Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/06 էջ 13–15
  • Բորբոս. և՛ բարեկամ է, և՛ թշնամի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բորբոս. և՛ բարեկամ է, և՛ թշնամի
  • 2006 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է իրենից ներկայացնում
  • Երբ բորբոսը բարեկամ է
  • Երբ բորբոսը դառնում է թշնամի
  • Բորբոսն ու շինությունները
  • Գնահատենք Եհովային որպես մեր Բրուտի
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թույլ տուր, որ Եհովան ուղղի քո մտածելակերպն ու վարքը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Թույլ տալի՞ս ես, որ Մեծն Բրուտը ձևավորի քեզ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2006 Արթնացե՛ք
g 4/06 էջ 13–15

Բորբոս. և՛ բարեկամ է, և՛ թշնամի

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՇՎԵԴԻԱՅԻՑ

Բորբոսի որոշ տեսակներ կյանք են փրկում, որոշ տեսակներ էլ սպանում են մարդուն։ Կան բորբոսներ, որ համ ու հոտ են տալիս պանրին և գինուն։ Կան նաև այնպիսիները, որ փչացնում են սնունդը։ Դրանք կարող են աճել փայտի վրա, բաղնիքում, գրքերի մեջ։ Իրականում, բորբոսի սպորները տարածված են ամենուր, և հնարավոր է, որ այս պահին, երբ ընթերցում եք այս նախադասությունը, շնչում եք դրանք։

ՀԱՄՈԶՎԵԼՈՒ համար, որ բորբոսը տարածված է ամենուր, բավարար է վերցնել մի կտոր հաց և դնել ինչ–​որ տեղ, անգամ սառնարանի մեջ։ Որոշ ժամանակ անց այն կծածկվի բամբակյա փառով։ Հենց դա էլ բորբոսն է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում

Բորբոսը պատկանում է սնկերի թագավորությանը, որի մեջ մտնում են ավելի քան 100 000 տեսակներ, այդ թվում՝ ալրացողազգիները, պտղամարմին սնկերը, ժանգասնկերը և խմորասնկերը։ Այս տեսակներից ընդամենը 100–ն են համարվում կենդանիների և մարդկանց հիվանդությունների հարուցիչներ։ Սնկերի բազմաթիվ տեսակներ անփոխարինելի դեր են խաղում օրգանիզմների սնման շղթայում՝ քայքայելով մահացած օրգանական նյութերը և վերստին առանձնացնելով այն կարևոր տարրերը, որոնք կարող են օգտագործվել բույսերի կողմից։ Իսկ որոշ տեսակներ համակեցության մեջ են մտնում բույսերի հետ՝ օգնելով նրանց կլանել հողի մեջ եղող սննդարար նյութերը։ Կան նաև մակաբույծ սնկեր։

Բորբոսն առաջանում է մանրադիտակային սպորներից, որոնք տարածվում են օդի միջոցով։ «Վայրէջք» կատարելով սննդի վրա, հատկապես, եթե այդ սնունդը համապատասխան ջերմաստիճան ու խոնավություն ունի՝ դրանք սկսում են աճել՝ առաջացնելով թելանման բջիջներ՝ սնկաթելիկներ (հիֆեր)։ Երբ սնկաթելիկների թիվը շատանում է, կազմվում է փափուկ, խճճված մի զանգված, որը կոչվում է սնկամարմին (միցելիում)։ Դա բորբոսն է։ Երբեմն այն նմանվում է լաքայի կամ կեղտի, օրինակ՝ երբ սկսում է աճել բաղնիքում՝ սալիկների միջև։

Բորբոսը արագ է բազմանում։ Օրինակ՝ հացի բորբոսի (Rhizopus stolonifer) փոքրիկ սև բծերից՝ սպորանոթներից յուրաքանչյուրում կան ավելի քան 50 000 սպորներ։ Ամեն մի սպորից հաշված օրերի ընթացքում կարող են առաջանալ հարյուր միլիոնավոր նոր սպորներ։ Համապատասխան պայմաններում բորբոսը հեշտությամբ է աճում՝ որտեղ էլ լինեն նրա սպորները՝ գրքի թե կոշիկի մեջ, պաստառի թե կոճղի վրա։

Իսկ ինչպե՞ս է բորբոսը սնվում։ Մարդիկ ու կենդանիները սկզբում ուտում են սնունդը և հետո միայն մարսում։ Մինչդեռ բորբոսը հաճախ ճիշտ հակառակն է անում։ Եթե այն չի կարողանում կլանել օրգանական մոլեկուլները վերջիններիս մեծության ու բարդ կառուցվածքի պատճառով, ապա արտազատում է մարսողական ֆերմենտներ, որոնք մոլեկուլները վերածում են ավելի պարզ մասնիկների։ Այնուհետև բորբոսը «կուլ է տալիս» դրանք։ Քանի որ բորբոսը չի կարող շարժվել ու հետևաբար սնունդ փնտրել իր համար, այն ապրում է հենց իր սննդի մեջ։

Բորբոսը կարող է արտազատել թունավոր նյութեր, որոնք վատ են անդրադառնում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների վրա։ Թունավորումը կարող է տեղի ունենալ շնչուղիների, մաշկի կամ բերանի միջոցով։ Բայց չարժե մտածել, թե բորբոսը լոկ վնասներ է բերում։ Այն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ։

Երբ բորբոսը բարեկամ է

1928 թ.–ին գիտնական Ալեքսանդեր Ֆլեմինգը պատահաբար նկատեց, որ կանաչ բորբոսը կարող է վերացնել մանրէները։ Պարզվեց, որ թեև այդ բորբոսը (հետագայում այն կոչվեց «պենիցիլ») սպանում է մանրէներին, սակայն անվնաս է մարդկանց ու կենդանիների համար։ Այս հայտնագործության շնորհիվ ստեղծվեց պենիցիլինը՝ «կյանք փրկող ամենազորեղ դեղամիջոցը ժամանակակից բժշկության մեջ»։ Իր կատարած աշխատանքների համար Ֆլեմինգը իր գործընկերների՝ գիտնականներ Հոուարդ Ֆլորիի և Էռնստ Չեյնի հետ 1945 թ.–ին արժանացավ Նոբելյան մրցանակի։ Հետագայում բորբոսից պատրաստվեցին մի շարք այլ դեղանյութեր, այդ թվում արյան մակարդուկների, միգրենի և Պարկինսոնյան հիվանդության դեմ օգտագործվող դեղամիջոցները։

Բորբոսը բարելավում է որոշ սննդամթերքների համն ու հոտը։ Խոսենք, օրինակ, պանրի մասին։ Գիտեի՞ք արդյոք, որ բրի, գորգոնզոլա, կամամբեր, ռոկֆոր, ստիլտոն և կանաչ պանիրները իրենց համով պարտական են պենիցիլների ցեղի սնկիկների որոշակի տեսակներին։ Բորբոսին շատ բաներով պարտական են նաև սալյամին, գարեջուրը և սոյայի սոուսը։

Նույնը կարելի է ասել գինու մասին։ Եթե խաղողի որոշակի տեսակներ հավաքվեն ճիշտ ժամանակին, այնպես որ յուրաքանչյուր ողկույզի վրա բավականաչափ բորբոս աճած լինի, ապա դրանցից կարելի է ստանալ հիանալի դեսերտային գինիներ։ Այդ բորբոսը (Botrytis cinerea), որը երբեմն անվանում են «ազնվական բորբոս», ազդում է խաղողի պարունակության մեջ մտնող շաքարի վրա՝ բարելավելով գինու համը։ Իսկ մառանում գինու հասունացման ժամանակ բորբոսի մեկ ուրիշ տեսակ (Cladosporium cellare) ըմպելիքին հաղորդում է նրա վերջնական համն ու հոտը։ Հունգարացի գինեգործները մի ասացվածք ունեն, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ «ազնվական բորբոսը» գինու որակի գրավականն է։

Երբ բորբոսը դառնում է թշնամի

Բորբոսի որոշ տեսակներ դարեր շարունակ վնաս են պատճառել մարդկանց։ Օրինակ՝ դեռևս մ.թ.ա. 6–րդ դարում ասորեստանցիներն օգտագործում էին «եղջերասունկ» կոչվող բորբոսը իրենց թշնամիների ջրհորները թունավորելու համար։ Ուստի կարելի է ասել, որ բորբոսը այդ ժամանակների կենսաբանական զենքն էր։ Միջին դարերում վերոհիշյալ բորբոսը, որը երբեմն ախտահարում է աշորայի հասկերը, բազմաթիվ մարդկանց մոտ առաջ էր բերում ուշագնացություն, այրող ցավեր, փտախտ (գանգրենա) և զգայախաբություն։ Եղջերասնկից առաջացող թունավորումը կոչվեց «Սուրբ Անտոնի կրակ», քանի որ այդ հիվանդությունից տառապող բազմաթիվ մարդիկ հրաշքով բուժվելու հույսով ուխտագնացություն էին կատարում դեպի Սուրբ Անտոնի տաճար (Ֆրանսիա)։

Բորբոսից է արտազատվում աֆլաթույնը, որը քաղցկեղ առաջացնող ամենաուժեղ նյութն է։ Ասիական երկրներից մեկում այս թույնի պատճառով տարեկան մահանում է 20 000 մարդ։ Աֆլաթույնը օգտագործվում է ժամանակակից կենսաբանական զենքերի արտադրության մեջ։

Հիմնականում, սակայն, բորբոսը ավելի շուտ տհաճություն է պատճառում, քան թե լուրջ վնաս է հասցնում առողջությանը։ «Մեծամասամբ, բորբոսը վնասակար չէ, անգամ երբ զգում եք դրա հոտը»,— ասվում է մի աղբյուրում («UC Berkeley Wellness Letter»)։ Սովորաբար բորբոսը վատ է անդրադառնում այն մարդկանց վրա, ովքեր ունեն զանազան ալերգիաներ, թոքերի հետ կապված խնդիրներ (օրինակ՝ ասթմա), թուլացած իմուն համակարգ, զգայուն են քիմիկատների հանդեպ կամ էլ ապրում են գյուղական տարածքում և չափից շատ են առնչվում բորբոսի հետ։ Այս առումով խոցելի են նաև փոքրիկ երեխաներն ու ծերերը։

Կալիֆորնիայի Առողջապահական ծառայությունների բաժնի տվյալներով՝ բորբոսը կարող է առաջ բերել «շնչառական ուղիների խնդիրներ (հևոց, դժվար կամ հաճախակի շնչառություն) և քթի խոռոչի խցանում։ Բացի այդ, կարող է գրգռել աչքերը (այրվում են, արցունքակալում, կարմրում), քիթը, կոկորդը, մաշկը, առաջացնել չոր հազ և ցան»։

Բորբոսն ու շինությունները

Որոշ երկրներում բորբոսի դեմ պայքարելու նպատակով փակում են դպրոցները, հիմնարկները և շենքերը՝ կարգադրելով մարդկանց ազատել դրանք։ Օրինակ՝ 2002 թ.–ին Շվեդիայում բորբոսի պատճառով ստիպված եղան փակել նորաբաց Ժամանակակից արվեստի թանգարանը։ Այն մաքրելու համար ծախսվեց մոտավորապես 5 միլիոն դոլար։ Այսօր հաճախ են առաջանում նմանատիպ խնդիրներ։ Ինչո՞ւ։

Գլխավորապես երկու պատճառով՝ շինանյութերի ու շենքերի կառուցվածքի։ Վերջին տասնամյակների ընթացքում գործածվող շինանյութերը զգայուն են բորբոսի հանդեպ։ Օրինակ՝ ներկայումս հաճախ օգտագործում են գաջով իրար ամրացված ստվարաթղթի շերտեր։ Իսկ գաջը խոնավություն է պարունակում։ Եվ եթե այն երկար ժամանակ խոնավ է մնում, բորբոսի սպորները ծիլ են տալիս ու սկսում են աճել։ Նրանց համար սնունդ է ծառայում թուղթը։

Շենքերի կառուցվածքն այսօր նույնպես փոխվել է։ 1970–ականներից առաջ ԱՄՆ–ում և մի շարք այլ երկրներում շենքերն այնպես չէին հերմետիկացնում և մեկուսացնում, ինչպես հիմա։ Այս փոփոխության նպատակն է կրճատել ծախսերը՝ նվազեցնելով ջերմության կորուստը ցուրտ եղանակին, խոչընդոտելով գերտաքացումը շոգ եղանակին և սահմանափակելով օդի ներհոսքը։ Ուստի այժմ, եթե շենքի մեջ ջուր է ներթափանցում, խոնավությունն ավելի երկար է պահպանվում, ինչը նպաստում է բորբոսի աճին։ Իսկ հնարավո՞ր է որևէ ձևով լուծել այս խնդիրը։

Բորբոսը վերացնելու կամ, առնվազն, նրա աճը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակն է տան ներսում ամեն բան պահել մաքուր և չոր վիճակում, ինչպես նաև ջանք թափել, որ խոնավությունը հնարավորին չափ ցածր լինի։ Իսկ եթե տան որևէ մասը խոնավացել է, մի հապաղեք չորացնել և նորոգել այդ տեղը, որպեսզի նորից ջուր չհավաքվի։ Տանիքն ու ջրորդանները միշտ պահեք մաքուր և սարքին վիճակում։ Նաև այնպես արեք, որ գետնի ու արտաքին պատերի միջև մի փոքր թեքություն լինի, որպեսզի ջուրը չկուտակվի շենքի հիմքի չորսբոլորը։ Եթե կոնդիցիոներ ունեք, ապա մաքուր և չխցանված պահեք տակադիր անոթներն ու ցամաքեցնող խողովակները։

Ինչպես նշվում է մի հեղինակավոր աղբյուրում, «խոնավությունը վերացնելով՝ վերացրած կլինեք նաև բորբոսման խնդիրը»։ Ահա այսպիսի պարզ քայլերով ձեզ և ձեր ընտանիքին կազատեք բորբոսի բացասական հետևանքներից։ Ինչ–​որ իմաստով՝ բորբոսը նման է կրակի։ Այն կարող է և՛ վնաս պատճառել մեզ, և՛ մեծ օգուտ բերել, ինչը հիմնականում կախված է մեզանից։ Ինչ խոսք, բորբոսի վերաբերյալ դեռ շատ բաներ պիտի սովորենք։ Եվ եթե ավելացնենք մեր գիտելիքները Աստծու հիանալի արարչագործությունների, այդ թվում նաև բորբոսի մասին, արդյունքում միայն օգուտներ կքաղենք։

[Շրջանակ/նկար 14–րդ և 15–րդ էջերի վրա]

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ՝ ԲՈՐԲՈՍԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշնչի գրքերից մեկում խոսվում է ‘տան’, այսինքն՝ շինության մեջ ‘բորոտության հարվածի’ կամ ‘բորբոքված բորոտության’ մասին (Ղեւտացոց 14։34–48)։ Կարծիքներ կան, որ այդ համարներում հիշատակված բորոտությունը բորբոսն է, թեև դա ապացուցված չէ։ Ինչևէ, Աստծու Օրենքը հրահանգ էր տալիս տանտիրոջը պատերից հանել ախտահարված քարերը, քերել ամբողջ տունը և այդ ամենը գցել «քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ»։ Եթե դրանից հետո ‘բորոտությունը’ շարունակեր տարածվել, ապա տունը պետք է անմաքուր հայտարարվեր ու քանդվեր։ Բոլոր թափոնները պետք է դեն նետվեին։ Եհովայի կողմից ամենայն մանրամասնությամբ տրված այս ցուցումները վկայությունն էին այն բանի, որ նա խորապես սիրում էր իր ժողովրդին և հոգ էր տանում նրանց առողջության մասին։

[Նկար 13–րդ էջի վրա]

Բորբոսից պատրաստված դեղանյութերը բազմաթիվ կյանքեր են փրկել

[Նկար 15–րդ էջի վրա]

Գաջի և վինիլի շերտերը կարող են խոնավություն ներծծել, ինչը նպաստում է բորբոսի աճին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը