Դիտում ենք աշխարհը
◼ Բրազիլիայում նիհարելու համար օգտագործվող ամֆիտամիների գործածությունը 1997–2004 թթ. աճել է 500 տոկոսով («FOLHA ONLINE», ԲՐԱԶԻԼԻԱ)։
◼ Օդաչուների՝ կատարակտով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան մյուս մարդկանց պարագայում, հնարավոր է այն պատճառով, որ նրանք ավելի շատ են ենթարկվում ճառագայթման («ՈՒՈԼ ՍԹՐԻԹ ՋՈՐՆԼ», ԱՄՆ)։
◼ Հաջորդ տասնամյակի ընթացքում Ասիայի 1, 27 միլիարդ երեխաների գրեթե կեսը զրկված կլինի ամենաանհրաժեշտ բաներից, ինչպիսիք են՝ մաքուր ջուրը, սնունդը, բուժումը, կրթությունը և ծածկը («PLAN», «ASIA REGIONAL OFFICE», ԹԱԻԼԱՆԴ)։
◼ Ծխախոտի ծուխը շնչելը «շատ ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում ենք»։ Պուեբլոյում (Կոլորադո, ԱՄՆ) 18 ամիս անց այն բանից հետո, երբ արգելվեց ծխել գրասենյակներում, ռեստորաններում և այլ փակ շինություններում, նկատվեց, որ բնակիչների շրջանում 27 տոկոսով նվազել են սրտամկանի ինֆարկտ ստանալու դեպքերը («ԹԱՅՄ», ԱՄՆ)։
Իսպանիայում ամուսնալուծությունների թիվն աճում է
Իսպանիայում 2000 թվականին ամուսնությունների թիվը երկու անգամ ավելի շատ է եղել, քան անջատ ապրելու և ամուսնալուծվելու դեպքերը։ Իսկ արդեն 2004 թ.–ին երեք ամուսնություններից երկուսը փլուզվել են։ 1981 թ.–ից, երբ ամուսնալուծությունը թույլատրվեց օրենքով, ավելի քան մեկ միլիոն երեխաներ ականատես եղան իրենց ծնողների ամուսնալուծությանը։ Ինչո՞վ է բացատրվում ամուսնալուծությունների այս մեծ աճը։ Հոգեբան Պատրիսիա Մարտինեսի խոսքերով՝ «ամուսինների միջև անկայուն փոխհարաբերությունների պատճառը գլխավորապես մշակութային փոփոխություններն են, կրոնական և բարոյական չափանիշների անկումը, կանանց՝ աշխատանքի մեջ ներգրավվելը և այն, որ ամուսինը առօրյա գործերում չի համագործակցում կնոջ հետ»։
Ճարպակալում Չինաստանում
Չինաստանում «մոտակա 10 տարիներին գրեթե 200 միլիոն մարդ ճարպակալման վտանգի առջև կկանգնի»,— նշվում է Լոնդոնի «Գարդիան» թերթում։ Պատրաստի սնունդ մատուցող հաստատությունները «լայն տարածում են գտել շատ քաղաքներում։ Միջին տարիքի մարդիկ քիչ են ֆիզիկական վարժություններ կատարում, ավտոմեքենա շատ են վարում և ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցների, համակարգիչների և տեսախաղերի առջև»։ Ամեն տարի 8 տոկոսով աճում է ճարպակալված երեխաների թիվը, իսկ Շանհայում տարրական դասարաններում սովորող դպրոցականների ավելի քան 15 տոկոսը արդեն ճարպակալված է։
Գետը ի հայտ է բերում թմրանյութերի լայն գործածությունը
Իտալիայի Պո գետի ջրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գետի շրջակայքում բնակվող մարդիկ շատ ավելի մեծ քանակությամբ են թմրանյութեր օգտագործում, քան ցույց են տալիս պաշտոնական հաշվարկները («Environmental Health»)։ Կոկաին օգտագործողների մեզը պարունակում է բենզոլեգոնին։ Այս բաղադրիչի առկայությունը մարդու օրգանիզմում հաճախ որպես ապացույց է օգտագործվում դատավարությունների ժամանակ և փաստում է, որ անհատը կոկաին է օգտագործել։ Այն, որ այդ քիմիական նյութը կոյուղու միջով թափվում է գետ, ցույց է տալիս, որ ամեն օր մոտավորապես չորս կիլոգրամ կամ 40 000 դեղաչափ կոկաին է սպառվում. թիվ, որը 80 անգամ գերազանցում է նախորդ հաշվարկներին։
Մահացություն, որը հնարավոր է կանխել
«Այս տարի գրեթե հինգ տարեկան 11 միլիոն երեխաներ կմահանան, սակայն մեծ մասամբ դա հնարավոր է կանխել»,— նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թ. հաշվետվության մեջ։ Այդ մահացությունների մոտ 90 տոկոսը տեղի է ունենում նորածնության շրջանում առաջ եկած բարդությունների, ինչպես օրինակ՝ վաղաժամ ծննդաբերության, վարակների, նորածինների շնչահեղձության, շնչառական օրգանների վարակների՝ հատկապես թոքաբորբի, նաև լուծի, մալարիայի, կարմրուկի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի պատճառով։ «Այս մահացությունները մեծ մասամբ կարելի է կանխել հասարակ, մատչելի և արդյունավետ բուժումների միջոցով»,— նշվում է նույն հաշվետվության մեջ։ Բացի այդ, ամեն տարի կես միլիոնից ավելի կանայք մահանում են հղիության կամ ծննդաբերության ժամանակ հիմնականում այն պատճառով, որ «չեն գտնվել որակյալ բժիշկների հսկողության ներքո»։