Ո՞ւր է ընթանում աշխարհը
ՀԱՋՈՐԴ 10, 20, 30 տարիները ի՞նչ կբերեն։ Ապրելով ահաբեկչության այս դարում՝ մարդ պարզապես վախենում է մտածել ապագայի մասին։ Գիտությունն ու տեխնիկան բուռն զարգացում են ապրում։ Գլոբալիզացիան փոխկախվածություն է ստեղծել շատ երկրների միջև։ Կմիավորվե՞ն աշխարհի ղեկավարները և կկարողանա՞ն հող պատրաստել պայծառ ապագայի համար։ Ոմանք դրական պատասխան են տալիս՝ ասելով, որ մինչև 2015 թվականը ղեկավարներն արդեն կասեցրած կլինեն աղքատության, սովի և ՁԻԱՀ–ի տարածումը, կիսով չափ նվազեցրած կլինեն բնակչության այն տոկոսը, որը զուրկ է մաքուր ջուր խմելու և բավարար սանիտարական պայմաններ ունենալու հնարավորությունից (տե՛ս «Իրականությունն ընդդեմ լավատեսության» շրջանակը)։
Սակայն մարդու՝ ապագայի պատկերացումը հաճախ անիրական է եղել։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ մի մասնագետ ասաց, որ արդեն 1984 թ.–ին ֆերմերները կհերկեն օվկիանոսի հատակը ստորջրյա տրակտորներով։ Մեկ ուրիշն ասաց, որ մինչև 1995 թվականը ավտոմեքենաները սարքավորված կլինեն համակարգիչներով, որոնց շնորհիվ ավտովթարները կկանխվեն։ Իսկ մեկ այլ անձնավորություն գուշակություն արեց, թե 2000 թ.–ին տիեզերքում կապրի ու կաշխատի մոտ 50 000 մարդ։ Իհարկե, այդպիսի գուշակություններ անողները այժմ հավանաբար կնախընտրեին, որ այն ժամանակ լուռ մնացած լինեին։ Մի լրագրող գրեց. «Ոչինչ այնպես չի կարող աշխարհի ամենախելացի մարդկանց լիակատար հիմարներ դարձնել, ինչպես որ ժամանակը»։
«Քարտեզ», որ մեզ առաջնորդում է
Մարդիկ անվերջ դատողություններ են անում ապագայի վերաբերյալ, բայց երբեմն դրանք շատ հեռու են իրականությունից։ Որտեղի՞ց կարող ենք ստույգ իմանալ, թե ինչ է բերելու ապագան։
Քննենք մի օրինակ։ Պատկերացրեք, որ օտար երկրում ճանապարհորդում եք ավտոբուսով։ Քանի որ տարածքն անծանոթ է, սկսում եք անհանգստանալ. «Հետաքրքիր է, որտե՞ղ եմ։ Այս ավտոբուսը ճի՞շտ ուղղությամբ է գնում։ Դեռ շա՞տ կա գնալու»։ Եթե ունենաք մի ճշգրիտ քարտեզ և, պատուհանից դուրս նայելով՝ հետևեք ճանապարհային նշաններին, ապա կկարողանաք ստանալ ձեր հարցերի պատասխանները։
Այսօր շատերը նմանատիպ իրավիճակում են գտնվում. նրանք անհանգստություն են զգում, երբ մտածում են ապագայի մասին։ «Ո՞ւր ենք գնում,— հարցնում են նրանք։— Իսկապե՞ս համաշխարհային խաղաղության տանող ճանապարհին ենք։ Եթե այո, ապա ե՞րբ «տեղ» կհասնենք»։ Աստվածաշունչը նման է քարտեզի, որի օգնությամբ կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները։ Եթե այն ուշադրությամբ ընթերցենք և «պատուհանից» նայենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ապա կկարողանանք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնում։ Բայց նախ եկեք քննենք, թե մեր խնդիրներն ինչպես են առաջացել։
Ողբերգական սկիզբ
Աստվածաշունչն ասում է, որ Աստված առաջին մարդուն և կնոջը կատարյալ ստեղծեց։ Նա նրանց բնակեցրեց դրախտային պայմաններում։ Ադամն ու Եվան ստեղծված էին այնպես, որ ապրեին հավիտյան և ոչ թե 70 կամ 80 տարի։ Աստված նրանց ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան»։ Աստծու նպատակն էր, որ Ադամը, Եվան և նրանց սերունդները ընդարձակեին Դրախտի սահմանները ամբողջ երկրագնդով մեկ (Ծննդոց 1։28; 2։8, 15, 22)։
Սակայն Ադամն ու Եվան ապստամբեցին Աստծու դեմ, ինչի հետևանքով կորցրեցին իրենց դրախտային տունը։ Ավելին, նրանց մտավոր և ֆիզիկական կարողությունները սկսեցին դանդաղ, բայց կայուն ձևով հետընթաց ապրել։ Կյանքի ամեն մի նոր օր Ադամին ու Եվային մեկ քայլով մոտեցնում էր գերեզմանին։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Որովհետև դուրս գալով իրենց Արարչի դեմ՝ նրանք մեղք գործեցին, իսկ «մեղքի վարձքը մահն է» (Հռովմայեցիս 6։23)։
Ադամն ու Եվան ի վերջո մահացան, սակայն նախքան մահանալը նրանք ունեցան որդիներ և դուստրեր։ Կկարողանայի՞ն վերջիններս իրագործել Աստծու սկզբնական նպատակը։ Ո՛չ, քանի որ նրանք իրենց ծնողներից անկատարություն էին ժառանգել։ Ադամի բոլոր հետնորդները, այդ թվում նաև մենք, սերնդեսերունդ փոխանցեցին մեղքն ու մահը։ Աստվածաշունչն ասում է. «Մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 3։23; 5։12)։
Ներկայումս որտե՞ղ ենք
Ադամի ու Եվայի ապստամբությամբ սկիզբ դրվեց մարդկության երկար ու ցավերով լի ճանապարհորդությանը, որը շարունակվում է մեր օրերում։ Ինչպես ասում է Աստվածաշնչի մի գրող, մարդկությունը ‘հնազանդվեց ունայնության’ (Հռովմայեցիս 8։20)։ Որքա՜ն լավ են այս խոսքերը նկարագրում մարդկանց ջանքերը։ Օրինակ՝ Ադամի սերունդների մեջ եղել են տաղանդավոր գիտնականներ, բժիշկներ և գյուտարարներ։ Սակայն նրանցից և ոչ մեկը չի կարողացել խաղաղություն բերել ամբողջ աշխարհին ու մարդկանց պարգևել այնպիսի առողջություն, որ Աստված ի սկզբանե նախատեսել էր։
Ադամի ու Եվայի ապստամբությունն առնչվում է մեզանից յուրաքանչյուրին։ Ո՞ւմ չի խայթել անարդարությունը, վախեցրել հանցագործությունը, ո՞վ չի զգացել քրոնիկական հիվանդության ցավը կամ ապրել հարազատ կորցնելու վիշտը։ Մեր կյանքում ցանկացած անդորր կարծես թե անմիջապես խախտվում է որևէ ողբերգության պատճառով։ Թեև ունենում ենք հաճելի պահեր, բայց մեր գոյությունը ճիշտ և ճիշտ համապատասխանում է այն խոսքերին, որ ասաց Հոբ նահապետը. «Մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։
Նայելով այն բանին, թե որտեղից ենք առաջ եկել և ինչ ողբալի վիճակում ենք ներկայումս՝ գուցե լավ ապագայի ոչ մի հույս չունենանք։ Բայց ինչպես Աստվածաշունչն է հավաստիացնում, Աստված թույլ չի տա, որ նման պայմանները հարատև լինեն։ Մարդկանց առնչությամբ նրա սկզբնական նպատակը կհաջողվի (Եսայիա 55։10, 11)։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ այդ նպատակը շուտով կիրականանա։
Համաձայն Աստվածաշնչի՝ մենք այժմ ապրում ենք մի վճռորոշ ժամանակաշրջանում, որը կոչվում է «վերջին օրեր» (Բ Տիմոթէոս 3։1)։ Այս արտահայտությունը չի նշանակում Երկիր մոլորակի և ամեն շնչավորի վախճան։ Այն նշանակում է իրերի հաստատված համակարգի վախճան, այսինքն՝ վերջ է դրվելու ներկա պայմաններին, որ մեզ ցավ են պատճառում (Մատթէոս 24։3)։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե վերջին օրերում ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, և թե մարդիկ բնավորության ինչպիսի գծեր են դրսևորելու։ 8–րդ էջում ներկայացված են որոշ առանձնահատկություններ։ Համեմատեք դրանք այն ամենի հետ, ինչ տեսնում եք «պատուհանից» դուրս՝ աշխարհում։ Մեր քարտեզը՝ Աստվածաշունչը, օգնում է հասկանալ, որ ներկայումս շատ մոտ ենք գտնվում իրերի այս համակարգի վախճանին։ Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո։
Որքա՞ն կա գնալու
Ադամի ու Եվայի ապստամբությունից անմիջապես հետո Աստված սկսեց բացահայտել իր նպատակը՝ հիմնել մի Թագավորություն, «որ յաւիտեանս չի աւերուիլ» (Դանիէլ 2։44)։ Այդ Թագավորությունը, որի համար շատերը աղոթում են «Հայր մեր» աղոթքն ասելիս, անպատմելի օրհնություններ կբերի մարդկությանը (Մատթէոս 6։9, 10)։
Աստծու Թագավորությունը ինչ–որ անորոշ գաղափար չէ, որ գտնվում է մարդու սրտում։ Այն իրական երկնային կառավարություն է, որը մեծ գործեր կանի երկրի վրա։ Միայն պատկերացրեք, թե Աստված իր Թագավորության միջոցով ինչեր է խոստանում անել։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված նախևառաջ ‘ոչնչացնելու է երկիրը կործանողներին’ (Յայտնութիւն 11։18, ԷԹ)։ Իսկ ի՞նչ կանի նրանց համար, ովքեր հնազանդվում են իրեն։ Նրա գրավոր Խոսքում ասվում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։ Ո՞ր մի մարդը երբևէ կկարողանա այսպիսի բաներ անել։ Միայն Աստված կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նա ի սկզբանե նախատեսել էր։
Ինչպե՞ս կարող եք օգտվել այն օրհնություններից, որ Աստծու Թագավորությունը կբերի։ Յովհաննէս 17։3–ում գրված է. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»։ Եհովայի վկաները իրականացնում են համաշխարհային կրթական մի ծրագիր, որը մարդկանց օգնում է ճանաչել Աստծուն և Քրիստոսին, այսինքն՝ գիտելիքներ ձեռք բերել նրանց մասին։ Նրանք իրենց ծառայությունը կատարում են 230–ից ավելի երկրներում և գրականություն են տարածում ավելի քան 400 լեզվով։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ, ապա կարող եք կապ հաստատել ձեր բնակավայրի Եհովայի վկաների հետ կամ գրել 5–րդ էջում զետեղված համապատասխան հասցեով։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
«Ահա, ով դուք, որ ասում էք, թէ Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք. դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը» (Յակոբոս 4։13, 14)։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
Աստվածաշունչը նկարագրում է մարդկանց պատմությունը հենց սկզբից՝ առաջին տղամարդուց և կնոջից սկսած։ Այդպիսով՝ իմանում ենք, թե որտեղից ենք գալիս և թե ուր ենք գնում։ Բայց որպեսզի հասկանա՛նք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, պետք է խորությամբ ուսումնասիրենք այն, ինչպես քարտեզը։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
«Մեղք» ասելով հասկանում ենք սխալ արարք կամ մի վիճակ, որում մարդը հակված է չար բաներ անելու։ Մենք մեղավոր ենք ծնվել, և դա ազդում է մեր գործողությունների վրա։ «Երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ» (Ժողովող 7։20)։
[Մեջբերում 8–րդ էջի վրա]
■ Եթե դուք պատճենահանեիք մի թուղթ, որի վրա սև բիծ կա, ապա այդ բիծը կհայտնվեր բոլոր պատճենների վրա։ Լինելով Ադամի հետնորդներ՝ «պատճեններ»՝ մենք մեղքի բիծ ունենք մեզ վրա։ Դա այն նույն բիծն է, որ հայտնվեց Ադամի՝ «բնօրինակի» վրա։
[Մեջբերում 8–րդ էջի վրա]
■ Աստվածաշունչն ասում է. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Ահա թե ինչու են մարդկանց՝ համաշխարհային խաղաղություն հաստատելու ջանքերը ձախողվում։ Մարդը չէր ստեղծվել, որ Աստծուց անկախ իր ‘գնացքին’, այսինքն՝ քայլերին, ուղղության տար։
[Մեջբերում 9–րդ էջի վրա]
■ Աստվածաշնչում սաղմոսերգուն Աստծուն ասում է. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Որպես մի ճրագ, Աստվածաշունչն օգնում է մեզ իմաստություն դրսևորել որոշումներ կայացնելիս։ Լինելով ինչպես մի ‘լույս մեր ճանապարհի համար’՝ այն լուսավորում է մեր ուղին, ուստի կարող ենք տեսնել, թե ինչ ապագա է սպասվում։
իրենց քարոզչությամբ
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ
2000 թ. սեպտեմբերին ՄԱԿ–ի անդամ երկրները միաձայն որոշում ընդունեցին մի շարք նպատակներ իրականացնել մինչև 2015 թվականը։ Դրանցից են՝
◼ հասնել այն բանին, որ սովահար և օրական մեկ դոլարից քիչ ապրուստ ունեցող բնակչության տոկոսը կիսով չափ նվազի,
◼ բոլոր երեխաներին ապահովել տարրական կրթությամբ,
◼ վերացնել սեռերի միջև անհավասարությունը բոլոր կրթական մակարդակներում,
◼ երկու երրորդով նվազեցնել մինչև հինգ տարեկան երեխաների մահացության տոկոսը,
◼ մայրերի մահացությունը նվազեցնել 75 տոկոսով,
◼ կասեցնել և կրճատել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, ինչպես նաև ուրիշ լուրջ հիվանդությունների, օրինակ՝ մալարիայի տարածումը,
◼ հասնել այն բանին, որ 50 տոկոսով փոքրանա բնակչության այն հատվածը, որը զուրկ է մաքուր ջուր խմելու հնարավորությունից։
Հասանելի՞ են արդյոք այս նպատակները։ Ուսումնասիրելով աշխարհի վիճակը 2004 թ.–ին՝ առողջապահության գծով ղեկավարները եկան այն եզրակացության, որ հիմքեր չկան լավատես լինելու, քանի որ ցանկալի նպատակները բավական հեռու են իրականությունից։ «Դրությունը աշխարհում, 2005» վերնագրով գրքի (անգլ.) նախաբանում հետևյալն է ասվում. «Չքավորությունը շարունակում է խոչընդոտել առաջընթացը տարբեր ասպարեզներում։ Բազմաթիվ երկրներում գնալով ավելի են տարածվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ը և նման հիվանդությունները, որոնք դանդաղ գործող ռումբի պես լուրջ սպառնալիք են ներկայացնում հասարակության համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 20 միլիոն երեխա է մահացել կանխարգելման ենթակա, ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններից, իսկ հարյուր միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել թշվառության ու կեղտի մեջ մաքուր ջրի և տարրական սանիտարական պայմանների բացակայության պատճառով»։
[Շրջանակ/նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]
«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ» ՈՐՈՇ Ա՛ՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախադեպը չունեցող պատերազմներ (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։4)
Սովեր (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։5, 6, 8)
Համաճարակներ (Ղուկաս 21։11, ԱՆԹ; Յայտնութիւն 6։8, ԱՆԹ)
Անօրենության շատացում (Մատթէոս 24։12)
Երկրի ապականում (Յայտնութիւն 11։18)
Մեծ երկրաշարժեր (Ղուկաս 21։11)
Չափազանց դժվար ժամանակներ (Բ Տիմոթէոս 3։1)
Անհագ սեր փողի հանդեպ (Բ Տիմոթէոս 3։2)
Անհնազանդություն ծնողների հանդեպ (Բ Տիմոթէոս 3։2)
Բնական կապվածության բացակայություն (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)
Սեր ավելի շատ հաճույքների, քան Աստծու հանդեպ (Բ Տիմոթէոս 3։4, ՆԱ)
Ինքնատիրապետման պակաս (Բ Տիմոթէոս 3։3)
Անբարեսիրություն (Բ Տիմոթէոս 3։3)
Վերահաս վտանգի անտեսում (Մատթէոս 24։39)
Ծաղրողներ, որոնք մերժում են վերջին օրերի մասին վկայող փաստերը (Բ Պետրոս 3։3, 4)
Աստծու Թագավորության համաշխարհային քարոզչություն (Մատթէոս 24։14)
[Թույլտվությամբ]
© G.M.B. Akash/Panos Pictures
© Paul Lowe/Panos Pictures
[Նկար 9–րդ էջի վրա]
Եհովայի վկաները հայտնի են Աստծու Թագավորության բարի լուրի մասին