ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18
ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ
Երիտասա՛րդ եղբայրներ, ընդօրինակեք Մարկոսին և Տիմոթեոսին
«Քեզ հետ Մարկոսին էլ բեր, որովհետև ծառայության մեջ ես նրա օգնության կարիքն ունեմ» (2 ՏԻՄՈԹ. 4։11)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Մարկոսի և Տիմոթեոսի օրինակները կարող են օգնել երիտասարդ եղբայրներին մշակել հատկություններ, որոնք անհրաժեշտ են հավատակիցներին ավելի շատ ծառայելու համար։
1-2. Մարկոսին և Տիմոթեոսին ի՞նչը կարող էր խանգարել ավելի շատ ծառայել ուրիշներին։
ՍԻՐԵԼԻ՛ երիտասարդներ, անշուշտ ցանկանում եք ավելի շատ ծառայել Եհովային և ավելի օգտակար լինել ձեր հավատակիցներին։ Մեր սրտերը ջերմանում են՝ տեսնելով, թե որքան շատ երիտասարդ եղբայրներ կան, որոնք պատրաստ են ծառայելու ուրիշներին (Սաղ. 110։3)։ Բայց Եհովայի համար ավելին անելը գուցե հեշտ չլինի։ Հնարավոր է՝ վարանում եք ընդլայնել ծառայությունը, քանի որ չգիտեք, թե ձեզ ինչ է սպասում ապագայում։ Կամ էլ գուցե չեք ցանկանում պատասխանատվություններ ստանձնել, որովհետև վստահ չեք ձեր ուժերի վրա։ Այդպիսի զգացումներ Աստծու ուրիշ ծառաներ էլ են ունեցել։
2 Մարկոսն ու Տիմոթեոսը նույնպես ունեցել են նման զգացումներ։ Բայց նրանք թույլ չեն տվել, որ անորոշությունն ու փորձի պակասը խանգարեն իրենց ծառայել ուրիշներին։ Հավանաբար, Մարկոսն իր մոր հետ ապրում էր հարմարավետ տան մեջ, երբ Պողոս առաքյալն ու Բառնաբասը նրան հրավիրեցին միանալ իրենց առաջին միսիոներական շրջագայությանը (Գործ. 12։12, 13, 25)։ Մարկոսը թողեց իրեն ծանոթ այդ միջավայրը, որպեսզի ընդլայնի իր ծառայությունը։ Նախ՝ նա տեղափոխվեց Անտիոք։ Հետո՝ Պողոսի ու Բառնաբասի հետ գնաց այլ հեռավոր վայրեր (Գործ. 13։1-5)։ Ըստ ամենայնի, Տիմոթեոսը նույնպես ապրում էր իր ծնողների հետ, երբ Պողոսը հրավիրեց նրան միանալ իրեն շրջագայական ծառայության մեջ։ Լինելով երիտասարդ և անփորձ՝ Տիմոթեոսը կարող էր անվստահության պատճառով մերժել այդ հրավերը (համեմատիր 1 Կորնթ. 16։10, 11; 1 Տիմոթ. 4։12)։ Բայց նա ընդունեց այն և արդյունքում մեծապես օրհնվեց (Գործ. 16։3-5)։
3. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Պողոսը թանկ էր գնահատում Մարկոսին ու Տիմոթեոսին (2 Տիմոթեոս 4։6, 9, 11; տես նաև նկարները)։ բ) Ո՞ր հարցերի պատասխաններն են տրվում այս հոդվածում։
3 Մարկոսն ու Տիմոթեոսը դեռ երիտասարդ տարիքում արժեքավոր փորձ ձեռք բերեցին և սովորեցին լուրջ պատասխանատվություններ ստանձնել։ Պողոսն այնքան թանկ էր գնահատում այս երիտասարդներին, որ հետագայում, երբ իր կյանքը մոտենում էր ավարտին, խնդրեց, որ նրանք իր կողքին լինեն (կարդա 2 Տիմոթեոս 4։6, 9, 11)։ Մարկոսի ու Տիմոթեոսի ո՞ր հատկություններն էին նրանց այդքան արժեքավոր դարձնում Պողոսի աչքերում։ Ինչպե՞ս կարող են երիտասարդ եղբայրները նմանվել նրանց։ Եվ ինչպե՞ս կարող են Պողոսի հայրական խորհուրդները օգնել եղբայրներին։
Մարկոսն ու Տիմոթեոսը աջակցեցին Պողոսին՝ երիտասարդ տարիքում իրենց ուսերին վերցնելով տարբեր պատասխանատվություններ (տես պարբերություն 3)b
ՆՄԱՆՎԻՐ ՄԱՐԿՈՍԻՆ. ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ԾԱՌԱՅԵԼՈՒ
4-5. Մարկոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ պատրաստ է ծառայել ուրիշներին։
4 Մի աղբյուրի համաձայն՝ ուրիշներին ծառայել կարող է նշանակել ջանասիրաբար օգնել նրանց, նույնիսկ եթե այդպես վարվելը դժվար է։ Այս հարցում Մարկոսը հրաշալի օրինակ է։ Երբ Պողոսը հրաժարվեց իր հետ վերցնել Մարկոսին երկրորդ միսիոներական ճամփորդության, վերջինս գուցե նեղսրտեց ու տխրեց (Գործ. 15։37, 38)։ Բայց Մարկոսը թևաթափ չեղավ և չդադարեց ծառայել իր եղբայրներին ու քույրերին։
5 Չնայած այդ անախորժությանը՝ նա շարունակեց ծառայությունը՝ դառնալով իր զարմիկ Բառնաբասի ծառայակիցը։ Մոտ 11 տարի անց Մարկոսի անունը հիշատակվում է այն մարդկանց թվում, ովքեր Հռոմում աջակցում էին Պողոսին նրա առաջին բանտարկության ժամանակ (Փիլիմ. 23, 24)։ Առաքյալն այնքան էր արժևորում Մարկոսի աջակցությունը, որ նրան անվանեց «մեծ մխիթարության աղբյուր» (Կող. 4։10, 11)։
6. Ի՞նչ օգուտներ քաղեց Մարկոսը հասուն քրիստոնյաների հետ համագործակցությունից (տես ծանոթագրությունը)։
6 Մարկոսը շատ օգուտներ քաղեց հասուն քրիստոնյաների հետ սերտ համագործակցությունից։ Հռոմում Պողոսի հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա գնաց Բաբելոն՝ Պետրոս առաքյալի մոտ։ Նրանք այնքան էին մտերմացել, որ Պետրոսը նրան կոչում էր «իմ որդի» (1 Պետ. 5։13)։ Հավանաբար, իրենց համագործակցության ընթացքում Պետրոսը իր երիտասարդ ընկերոջը Հիսուսի կյանքի ու ծառայության մասին շատ հետաքրքիր բաներ է պատմել, որոնք Մարկոսն ընդգրկել է իր գրած Ավետարանում։a
7. Ինչպե՞ս է Սեն Վու անունով մի երիտասարդ եղբայր հետևել Մարկոսի օրինակին (տես նաև նկարը)։
7 Մարկոսը շարունակում էր ակտիվորեն ծառայել Եհովային և համագործակցել հասուն եղբայրների հետ։ Ինչպե՞ս կարող ես հետևել նրա լավ օրինակին։ Եթե դեռ չես ստացել այն նշանակումը, որին ձգտում ես, մի՛ վհատվիր և Եհովային ու ժողովին ծառայելու այլ կերպեր փնտրիր։ Սեն Վու անունով մի եղբոր օրինակը կարող է օգնել քեզ։ Նա ծառայում է որպես երեց։ Երիտասարդ տարիքում նա իրեն համեմատում էր այլ եղբայրների հետ։ Նրանցից ոմանք իրենից շուտ էին նշանակումներ ստացել։ Սեն Վուն իրեն անտեսված էր զգում և ի վերջո իր մտահոգության մասին խոսեց հասուն եղբայրների հետ։ Մի եղբայր նրան հորդորեց իր ձեռքից եկածն անել ուրիշներին ծառայելու համար, անգամ եթե նրա գործերն աննկատ մնան։ Սեն Վուն ականջ դրեց այդ խորհրդին ու սկսեց օգնել այն տարեցներին և մյուս հավատակիցներին, ովքեր ժողով հասնելու համար փոխադրամիջոցի կարիք ունեին։ Մտածելով իր անցած ուղու մասին՝ եղբայրն ասում է. «Սովորեցի, թե ինչ է նշանակում լիարժեքորեն ծառայել ուրիշներին։ Հասկացա, թե ինչ մեծ ուրախություն է պարգևում մարդկանց օգնելը»։
Երիտասարդներն ի՞նչ օգուտներ են ունենում՝ շփվելով հասուն եղբայրների հետ (տես պարբերություն 7)
ՆՄԱՆՎԻՐ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ. ՍԻՐԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ՀՈԳ ՏԱՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ
8. Պողոսն ինչո՞ւ որպես ծառայակից ընտրեց Տիմոթեոսին (Փիլիպպեցիներ 2։19-22)։
8 Երբ Պողոսը պետք է կրկին այցելեր այն քաղաքները, որտեղ հակառակության էր բախվել, կարիք ուներ, որ իր կողքին քաջ եղբայրներ լինեն։ Սկզբում նա իր հետ տարավ Շիղա անունով մի փորձառու քրիստոնյայի (Գործ. 15։22, 40)։ Հետագայում որպես ծառայակից ընտրեց նաև Տիմոթեոսին։ Իսկ ինչո՞վ էր Տիմոթեոսը աչքի ընկնում։ Նա լավ համբավ ուներ (Գործ. 16։1, 2)։ Բացի այդ՝ անկեղծորեն հոգ էր տանում մարդկանց մասին (կարդա Փիլիպպեցիներ 2։19-22)։
9. Ինչի՞ց է երևում, որ Տիմոթեոսը անկեղծորեն հետաքրքրված էր իր հավատակիցներով։
9 Պողոսի հետ համագործակցության հենց սկզբից Տիմոթեոսը փաստել է, որ ավելի շատ մտածում է ուրիշների մասին, քան իր։ Այդ իսկ պատճառով Պողոսը թողեց նրան Բերիայում՝ վստահ լինելով, որ նա կքաջալերի այնտեղի նոր աշակերտներին (Գործ. 17։13, 14)։ Բերիայում Տիմոթեոսն անկասկած շատ բան սովորեց Շիղայից։ Ավելի ուշ Պողոսը Տիմոթեոսին մենակ ուղարկեց Թեսաղոնիկե, որ զորացնի այնտեղի քրիստոնյաներին (1 Թեսաղ. 3։2)։ Հետագա 15 տարիների ընթացքում Տիմոթեոսը սովորեց «լացողների հետ լաց լինել»՝ ցավակից լինել նրանց, ովքեր տառապում են (Հռոմ. 12։15; 2 Տիմոթ. 1։4)։ Երիտասարդ եղբայրներն ինչպե՞ս կարող են նմանվել Տիմոթեոսին։
10. Վու Ջեյ անունով մի եղբայր ինչպե՞ս սովորեց ավելի շատ հետաքրքրվել ուրիշներով։
10 Վու Ջեյ անունով մի եղբայր սովորեց ավելի շատ հետաքրքրվել ուրիշներով։ Երիտասարդ տարիքում նրա համար դժվար էր տարիքով ավելի մեծ եղբայրների ու քույրերի հետ շփվել։ Այդ պատճառով նա Թագավորության սրահում պարզապես բարևում էր նրանց և հեռանում։ Մի երեց առաջարկեց նրան մոտենալ հավատակիցներին ու ասել, թե ինչն է գնահատում նրանց մեջ, և այդպիսով զրույց սկսել նրանց հետ։ Երեցը նաև հորդորեց մտածել այն մասին, թե ինչը կարող է հետաքրքրել ուրիշներին։ Վու Ջեյը կիրառեց այս խորհուրդները, և նա այժմ երեց է։ Եղբայրն ասում է. «Հիմա հեշտությամբ եմ բովանդակալից զրույցներ վարում տարբեր տարիքի մարդկանց հետ։ Ուրախ եմ, որ սկսել եմ ավելի լավ հասկանալ ուրիշների խնդիրները, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ օգնել նրանց»։
11. Ինչպե՞ս կարող են երիտասարդ եղբայրները հետաքրքրվել հավատակիցներով (տես նաև նկարը)։
11 Երիտասա՛րդ եղբայրներ, դուք նույնպես կարող եք սովորել անհատապես հետաքրքրվել ուրիշներով։ Ժողովում մոտեցեք տարբեր մարդկանց, հարցրեք նրանց, թե ինչպես են, և ապա լսեք։ Ժամանակի ընթացքում թերևս կհասկանաք, թե ինչպես կարող եք նրանց օգնել։ Հնարավոր է՝ իմանաք, որ մի տարեց զույգ դժվարանում է օգտվել JW Library® հավելվածից կամ ծառայության պայմանավորվածություն չունի։ Կարո՞ղ եք ցույց տալ այդպիսի մարդկանց, թե ինչպես օգտվեն իրենց էլեկտրոնային սարքերից, կամ գնալ նրանց հետ ծառայության։ Նախաձեռնելով օգնել ուրիշներին՝ դուք լավ օրինակ կլինեք բոլորի համար։
Երիտասարդ եղբայրները կարող են տարբեր կերպերով օգնել ժողովին (տես պարբերություն 11)
ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵՆՔ ՊՈՂՈՍԻ ՀԱՅՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ
12. Երիտասարդներն ինչպե՞ս կարող են օգուտ քաղել Տիմոթեոսին տված Պողոսի խորհուրդներից։
12 Պողոսը Տիմոթեոսին գործնական խորհուրդներ տվեց, որոնք նրան օգնեցին երջանիկ կյանքով ապրել և հաջողություն ունենալ ծառայության մեջ (1 Տիմոթ. 1։18; 2 Տիմոթ. 4։5)։ Երիտասա՛րդ եղբայրներ, դուք նույնպես կարող եք օգուտներ քաղել Պողոսի տված հայրական խորհուրդներից։ Կարդացեք Տիմոթեոսին գրած նրա երկու նամակներն այնպես, ասես դրանք ձեզ են ուղղված, և մտածեք, թե որ խորհուրդները կարող եք կիրառել ձեր կյանքում։ Եկեք ուշադրություն դարձնենք մի քանի խորհուրդների։
13. Ի՞նչը կօգնի խոր կապվածություն ունենալ Եհովայի հետ։
13 «Նպատակ դիր Աստծուն նվիրված լինել և մարզիր ինքդ քեզ, որ հասնես դրան» (1 Տիմոթ. 4։7բ)։ Ի՞նչ է նշանակում Աստծուն նվիրված լինել։ Դա նշանակում է կապվածություն ունենալ Եհովայի հետ և ցանկանալ անել այն, ինչ հաճելի է նրան։ Քանի որ մենք այդ հատկությամբ չենք ծնվում, կարիք ունենք զարգացնելու այն։ Իսկ ինչպե՞ս դա անել։ «Մարզիր ինքդ քեզ» թարգմանված հունարեն բառը հաճախ գործածվում էր մրցումներին պատրաստվող մարզիկների տքնաջան մարզումները նկարագրելու համար։ Այդ մարզիկները պետք է կարգապահ լինեին։ Մենք նույնպես պետք է կարգապահ լինենք, որպեսզի ունենանք այնպիսի սովորություններ, որոնք կմտերմացնեն մեզ Եհովայի հետ։
14. Ի՞նչ նպատակ պիտի ունենանք Աստվածաշունչն ընթերցելիս։ Բեր օրինակ։
14 Կարևոր է ամեն օր Աստվածաշունչ ընթերցել, բայց հարկավոր է նաև հիշել, որ դրա նպատակը Եհովայի հետ մտերմանալն է։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել մի հարուստ երիտասարդ առաջնորդի հետ Հիսուսի հանդիպումից (Մարկ. 10։17-22)։ Երիտասարդը հավատում էր, որ Հիսուսը Մեսիան է, բայց բավականաչափ հավատ չուներ նրա հետևորդը դառնալու համար։ Չնայած դրան՝ Հիսուսը «նրա հանդեպ ջերմ սիրով համակվեց»։ Մի՞թե չենք տպավորվում նրանից, թե Հիսուսն ինչպես խոսեց այդ երիտասարդի հետ։ Ակնհայտ է, որ Հիսուսն ուզում էր, որ նա իմաստուն որոշում կայացնի։ Այդպիսով նա նաև արտացոլեց Եհովայի սերը (Հովհ. 14։9)։ Այս արձանագրությունը և քո հանգամանքները վերլուծելիս հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի մտերմանամ Եհովայի հետ և ուրիշներին ավելի շատ ծառայեմ»։
15. Երիտասարդ եղբայրն ինչո՞ւ պիտի լավ օրինակ լինի (1 Տիմոթեոս 4։12, 13)։
15 «Հավատարիմ մարդկանց համար լավ օրինակ եղիր» (կարդա 1 Տիմոթեոս 4։12, 13)։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց ոչ միայն ընթերցելու և սովորեցնելու հմտություններ զարգացնել, այլև ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են սերը, հավատը և մաքրությունը։ Ինչո՞ւ նա հորդորեց դա։ Լավ օրինակը խոսքերից բարձր է հնչում։ Ենթադրենք՝ քեզ հանձնարարել են ելույթ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարելի է ծառայության մեջ ավելի եռանդուն լինել։ Դու մեծ համոզվածությամբ կխոսես, եթե ինքդ ջանք չխնայես ծառայության մեջ։ Քո օրինակը մեծ կշիռ կհաղորդի խոսքերիդ (1 Տիմոթ. 3։13)։
16. ա) Ո՞ր հինգ ոլորտներում երիտասարդ քրիստոնյաները կարող են լավ օրինակ լինել։ բ) Երիտասարդ եղբայրն ինչպե՞ս կարող է լավ օրինակ լինել «խոսքով»։
16 1 Տիմոթեոս 4։12-ում Պողոսը նշում է հինգ ոլորտ, որոնցում երիտասարդ եղբայրը կարող է լավ օրինակ լինել։ Անձնական ուսումնասիրության ժամանակ լավ կլինի՝ ուշադրություն դարձնես դրանցից յուրաքանչյուրին։ Ոլորտներից մեկը «խոսքով» լավ օրինակ լինելն է։ Մտածիր, թե ինչպես կարող ես քո խոսքերով քաջալերել ուրիշներին։ Եթե ապրում ես ծնողներիդ հետ, ավելի հաճախ արտահայտիր գնահատանքդ նրանց արածների համար։ Ժողովից հետո գովիր հավատակցիդ իր ներկայացրած նյութի համար։ Նաև ձգտիր քո բառերով մեկնաբանություն անել ժողովում։ Այն ջանքերը, որ կգործադրես խոսքով լավ օրինակ լինելու համար, ցույց կտան, որ հոգևոր առաջխաղացում ունես (1 Տիմոթ. 4։15)։
17. Ի՞նչը կօգնի երիտասարդ եղբորը հասնել իր հոգևոր նպատակներին (2 Տիմոթեոս 2։22)։
17 «Փախիր երիտասարդական ցանկություններից, ջանադրաբար ձգտիր ճիշտն անել» (կարդա 2 Տիմոթեոս 2։22)։ Պողոսը Տիմոթեոսին հորդորում էր պայքարել այն ցանկությունների դեմ, որոնք կարող են նրան շեղել հոգևոր նպատակներին հասնելուց և վնասել Եհովայի հետ հարաբերությունները։ Հնարավոր է՝ հասկանաս, որ կան գործեր, որոնք թեև ինքնին սխալ չեն, բայց դրանց պատճառով քիչ ժամանակ է մնում հոգևոր բաների համար։ Մտածիր, թե ինչքան ժամանակ ես տրամադրում սպորտին, ինտերնետին կամ տեսախաղերին։ Կարո՞ղ ես այդ ժամանակի մի մասը հատկացնել աստվածապետական գործերին։ Գուցե կարողանաս քո ներդրումն ունենալ տեղի Թագավորության սրահի սպասարկման գործերում կամ մասնակցել ցուցատախտակով ծառայությանը։ Եթե ձգտես ներգրավվել նման գործերի մեջ, հավանական է, որ նոր ընկերներ ձեռք կբերես, ովքեր կօգնեն քեզ հոգևոր նպատակներ դնել ու հասնել դրանց։
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
18. Ինչո՞ւ ենք ասում, որ Մարկոսն ու Տիմոթեոսը լիարժեք և գոհացուցիչ կյանքով են ապրել։
18 Մարկոսն ու Տիմոթեոսը շատ զոհողություններ են արել, որպեսզի ավելի շատ ծառայեն ուրիշներին, և լիարժեք ու գոհացուցիչ կյանքով են ապրել (Գործ. 20։35)։ Իր հավատակիցներին ծառայելու համար Մարկոսը ճանապարհորդել է աշխարհի տարբեր մասերով։ Նա նաև գրել է Հիսուսի կյանքի և ծառայության մասին տպավորիչ պատմությունը։ Իսկ Տիմոթեոսը օգնել է Պողոսին ժողովներ հիմնել և քաջալերել եղբայրներին ու քույրերին։ Ակնհայտ է, որ Եհովային ուրախացրել է Մարկոսի ու Տիմոթեոսի ցուցաբերած անձնազոհությունը։
19. Երիտասարդ եղբայրներն ինչո՞ւ պիտի հետևեն Տիմոթեոսին տրված Պողոսի խորհուրդներին, և ինչպիսի՞ն կլինի դրա արդյունքը։
19 Իր կրտսեր ընկերոջ՝ Տիմոթեոսի նկատմամբ ունեցած Պողոսի ջերմ սերը հստակ երևում է նրան ուղղած իր նամակներում։ Աստծու ներշնչմամբ գրված այդ նամակները, երիտասա՛րդ եղբայրներ, նաև ցույց են տալիս, որ Եհովան ձեզ շատ է սիրում։ Նա ուզում է, որ դուք ծառայեք իրեն ու վայելեք կյանքը։ Ուստի լուրջ վերաբերվեք Պողոսի հայրական խորհուրդներին և մեծացրեք ուրիշներին ավելի շատ ծառայելու ձեր ցանկությունը։ Եթե այդպես վարվեք, հրաշալի կյանք կվայելեք այսօր և «կառչած կլինեք իսկական կյանքին», որն առջևում է (1 Տիմոթ. 6։18, 19)։
ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»
a Պետրոսը, ով զգացմունքային մարդ էր, հավանաբար Մարկոսին պատկերավոր ձևով նկարագրել է, թե ինչ է զգացել Հիսուսը և թե ինչպես է արձագանքել տարբեր իրավիճակներում։ Գուցե հենց դա է պատճառը, որ Մարկոսը հաճախ է խոսել Հիսուսի զգացմունքների և գործերի մասին (Մարկ. 3։5; 7։34; 8։12)։
b ՆԿԱՐ։ Մարկոսը հոգ է տանում Պողոսի ու Բառնաբասի կարիքների մասին իրենց միսիոներական շրջագայության ժամանակ։ Տիմոթեոսը պատրաստակամորեն այցելել է մի ժողով, որպեսզի զորացնի ու քաջալերի եղբայրներին։