Ստացիր Աստծու ոգին, ոչ թե աշխարհի
«Մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք, այլ այն ոգին, որն Աստծուց է, որպեսզի իմանանք Աստծու կողմից մեզ շնորհված բաները» (1 ԿՈՐՆԹ. 2։12)։
1, 2. ա) Ի՞նչ պայքար են մղում ճշմարիտ քրիստոնյաները։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաները պայքարում են մի թշնամու դեմ, որը զորեղ է, խորամանկ և պատերազմի մեջ փորձառու։ Նա մի այնպիսի զենք ունի, որի միջոցով իր ազդեցության տակ է պահում մարդկանց մեծ մասին։ Սակայն մենք չպետք է մեզ անզոր կամ պարտության մատնված զգանք (Ես. 41։10)։ Նրա ցանկացած հարձակմանը դիմադրելու համար մենք ունենք պաշտպանվելու հզոր միջոց։
2 Մեր պայքարը հոգևոր է, և մեր թշնամին Բանսարկու Սատանան է։ Նրա գլխավոր զենքը «աշխարհի ոգին» է (1 Կորնթ. 2։12)։ Սատանայի հարձակումներից պաշտպանվելու մեր հիմնական միջոցը Աստծու ոգին է։ Այս պատերազմում կենդանի մնալու և հոգևորապես եռանդուն լինելու համար անհրաժեշտ է Աստծուց խնդրել նրա ոգին և դրսևորել այդ ոգու պտուղը (Գաղ. 5։22, 23)։ Իսկ ի՞նչ է աշխարհի ոգին, և ինչպե՞ս այն տարածվեց։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել՝ մեզ վրա ազդո՞ւմ է աշխարհի ոգին, թե՞ ոչ։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից Աստծու ոգին ստանալու և աշխարհի ոգու ազդեցությանը դիմադրելու համար։
Աշխարհի ոգին ինչո՞ւ է այսքան տարածված
3. Ի՞նչ է աշխարհի ոգին։
3 Աշխարհի ոգին սկիզբ է առնում Սատանայից՝ «այս աշխարհի իշխանից», և հակառակ է Աստծու սուրբ ոգուն (Հովհ. 12։31; 14։30; 1 Հովհ. 5։19)։ Այն հասարակության մեջ տարածված մի հակում է, որը մղում է մարդկանց Աստծու կամքին և նպատակին հակառակ բաներ անելու։
4, 5. Ինչպե՞ս Սատանայից բխող ոգին այսքան տարածվեց։
4 Ինչպե՞ս այս ոգին այսքան տարածվեց։ Նախ՝ Եդեմի պարտեզում Սատանան խաբեց Եվային։ Նա համոզեց նրան, որ Աստծուց անկախանալով՝ ավելի լավ կյանքով կապրի (Ծննդ. 3։13)։ Ի՜նչ դաժան ստախոս է Սատանան (Հովհ. 8։44)։ Այնուհետև՝ նա կնոջ միջոցով Ադամին դրդեց անհնազանդության։ Ադամի սխալ ընտրության հետևանքը եղավ այն, որ մարդկությունն ընկավ մեղքի գերության մեջ։ Այդպիսով մարդկանց մեջ հակում առաջացավ ենթարկվելու Սատանայի ոգու ազդեցությանը և ըմբոստանալու Աստծու դեմ (կարդա՛ Եփեսացիներ 2։1–3)։
5 Սատանային հաջողվեց նաև ազդել զգալի թվով հրեշտակների վրա, որոնք դարձան դևեր (Հայտն. 12։3, 4)։ Դա տեղի ունեցավ Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ։ Այդ հրեշտակները մտածեցին, որ իրենց համար ավելի լավ կլինի, եթե թողնեն երկնքում իրենց նշանակումը և երկրի վրա ազատորեն տրվեն անբնական ցանկությունների (Հուդա 6)։ Այդ դևերի օգնությամբ, որոնք հիմա գտնվում են ոգեղեն ոլորտում, Սատանան «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտն. 12։9)։ Ցավոք, մարդկանց մեծամասնությունը չգիտի նրանց ազդեցության մասին (2 Կորնթ. 4։4)։
Աշխարհի ոգին ազդո՞ւմ է քեզ վրա
6. Միայն ո՞ր դեպքում կարող է աշխարհի ոգին ազդել մեզ վրա։
6 Շատերը չեն տեսնում Սատանայի ազդեցությունը, բայց ճշմարիտ քրիստոնյաները անտեղյակ չեն նրա հնարքներին (2 Կորնթ. 2։11)։ Իրականում, աշխարհի ոգին չի կարող ազդել մեզ վրա, եթե մենք թույլ չտանք։ Եկեք քննենք չորս հարցեր, որոնք կօգնեն մեզ ստուգելու՝ Աստծո՞ւ ոգու ազդեցության տակ ենք, թե՞ աշխարհի։
7. Ո՞րն է այն կերպերից մեկը, որով Սատանան ուզում է հեռացնել մեզ Եհովայից։
7 Իմ նախընտրած ժամանցի ձևերը ի՞նչ են ասում իմ մասին (կարդա՛ Հակոբոս 3։14–18)։ Սատանան փորձում է հեռացնել մեզ Աստծուց՝ մեր սրտում բռնության հանդեպ սեր առաջացնելով։ Նա գիտի, որ Եհովան ատում է բռնություն սիրողին (Սաղ. 11։5)։ Ուստի ջանում է մեր մեջ մարմնական ցանկություններ արթնացնել այնպիսի գրականության, ֆիլմերի, երաժշտության և համակարգչային խաղերի միջոցով, որոնք դրդում են մարդկանց անբարոյության և դաժան արարքների։ Սատանան դեմ չի, որ սիրենք բարին, բայց նա ուզում է, որ սիրենք նաև չարը (Սաղ. 97։10)։
8, 9. Ժամանցի վերաբերյալ ի՞նչ հարցեր պետք է տանք մեզ։
8 Հակառակ դրան՝ Աստծու ոգին ստացողները մղվում են լինելու մաքուր, խաղաղարար և ողորմությամբ լի։ Լավ կլինի հարցնես ինքդ քեզ. «Իմ ընտրած ժամանցի ձևը նպաստո՞ւմ է, որ նման հատկություններ զարգացնեմ»։ Վերին իմաստությունը նաև «առանց կեղծավորության է»։ Ուստի Աստծու ոգով առաջնորդվողները, նույնիսկ երբ մենակ են, չեն դիտում դաժան և անբարո տեսարաններ, այն դեպքում, երբ իրենց հարևաններին քարոզում են լինել մաքուր և խաղաղարար։
9 Եհովան բացարձակ նվիրվածություն է պահանջում։ Իսկ Սատանային բավական է միայն այն, որ մարդը մեկ անգամ խոնարհվի և երկրպագի իրեն, ինչպես ուզում էր, որ Հիսուսն աներ (Ղուկ. 4։7, 8)։ Հարցրու ինքդ քեզ. «Ժամանցի իմ նախընտրած ձևը օգնո՞ւմ է, որ բացարձակապես նվիրված մնամ Աստծուն։ Այն ինձ համար ավելի դժվարացնո՞ւմ է դիմադրել աշխարհի ոգուն, թե՞ ընդհակառակը՝ հեշտացնում է։ Փոփոխություններ անելու կարիք չկա՞»։
10, 11. Նյութականի հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք է քաջալերում ունենալ ա) աշխարհի ոգին, բ) Աստծու ոգին։
10 Ինչպե՞ս եմ վերաբերվում նյութական բաներին (կարդա՛ Ղուկաս 18։24–30)։ Աշխարհի ոգին մղում է բավարարելու «աչքերի ցանկությունը»՝ մեր մեջ առաջացնելով ագահություն և նյութապաշտություն (1 Հովհ. 2։16)։ Ենթարկվելով այդ ոգու ազդեցությանը՝ շատերն են որոշել հարստանալ (1 Տիմոթ. 6։9, 10)։ Աշխարհի ոգին փորձում է համոզել, որ հարստություն դիզելը ապահովության երկարատև զգացում կհաղորդի մեզ (Առակ. 18։11)։ Ուստի եթե թույլ տանք, որ Աստծու հանդեպ մեր սերը զիջի փողի հանդեպ սիրուն, ապա Սատանան կհաղթանակի։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյոք իմ կյանքը կենտրոնացած չէ՞ ինձ համար հարմարավետ պայմաններ ստեղծելու և իմ հաճույքները բավարարելու վրա»։
11 Աստծու ոգով ներշնչված Խոսքը հորդորում է մեզ հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ և աշխատել մեր ու մեր ընտանիքի կարիքները հոգալու համար (1 Տիմոթ. 5։8)։ Աստծու ոգին ստացած մարդիկ արտացոլում են Աստծու առատաձեռնությունը։ Նրանք ճանաչված են որպես տվողներ, ոչ թե վերցնողներ։ Նրանք մարդկանց ավելի թանկ են համարում, քան նյութական բաները, և երբ հնարավորություն ունեն, ուրախությամբ բաժնեկից են դարձնում մյուսներին (Առակ. 3։27, 28)։ Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ գումար վաստակելը առաջնահերթություն դառնա և զբաղեցնի Աստծուն մատուցվող ծառայության տեղը։
12, 13. Ի տարբերություն աշխարհի ոգուն՝ ինչպիսի՞ դրական ազդեցություն է թողնում Աստծու ոգին։
12 Ո՞ր ոգին է արտացոլվում իմ վարքում (կարդա՛ Կողոսացիներ 3։8–10, 13)։ Աշխարհի ոգին խթանում է մարմնի գործերը (Գաղ. 5։19–21)։ Թե ո՛ր ոգու ազդեցության տակ ենք, երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է, այլ երբ, օրինակ, մեր հավատակիցներից մեկը արհամարհում է մեզ, վիրավորում կամ էլ մեղք է գործում մեր դեմ։ Երբ տանը մենակ ենք, այդ ժամանակ նույնպես պարզ է դառնում, թե որ ոգին ենք արտացոլում։ Տեղին կլինի ինքնաքննություն կատարել և հարցնել. «Ի՞նչ են ցույց տալիս իմ խոսքերն ու վարքը։ Վերջին վեց ամիսների ընթացքում իմ վարվելակերպը ավելի քրիստոնեավայե՞լ է դարձել, թե՞ վերադարձել եմ որոշ վատ սովորություններիս»։
13 Աստծու ոգին կարող է օգնել մեզ «հանելու մեր վրայից հին անձնավորությունը իր գործերով» և «հագնելու նոր անձնավորությունը»։ Այդպիսով մեր մեջ ավելի շատ սեր կզարգանա, և մենք ավելի բարի կդառնանք։ Հակված կլինենք մեծահոգաբար ներելու մյուսներին, նույնիսկ եթե հիմնավոր պատճառ ունենանք նեղանալու համար։ Մեր հանդեպ դրսևորված անարդարությանը չենք պատասխանի «չարասիրտ դառնությամբ, բարկությամբ և զայրույթով, գոռգոռոցով ու վիրավորական խոսքերով»։ Ընդհակառակը՝ կջանանք կարեկից լինել (Եփես. 4։31, 32)։
14. Ինչպե՞ս են այս աշխարհում շատերը վերաբերվում Աստծու Խոսքին։
14 Հարգո՞ւմ եմ Աստվածաշնչի բարոյական չափանիշները, սիրո՞ւմ եմ դրանք (կարդա՛ Առակներ 3։5, 6)։ Աշխարհի ոգին դրդում է Աստծու Խոսքի դեմ ըմբոստության։ Այս ոգու ազդեցության տակ լինողները անտեսում են իրենց կարծիքով Աստվածաշնչի «անպետք» հատվածները՝ գերադասելով հետևել ավանդություններին և փիլիսոփայական գաղափարներին (2 Տիմոթ. 4։3, 4)։ Ոմանք էլ անտեսում են Աստծու Խոսքն ամբողջությամբ։ Իրենք իրենց իմաստուն համարելով՝ նրանք կասկածի են ենթարկում այս գրքի վավերականությունը և հնացած են համարում այն։ Նրանք նսեմացնում են պոռնկության, համասեռամոլության և ապահարզանի վերաբերյալ աստվածաշնչյան չափանիշները։ Այդ մարդիկ «բարուն ասում են չար և չարին՝ բարի» (Ես. 5։20)։ Իսկ քեզ վրա ազդեցություն թողնո՞ւմ է այս ոգին։ Երբ խնդիրների առաջ ես կանգնում, ապավինում ես մարդկային իմաստությանն ու քո հայացքների՞ն, թե՞ ձգտում ես հետևել Աստվածաշնչի խորհուրդներին։
15. Մեր իմաստությանը ապավինելու փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։
15 Աստծու ոգին մեր մեջ հարգանք է առաջացնում Աստվածաշնչի հանդեպ։ Սաղմոսերգուի նման՝ մենք Աստծու Խոսքը համարում ենք ճրագ մեր ոտքերի համար և լույս՝ մեր ճանապարհի համար (Սաղ. 119։105)։ Մեր իմաստությամբ առաջնորդվելու փոխարեն՝ մենք վստահում ենք Աստծու Խոսքին, որը օգնում է մեզ տարբերելու ճիշտը սխալից։ Մենք սովորում ենք ոչ միայն հարգել նրա խոսքը, այլ նաև սիրել նրա օրենքը (Սաղ. 119։97)։
Սովորիր Հիսուսի օրինակից
16. Ի՞նչ է նշանակում ունենալ «Քրիստոսի մտածելակերպը»։
16 Աստծու ոգին ստանալու համար մենք պետք է մեր մեջ զարգացնենք «Քրիստոսի մտածելակերպը» (1 Կորնթ. 2։16)։ Ունենալու համար «այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ», նախ՝ պետք է իմանանք, թե ինչ էր նա մտածում և ինչպես էր վարվում, ապա՝ ընդօրինակենք նրան (Հռոմ. 15։5; 1 Պետ. 2։21)։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ պետք է անենք Աստծու ոգին ստանալու համար։
17, 18. ա) Աղոթքի վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հիսուսից։ բ) Ինչո՞ւ պետք է «շարունակենք խնդրել»։
17 Աղոթիր սուրբ ոգին ստանալու համար։ Նախքան փորձության մեջ ընկնելը Հիսուսը Աստծուց սուրբ ոգին խնդրեց, որ օգնի իրեն (Ղուկ. 22։40, 41)։ Մենք նույնպես պետք է Աստծուց խնդրենք նրա ոգին։ Եհովան իր սուրբ ոգին առատորեն տալիս է բոլոր նրանց, ովքեր հավատով խնդրում են այն (Ղուկ. 11։13)։ Հիսուսն ասաց. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի» (Մատթ. 7։7, 8)։
18 Երբ Եհովային աղոթելիս խնդրում ես, որ տա իր ոգին և օգնի քեզ, շուտ մի՛ հանձնվիր։ Գուցե կարիք լինի ավելի հաճախ և ավելի երկար աղոթել այդ մասին։ Երբեմն Եհովան թույլ է տալիս, որ իրեն խնդրողները ցույց տան, թե որքան մեծ է իրենց հավատը և թե որքան կարևոր է իրենց համար այն, ինչ խնդրում ենa։
19. Ինչպե՞ս էր վարվում Հիսուսը, և ինչո՞ւ մենք պետք է ընդօրինակենք նրան։
19 Լիովին հնազանդվիր Եհովային։ Հիսուսը միշտ անում էր այն, ինչ հաճելի էր իր Հորը։ Առնվազն մեկ անգամ Հիսուսը հայտնվեց այնպիսի իրավիճակում, երբ ցանկացավ անել մի բան, ինչը չէր համապատասխանում Հոր կամքին։ Սակայն ապավինելով իր Հորը՝ ասաց. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկ. 22։42)։ Հարցրու ինքդ քեզ. «Հնազանդվո՞ւմ եմ Աստծուն, երբ դա ինձ համար հեշտ չէ»։ Աստծուն հնազանդվելը կենսական նշանակություն ունի մեզ համար։ Մենք պարտավոր ենք ամեն ինչում հնազանդվել մեր Ստեղծչին, քանի որ նա է մեր կյանքի Աղբյուրը (Սաղ. 95։6, 7)։ Մեր հնազանդությանը ոչինչ չի կարող փոխարինել։ Չենք կարող առանց դրա Աստծու հավանությանն արժանանալ։
20. Հիսուսը որքանո՞վ էր ծանոթ Սուրբ Գրքին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
20 Աստվածաշունչը լավ իմացիր։ Երբ Սատանան փորձում էր Հիսուսի հավատը, վերջինս Սուրբ Գրքից մեջբերումներ արեց (Ղուկ. 4։1–13)։ Իսկ երբ պատասխանում էր հակառակորդների մեղադրանքներին, իր խոսքերը Աստվածաշնչով էր հիմնավորում (Մատթ. 15։3–6)։ Հիսուսը շատ լավ գիտեր Աստծու օրենքը ու հետևում էր դրան (Մատթ. 5։17)։ Մենք նույնպես մեր միտքը պետք է սնենք Աստծու Խոսքով, որը կզորացնի մեր հավատը (Փիլիպ. 4։8, 9)։ Ոմանց համար գուցե դժվար է ժամանակ գտնել անձնական ուսումնասիրության կամ ընտանեկան երկրպագության համար։ Սակայն ժամանակ գտնելու փոխարեն՝ հարկավոր է այն հատկացնել (Եփես. 5։15–17)։
21. Ի՞նչ հնարավորություն է մեզ ընձեռվել, որից օգտվելով կկարողանանք Աստվածաշունչը ավելի լավ իմանալ և կիրառել մեր սովորածը։
21 Ընտանեկան երկրպագության երեկո ունենալու կարգը հաստատելով՝ «հավատարիմ և իմաստուն ծառան» հնարավորություն է ստեղծել մեզ համար ամեն շաբաթ ժամանակ տրամադրելու անձնական ու ընտանեկան ուսումնասիրությանը (Մատթ. 24։45)։ Լավագույնս օգտվո՞ւմ ես այդ հնարավորությունից։ Հիսուսի մտածելակերպը ձեռք բերելու համար կանոնավորաբար ուսումնասիրություններ անելիս կարող ես քննել, թե քեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ինչ է սովորեցրել Հիսուսը։ Դրանում քեզ կօգնի ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը»։ Օրինակ՝ 2008–2010 թթ.-ի՝ տարածելու համար նախատեսված «Դիտարանի» համարներում «Ինչ ենք սովորում Հիսուսից» խորագրի տակ տպագրվել են 12 հոդվածներ։ Գուցե ցանկանաս այս հոդվածները նույնպես ընդգրկել քո ուսումնասիրության գրաֆիկում։
Մենք կարող ենք հաղթել աշխարհին
22, 23. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հաղթենք աշխարհին։
22 Աստծու ոգով առաջնորդվելու համար մենք պետք է դիմադրենք աշխարհի ոգուն։ Այդպիսի դիմադրություն ցույց տալը հեշտ չէ։ Այն կարող է մեզ համար ծանր պայքար լինել (Հուդա 3)։ Բայց մենք կարո՛ղ ենք հաղթել։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33)։
23 Մենք նույնպես կկարողանանք հաղթել աշխարհին, եթե դիմադրենք նրա ոգուն և անենք ամեն բան Աստծու ոգին ստանալու համար։ Եվ իրոք, «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8։31)։ Ստանալով Աստծու ոգին և հետևելով նրա առաջնորդությանը, որը տրվում է Աստվածաշնչում՝ մենք կունենանք բավարարվածության զգացում, խաղաղություն, երջանկություն և հավիտենական կյանքի երաշխիքը այն նոր աշխարհում, որը շատ մոտ է։
[ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 170–173։
Հիշո՞ւմ ես
• Աշխարհի ոգին ինչո՞ւ է այդքան տարածված։
• Ո՞ր չորս հարցերը պետք է ինքներս մեզ տանք։
• Ընդօրինակելով Հիսուսին՝ ի՞նչ պետք է անենք Աստծու ոգին ստանալու համար։
[նկար 8-րդ էջի վրա]
Ինչպե՞ս որոշ հրեշտակներ դարձան դևեր
[նկար 10-րդ էջի վրա]
Սատանան ղեկավարում է մարդկանց աշխարհի ոգու միջոցով, բայց մենք կարող ենք ազատվել դրա ազդեցությունից