ՀԱՐՑԵՐ ՄԿՐՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մաս 2։ Քրիստոնեավայել ապրելակերպ
Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ դու սովորեցիր, թե ինչ է Եհովան ակնկալում քեզանից, և թե ինչպես կարող ես համապատասխանել նրա արդար չափանիշներին։ Վարվելով սովորածիդ համաձայն՝ դու հավանաբար զգալի փոփոխություններ ես կատարել քո վարքի մեջ, ինչպես նաև փոխել կյանքի հանդեպ քո վերաբերմունքը։ Իսկ հիմա, երբ վճռել ես ապրել Եհովայի արդար չափանիշներով, կարող ես ընդունելի ծառայություն մատուցել նրան որպես բարի լուրի քարոզիչ։ Ներքոհիշյալ հարցերի քննարկումը կօգնի մտքումդ վառ պահելու Եհովայի արդար չափանիշները։ Դու նաև կհիշես, թե ինչ է հարկավոր անել Աստծու հավանությունը ունեցող ծառա լինելու համար։ Բացի այդ, կհասկանաս, թե որքան կարևոր է ամեն բան անել մաքուր խիղճ ունենալու և Եհովային պատվելու համար (2 Կորնթ. 1։12; 1 Տիմոթ. 1։19; 1 Պետ. 3։16, 21)։ Եթե հասել ես ուսումնասիրության այս փուլին, ուրեմն անկասկած ցանկանում ես հնազանդվել Եհովայի իշխանությանը և լինել նրա կազմակերպության մի մասը։ Այս հարցերը և սուրբգրային համարները կօգնեն քեզ ինքնաքննություն անելու և տեսնելու, թե որքան լավ ես հասկանում ժողովում, ընտանիքում, ինչպես նաև այս համակարգում քաղաքական տարրերին հնազանդվելու վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը։ Դու, ինչ խոսք, կխորացնես քո գնահատանքը Եհովայի տրամադրած միջոցների հանդեպ, որոնցով նա հոգևորապես կրթում և կերտում է իր ժողովրդին։ Դրանցից են ժողովի հանդիպումները, որոնց դու կցանկանաս հաճախել ու մասնակցել քո հանգամանքների սահմաններում։ Բացի այդ, այս բաժնում կքննարկենք, թե որքան կարևոր է կանոնավորաբար մասնակցել Թագավորության մասին քարոզելու գործին, օգնել ուրիշներին ճանաչել Եհովային և իմանալ, թե ինչ է նա անում մարդկության համար (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Եվ ի վերջո, այս բաժնի քննարկման արդյունքում քո մտքում կդաջվի Եհովա Աստծուն նվիրվելու և մկրտվելու կարևորությունը։ Կարող ես վստահ լինել, որ Եհովան գնահատում է քո անկեղծ արձագանքը իր սիրառատ բարության նկատմամբ, որը նա դրսևորում է քո հանդեպ։
1. Ամուսնության վերաբերյալ ո՞րն է քրիստոնեական չափանիշը։ Ո՞րն է ամուսնալուծվելու համար միակ սուրբգրային հիմքը։
• «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի.... Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։4–6, 9)։
2. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ որպես ամուսին և կին միասին ապրող զույգը ամուսնացած լինի համաձայն օրենքի։ Եթե ամուսնացած ես, ձեր ամուսնական միությունը օրինական և պետական մարմինների կողմից գրանցվա՞ծ է։
• «Շարունակիր հիշեցնել նրանց, որ հպատակվեն և հնազանդվեն կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1)։
• «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբր. 13։4)։
3. Ո՞րն է քո դերը ընտանիքում։
• «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակ. 1։8)։
• «Ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է.... Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը» (Եփես. 5։23, 25)։
• «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։
• «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը» (Կող. 3։20)։
• «Դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին» (1 Պետ. 3։1)։
4. Ինչո՞ւ պետք է թանկ համարենք կյանքը։
• «[Աստված] բոլոր մարդկանց տալիս է կյանք, շունչ և ամեն բան.... Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործ. 17։25, 28)։
5. Ինչո՞ւ չպետք է սպանենք որևէ մեկի, այդ թվում՝ չծնված երեխայի։
• «Եթե տղամարդիկ իրար հետ կռիվ անեն ու հղի կնոջ հարվածեն, և.... եթե մահացու դեպք լինի, ուրեմն հոգու դիմաց հոգի պիտի տաս» (Ելք 21։22, 23)։
• «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին, թեև դրանցից դեռ մեկն էլ չկար» (Սաղ. 139։16)։
• «Եհովան ատում է.... անմեղ արյուն թափող ձեռքեր» (Առակ. 6։16, 17)։
6. Ո՞րն է արյան վերաբերյալ Աստծու պատվերը։
• «Հեռու մնալ.... արյունից [և] խեղդված կենդանիներից» (Գործ. 15։29)։
7. Ինչո՞ւ պետք է սիրենք մեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։
• «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։
8. Վարակիչ կամ մահացու հիվանդությունով ուրիշներին չվարակելու համար ա) վարակված անհատը ինչո՞ւ չպետք է գուրգուրանք ցույց տա, օրինակ՝ ողջագուրվի ուրիշների հետ կամ համբուրի նրանց։ բ) Ինչո՞ւ չպետք է բացասականորեն արձագանքի, երբ ոմանք չհրավիրեն իրենց տուն։ գ) Ինչո՞ւ պետք է այն անհատը, ով ինչ-որ կերպ առնչվել է վարակի աղբյուրի հետ, հոժարակամորեն ցանկանա արյան անալիզ հանձնել նախքան հակառակ սեռի անհատի հետ մտերմություն սկսելը։ դ) Վարակիչ հիվանդություն ունեցող անհատը ինչո՞ւ պետք է նախքան մկրտվելը այդ մասին տեղյակ պահի երեցների խորհրդի կոորդինատորին։
• «Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք, բացի իրար սիրելուց.... «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Սերը մերձավորի հանդեպ չարիք չի գործում» (Հռոմ. 13։8–10)։
• «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։4)։
9. Ինչո՞ւ է Եհովան ակնկալում, որ ներենք ուրիշներին։
• «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կող. 3։13)։
10. Ի՞նչ պետք է անես, եթե մի եղբայր զրպարտում է քեզ կամ խարդախությամբ է վարվում քո հանդեպ։
• «Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը։ Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով ամեն բան հաստատվի։ Եթե նրանց էլ չլսի, ասա ժողովին։ Իսկ եթե ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի և հարկահավաք» (Մատթ. 18։15–17)։
11. Եհովան ի՞նչ տեսակետ ունի հետևյալ մեղքերի վերաբերյալ.
▪ սեռական անբարոյություն
▪ պատկերների գործածությունը երկրպագության մեջ
▪ համասեռամոլություն
▪ գողություն
▪ խաղամոլություն
▪ հարբեցողություն
• «Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթ. 6։9, 10)։
12. Հաշվի առնելով Եհովայի տեսակետը սեռական անբարոյության վերաբերյալ, որը ներառում է արտամուսնական տարբեր բնույթի սեռական գործողություններ, ի՞նչ ես վճռել անել։
• «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթ. 6։18)։
13. Ինչո՞ւ պետք է խուսափենք կախվածություն առաջացնող կամ անհատի ուղեղի վրա ազդեցություն գործող թմրանյութերի ոչ բժշկական գործածությունից։
• «Ձեր մարմինները ներկայացնեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ։ Եվ այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։1, 2)։
14. Որո՞նք են այն դիվային գործերից մի քանիսը, որ Աստված արգելում է անել։
• «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18։10, 11)։
15. Եթե անհատը լուրջ մեղք է գործում և ցանկանում է վերագտնել Եհովայի բարեհաճությունը, ի՞նչ պետք է անմիջապես անի։
• «Մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի։ Ասացի. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային»» (Սաղ. 32։5)։
• «Ձեզանից որևէ մեկը հիվա՞նդ է։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին, և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան։ Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հակ. 5։14, 15)։
16. Ի՞նչ պետք է անես, եթե իմացել ես, որ հավատակիցդ լուրջ մեղք է գործել։
• «Եթե որևէ մեկը մեղք գործի այն բանում, որ հրապարակորեն ասված անեծք լսելով՝ չտեղեկացնի այն, ինչին վկա է եղել, ինչը տեսել է կամ ինչի մասին իմացել է, ապա պետք է պատասխան տա իր հանցանքի համար» (Ղևտ. 5։1)։
17. Եթե հայտարարվում է, որ ինչ-որ մեկը այլևս Եհովայի վկա չէ, ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրան։
• «Այլևս շփում չունենաք այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք» (1 Կորնթ. 5։11)։
• «Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու չի բերում այս ուսմունքը, երբեք նրան ձեր տուն մի՛ ընդունեք և ողջույնի խոսք մի՛ ասեք նրան» (2 Հովհ. 10)։
18. Ինչո՞ւ պետք է մտերիմ ընկերներ ընտրես այն մարդկանցից, ովքեր սիրում են Եհովային։
• «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակ. 13։20)։
• «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։
19. Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքական հարցերում չեզոք։
• «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ [Հիսուսը] աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։16)։
20. Ինչո՞ւ պետք է հնազանդվես պետությանը։
• «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին, որովհետև չկա մի իշխանություն, որ Աստծուց չլինի։ Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում» (Հռոմ. 13։1)։
21. Ինչպես կվարվե՞ս, եթե մարդկային օրենքը հակասի Աստծու օրենքին։
• «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։
22. Աշխատանք ընտրելիս ո՞ր սուրբգրային համարները կարող են օգնել քեզ չլինելու աշխարհի մի մասը։
• «Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Միք. 4։3)։
• «Դո՛ւրս եկ նրա [Մեծ Բաբելոնի] միջից, ի՛մ ժողովուրդ, որ մասնակից չլինես նրա մեղքերին և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան» (Հայտն. 18։4)։
23. Ինչպիսի՞ զվարճություններ ու հանգստի ձևեր կընտրես և ինչպիսի՞ք կմերժես։
• «Եհովան.... բռնություն սիրողին ատում է» (Սաղ. 11։5)։
• «Զզվեք չարից, բարուն կառչեք» (Հռոմ. 12։9)։
• «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպ. 4։8)։
24. Եհովայի վկաները ինչո՞ւ այլ կրոնական խմբերի հետ երկրպագություն չեն անում։
• «Չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ դևերի սեղանից» (1 Կորնթ. 10։21)։
• ««Զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք», «և ես կընդունեմ ձեզ»» (2 Կորնթ. 6։17)։
25. Ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ որոշելու՝ մասնակցել տվյալ տոնակատարությանը, թե ոչ։
• «Այլ ազգերի հետ խառնվեցին և նրանց գործերը սովորեցին։ Նրանց կուռքերին ծառայեցին, որոնք ծուղակ եղան իրենց համար» (Սաղ. 106։35, 36)։
• «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժող. 9։5)։
• «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։16)։
• «Բավական է, ինչքան ժամանակ որ անցյալում ազգերի կամքը կատարեցիք, երբ տրվել էիք անառակ վարքին, կրքերին, չափից շատ գինի խմելուն, խրախճանքներին, խմելու մրցումներին և անօրեն կռապաշտությանը» (1 Պետ. 4։3)։
26. Աստվածաշնչյան օրինակները ինչպե՞ս են օգնում քեզ որոշելու՝ նշել ծննդյան տոները, թե ոչ։
• «Երրորդ օրը փարավոնի ծննդյան տարեդարձն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու նրանց աչքի առաջ ազատ արձակեց գլխավոր գինեմատույցին և գլխավոր հացագործին։ Այսպիսով՝ գլխավոր գինեմատույցին նա դարձյալ նշանակեց գինեմատույցի իր պաշտոնին.... Բայց գլխավոր հացագործին նա կախաղան հանեց» (Ծննդ. 40։20–22)
• «Երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան հաճելի եղավ Հերովդեսին, որ նա երդվեց նրան տալ այն ամենը, ինչ որ նա խնդրի։ Նա էլ, իր մորից խրատված լինելով, ասաց նրան. «Սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը տուր»։ Նա մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց» (Մատթ. 14։6–8, 10)։
27. Ինչո՞ւ ես ցանկանում հետևել երեցների տված առաջնորդությանը։
• «Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17)։
28. Ինչո՞ւ է կարևոր, որ դու և քո ընտանիքի անդամները կանոնավորաբար ժամանակ հատկացնեք Աստվածաշնչի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը։
• «Նրա ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է, և գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում։ Նա նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի, որն իր պտուղը տալիս է իր ժամանակին, և որի տերևները չեն թառամում։ Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղ. 1։2, 3)։
29. Ինչո՞ւ ես սիրում հաճախել և մասնակցել քրիստոնեական հանդիպումներին։
• «Ես կհռչակեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովի մեջ քեզ կգովաբանեմ» (Սաղ. 22։22)։
• «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։
30. Ո՞րն է Հիսուսի հանձնարարած ամենակարևոր գործը։
• «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։
31. Երբ Թագավորության գործի համար նվիրաբերություն ենք անում կամ օգնում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ի՞նչ մտավիճակով պետք է անենք դա, որպեսզի հաճեցնենք Եհովային։
• «Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով» (Առակ. 3։9)։
• «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթ. 9։7)։
32. Քրիստոնյաները գիտակցում են, որ ի՞նչ դժվարությունների կբախվեն։
• «Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։10–12)։
33. Ինչո՞ւ է մկրտվելը ու Եհովայի վկա դառնալը առանձնահատուկ պատիվ։
• «Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա, Զորքերի՛ Աստված» (Երեմ. 15։16)։