Երբ գետը հետ է հոսում
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԿԱՄԲՈՋԱՅԻՑ
ԵՐԲԵՎԷ լսե՞լ եք, որ գետը հետ հոսի։ Գիտեի՞ք, որ անտառը կարող է կես տարի ջրի տակ մնալ։ Իսկ տեսե՞լ եք, որ մարդիկ ապրեն ջրի վրա լողացող տներում, որոնք ջրի նվազելու հետ մեկտեղ տեղաշարժվում են։ Ասում եք՝ անհնա՞ր է։ Այդ դեպքում եկեք Կամբոջա գնանք անձրևային սեզոնի, կամ՝ մուսսոնի ժամանակ, և դուք կփոխեք ձեր կարծիքը։
Մայիսի կեսերից մինչև հոկտեմբեր այգաբացի պարզկա երկինքը ամեն օր ծածկվում է գորշ ամպերով, իսկ կեսօրին հորդառատ անձրև է գալիս։ Անձրևաջրերը սկսում են ողողել չոր ու փոշոտ փողոցները, արդյունքում գետերը դուրս են գալիս հուներից։
Ինչո՞ւ է հետ հոսում
Տեսնո՞ւմ եք քարտեզի վրա այն հատվածը, որտեղ հզոր Մեկոնգ գետը խառնվում է Տոնլեսապ գետին։ Ջրերը բաժանվում են. մի մասը հոսում է Մեկոնգ գետով, իսկ մյուսը՝ Բասակ գետով։ Մեկոնգ գետը շարունակում է իր ճանապարհը դեպի հարավ, անցնում է Վիետնամի տարածքով, որտեղ կազմավորվում է Մեկոնգի դելտան։
Երբ սկսում է անձրևային սեզոնը, դելտայի ցածրադիր մասերում ջրերը հորդանում են և լցվում չոր վտակները։ Քանի որ անձրևային սեզոնը երկար է տևում, Տոնլեսապ գետը իր սովորական հունով դեպի հարավ հոսելու փոխարեն՝ սկսում է հետ հոսել դեպի հյուսիս։ Այսպես ջրառատ գետը հետ է հոսում և լցվում է Տոնլեսապ լիճ։
Տոնլեսապ լիճը գտնվում է Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենից մոտ 100 կիլոմետր հեռու։ Չոր սեզոնին լճի մակերեսը մոտ 3 000 քառակուսի կիլոմետր է։ Սակայն անձրևային սեզոնին ջուրն այնքան է բարձրանում, որ լճի մակերեսը չորսից հինգ անգամ մեծանում է։ Այն դառնում է ամենամեծ քաղցրահամ լիճը Հարավարևելյան Ասիայում։
Անձրևային սեզոնի ժամանակ այն տարածքները, որտեղ կան բրնձի դաշտեր, ճանապարհներ, ծառեր և գյուղեր ջրի տակ են անցնում։ Ձկնորսները, որոնք իրենց նավակներով միայն մեկ մետր խորությամբ ջրի վրա էին նավարկում, այժմ սկսում են նավարկել տասը մետր բարձրություն ունեցող ծառերի վրայով։ Սովորաբար այսպիսի հեղեղը աղետ է համարվում, սակայն Կամբոջայում ապրողների համար դա օրհնություն է։
Հեղեղը օրհնությո՞ւն
Հետ հոսող Տոնլեսապ գետը լիճը լցնում է տիղմով։ Բացի դրանից, մեծ քանակությամբ ձկներ Մեկոնգ գետից լցվում են լիճ ու բազմանում են սննդարար նյութերով հարուստ այս միջավայրում։ Իրականում լիճը քաղցրահամ ջրերում ապրող ձկների ամենահարուստ պաշարն ունի աշխարհում։ Անձրևային սեզոնից հետո լճի մակարդակն այնքան արագ է իջնում, որ ձկնորսները երբեմն ծառերից են ձուկ «քաղում»։
Տարվա մեջ տեղի ունեցող այս ջրհեղեղի շնորհիվ էկոհամակարգը անընդհատ փոփոխվում է։ Բուսականությունն այդ շրջանում բոլորովին այլ կերպ է աճում, քան այն տարածքներում, որտեղ ջրհեղեղ չի լինում։ Սովորաբար արևադարձային ծառերը դանդաղ են աճում և անձրևային սեզոնին բողբոջում են, իսկ չոր սեզոնին տերևաթափ են լինում։ Բայց Տոնլեսապի տարածքում տերևները թափվում են անձրևային սեզոնին։ Եվ փոխանակ այդ սեզոնին աճը արագանա՝ դանդաղում է։ Իսկ երբ ջրերը քաշվում են, ու սկսվում է չոր սեզոնը, ծառերը բողբոջում են ու անմիջապես տերևներ արձակում։ Երբ լիճը սկսում է ցամաքել, գետինը ծածկվում է նեխած տերևների շերտով, որը չոր սեզոնի ընթացքում դառնում է ծառերի և այլ բույսերի սննդի աղբյուրը։
Կյանքը գերանների և լողացող հարթակների վրա
Ինչպե՞ս են ապրում մարդիկ։ Նրանք, ովքեր ապրում են լճերի վրա, իրենց փոքր տները կառուցում են մոտ 6 մետր բարձրություն ունեցող գերանների վրա։ Հեղեղի սեզոնին ջուրն այնքան է բարձրանում, որ հավասարվում է այս բարձր տներին և հնարավոր է լինում նավակներից, ինչպես նաև մետաղյա մեծ տաշտերից, որոնցով փոխադրում են երեխաներին, անմիջապես մտնել տուն։
Մյուսներն էլ ապրում են նավակ–տներում։ Նրանք իրենց տները կառուցում են լողացող հարթակների վրա։ Իսկ երբ ընտանիքը մեծանում է, մեկ ուրիշ հարթակ են կցում իրենց տան «հիմքին»։ Այդ տարածքում կան ջրի վրա լողացող մոտավորապես 170 գյուղ։
Օրվա ընթացքում բոլորը ձկնորսությամբ են զբաղվում։ Մինչ ջրի մակարդակը բարձրանում է կամ իջնում, տները (երբեմն էլ ողջ գյուղը) կարող են մի քանի կիլոմետր տեղաշարժվել, որպեսզի մոտ մնան ձկնառատ տարածքներին։
Երկար մակույկները ծառայում են որպես խանութներ կամ շուկաներ և մարդկանց ապահովում են անհրաժեշտ բաներով։ Դրանք կարող են նույնիսկ ծառայել որպես ավտոբուսներ։ Երեխաները հաճախում են ջրի վրա լողացող դպրոց։ Մի խոսքով՝ կյանքն այստեղ ընթանում է գետի հունով, գետ, որը հետ է հոսում։
[Քարտեզ 31–րդ էջի վրա]
Չոր սեզոն
Խոնավ սեզոն
ԿԱՄԲՈՋԱ
Տոնլեսապ լիճ
Տոնլեսապ գետ
Մեկոնգ գետ
ՊՆՈՄՊԵՆ
Բասակ գետ
ՎԻԵՏՆԱՄ
Մեկոնգի դելտա
[Նկար 31–րդ էջի վրա]
Տղան թիավարում է Տոնլեսապ գետով
[Նկար 31–րդ էջի վրա]
Նույն գյուղը՝ չոր սեզոնին և խոնավ սեզոնին
[Թույլտվությամբ]
Map։ Based on NASA/Visible Earth imagery; village photos։ FAO/Gordon Sharpless