Օծանելիք պատրաստողների սիրած միրգը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻՑ
ՕԾԱՆԵԼԻՔԻ պատմությունը շատ հին է։ Աստվածաշնչային ժամանակներում նրանք, ովքեր հնարավորություն ունեին, իրենց տները լցնում էին օծանելիքի բուրմունքով, այն շաղ էին տալիս հագուստին, անկողնուն և մարմնին։ Օծանելիքի բաղադրության մեջ մտնում էին ալոե, բալասան, դարչին և այլ հոտավետ նյութեր (Առակաց 7։17; Երգ Երգոց 4։10, 14)։
Բույսերից ստացված բնահյութերը մինչև օրս էլ անփոխարինելի են օծանելիքի պատրաստման մեջ։ Մենք գնացինք Կալաբրիա, որը գտնվում է Ապենինյան թերակղզու հարավում. այստեղ է արտադրվում օծանելիքի բաղադրամասերից մեկը։ Գուցե ձեզ հայտնի չէ բերգամոտ անունով միրգը, սակայն ասում են, որ նրա բույրը առկա է կանացի օծանելիքի մեկ երրորդի և տղամարդկանց օդեկոլոնների մեկ երկրորդի մեջ։ Թույլ տվեք ներկայացնել բերգամոտը։
Բերգամոտը մշտադալար ցիտրուսային բույս է։ Նրա ծաղիկները բացվում են գարնանը, իսկ հարթ կեղև ունեցող դեղին պտուղը, որը նարնջի չափ է, հասունանում է ուշ աշնանը կամ ձմռան սկզբին։ Շատ մասնագետներ բերգամոտը համարում են հիբրիդ։ Նրա ծագումը այնքան էլ պարզ չէ։ Բերգամոտը խնամք է պահանջում։ Հետաքրքիր է, որ այն չի կարող աճել սերմից։ Նոր ծառ ստանալու համար այգեգործները գոյություն ունեցող ծառից կտրում են մի շիվ և պատվաստում նման տեսակի բույսին, օրինակ՝ լայմին կամ թթու նարնջենուն։
Բերգամոտի պտուղները եզակի հատկություններ ունեն, ուստի բարձր են գնահատվում օծանելիք պատրաստողների կողմից։ Օծանելիքի վերաբերյալ մի գրքում բացատրվում է, որ բերգամոտի բնահյութը հազվագյուտ հատկություն ունի. այն «միավորում և պահպանում է տարբեր հոտեր՝ ստեղծելով եզակի բուրմունք և հաղորդելով հատուկ թարմություն բույրերի յուրաքանչյուր համակցության, որի մեջ բերգամոտ կա»։a
Բերգամոտի մշակումը Կալաբրիայում
Պատմական աղբյուրները վկայում են, որ Կալաբրիայում բերգամոտ աճեցրել են առնվազն 18–րդ դարի սկզբից, և տեղացիները նրա բնահյութը երբեմն վաճառել են այդ կողմերով անցնող ճանապարհորդներին։ Կոմերցիոն նպատակներով բերգամոտի մշակումը, սակայն, սկսվեց այն բանից հետո, երբ հայտնագործվեց օդեկոլոնը։ 1704 թ.–ին Ժան Պաոլո Ֆեմինիսը՝ մի իտալացի, որը գաղթել էր Գերմանիա, ստեղծեց օծանելիք, որն անվանեց ակվա ադմիրաբիլիս («սքանչելի ջուր»)։ Նրա հիմնական բաղադրիչը բերգամոտի բնահյութն էր։ Այդ օծանելիքը հայտնի դարձավ «օդեկոլոն» անունով (ֆրանսերեն «eau de Cologne» արտահայտությունից), որը նշանակում է «Քյոլնի ջուր»՝ այն քաղաքի անունով, որտեղ պատրաստվեց այդ օծանելիքը։
Բերգամոտի առաջին այգին տնկվեց Ռեջո դի Կալաբրիայում, հավանաբար, 1750 թ.–ին։ Նրա բնահյութի վաճառքը սկսեց մեծ եկամուտներ բերել, ինչը և խթանեց բերգամոտի հետագա մշակումը։ Ծառերը սիրում են մեղմ կլիմա. նրանք պետք է տնկված լինեն տեղանքի հարավային կողմում, որպեսզի պաշտպանված լինեն սառը հյուսիսային քամիներից։ Բերգամոտը չի սիրում ուժեղ քամիներ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն և երկարատև խոնավություն։ Ցամաքի այն նեղ շերտը (5 կիլոմետր լայնությամբ և 150 կիլոմետր երկարությամբ), որը գրկում է Իտալիայի ծայր հարավը, իդեալական պայմաններ է ստեղծում այս ցիտրուսի համար։ Ջանքեր են գործադրվում բերգամոտ աճեցնելու ուրիշ վայրերում, բայց դրանք առանձնակի հաջողություններ չեն ունենում։ Ամբողջ աշխարհում բերգամոտի բերքի մեծ մասը արտադրվում է Ռեջո դի Կալաբրիա գավառում։ Մյուս երկիրը, որը բերգամոտ է մշակում, Կոտ դ’Իվուարն է (Աֆրիկա)։
Բերգամոտի դեղնականաչավուն եթերայուղը ստանում են պտղի կեղևից։ Այն ստանալու ավանդական եղանակներից մեկը հետևյալն է. պտուղը կիսում են, պտղամիսը հանում, այնուհետև կեղևը ճզմում են այնպես, որ յուղը կեղևի արտաքին կողմով ցայտում է բնական սպունգի մեջ։ Մոտ 500 գրամ բնահյութ ստանալու համար հարկավոր է մշակել 90 կիլոգրամ բերգամոտ։ Ներկայումս գրեթե ողջ հյութը քամվում է մեքենաներով։
Քիչ հայտնի, բայց լայնորեն կիրառվող
Այս պտուղը Կալաբրիայից դուրս թերևս քիչ է հայտնի, սակայն, համաձայն մի աղբյուրի, «գիտակների մեջ այդ բառը ուժգին էմոցիաներ է առաջացնում»։ Նրա մրգային հոտը կարելի է հայտնաբերել ոչ միայն օծանելիքում, այլև օճառներում, դեզոդորանտներում, ատամի մածուկներում և քսուքներում։ Բերգամոտի բաղադրատարրերը օգտագործվում են նաև պաղպաղակի, թեյի, հրուշակեղենի և խմիչքների պատրաստման մեջ։ Քանի որ այն նպաստում է արևայրուկին, ուստի մտնում է արևից պաշտպանվելու համար նախատեսված քսուքների բաղադրության մեջ։ Բերգամոտը ունի հակաբորբոքիչ և բակտերիասպան հատկություններ. նրանից պատրաստվում են ախտահանիչ միջոցներ, որոնք կիրառվում են վիրաբուժության, ակնաբանության և մաշկաբանության մեջ։ Բերգամոտի պեկտինը, որը դոնդող առաջացնող ակտիվ գործոն է, իր տեղն է գտել նաև հեմոստատիկ (արյունահոսությունը դադարեցնելու համար նախատեսված) և հակափորլուծային պատրաստուկներում։
Մասնագետներն առանձնացրել են բերգամոտի բնահյութի մոտ 350 բաղադրատարր, որոնք եզակի են դարձնում նրա բուրմունքը, ինչպես նաև հայտնաբերել են բազմաթիվ այլ հատկություններ։ Եվ այս ամենը ընդամենը մե՛կ պտղի մեջ։
Քիչ հավանական է, որ Աստվածաշնչի գրողներին ծանոթ է եղել բերգամոտը։ Սակայն ամեն ոք, ով հետաքրքրվում է այս ցիտրուսի հատկություններով և գնահատում է նրա Արարչի իմաստությունը, կարող է համոզված կրկնել սաղմոսերգուի խոսքերը. «Օրհնեցէք Տիրոջը.... պտղաբեր ծառեր» (Սաղմոս 148։1, 9)։
[Ծանոթագրություն]
a Որոշ մարդիկ ալերգիկ են ծաղկափոշու հանդեպ, մյուսներն էլ՝ օծանելիքի հանդեպ։ «Արթնացե՛ք»–ը նպատակ չունի գովազդել որևէ նյութ։
[Նկար 25–րդ էջի վրա]
Բերգամոտի բնահյութը ստանում են՝ պտղի կեղևը քերելով
[Թույլտվությամբ]
© Danilo Donadoni/Marka/age fotostock