Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/09 էջ 18–19
  • Ինչպիսի՞ն է Աստծու էությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն է Աստծու էությունը
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ մարդկային հատկանիշներ
  • Իգակա՞ն, թե՞ արական
  • Աստծու գլխավոր հատկությունը
  • Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ո՞վ է Աստված
    2002 Դիտարան
  • Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 1/09 էջ 18–19

Աստվածաշնչի տեսակետը

Ինչպիսի՞ն է Աստծու էությունը

«ԱՍՏՎԱԾ Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով և ճշմարտությամբ երկրպագեն նրան»,— ասում է Աստվածաշունչը։ Այս խոսքերը հայտնում են մի հիմնարար ճշմարտություն Աստծու էության վերաբերյալ, այն է՝ Աստված ոգի է (Հովհ. 4։19–24)։ Այնուհանդերձ, Աստվածաշնչում նա նկարագրվում է որպես անձնավորություն։ Նրա անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։

Որոշ մարդկանց համար, ովքեր ընթերցում են Աստվածաշունչը, պարզ չէ, թե ինչպիսին է Աստծու էությունը։ Եթե Աստված անտեսանելի ոգի է և չունի նյութական մարմին, ապա ինչո՞ւ է բազմաթիվ սուրբգրային համարներում նշվում, որ նա ունի աչքեր, ականջներ, քիթ, սիրտ, բազուկներ, ձեռքեր, մատներ և ոտքերa։ Քանի որ Աստծու Խոսքն ասում է, որ մարդը ստեղծվել է Աստծու պատկերով, ոմանք կարծում են, թե Աստված մարդու մարմնի պես մարմին ունի։ Սակայն ամեն ինչ պարզ կդառնա, եթե Աստվածաշունչը ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք (Ծննդոց 1։26)։

Ինչո՞ւ մարդկային հատկանիշներ

Աստվածաշնչի գրողները Աստծու ներշնչումով նրան վերագրել են մարդկային հատկանիշներ։ Այդպես մարդիկ կկարողանային հասկանալ Ամենակարողի էությունը։ Գիտնականները դա անվանում են անթրոպոմորֆիզմ, կամ՝ մարդակերպություն, այսինքն՝ ինչ–որ բանի՝ մարդկային կերպարանք կամ հատկանիշներ վերագրելը։ Այս մեթոդի առկայությունը վկայում է, որ մարդկային լեզուն ի վիճակի չէ լիովին նկարագրելու ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Աստվածաշունչը գրողների նպատակն էր ամբողջությամբ ըմբռնել նրա էությունը և այն ներկայացնել մարդկանց հասկանալի ձևով։ Սա նշանակում է, որ վերոհիշյալ բառերը չպետք է բառացի հասկանանք, ինչպես որ բառացի չենք հասկանում «վեմ», «արև» կամ «վահան» բառերը, որոնք նույնպես վերաբերում են Աստծուն (Բ Օրինաց 32։4, ծնթ.; Սաղմոս 84։11)։

Նմանապես, երբ Աստվածաշունչն ասում է, որ մարդը ստեղծվել է Աստծու պատկերով, ուզում է փոխանցել այն միտքը, որ մարդը որոշ չափով արտացոլում է Եհովայի հատկությունները, որոնք Նա դրսևորում է կատարելապես։ Ակնհայտ է, որ դա չի նշանակում, թե մարդիկ ոգիներ են, և ոչ էլ նշանակում է, թե Աստված մարդկային մարմին ունի։

Իգակա՞ն, թե՞ արական

Ճիշտ ինչպես որ Աստծուն մարդկային հատկանիշներ վերագրելը, այնպես էլ նրան արական սեռ վերագրելը չպետք է բառացիորեն հասկանալ։ Սեռային տարբերակումը հատուկ է միայն ֆիզիկական էակներին։ Դա լեզվաբանական միջոց է և ցույց է տալիս, որ մարդկային լեզուն ի վիճակի չէ լիովին նկարագրելու Ամենակարող Աստծու՝ Եհովայի էությունը։

Այն, որ Աստվածաշնչում Եհովան կոչվում է «Հայր», օգնում է մեզ հասկանալու, որ մեր Արարչին կարելի է նմանեցնել այնպիսի հոր, որը սիրում, պաշտպանում և հոգ է տանում իր ընտանիքին (Մատթեոս 6։9)։ Սակայն դա չի նշանակում, թե պետք է Աստծուն կամ որևէ այլ ոգեղեն էակի վերագրենք սեռային պատկանելություն։ Երկնային արարածներին դա հատուկ չէ։ Հետաքրքրական է, որ, ինչպես գրված է Աստվածաշնչում, նրանք, ովքեր կանչվում են՝ լինելու Քրիստոսի ժառանգակիցներ նրա երկնային Թագավորությունում, չեն ակնկալում, որ կպահպանվի իրենց սեռը, երբ փառավորվեն որպես Աստծու ոգեղեն որդիներ։ Պողոս առաքյալը հիշեցրեց, որ չկա «ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին» նրանց մեջ, ովքեր դառնում են Աստծու փառավորված ոգեղեն որդիներ։ Նրանք փոխաբերական իմաստով նաև կոչվում են Գառան՝ Հիսուս Քրիստոսի «հարս»։ Այս ամենը ցույց է տալիս, որ երբ Աստծուն, ինչպես նաև նրա միածին Որդի Հիսուսին և ուրիշ ոգեղեն էակների վերագրում են մարդկային հատկանիշներ, դրանք չպետք է հասկանալ բառացիորեն (Գաղատացիներ 3։26, 28; Հայտնություն 21։9; 1 Հովհաննես 3։1, 2)։

Ճիշտ հասկանալով տղամարդու դերը՝ Աստվածաշունչը գրողները Աստծու մասին խոսել են արական սեռի բառերով։ Նրանք գիտեին, որ այն տղամարդը, ով ճիշտ է կատարում իր դերը, արտացոլում է Եհովայի սիրառատ, հայրական վերաբերմունքը իր երկրային զավակների հանդեպ (Մաղաքիա 3։17; Մատթեոս 5։45; Ղուկաս 11։11–13)։

Աստծու գլխավոր հատկությունը

Թեև Գերիշխանը ոգեղեն է, նա երբեք սառը վերաբերմունք չի դրսևորում, պարուրված չէ խորհրդավորությամբ և չի խուսափում հաղորդակցվելուց։ Նրա ոգեղեն էությունը անթափանցելի պատնեշ չէ ազնվասիրտ մարդկանց համար, ովքեր ուզում են ճանաչել և գնահատել նրա սերը, զորությունը, իմաստությունը և արդարությունը, հատկություններ, որոնք նույնպես բնորոշում են նրա էությունը և ակնհայտ են արարչագործության մեջ (Հռոմեացիներ 1։19–21)։

Սակայն Աստծու էությունը կարելի է ներկայացնել նրա գլխավոր հատկությամբ, որը սերն է։ Եհովայի սերն այնքան ուշագրավ է, որ Աստվածաշունչն ասում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Այս հատկությունը ներառում է նրա էությունը բնորոշող այլ հատկություններ՝ ողորմություն, ներողամտություն, երկայնամտություն (Ելից 34։6; Սաղմոս 103։8–14; Եսայիա 55։7; Հռոմեացիներ 5։8)։ Եհովան իսկապես սիրո Աստված է։ Նա հրավիրում է մեզ՝ մարդկանցս, մտերմանալու իր հետ (Հովհաննես 4։23)։

[Ծանոթագրություն]

a Տե՛ս, օրինակ, Ծննդոց 8։21; Ելից 3։20; 15։8; 31։18; Ա Թագաւորաց 8։21; Յոբ 40։9; Սաղմոս 10։17; 18։9; 34։15; Առակաց 27։11; Եզեկիէլ 8։17, ՆԱ; Զաքարիա 14։4; Ղուկաս 11։20; Հովհաննես 12։38; Հռոմեացիներ 10։21; Եբրայեցիներ 4։13։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Ի՞նչ է Աստծու անունը (Սաղմոս 83։18)։

◼ Որտե՞ղ կարող ենք տեսնել Աստծու հատկությունների դրսևորումները (Հռոմեացիներ 1։19–21)։

◼ Ո՞րն է Աստծու գլխավոր հատկությունը (1 Հովհաննես 4։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը