Աստվածաշնչի տեսակետը
Գիտությունն ու Աստվածաշունչը հակասո՞ւմ են իրար
«Գիտության մեջ իմաստ և ուրախություն եմ գտնում այն հազվադեպ պահերին, երբ մի նոր բան եմ հայտնաբերում ու ինքս ինձ ասում եմ. «Ահա՛ թե ինչպես է Աստված ստեղծել դա»» (ՀԵՆՐԻ ՇԱՖԵՐ, ՔԻՄԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ)։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ օգնում է ավելի լավ հասկանալու մեզ շրջապատող աշխարհը։ Տեսնում ենք, որ նրանում կան կարգուկանոն, ճշգրիտ օրենքներ, որ այն շատ բարդ է։ Այդ պատճառով շատերը գալիս են այն եզրակացության, որ այդ ամենի հետևում կանգնած է Աստված, որն ունի անսահման իմաստություն և ուժ։ Նրանց կարծիքով՝ գիտությունը ոչ միայն բացահայտում է բնության գաղտնիքները, այլև օգնում է հասկանալու Աստծու միտքը։
Այս տեսակետին թիկունք է կանգնում Աստվածաշունչը։ Հռոմեացիներ 1։20-ում կարդում ենք. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր»։ Նմանապես, Սաղմոս 19։1, 2 համարներն ասում են. «Երկինքը հռչակում է Աստծու փառքը, և երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը։ Օրը օրից հետո խոսք է հայտնում, և գիշերը գիշերից հետո իմացություն է բացահայտում»։ Սակայն չնայած իր բոլոր հրաշալիքներին՝ բնությունը շատ բան չի հայտնում Արարչի մասին։
Որտեղ գիտությունն անզոր է
Աստծու մասին շատ ճշմարտություններ փակ են գիտության առաջ։ Բերենք մի օրինակ։ Գիտնականը կարող է նկարագրել շոկոլադե տորթի յուրաքանչյուր մոլեկուլը, բայց մի՞թե դա կարող է բացահայտել, թե ինչու և ում համար է տորթը թխվել։ Այսպիսի հարցերին պատասխանելու համար, որոնք շատերը ավելի կարևոր են համարում, գիտնականը պետք է հարցնի տորթը թխողից։
Նմանապես, ինչպես գրում է ավստրիացի ֆիզիկոս, նոբելյան մրցանակի դափնեկիր Էրվին Շրյոդինգերը, գիտությունը «բազմաթիվ փաստեր է ներկայացնում, բայց նա լռում է այն ամենի մասին.... ինչն իրականում մոտ է մեր սրտին, ինչն իրականում մեծ նշանակություն ունի մեզ համար»։ Նրա խոսքերով՝ դրանց մեջ մտնում են «Աստվածն ու հավիտենությունը»։ Օրինակ՝ միայն Աստված կարող է պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչո՞ւ գոյություն ունի տիեզերքը, ինչո՞ւ մեր մոլորակի վրա գոյություն ունի կյանքի այս բազմազանությունը, այդ թվում բանական էակները։ Եթե Աստված իրոք ամենակարող է, ինչո՞ւ է թույլ տալիս չարությունն ու տառապանքը։ Հույս կա՞ մահից հետո։
Աստված պատասխանո՞ւմ է այս հարցերին։ Այո՛, Աստվածաշնչի էջերում կարող ենք գտնել դրանց պատասխանը (2 Տիմոթեոս 3։16)։ Սակայն գուցե հարցնեք. «Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ Աստվածաշունչն Աստծու խոսքն է»։ Գիտության տեսանկյունից այն, ինչ ասում է Աստվածաշունչը մեզ շրջապատող աշխարհի մասին, պետք է ներդաշնակ լինի գիտական փաստերին, քանի որ Աստված չի հակասում իրեն։ Իսկ Աստվածաշունչը ճշգրի՞տ է գիտական տեսանկյունից։ Քննենք մի քանի օրինակ։
Գիրք, որը ժամանակից առաջ է անցել
Երբ գրվում էր Աստվածաշունչը, մարդիկ հավատում էին, որ տարբեր աստվածներ են ապրում աշխարհում, և ոչ թե բնության օրենքները, այլ այդ աստվածներն են կառավարում արևը, լուսինը, եղանակը, երկիրը դարձնում են պտղաբեր և այլն։ Սակայն այլ էր պարագան Աստծու՝ հնում ապրած եբրայեցի մարգարեների դեպքում։ Իհարկե, նրանք գիտեին, որ Եհովա Աստված իշխանություն ունի բնության օրենքների վրա, և եղել են դեպքեր, երբ նա անմիջականորեն ղեկավարել է դրանք (Հեսու 10։12–14; 2 Թագավորներ 20։9–11)։ Այնուհանդերձ, Օքսֆորդի համալսարանի (Անգլիա) մաթեմատիկայի պրոֆեսոր Ջոն Լենոքսը նշում է, որ այդ մարգարեները «ստիպված չէին մոռանալու [առասպելական աստվածներին], քանի որ երբեք էլ չէին հավատացել դրանց։ Սնոտիապաշտություններից նրանց պաշտպանում էր միակ ճշմարիտ Աստծու՝ երկնքի ու երկրի Արարչի հանդեպ հավատը»։
Ինչպե՞ս էր այդ հավատը պաշտպանում նրանց սնոտիապաշտությունից։ Նախ ճշմարիտ Աստվածը հայտնել էր նրանց, որ նա ղեկավարում է տիեզերքը ճշգրիտ օրենքներով, կամ՝ կանոններով։ Օրինակ՝ ավելի քան 3 500 տարի առաջ Եհովա Աստված հարցրեց իր ծառա Հոբին. «Իմացե՞լ ես արդյոք երկնքի կանոնները» (Հոբ 38։33)։ Իսկ մ.թ.ա. յոթերորդ դարում Երեմիա մարգարեն գրեց «երկնքի ու երկրի կանոնների» մասին (Երեմիա 33։25)։
Ուստի հին ժամանակներում ապրող մարդիկ, ովքեր հավատում էիր աստվածաշնչյան գրվածքների մարգարեներին, կարող էին իմանալ, որ տիեզերքը ղեկավարվում է ոչ թե առասպելական, դյուրագրգիռ աստվածների կողմից, այլ բնության ճշգրիտ օրենքներով։ Հետևաբար աստվածավախ մարդիկ չէին երկրպագում ստեղծված բաներին, օրինակ՝ արևին, լուսնին կամ աստղերին, ոչ էլ սնահավատորեն էին վերաբերվում դրանց (2 Օրենք 4։15–19)։ Հակառակը՝ Աստծու ստեղծագործություններից սովորում էին նրա իմաստության, զորության և այլ հատկությունների մասին (Սաղմոս 8։3–9; Առակներ 3։19, 20)։
Ինչպես այսօր բազմաթիվ գիտնականները, այնպես էլ հին եբրայեցիները հավատում էին, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»,— ասվում է Ծննդոց 1։1-ում։ Նաև մոտ 3 500 տարի առաջ Աստված հայտնեց իր ծառա Հոբին, որ երկիրը «կախում է ոչնչի վրա», այսինքն՝ այն տարածության մեջ ոչ մի բանից կախված չէ (Հոբ 26։7)։ Իսկ ավելի քան 2 500 տարի առաջ Եսայիա մարգարեն գրեց, որ երկիրը շրջանաձև կամ գնդաձև է (Եսայիա 40։22)a։
Այո՛, Աստվածաշնչի գրվածները մեզ շրջապատող աշխարհի մասին լիովին ներդաշնակ են գիտական փաստերին։ Իրականում, այս երկուսը ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են իրար։ Դրանցից մեկն անտեսելը կնշանակի փակ պահել Աստծու մասին գիտելիքների դուռը (Սաղմոս 119։105; Եսայիա 40։26)։
[ծանոթագրություն]
a Աստծու գոյության և Աստվածաշնչի ճշգրտության մասին մանրամասն տեղեկությունների համար կարդացեք «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ի՞նչ կարող է ստեղծագործությունը հայտնել մեզ Աստծու մասին (Հռոմեացիներ 1։20)։
● Աստծու մասին ո՞ր ճշմարտություններն են փակ գիտության առաջ (2 Տիմոթեոս 3։16)։
● Ինչո՞ւ Աստծու մարգարեները սնոտիապաշտական վերաբերմունք չունեին ստեղծագործության հանդեպ (Երեմիա 33։25)։
[նկար 21-րդ էջի վրա]
Տիեզերքը ղեկավարվում է ճշգրիտ օրենքներով՝ «երկնքի ու երկրի կանոններով» (ԵՐԵՄԻԱ 33։25)