիսի բաներից։ Ներկայիս աշխարհի զվարճությունների մեծ մասը նույնպես այդպիսին է։ Դրանց նպատակն է բավարարել մարդկանց անպատշաճ ցանկությունները։ Մենք պետք է «ամենայն ուշադրությամբ հետևենք», թե ինչպես ենք վարվում, և հեռու մնանք ապականող զվարճություններից (Եփես. 5։15, 16; Սաղ. 11։5)։ Նույնիսկ եթե զվարճությունն ինքնին ընդունելի է, անընդունելի կարող է լինել ընդհանուր միջավայրը (1 Պետ. 4։1–4)։

18 Սակայն կան զվարճության և ժամանցի օգտակար ձևեր։ Շատ քրիստոնյաներ օգուտներ են քաղել՝ հետևելով սուրբգրային խորհուրդներին և մեր հրատարակություններում տեղ գտած գործնական առաջարկներին։

19 Ժամանակ առ ժամանակ որոշ ընտանիքներ հավաքվում են միասին և վայելում միմյանց ընկերակցությունը։ Բացի այդ, եղբայրներն ու քույրերը հրավիրվում են հարսանեկան խնջույքների կամ այլ հավաքույթների (Հովհ. 2։2)։ Այդպիսի դեպքերում հրավիրողն է պատասխանատու տեղի ունեցող ամեն բանի համար։ Ուստի մեծ հավաքույթների ժամանակ հարկավոր է զգուշություն ցուցաբերել։ Այդպիսի հավաքույթների ժամանակ ազատ մթնոլորտը դրդել է ոմանց քրիստոնեական պարկեշտ վարվելաձևի սահմանն անցնելու՝ չարաշահելով ուտելիքի և խմիչքի օգտագործումը, և նույնիսկ լուրջ մեղքեր գործելու։ Այս ամենը հաշվի առնելով՝ խորաթափանց քրիստոնյաները սահմանափակ թվով մարդկանց են հրավիրում ու հավաքույթն ավարտելու ժամ են որոշում։ Եթե ալկոհոլային խմիչքներ են մատուցվում, պետք է չափավոր օգտվել (Փիլիպ. 4։5)։ Եվ եթե ամեն ջանք գործադրվի, որ հավաքույթները օգտակար և հոգևորապես թարմացնող լինեն, ապա սնունդն ու խմիչքը ամենակարևոր բանը չեն լինի։

20 Անկասկած, հյուրասեր լինելը լավ է (1 Պետ. 4։9)։ Սակայն երբ հրավիրում ենք մարդկանց ճաշկերույթի կամ մեզ հետ զվարճանալու, հանգստանալու և ընկերակցելու, լավ կլինի, որ չմոռանանք մեր ժողովում ծառայող այն անհատներին, որոնք ուշադրության կարիք ունեն, աղքատ են, նեղ դրության մեջ են (Ղուկ. 14։12–14)։ Իսկ եթե հյուր ենք, մեր վարքը պետք է համապատասխանի Մարկոս 12։31-ում արձանագրված խորհրդին։ Տեղին է միշտ երախտագիտություն հայտնել մեր հանդեպ ցուցաբերված բարության համար։

21 Քրիստոնյաները վայելում են Աստծու առատ պարգևները՝ իմանալով, որ կարող են «ուտել, խմել և բարիք տեսնել իրենց ողջ աշխատանքից» (Ժող. 3։12, 13)։ Երբ «ամեն բան Աստծու փառքի համար ենք անում», բոլորը հոգևորապես թարմանում են և լավ հիշողություններ են ունենում։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

22 Եհովայի վկաների երեխաները օգուտներ են ստանում միջնակարգ կրթությունից։ Նրանք ջանք են թափում սովորել վարժ կարդալ և գրել։ Դպրոցում ստացած կրթությունը կարող է նպաստել, որ պատանիները հասնեն իրենց հոգևոր նպատակներին։ Դպրոցական տարիներին նրանք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի «հիշեն իրենց Մեծ Արարչին»՝ առաջին տեղում դնելով հոգևորը (Ժող. 12։1)։

23 Քրիստոնյա պատանիները պետք է զգույշ լինեն, որ չմտերմանան իրենց աշխարհիկ դասընկերների հետ (2 Տիմոթ. 3։1, 2)։ Եհովան տրամադրել է անհրաժեշտ ամեն բան՝ մեզ հոգևորապես պաշտպանելու համար, ուստի օգտվելով այդ միջոցներից՝ կարող ես ամեն ինչ անել, որ հեռու մնաս աշխարհի ազդեցությունից (Սաղ. 23։4; 91։1, 2; 23։5)։

24 Աշխարհից հեռու մնալու համար պատանի Վկաներից շատերը նախընտրում են չմասնակցել արտադասարանային պարապմունքներին։ Դասընկերներն ու ուսուցիչները միշտ չէ, որ կհասկանան, թե ինչու ես այդպիսի որոշում կայացնում։ Սակայն ամենակարևորը Աստծուն հաճեցնելն է։ Դա նշանակում է, որ դու առաջնորդվում ես Աստվածաշնչով դաստիարակված քո խղճով և վճռել ես հեռու մնալ աշխարհին հատուկ մրցակցության ոգուց և ազգայնամոլությունից (Գաղ. 5։19, 26)։ Քրիստոնյա ծնողների տված սուրբգրային խորհուրդները լսելով և հավատակիցների հետ ընկերակցելով՝ դո՛ւք, պատանինե՛ր, կկարողանաք հավատարիմ մնալ Եհովայի արդար չափանիշներին։

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

25 Ընտանիքի գլուխների սուրբգրային պարտականությունն է հոգալ ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Նույնիսկ այդ դեպքում նրանք՝ որպես Աստծու ծառաներ, գիտակցում են, որ իրենց աշխատանքը, Թագավորության շահերի հետ համեմատած, երկրորդական տեղ է գրավում (Մատթ. 6։33; Հռոմ. 11։13)։ Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորելով և գոհանալով իրենց ունեցած հագուստով ու կացարանով՝ նրանք խուսափում են կյանքի մտահոգություններից ու նյութապաշտության ծուղակներից (1 Տիմոթ. 6։6–10)։

26 Բոլոր նվիրված քրիստոնյաները, ովքեր աշխատում են, պետք է միշտ իրենց մտքում պահեն սուրբգրային սկզբունքները։ Ազնիվ կերպով ապրուստ հայթայթել նշանակում է չանել այնպիսի աշխատանք, որն անելով կխախտենք Աստծու կամ տվյալ երկրի օրենքը (Հռոմ. 13։1, 2; 1 Կորնթ. 6։9, 10)։ Նաև անհրաժեշտ է հիշել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վատ ընկերակցությունը։ Որպես Քրիստոսի զինվորներ՝ մենք զգուշանում ենք առևտրի բնագավառում այնպիսի գործունեություն ծավալելուց, որը կհակասի քրիստոնեական չափանիշներին, կստիպի մեզ զիջումների գնալ չեզոքության հարցում կամ կվտանգի մեր հոգևորը (Ես. 2։4; 2 Տիմոթ. 2։4)։ Բացի այդ, մենք չենք առնչվում «Մեծ Բաբելոնի»՝ Աստծու թշնամու հետ (Հայտն. 18։2, 4; 2 Կորնթ. 6։14–17)։

27 Եթե ապրում ենք Աստծու արդար չափանիշներով, ապա քրիստոնեական հանդիպումները չենք օգտագործի անձնական կամ աշխատանքային շահերն առաջ տանելու համար։ Ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ մեր հավատակիցների հետ ընկերակցելու նպատակը բացառապես Եհովային երկրպագություն մատուցելն է։ Մենք օգտվում ենք նրա հոգևոր սեղանից և «փոխադարձ քաջալերություն» ենք վայելում (Հռոմ. 1։11, 12; Եբր. 10։24, 25)։ Այդպիսի ընկերակցության հիմքում հոգևոր արժեքներն են ընկած։

ԱՊՐԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

28 Եհովան պահանջում է նաև, որ իր ծառաները «պահպանեն ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ Ուստի յուրաքանչյուրը ձգտում է հաճեցնել ոչ թե իրեն, այլ դիմացինին (1 Թեսաղ. 5։15)։ Ընկերակցելով քրիստոնեական ժողովի հետ՝ դու, անկասկած, նկատել ես, որ քարոզիչներն այդպիսի ոգի են դրսևորում։ Անկախ այն բանից, թե ինչ ռասայից ենք, ազգությունից, հասարակական խավից, տնտեսապես ինչ վիճակում ենք կամ ինչ կրթություն ունենք, բոլորս առաջնորդվում ենք միևնույն արդար չափանիշներով։ Նույնիսկ ուրիշներն են նկատել Եհովայի վկաներին բնորոշ այս առանձնահատկությունը (1 Պետ. 2։12)։

29 Շեշտելով, թե ինչու է միասնությունը կարևոր՝ Պողոս առաքյալը գրեց. «Մեկ մարմին կա և մեկ ոգի, ինչպեսև կա մեկ հույս, դեպի որը դուք կանչվել եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված՝ բոլորի Հայրը, որն ամենքի վրա է և գործում է ամենքի միջոցով և ամենքի մեջ» (Եփես. 4։4–6)։ Այս խոսքերը մղում են մեզ միասնական լինելու Աստվածաշնչի հիմնական, ինչպես նաև խոր ուսմունքները հասկանալու հարցում, ինչով ցույց ենք տալիս, որ ընդունում ենք Եհովայի գերիշխանությունը։ Իսկապես, Եհովան իր ծառաներին տվել է ճշմարտության մաքուր լեզու, որը հնարավորություն է տալիս նրանց ուս ուսի ծառայելու (Սոփ. 3։9)։

30 Այսօր քրիստոնեական ժողովի միասնությունն ու խաղաղությունը թարմության աղբյուր են Եհովայի բոլոր երկրպագուների համար։ Մենք տեսնում ենք Եհովայի հետևյալ խոստման կատարումը. «Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում» (Միք. 2։12)։ Ուստի ցանկանում ենք պահպանել այդ խաղաղությունն ու միասնությունը՝ հետևելով Եհովայի արդար չափանիշներին։

31 Երջանիկ են նրանք, ովքեր գտնվում են Եհովայի մաքուր ժողովում։ Եհովայի անունը կրելու համար արժե գնալ ցանկացած զոհողության։ Մինչ պահպանում ենք մեր թանկագին փոխհարաբերությունները Եհովայի հետ, թող որ ամբողջ ուժով ձգտենք հավատարիմ մնալ նրա արդար չափանիշներին և ուրիշներին էլ օգնենք այդպես վարվելու (2 Կորնթ. 3։18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը