ՀԱԿԱՌԱԿՈՐԴ
Նա, ով հակառակվում է, դիմադրություն է ցույց տալիս ինչ-որ մեկին, թշնամի, ախոյան, ոսոխ։ «Հակառակորդ» թարգմանված եբրայերեն բառը (ցար) ծագել է մի արմատից, որը նշանակում է «նեղել», «թշնամանքով վերաբերվել» (Թվ 33։55; Ես 11։13)։ Հունարեն անտիդիկոս բառը առաջին հերթին վերաբերում է դատավարության ընթացքում որպես հակառակ կողմ հանդես եկողին (Ղկ 12։58; 18։3), սակայն կարող է գործածվել նաև թշնամիների դեպքում, ինչպես որ 1 Պետրոս 5։8-ում է։
Աստծու և մարդկության ամենից կատաղի հակառակորդը՝ Բանսարկու Սատանան, դրդեց որոշ մարդկանց ու հրեշտակների (տես ԴԵՎ) իր կողմը բռնել։ Սատանան առաջին անգամ հանդես եկավ որպես Աստծու հակառակորդ Եդեմի պարտեզում, որտեղ անխղճորեն ու նենգաբար ըմբոստության դրդեց Եվային, իսկ հետո՝ Ադամին, ինչի հետևանքով ողջ մարդկությունը մեղքի ու մահվան ստրուկը դարձավ։ Սատանան նաև դուրս եկավ Աստծու դեմ, երբ երկնքում մեղադրեց նրան, որ կաշառում է Հոբին, որպեսզի վերջինս հավատարիմ մնա իրեն։ Այդպիսով բարձրացվեց տիեզերական նշանակություն ունեցող վիճաբանական հարցերից մեկը (Հոբ 1։6-11; 2։1-5; տես ՍԱՏԱՆԱ)։
Մարդկության ողջ պատմության ընթացքում այդ հակառակորդն իր կողմնակիցների միջոցով հարձակումներ է գործել Եհովայի ծառաների վրա։ Օրինակ՝ երբ Աստծու ժողովրդից ողջ մնացածները վերադարձան Բաբելոնից, հակառակորդները փորձեցին կանգնեցնել տաճարի և քաղաքի պարսպի վերակառուցման աշխատանքները (Եզր 4։1; Նեմ 4։11)։ Եսթեր թագուհու օրոք հրեաների կատաղի հակառակորդը չար Համանն էր, ով Բանսարկուի ոգին էր դրսևորում (Եսթ 7։6)։ Այսօր քրիստոնյաները պետք է զգոն, արթուն և ուշադիր լինեն ու աննահանջ պայքար մղեն հավատի համար՝ զգուշանալով հակառակորդի նենգություններից (Եփ 6։11, 12; Հդ 3)։ Պետրոսը հորդորում է. «Մի՛ կորցրեք ձեր զգոնությունը, արթո՛ւն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես շրջում է ու զոհ փնտրում, որ կուլ տա։ Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան» (1Պտ 5։8, 9)։ Ի վերջո Եհովան կոչնչացնի իր բոլոր հակառակորդներին (Եր 30։16; Մք 5։9)։
Աստված երբեմն թույլ էր տալիս, որ հակառակորդները կողոպտեն ու հաղթեն իր ժողովրդին, երբ վերջինս անհավատարմությամբ էր վարվում (Ես 63։18; Եզկ 39։23; Ամս 3։11; Զք 8։10)։ Սակայն թշնամիները, սխալ եզրակացություն անելով, այդ հաղթանակներն իրենց էին վերագրում, փառքը իրենց աստվածներին էին ուղղում և մտածում էին, թե Եհովան իրենցից հաշիվ չի պահանջի իր ժողովրդի հանդեպ իրենց դրսևորած վերաբերմունքի համար (2Օր 32։27; Եր 50։7)։ Ուստի Եհովան, հանուն իր սուրբ անվան (Ես 64։2; Եզկ 36։21-24), խոնարհեցնում էր հպարտ ու պարծենկոտ հակառակորդներին (Ես 1։24; 26։11; 59։18; Նմ 1։2)։