Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr17 փետրվար էջ 2
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
  • Ենթավերնագրեր
  • Փետրվարի 6–12
  • ՓԵՏՐՎԱՐԻ 20–26
  • ՓԵՏՐՎԱՐԻ 27–ՄԱՐՏԻ 5
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
mwbr17 փետրվար էջ 2

«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները

Փետրվարի 6–12

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 47–51

«Եհովային հնազանդվելը օրհնություններ է բերում»

ip-2, էջ 131, պրբ. 18

Եհովան մեզ սովորեցնում է մեր օգտի համար

«Ուշադրություն դարձրու իմ պատվիրաններին»

18 Եհովայի ոգուց ներշնչված՝ մարգարեն հայտարարում է. «Գերիշխան Տեր Եհովան ուղարկել է ինձ և իր ոգին։ Այսպես է ասում Եհովան՝ քեզ Փրկագնողը՝ Իսրայելի Սուրբը. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։16բ, 17)։ Եհովայի այս խոսքերը, որոնք արտահայտում են նրա սերն ու հոգատարությունը, պետք է իսրայելացիներին հավաստիացնեն, որ Աստված նրանց ազատագրելու է Բաբելոնից։ Նա նրանց Փրկագնողն է (Եսայիա 54։5)։ Եհովան սրտանց ցանկանում է, որ իսրայելացիները վերականգնեն իր հետ ունեցած փոխհարաբերությունները և ուշադրություն դարձնեն իր պատվիրաններին։ Դրանց հնազանդվելը ճշմարիտ երկրպագության հիմքն է։ Իսրայելացիները չեն կարողանա ճիշտ ուղով քայլել, եթե նրանց չսովորեցնեն այն ճանապարհը, որով պիտի գնան։

ip-2, էջ 131, պրբ. 19

Եհովան մեզ սովորեցնում է մեր օգտի համար

19 Եհովան գեղեցիկ խոսքերով արտահայտում է իր ցանկությունը, որ իր ժողովուրդը փորձանքի մեջ չընկնի և վայելի կյանքը. «Օ՜, եթե միայն ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։18)։ Ինչպիսի՜ ջերմությամբ է ամենակարող Ստեղծիչը դիմում իր ժողովրդին (2 Օրենք 5։29; Սաղմոս 81։13)։ Գերեվարվելու փոխարեն՝ իսրայելացիները կարող են խաղաղություն վայելել, որն այնքան առատ կլինի, որքան գետում հոսող ջուրը (Սաղմոս 119։165)։ Նրանց արդար գործերը կարող են անհաշիվ լինել, ինչպես ծովի ալիքները (Ամոս 5։24)։ Եհովան իսկապես հետաքրքրված է իսրայելացիներով, ուստի կոչով դիմում է նրանց՝ սիրով ցույց տալով այն ճանապարհը, որով պիտի գնան։ Օ՜, եթե միայն նրանք ականջ դնեն։

ip-2, էջ 132, պրբ. 20, 21

Եհովան մեզ սովորեցնում է մեր օգտի համար

20 Իսրայելացիները ի՞նչ օրհնություններ կստանային, եթե զղջային։ Եհովան ասում է. «Քո սերունդը ավազի պես շատ կդառնար, և քո հետնորդները, որոնք առաջ կգան քեզանից, ավազահատիկների պես շատ կլինեին։ Քո անունը չէր վերանա ու բնաջինջ չէր լինի իմ առաջից» (Եսայիա 48։19)։ Եհովան ժողովրդին հիշեցնում է իր խոստումը, որ Աբրահամի սերունդը շատանալու էր «երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ» (Ծննդոց 22։17; 32։12)։ Սակայն Աբրահամի այս հետնորդները ապստամբեցին և կորցրին այդ խոստացված օրհնությունը ստանալու իրավունքը։ Նրանք այնքան վատ բաներ են արել, որ Եհովայի օրենքի համաձայն՝ արժանի են, որ իրենց՝ որպես ազգի անունը վերանա (2 Օրենք 28։45)։ Այդուհանդերձ, Եհովան չի ցանկանում, որ իր ժողովուրդը բնաջինջ լինի, և չի ուզում լիովին լքել նրան։

21 Այս ազդեցիկ խոսքերում պարփակված սկզբունքները վերաբերում են նաև Աստծու ներկայիս ծառաներին։ Եհովան կյանքի Աղբյուրն է և բոլորից ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է ապրենք (Սաղմոս 36։9)։ Նա մեզ առաջնորդություն է տալիս ոչ թե մեզ ուրախությունից զրկելու, այլ մեզ օգնելու համար։ Ի պատասխան՝ ճշմարիտ քրիստոնյաները ձգտում են Եհովայից կրթվել (Միքիա 4։2)։ Աստծու պատվիրանները մեզ պաշտպանում են հոգևորապես, պահպանում են նրա հետ մեր ունեցած փոխհարաբերությունները և զերծ են պահում Սատանայի ապականիչ ազդեցությունից։ Եթե գնահատում ենք Աստծու օրենքների հիմքում ընկած սկզբունքները, տեսնում ենք, որ Եհովան մեզ սովորեցնում է մեր օգտի համար։ Հասկանում ենք, որ «նրա պատվիրանները ծանր չեն»։ Եվ եթե պահենք դրանք, չենք կործանվի (1 Հովհաննես 2։17; 5։3)։

ՓԵՏՐՎԱՐԻ 20–26

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 58–62

«Հռչակվում է Եհովայի բարեհաճության տարին»

ip-2, էջ 322, պրբ. 4

Սիոնում արդարություն է աճում

«Բարեհաճության տարին»

4 Եսայիան գրում է. «Գերիշխան Տեր Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև Եհովան օծել է ինձ, որ հեզերին բարի լուր հայտնեմ։ Նա ուղարկել է ինձ, որ կոտրված սրտերին վիրակապ դնեմ, հռչակեմ, որ գերիներն ազատ են արձակվելու, և բանտարկյալների աչքերը բացվելու են» (Եսայիա 61։1)։ Ո՞ւմ է հանձնարարվում բարի լուր հռչակել։ Առաջին դեպքում հավանաբար Եսայիային, որը, Աստծուց ներշնչված, բարի լուր է գրի առնում Բաբելոնում գտնվող գերիների համար։ Սակայն Հիսուսը ասաց, որ Եսայիայի խոսքերը վերաբերում են իրեն, և դրանով ցույց տվեց, թե որն է այս մարգարեության գլխավոր կատարումը (Ղուկաս 4։16–21)։ Այո՛, Հիսուսը ուղարկվեց, որ հեզերին բարի լուր հայտնի։ Այդ հանձնարարությունը կատարելու համար նա իր մկրտության ժամանակ օծվեց սուրբ ոգով (Մատթեոս 3։16, 17)։

ip-2, էջ 326, 327, պրբ. 13–15

Սիոնում արդարություն է աճում

13 Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից սկսած՝ Աստված իր նոր ազգի՝ «Աստծու Իսրայելի» հոգևոր տիրույթում «արդարության մեծ ծառեր» տնկեց. դրանք օծյալ քաջ քրիստոնյաներն են (Գաղատացիներ 6։16)։ Դարերի ընթացքում այս «ծառերի» թիվը հասնելու էր 144 000-ի։ Նրանք արդար պտուղներ են բերում, որոնք զարդարում են կամ այլ կերպ ասած՝ փառք են բերում Եհովա Աստծուն (Հայտնություն 14։3)։ Այս վեհասլաց «ծառերից» վերջինները փարթամորեն աճում են՝ սկսած 1919 թ.-ից, երբ Եհովան Աստծու Իսրայելից մնացածներին վերակենդանացրեց՝ դուրս բերելով անգործունյա վիճակից, որում նրանք ժամանակավորապես հայտնվել էին։ Նրանց առատ հոգևոր ջուր տալով՝ Եհովան, այսպես ասած, ստեղծեց մի անտառ, որում աճում են պտուղ բերող արդար ծառեր (Եսայիա 27։6)։

14 Ընդգծելով, թե ինչ աշխատանք են կատարում այս «ծառերը»՝ Եսայիան շարունակում է. «Նրանք կվերականգնեն հնամյա ավերակները, կկանգնեցնեն վաղեմի ամայի տեղերը, կվերակառուցեն ավերակ դարձած քաղաքները՝ սերնդեսերունդ ավերակ եղած վայրերը» (Եսայիա 61։4)։ Պարսից Կյուրոս թագավորի հրամանով հավատարիմ հրեաները, վերադառնալով Բաբելոնից, վերակառուցեցին Երուսաղեմն ու տաճարը, որոնք այդքան երկար ժամանակ ավերված վիճակում էին։ Վերականգնման աշխատանքներով նշանավորվելու էին նաև մ. թ. 33-ին և 1919-ին հաջորդած տարիները։

15 Մ. թ. 33 թ.-ին Հիսուսի աշակերտները շատ տխրեցին այն պատճառով, որ նրան ձերբակալեցին, դատեցին ու սպանեցին (Մատթեոս 26։31)։ Սակայն նրանց տրամադրվածությունը փոխվեց, երբ հարություն առնելով՝ նա հայտնվեց նրանց։ Իսկ երբ սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա, նրանք սկսեցին բարի լուրը քարոզելու գործով զբաղվել «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։ Այդպիսով՝ նրանք սկսեցին վերականգնել ճշմարիտ երկրպագությունը։ Նույն ձևով էլ Հիսուս Քրիստոսը, 1919 թ.-ից սկսած, իր օծյալ եղբայրների մնացորդին մղեց վերակառուցելու «սերնդեսերունդ ավերակ եղած վայրերը»։ Դարեր շարունակ քրիստոնեական աշխարհի հոգևորականները մարդկանց չէին փոխանցում Եհովայի մասին գիտելիքներ՝ դրանք փոխարինելով մարդկային ավանդույթներով և ոչ սուրբգրային ուսմունքներով։ Օծյալ քրիստոնյաները իրենց ժողովները մաքրեցին կեղծ կրոնով արատավորված սովորույթներից։ Արդյունքում ճշմարիտ երկրպագության վերականգնումը շարունակվեց։ Բացի այդ, նրանք այնպիսի գործունեություն սկսեցին, որը դառնալու էր աշխարհում երբևէ տեղի ունեցած մեծագույն քարոզարշավը (Մարկոս 13։10)։

ՓԵՏՐՎԱՐԻ 27–ՄԱՐՏԻ 5

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 63–66

«Նոր երկինքն ու նոր երկիրը մեծ ուրախություն կբերեն»

ip-2, էջ 383 պրբ. 23

«Հավիտյան ուրախացեք այն բանով, ինչ ստեղծում եմ»

23 Հայտնություն գրքում նկարագրվում է Հովհաննես առաքյալի տեսիլքը այն մասին, թե ինչպես է գալու Եհովայի օրը, և ինչպես է կործանվելու այս աշխարհը։ Դրանից հետո Սատանան անդունդն է գցվելու (Հայտնություն 19։11–20։3)։ Այնուհետև Հովհաննեսը մեջբերում է Եսայիայի մարգարեական խոսքերը. «Տեսա մի նոր երկինք ու նոր երկիր»։ Այս փառահեղ տեսիլքի նկարագրությունից հետո, հաջորդ համարներում կարդում ենք, թե Եհովան երբ արմատական փոփոխություններ կանի և կբարելավի երկրի վիճակը (Հայտնություն 21։1, 3–5)։ Ակներևաբար, Եսայիայի՝ «նոր երկնքի ու նոր երկրի» խոստումը հրաշալի կատարում կունենա նոր աշխարհում։ Երկնքում հաստատված նոր կառավարության ներքո երկրի նոր հասարակությունը կվայելի և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական դրախտը։ Իսկապես մխիթարական է, որ «նախկին բաները [հիվանդություն, տառապանք և շատ ուրիշ բաներ] չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան»։ Ինչպիսի վատ հիշողություններ էլ որ ունենանք, այդ ժամանակ դրանք մեզ այնքան խոր ցավ չեն պատճառի, որքան այսօր են պատճառում։

ip-2, էջ 384, պրբ. 25

«Հավիտյան ուրախացեք այն բանով, ինչ ստեղծում եմ»

25 Այսօր նույնպես Եհովան Երուսաղեմը ուրախության պատճառ է դարձնում։ Ինչպե՞ս է նա դա անում։ Ինչպես տեսանք, 1914թ.-ին ի հայտ եկած նոր երկնքի կազմի մեջ են մտնելու 144 000 թագավորակիցները, որոնք երկնային կառավարության մաս են կազմելու։ Նրանք մարգարեաբար նկարագրվում են որպես «Նոր Երուսաղեմ» (Հայտնություն 21։2)։ Այս Նոր Երուսաղեմի մասին է, որ Աստված ասում է. «Երուսաղեմը ստեղծում եմ, որ ուրախության պատճառ լինի, նաև նրա ժողովրդին, որ ցնծության պատճառ լինի»։ Նոր Երուսաղեմի միջոցով է Աստված անսահմանորեն օրհնելու հնազանդ մարդկությանը։ Այլևս չի լսվի լացի կամ ողբի ձայն, քանի որ «Եհովան կատարելու է [մեր] սրտի խնդրանքները» (Սաղմոս 37։3, 4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը