-
Ո՞վ է նրանց առաջնորդը2015 Եհովայի վկաների տարեգիրք
-
-
Դոնալդ Նոուիլսը միսիոներների հեռանալուց հետո նշանակվեց վերահսկելու մասնաճյուղի աշխատանքները։ Այդ ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր և չորս տարվա մկրտված։ Թեև մի ամիս ծառայել էր շրջանային վերակացու, սակայն այն, ինչ պետք է աներ մասնաճյուղում, բոլորովին անծանոթ էր իրեն։ Եղբայր Նոուիլսը մի համեստ աշխատասենյակ ուներ իր տանը, որը կառուցված էր փայտից ու երկաթյա թիթեղից, իսկ հատակը հող էր։ Այն գտնվում էր Սիուդադ Տրուխիլիոյի շատ վտանգավոր թաղամասում՝ Գուալեում։ Ֆելիքս Մարտեի օգնությամբ նա պետք է պատճեներ «Դիտարանները» ամբողջ երկրի քարոզիչների համար։
1958-ի պատճենահանված «Դիտարան»
Մարի Գլասը, ում ամուսինը՝ Էնրիկեն, այդ ժամանակ բանտում էր, օգնում էր եղբայր Նոուիլսին։ Նա պատմում է. «Ժամը 5-ին՝ աշխատանքից հետո, գնում էի եղբայր Նոուիլսի աշխատասենյակ՝ «Դիտարանը» տպելու, հետո եղբայր Նոուիլսը միմիոգրաֆի ապարատով պատճենում էր դրանք։ Այնուհետև Սանտյագոյից մի քույր, որի գաղտնանունը «հրեշտակ» էինք դրել, պատճենահանված ամսագրերը դնում էր ձեթի մոտ 20-լիտրանոց մետաղյա տարայի մեջ՝ ամենաներքևում։ Խնամքով այն ծածկելուց հետո վրան դնում էր արմատապտուղներ՝ մանիոկա, կարտոֆիլ կամ տարո, որոնց վրա պարկի կտոր էր գցում։ Հետո նա հանրային տրանսպորտով ուղևորվում էր դեպի հյուսիս՝ ճանապարհին մեկական օրինակ թողնելով ամեն մի ժողովում։ Ժողովի ընտանիքները հերթով իրար էին փոխանցում այն, որպեսզի բոլորը կարողանան միասին ուսումնասիրել։
Մարին պատմում է. «Մենք պետք է շատ զգույշ լինեինք, քանի որ փողոցներում շրջում էին գաղտնի գործակալներ, ովքեր ուզում էին բացահայտել, թե որտեղ է տպվում «Դիտարանը»։ Դա նրանց երբեք չհաջողվեց, քանի որ Եհովան միշտ պաշտպանում էր մեզ»։
-
-
Ձերբակալվելու վտանգ2015 Եհովայի վկաների տարեգիրք
-
-
ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալվելու վտանգ
«Զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես»
Անչափ կարևոր էր, որ արգելքի տարիներին Եհովայի հավատարիմ ծառաները շարունակեին ստանալ հոգևոր կերակուր, թեև այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակը շատ վտանգավոր էր ճշմարիտ քրիստոնյաների համար. այդ ընթացքում շատ եղբայրներ ձերբակալվեցին և մի քանի անգամ տարբեր ժամկետներով ազատազրկվեցին։
«1953 թ. էր, երբ ես իմացա ճշմարտությունը,— պատմում է Խուանիտա Բորգեսը։— Ես շատ լավ գիտեի, որ Եհովայի վկա դառնալով՝ կանգնում եմ ձերբակալվելու վտանգի առաջ։ Եվ այդ օրը եկավ։ 1958 թ. նոյեմբերին, երբ այցելել էի քույր Էնեիդա Սուարեսին, ոստիկանության գաղտնի ծառայության աշխատակիցները եկան ու ձերբակալեցին մեզ՝ մեղադրելով հանդիպում անցկացնելու մեջ։ Մենք դատապարտվեցինք երեք ամսվա ազատազրկման և ստիպված եղանք վճարել 100-ական պեսո տուգանք, որն այն ժամանակ համարժեք էր 100 ԱՄՆ դոլարին։
Ոստիկանության գաղտնի ծառայությունները ունեին մեր եղբայրների ու քույրերի բոլոր տվյալները։
Իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի Եհովայի վկաները այլևս հանդիպումներ չանցկացնեն, սակայն դա չէր ընկճում եղբայրներին։ Այնուամենայնիվ նրանք պետք է լինեին «զգույշ.... օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես» (Մատթ. 10։16)։ Անդրեա Ալմանսարը պատմում է. «Ժողովի հանդիպման մենք գալիս էինք տարբեր ժամերի, իսկ ժողովից հետո հաճախ տուն էինք գնում ուշ գիշերին, որպեսզի կասկածի տեղիք չտայինք»։
Խերեմիաս Գլասը, ով ծնվել էր այն ժամանակ, երբ իր հայրը՝ Լեոնը, բանտում էր, քարոզիչ դարձավ 1957 թ.-ին՝ յոթ տարեկանում։ Նա հիշում է այն գաղտնի հանդիպումները, որոնք անցկացվում էին իրենց տանը, ինչպես նաև նախազգուշական քայլերը, որ ձեռնարկվում էին չբռնվելու համար. «Բոլոր ներկաները ստանում էին ստվարաթղթե մի քարտ, որի վրա թիվ էր գրված։ Այդ թիվը ցույց էր տալիս հանդիպման վայրից հեռանալու հերթականությունը։ Ժողովից հետո հորս հանձնարարությամբ կանգնում էի դռան մոտ, ստուգում էի հեռացողների քարտերը, և նրանց երկու-երկու ուղարկում տարբեր ուղղություններով»։
Զգուշության մեկ այլ քայլ էր նաև այն, որ հանդիպումները ծրագրվում էին այն ժամերին, երբ բռնվելու հավանականությունը ավելի քիչ էր։ Օրինակ՝ Մերսեդես Գարսիան ճշմարտությունն իմացել էր իր քեռուց՝ Պաբլո Գոնսալեսից։ Նա ընդամենը յոթ տարեկան էր, երբ մահացավ իր մայրը, իսկ հայրն այդ ժամանակ բանտարկված էր։ Նա և իր ինը քույրերն ու եղբայրները մնացին առանց ծնողական հոգատարության։ Մերսեդեսը մկրտվեց 1959թ.-ին ինը տարեկան հասակում։ Մկրտության ելույթն արվեց եղբայրներից մեկի տանը գիշերվա ժամը 3։30, որպեսզի ոստիկանությունը չիմանա։ Մկրտությունն արվեց Օզամա գետում, որը հոսում է մայրաքաղաքի միջով։ Մերսեդեսը պատմում է. «Մենք տուն վերադարձանք 5։30, երբ հարևանները նոր-նոր արթնանում էին»։
-