Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Ամմոնացիներ»
  • Ամմոնացիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամմոնացիներ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
    2007 Դիտարան
  • Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Քամոս
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Ամմոնացիներ»

ԱՄՄՈՆԱՑԻՆԵՐ

[Ամմոնին պատկանող]։

Ղովտի որդու (կրտսեր աղջկանից ծնված)՝ Ամմոնի (Բենամմի) սերունդները (Ծն 19։36-38)։ Ամմոնացիները Ղովտի մյուս որդուց՝ Մովաբից սերած մովաբացիների մոտ ազգականներն էին։ Թե՛ Աստվածաշնչում, թե՛ աշխարհիկ աղբյուրներում նրանք հաճախ հիշատակվում են մովաբացիների հետ։ Ամմոնացիները նաև իսրայելացիների հեռու ազգականներն էին։ Նրանց բարեկամական կապերի մասին աստվածաշնչյան տեղեկությունը փաստվում է նաև նրանով, որ ամմոնացիների լեզուն եբրայերենի բարբառներից էր։ Սակայն ամմոնացիները մեծ թշնամանքով էին վերաբերվում իսրայելացիներին՝ բացառությամբ որոշ դեպքերի։

Տարածքը։ Ըստ ամենայնի, Եհովա Աստված, հանուն իր հավատարիմ ծառա Ղովտի, ամմոնացիների նախահոր, ամմոնացիներին թույլ տվեց տիրանալ նախկինում ռաֆայիմներին պատկանող տարածքին։ Այդ բարձրահասակ ժողովրդին ամմոնացիները կոչում էին զամզումիմներ (2Օր 2։17-21)։ Նրանց տարածքը գտնվում էր Հորդանան գետի ստորին հոսանքներից դեպի արևելք։ Մի ժամանակ ամմոնացիների տարածքը Մեռյալ ծովից դեպի արևելք գտնվող լեռնային շրջանում հարում էր մովաբացիների երկրին։ Նախքան իսրայելացիները կմտնեին Քանան, ամորհացիները ամմոնացիներից խլեցին նրանց երկրի մի մասը և նրանց քշեցին դեպի հյուսիս և արևելք։ Այսպիսով՝ խախտվեց ամմոնացիների ու մովաբացիների միջև եղած սկզբնական սահմանը (մովաբացիները նույնպես կորցրին իրենց տարածքի զգալի մասը) (Թվ 21։26; Հս 12։2; Դտ 11։13, 22)։ Այդուհետ ամմոնացիների երկրի սահմանը ձգվում էր Հաբոկի ոլորապտույտ գետահովտի վերին հոսանքներից դեպի արևելք՝ հասնելով մինչև անապատ (Թվ 21։24; Հս 12։2)։ Իսկ մայրաքաղաքը՝ Ռաբան (ներկայումս՝ Ամման), գտնվում էր Հաբոկի ակունքների մոտ (2Օր 3։11)։ Այդ տարածքում հնագետները հայտնաբերել են ամմոնացիների հին բնակավայրեր և սահմանամերձ ամրոցներ։

Աստված իսրայելացիներին պատվիրել էր, որ ամորհացիների երկիրը զավթելիս չմտնեն ամմոնացիների երկիր (2Օր 2։37; Հս 13։8-10)։ Ուստի Հեսու 13։25-ում, որտեղ ասվում է, որ Գադի ցեղը որպես ժառանգություն ստացավ «ամմոնացիների հողերի կեսը», խոսքը, ըստ ամենայնի, այն հողերի մասին է, որոնք մինչ այդ ամորհացիները խլել էին ամմոնացիներից, և որոնք ակներևաբար գտնվում էին Հորդանան գետի ու վերին Հաբոկի միջև։

Իսրայելի հետ ընդհարումները։ Մովաբի Եգլոն թագավորի օրոք ամմոնացիները և ամաղեկացիները, միանալով մովաբացիներին, հարձակվեցին Իսրայելի վրա ու հասան մինչև Երիքով, որը գտնվում էր Հորդանանից դեպի արևմուտք (Դտ 3։12-14)։ Հետագայում Ավոդ դատավորը ազատագրեց իսրայելացիներին (Դտ 3։26-30), և մինչև Հեփթայեի օրերը ամմոնացիները այլևս մեծ վտանգ չէին ներկայացնում իսրայելացիների համար։ Քանի որ այդ ընթացքում իսրայելացիները կրկին սկսել էին ծառայել այլ ազգերի աստվածներին, հարևան ազգերը 18 տարի շարունակ ճնշում էին նրանց. արևելքից նրանց վրա հարձակվում էին ամմոնացիները, իսկ արևմուտքից սպառնում էին փղշտացիները։ Ամմոնացիները ոչ միայն ահաբեկում էին Գաղաադում ապրող իսրայելացիներին, այլև անցնելով Հորդանանի արևմտյան կողմը՝ կռվում էին Բենիամինի, Հուդայի և Եփրեմի ցեղերի դեմ (Դտ 10։6-10)։ Ի վերջո կեղծ պաշտամունքին վերջ դնելով՝ իսրայելացիները Հեփթայեի գլխավորությամբ միավորվեցին և ծանր պարտության մատնեցին ամմոնացիներին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հեփթայեն պաշտոնապես փաստեց, որ ամմոնացիների մեղադրանքները, թե իսրայելացիները ապօրինաբար զավթել են իրենց տարածքները, անհիմն են (Դտ 10։16-11։33; տես ՀԵՓԹԱՅԵ)։

Որոշ աստվածաշնչագետներ պնդում են, որ Քամոսը Մովաբի աստվածն էր, ոչ թե Ամմոնի, հետևաբար այն, որ Հեփթայեն Քամոսին կոչեց ամմոնացիների աստված, ըստ նրանց, ճիշտ չէր (Դտ 11։24; Թվ 21։29)։ Թեև Աստվածաշնչում ամմոնացիների աստվածը կոչվում է Մեղքոմ կամ Մողոք (1Թգ 11։5, 7; Եր 49։1, 3), ոմանց կարծիքով՝ այդ բառերը, որոնք ծագել են «թագավոր» արմատից, տիտղոսներ են, ոչ թե անուններ, ուստի շատ հնարավոր է, որ Քամոս աստծուն այդ տիտղոսներով էին կոչում։ Ամեն դեպքում ամմոնացիները բազմաստվածություն էին դավանում (Դտ 10։6), և Քամոսի պաշտամունքը նրանց շրջանում թերևս նույնքան տարածված էր, որքան նրանց ազգականների՝ մովաբացիների շրջանում։

Համաձայն հունարեն «Յոթանասնից»-ի՝ մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Սավուղը Իսրայելի թագավոր ընտրվեց, ամմոնացիների Նաաս թագավորը պաշարեց Գաղաադի Հաբիս քաղաքը և պահանջեց, որ այն հանձնվի։ Այդ դաժան թագավորն ասաց, որ քաղաքի բնակիչների հետ խաղաղություն կկնքի միայն այն պայմանով, եթե յուրաքանչյուր տղամարդու աջ աչքը հանի (տես ՆԱԱՍ, № 1)։ Սավուղը, իմանալով պաշարման մասին, հավաքեց Իսրայելի զորքն ու կոտորեց ամմոնացիներին և այդպիսով փաստեց, որ արժանի է թագավոր լինելու (1Սմ 11։1-4, 11-15)։ Սամուելի՝ ավելի ուշ ասած խոսքերից երևում է, որ պատճառը, թե ինչու իսրայելացիները թագավոր պահանջեցին, այն էր, որ Նաասի իշխանության օրոք ամմոնացիները գնալով ավելի մեծ սպառնալիք էին դառնում նրանց համար (1Սմ 12։12)։

Դավթի իշխանության օրոք։ Ամմոնացիներին նաև պարտության մատնեց Դավիթը, որը նրանցից մեծ քանակությամբ ավար վերցրեց կամ ստիպեց տուրք վճարել (1Տգ 18։11)։ 2 Սամուել 8։11, 12-ում արձանագրված այդ պատմությունն ընդգրկված է Դավթի հաղթանակների համառոտ նկարագրության մեջ։ Բոլոր հաղթանակները չէ, որ ժամանակագրական հաջորդականությամբ են թվարկված։ 2 Սամուել 10։1, 2-ից պարզ է դառնում, որ Դավթի իշխանության օրոք՝ մինչև Նաաս թագավորի մահը, Ամմոնի և Իսրայելի միջև հարաբերական խաղաղություն է եղել։ Սակայն Անոնը՝ Նաասի որդին և թագաժառանգը, խիստ բարկացրեց Դավթին, երբ նվաստացրեց նրա ծառաներին, որոնց նա ուղարկել էր նրան մխիթարելու համար։ Հասկանալով, թե ինչ լուրջ հետևանքներ կարող է ունենալ իրենց արածը՝ ամմոնացիները Ասորիքից զինվորներ վարձեցին և պատրաստվեցին հարձակվելու Իսրայելի վրա, սակայն իսրայելական զորքերի հրամանատար Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան պարտության մատնեցին նրանց (2Սմ 10։1-14; 1Տգ 19։6-15)։

Հաջորդ գարնանը Դավթի զորքը պաշարեց Ռաբան՝ Ամմոնի մայրաքաղաքը։ Պաշարման մեջ գտնվող ամմոնացիների անակնկալ հակագրոհի ժամանակ սպանվեց քետացի Ուրիան (2Սմ 11։1, 17, 24, 26, 27; տես ՌԱԲԱ, № 1)։ Դժվար է ասել, թե որքան է տևել պաշարումը։ Բերսաբեի ապօրինի երեխայի, ինչպես նաև Սողոմոնի ծնունդի մասին հիշատակումները կարող են նշանակել, որ նրանք ծնվել են այդ ընթացքում։ Սակայն հնարավոր է նաև, որ երեխաների ծնվելու մասին պարզապես խոսվում է Բերսաբեի մասին պատմությունը եզրափակելու համար, և գուցե նրանցից մեկը կամ երկուսն էլ իրականում պաշարումից հետո են ծնվել։ Թեև 1 Տարեգրություն 20։1, 2-ից չի երևում, որ պաշարումը երկար է տևել, չի բացառվում, որ այն շարունակված լիներ նաև հաջորդ տարում։ Ի վերջո ամմոնացիների մայրաքաղաքը վերջնականապես գրավեց Դավիթը (2Սմ 12։26-29)։

«Մեղքոմի.... թագը», որի մասին խոսվում է Ռաբայի գրավման վերաբերյալ արձանագրության մեջ, ըստ ամենայնի դրված էր ամմոնացիների կուռք-աստծու գլխին, որը աստվածաշնչյան այլ համարներում կոչվում է Մողոք։ Թեև որոշ թարգմանություններում եբրայերեն Մալկամ բառը թարգմանված է «նրանց թագավոր» (ԱԹ, ԱԱ, ԷԹ), տրամաբանական չէ մտածել, որ խոսքը մարդու մասին է, քանի որ այդ թագը կշռում էր «մեկ տաղանդ ոսկի» (մոտ 34 կգ)։ Նաև կարելի է եզրակացնել, որ Դավթի գլխին այդ թագը մի ակնթարթ են դրել, հավանաբար ցույց տալու համար նրա հաղթանակը այդ կեղծ աստծու նկատմամբ (2Սմ 12։30)։

Որոշ թարգմանությունների պատճառով 2 Սամուել 12։31-ը (ԱԹ, ԱԱ) կարդալիս շատերը կարծում են, թե Դավիթը պարտված ամմոնացիներին դաժանաբար սղոցել, կացնահարել և այրել է։ Սակայն ավելի ուշ արված թարգմանությունները (ԷԹ, ՆԱԹ) ակներևաբար ճիշտ են փոխանցում այդ միտքը՝ ցույց տալով, որ նա ամմոնացիներին հարկադրել է աշխատել սղոցներով ու կացիններով, ինչպես նաև աղյուս պատրաստել։ Դա է փաստում այն, որ որոշ թարգմանություններում «աղյուսի փուռ» թարգմանված եբրայերեն բառը իրականում վերաբերում է փայտե կաղապարին, որի մեջ կավը ստանում էր աղյուսի ձև։

Ոչ բոլոր ամմոնացիներն էին թշնամաբար վերաբերվում Իսրայելին։ Դա երևում է նրանից, որ Դավթի զորեղ ռազմիկների թվում էր ամմոնացի Սելեկը (2Սմ 23։37)։ Սողոմոնի օտարազգի կանանց թվում կային ամմոնացիներ, որոնցից մեկը Ռոբովամի մայրն էր (1Թգ 11։1; 14։31)։ Սակայն դա հանգեցրեց նրան, որ Սողոմոնը հավատուրաց դարձավ ու Մեղքոմին և ուրիշ աստվածներին պաշտելու համար «սրբավայրեր» կառուցեց։ Հետագայում Հովսիա թագավորը, որը հավատարիմ էր Եհովային, ոչնչացրեց դրանք (1Թգ 11։5; 2Թգ 23։13)։

Բաժանված թագավորության ժամանակաշրջանում։ Ժամանակի ընթացքում ամմոնացիները անկախացան և ազատվեցին Դավթից սերող թագավորների տիրապետությունից։ Հովսափատի իշխանության ժամանակ (մ.թ.ա. 936 թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 911 թ.) ամմոնացիները մովաբացիների ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչների հետ հարձակվեցին Հուդայի վրա, սակայն նրանք և իրենց դաշնակիցները ջախջախիչ պարտություն կրեցին (2Տգ 20։1-4, 10-26)։ Իսրայելի Հեու թագավորի ժամանակներում (մ.թ.ա. մոտ 904-877 թթ.) իշխող Ասորեստանի Սալմանասար III թագավորի մակագրություններում ասվում է, որ Կարկարի ճակատամարտում Ասորեստանի դեմ պատերազմող դաշնակից թագավորների զորքերի թվում «ամմոնացի Ռուհուբիի որդի Բասայի» զորքն էր (Ancient Near Eastern Texts, խմբ.՝ J. B. Pritchard, 1974, էջ 279)։ Հուդայի Հովաս թագավորին սպանած (մ.թ.ա. մոտ 859 թ.) դավադիրներից մեկը ամմոնացի Սամեթի որդի Զաբադն էր (2Տգ 24։22, 26)։ Հզոր թագավոր Օզիայի օրոք (մ.թ.ա. 829-778 թթ.) ամմոնացիները կրկին սկսեցին տուրք վճարել Հուդային (2Տգ 26։8)։ Օզիայի որդի Հովաթամը նույնպես հպատակեցրեց ամմոնացիներին և նրանց ստիպեց վճարել 100 տաղանդ արծաթ (մոտ 660 600 դոլար), 10 000 քոռ ցորեն (մոտ 2 200 000 լ) ու 10 000 քոռ գարի (2Տգ 27։5)։ Ամմոնացիները 3 տարի շարունակ կարողացան այդքան մեծ տուրք վճարել թերևս այն բանի շնորհիվ, որ Արաբիայից դեպի Դամասկոս տանող գլխավոր առևտրական ճանապարհներից մեկը անցնում էր իրենց երկրի տարածքով, ինչպես նաև շնորհիվ Հաբոկի գետահովտի արգասաբեր հողերի, որտեղ մինչ օրս ցորենն ու գարին հիմնական գյուղմթերքներն են։

Հովաթամի որդի Աքազի իշխանության օրոք (մ.թ.ա. 761-746 թթ.) ասորեստանցիների հաճախակի ներխուժումը Պաղեստին, ըստ ամենայնի, ամմոնացիներին հնարավորություն տվեց ազատվելու հրեաների տիրապետությունից։ Սակայն նրանք անմիջապես ընկան Ասորեստանի տիրապետության տակ, քանի որ Թգլատպալասար III-ի մասին արձանագրություններում ասվում է, որ Հուդայի Աքազ թագավորի և Մովաբի Սալամանու թագավորի հետ Ասորեստանին տուրք էր վճարում նաև «Բիթ-Ամմոնի [Ամմոնի տան] Սանիպուն»։ Սենեքերիմի սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Եզեկիայի օրոք Հուդա նրա ներխուժման մասին, նույնպես հաստատում է, որ Ամմոնը նվերներ է տվել Ասորեստանի թագավորին։ Իսկ Սենեքերիմի որդի Ասարհադոնը՝ Մանասեի ժամանակակիցը, Նինվե քաղաքը կառուցելու համար շինանյութ բերող մարդկանց թվում հիշատակել է «Պուդուիլին՝ Բեթ-Ամմոնի թագավորին»։

Ըստ երևույթին, երբ Թգլատպալասար III-ը և նրան հաջորդող թագավորներից մեկը տարհանեցին Իսրայելի հյուսիսային թագավորության բնակիչներին (2Թգ 15։29; 17։6), ամմոնացիները զբաղեցրին Գադի ցեղի տարածքը, որի համար նրանք նախկինում պատերազմել էին Հեփթայեի դեմ և պարտություն կրել (հմմտ. Սղ 83։4-8)։ Եհովան Երեմիա մարգարեի միջոցով նախատեց ամմոնացիներին Գադի ցեղի տարածքը զավթելու համար և զգուշացրեց, որ նրանց և նրանց աստված Մեղքոմի վրա աղետ է գալու (Եր 49։1-5)։ Սակայն ամմոնացիները կանգ չառան։ Հովակիմ թագավորի օրոք՝ Հուդայի թագավորության մայրամուտին, նրանք սկսեցին հրոսակախմբեր ուղարկել Հուդայի բնակիչներին ճնշելու համար (2Թգ 24։2, 3)։

Բաբելոնացիների ներխուժումը։ Երբ բաբելոնացիները նվաճեցին Հուդան (մ.թ.ա. 607 թ.), որոշ հրեաներ փախան Ամմոն, Մովաբ ու Եդոմ։ Սակայն երբ նրանք լսեցին, որ Գոդողիան նշանակվել է իրենց երկրի ղեկավար, վերադարձան (Եր 40։11, 12)։ Ավելի ուշ ամմոնացիների թագավոր Բաալիսը հրեա զորագլուխ Իսմայելի հետ դավադրություն կազմակերպեց Գոդողիայի դեմ և սպանեց նրան (2Թգ 25։23; Եր 40։14; 41։1-3)։ Դրանից հետո Իսմայելը փախավ ամմոնացիների մոտ (Եր 41։10-15)։

Ամմոնացիները ուրախացան, որ Երուսաղեմը անկում ապրեց, սակայն ի վերջո եկավ այն օրը, երբ Եհովան նրանցից էլ հաշիվ պահանջեց, քանի որ թեև նրանք թլփատված էին, բայց սրտով անթլփատ էին (Եր 9։25, 26)։ Ինչպես և մարգարեացել էին Երեմիան, Եզեկիելը և Ամոսը, ամմոնացիները խմեցին Եհովայի ցասման բաժակը. նա պատժեց նրանց սրով, սովով, համաճարակով և ամայացրեց նրանց երկիրը (Եր 25։17, 21; 27։1-8; Եզկ 25։1-10; Ամս 1։13-15)։

Ամմոնացիները ինքնակամ չհպատակվեցին Բաբելոնին։ Դա են մատնանշում Եզեկիելի խոսքերն այն մասին, որ Բաբելոնի թագավորը (Նաբուգոդոնոսորը) կանգնեց երկու ճանապարհների բաժանման հատվածում, որպեսզի գուշակություն անի և որոշի, թե ում դեմ գնա՝ ամմոնացիների քաղաք Ռաբայի՞, թե՞ Հուդայի (Եզկ 21։19-23, 28-32)։ Թեև գուշակության արդյունքում պարզ դարձավ, որ Նաբուգոդոնոսորը նախ Երուսաղեմի դեմ պետք է գնա, հրեա պատմիչ Հովսեպոսը հայտնում է, որ նա Երուսաղեմի կործանումից հետո հինգերորդ տարում վերսկսեց իր պատերազմը Կելեսիրիայի, Ամմոնի և Մովաբի դեմ (Jewish Antiquities, X, 181 [ix, 7])։ Ինչպես մարգարեացվել էր, Ամմոնը պետք է «հոտերի համար մակաղատեղի» դառնար, իսկ Ռաբան՝ «ուղտերի արոտավայր» (Եզկ 25։5)։ Արևելցիները, որոնք ուղտերով էին տեղաշարժվում, տիրանալու էին նրանց երկրին և այնտեղ կանգնեցնելու էին իրենց վրանները (Եզկ 25։4)։

Այն գերիների թվում, որոնց Կյուրոսը, որը գրավել էր Բաբելոնը, թույլ տվեց վերադառնալ հայրենիք, ըստ երևույթին նաև ամմոնացիներ կային։ Այդպես կատարվեց Երեմիա 49։6-ում արձանագրված մարգարեությունը։

Իսրայելացիների հետ ամուսնությունները։ Երբ հրեաները վերադարձան գերությունից (մ.թ.ա. 537 թ.), Տուբիա անունով մի ամմոնացի իր համախոհների հետ ամեն գնով փորձեց խոչընդոտել Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքները (Նեմ 4։3, 7, 8)։ Ավելի ուշ նա հանդգնեց զբաղեցնել տաճարի տարածքում գտնվող պահեստասենյակներից մեկը և այն օգտագործեց այնքան ժամանակ, մինչև որ Նեեմիան վրդովված դուրս շպրտեց նրա ողջ կահ-կարասին (Նեմ 13։4-8; տես ՏՈՒԲԻԱ, № 2)։ Այդ ժամանակներում գերությունից վերադարձած հրեաներից շատերը կնության էին առել օտարազգի, այդ թվում՝ ամմոնացի աղջիկների։ Խիստ նախատվելուց հետո նրանք հետ ուղարկեցին իրենց կանանց (Եզր 9։1, 2; 10։10-19, 44; Նեմ 13։23-27)։

Այն բանից հետո, երբ Տուբիան վռնդվեց տաճարի տարածքից, ժողովրդի առաջ կարդացվեց 2 Օրենք 23։3-6-ում արձանագրված Աստծու օրենքը, որը ամմոնացիներին ու մովաբացիներին արգելում էր Աստծու ժողովի՝ Իսրայելի մաս կազմել։ Ժողովուրդը անմիջապես կիրառեց օրենքը (Նեմ 13։1-3)։ Այս արգելքը դրվել էր այդ դեպքերից մոտ 1 000 տարի առաջ, քանի որ ամմոնացիներն ու մովաբացիները հրաժարվել էին օգնության ձեռք մեկնել իսրայելացիներին, երբ վերջիններս պատրաստվում էին մտնել Խոստացված երկիր։ Ըստ այս օրենքի՝ ամմոնացիներն ու մովաբացիները չէին կարող դառնալ Իսրայելի ազգի լիիրավ անդամ և օգտվել այն բոլոր իրավունքներից ու արտոնություններից, որ տալիս էր այդ անդամակցությունը։ Դա չէր նշանակում, որ ամմոնացիներից և մովաբացիներից ոչ ոք չէր կարող շփում ունենալ իսրայելացիների հետ կամ բնակվել նրանց հետ և այդպիսով օգտվել այն օրհնություններից, որ Աստված տալիս էր իր ժողովրդին։ Օրինակ, ինչպես արդեն նշվեց, Դավթի ռազմիկների թվում Սելեկ անունով մի ամմոնացի կար։ Եվս մի օրինակ է մովաբացի Հռութը (Հռթ 1։4, 16-18)։

Բոոսի հետ Հռութի ամուսնությունը ցույց է տալիս, որ եթե ամմոնացի կամ մովաբացի կանայք սկսում էին պաշտել ճշմարիտ Աստծուն, իսրայելացի տղամարդիկ կարող էին ամուսնանալ նրանց հետ։ Քանի որ 2 Օրենք 23։3-6-ում եբրայերեն «ամմոնացի» և «մովաբացի» բառերը արական սեռով են գործածված, հրեական Միշնայում (Եվամոտ 8։3) եզրահանգում է արվում, որ այդ ազգերից միայն տղամարդիկ չէին կարող Իսրայելի ժողովրդի մաս կազմել։ Այդուհանդերձ, Եզրասի հաստատակամ պահանջը, որ հրեաները հետ ուղարկեն իրենց օտարազգի կանանց, և Նեեմիայի նույնանման դիրքորոշումը ցույց են տալիս, որ ամմոնացի և մովաբացի կանանց թույլ էր տրվում շփում ունենալ իսրայելացիների հետ միայն այն դեպքում, երբ նրանք ընդունում էին ճշմարիտ երկրպագությունը։

Դատելով պատմական աղբյուրներից, այդ թվում՝ «1 Մակաբայեցիներ» (5։6) պարականոն գրքից՝ մինչև մ.թ.ա. II դարը Ամմոնը ունեցել էր իր սեփական տարածքը։ Սակայն արդեն մ.թ.ա. I դարում այդ տարածքը թերևս դարձել էր Նաբաթեայի թագավորության մի մասը, իսկ մ.թ. III դարում ամմոնացիները որպես ժողովուրդ վերացել էին պատմության էջերից՝ ակներևաբար խառնվելով արաբական ցեղերին։ Ինչպես և մարգարեացել էր Սոփոնիան, Ամմոնը դարձել էր «Գոմորի պես.... ամայի տեղ» (Սփ 2։8-10)։

Քանի որ մեր թվարկության սկզբին ամմոնացիներն այլևս գոյություն չունեին, «վերջի ժամանակի» վերաբերյալ Դանիելի մարգարեության մեջ Ամմոնի մասին հիշատակումը պետք է որ փոխաբերական իմաստ ունենա։ Ըստ ամենայնի, այդ մարգարեության մեջ Ամմոնը ներկայացնում է որոշ ազգերի կամ կազմակերպությունների, որոնց «հյուսիսի թագավորը» չի կարողանա իր իշխանության տակ առնել (Դն 11։40, 41)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը