Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/09 էջ 19–22
  • Մարդ, որը ստեղծեց աշխարհի քարտեզը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարդ, որը ստեղծեց աշխարհի քարտեզը
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ուսումնասիրում է աշխարհագրություն
  • Ինչպես դարձավ քարտեզագիր
  • Մեղադրվում է որպես հերետիկոս
  • Առաջին ատլասը
  • «Մեր ժամանակների ամենամեծ աշխարհագրագետը»
  • Արիստոտել
    2016 Արթնացե՛ք
  • «Այդ երկրումը ման եկ»
    2004 Դիտարան
  • Հաճույքով ընթերցիր Աստծո Խոսքը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Աստվածաշնչյան երկրները
    Տեսեք լավ երկիրը
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 7/09 էջ 19–22

Մարդ, որը ստեղծեց աշխարհի քարտեզը

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ԲԵԼԳԻԱՅԻՑ

1544 թ. սկզբին Գերհարդ Մերկատորը սառը, մութ բանտախցում էր։ Նա վստահ էր, որ մահապատիժն անխուսափելի է։ Ինչո՞ւ էր 16–րդ դարի մեծագույն քարտեզագիրը հայտնվել բանտում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք ծանոթանանք նրա կյանքին ու տեսնենք, թե ինչ ժամանակներում էր նա ապրում։

ՄԵՐԿԱՏՈՐԸ ծնվել է 1512 թ.–ին Ռուպելմոնդե փոքրիկ նավահանգստում, որը գտնվում է Անտվերպեն քաղաքի մոտ (Բելգիա)։ Իր կրթությունը ստացել է Լյովենի համալսարանում։ Այնուհետև սկսել է ուսումնասիրել Արիստոտելի ուսմունքները, սակայն տեսել է, որ նրա գաղափարների ու աստվածաշնչային ուսմունքների միջև հակասություն կա։ Նա գրել է. «Երբ տեսա, որ «Ծննդոց» գրքում աշխարհի սկզբի մասին Մովսեսի արձանագրությունը շատ առումներով չի համապատասխանում Արիստոտելի և մյուս փիլիսոփաների տեսակետներին, սկսեցի կասկածել, թե որքանով են ճիշտ փիլիսոփաների առաջ քաշած գաղափարները, և որոշեցի ինքնուրույն ուսումնասիրել բնության գաղտնիքները»։

Մերկատորը չէր ուզում դառնալ փիլիսոփա։ Դա էր պատճառը, որ նա չշարունակեց իր կրթությունը համալսարանում։ Սակայն իր ողջ կյանքի ընթացքում նա ձգտեց գտնել փաստեր՝ ապացուցելու, որ արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը ճշգրիտ է։

Ուսումնասիրում է աշխարհագրություն

1534–ին Մերկատորը սկսեց ուսումնասիրել մաթեմատիկա, աստղագիտություն և աշխարհագրություն մաթեմատիկոս Ջեմմա Ֆրիսիուսի օգնությամբ։ Նաև փորագրիչ և քարտեզագիր Գասպար Վան դեր Հեյդենից սովորեց փորագրության արվեստը։ 16–րդ դարի սկզբին քարտեզագիրները օգտագործում էի թավատառ գրության ձևը, որով հնարավոր չէր շատ բան գրել քարտեզների վրա։ Սակայն Մերկատորը Իտալիայից շեղատառ գրության նոր ոճ ներմուծեց, որը կոչվում էր շեղագիր (իտալիկ)։ Գրության այս ձևը նպաստեց քարտեզագրության զարգացմանը։

1536–ին Ֆրիսիուսի և Վան դեր Հեյդենի հետ Մերկատորն աշխատեց գլոբուսը ստեղծելու նախագծի վրա։ Գեղեցիկ շեղատառ գրությունը նպաստեց նախագծի հաջողությանը։ Մերկատորի կենսագիր Նիկոլաս Քրեյնը գրում է, որ մինչ մի ուրիշ քարտեզագիր «փորձում էր մարդու բոյի երկարություն ունեցող պատի քարտեզի վրա տեղավորել հիսուն ամերիկյան տեղանուն, ապա Մերկատորը ընդամենը երկու թիզ տրամագիծ ունեցող գնդի վրա տեղավորեց վաթսուն տեղանուն»։

Ինչպես դարձավ քարտեզագիր

1537թ.–ին Մերկատորը ստեղծեց իր առաջին «պրոյեկցիան»՝ Սուրբ երկրի քարտեզը, որը նա կազմել էր Հին և Նոր Կտակարանների մասին «ավելի շատ հասկացողություն ձեռք բերելու համար»։ 16–րդ դարի Սուրբ երկրի քարտեզները բացարձակապես ճիշտ չէին կազմված, որոշ քարտեզների վրա 30–ից էլ քիչ տեղանուններ կային, և դրանց մեծ մասը սխալ տեղում էր գրված։ Սակայն Մերկատորի քարտեզը ավելի քան 400 տեղանուն էր ընդգրկում։ Դեռ ավելին, այդ քարտեզում նաև նշված էր այն ճանապարհը, որով անցել էին իսրայելացիները անապատային դեգերումների ժամանակ Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Իր ճշգրտության շնորհիվ քարտեզը արժանացավ Մերկատորի ժամանակակիցների հավանությանը։

Իր հաջողությունից ոգեշնչված՝ 1538–ին նա լույս ընծայեց աշխարհի քարտեզը։ Դրանից առաջ քարտեզագիրները քիչ բան գիտեին Հյուսիսային Ամերիկայի մասին, որը կոչում էին հեռավոր անհայտ երկիր։ Թեև «Ամերիկա» աշխարհագրական անունն արդեն գոյություն ուներ, սակայն առաջին անգամ Մերկատորը քարտեզի վրա նշեց և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկա անունները։

Մերկատորի ապրած դարաշրջանում շատերն էին ճանապարհորդում օվկիանոսներով, և նորանոր երկրներ էին բացահայտվում։ Նավաստիները հակասական տեղեկություններ էին հայտնում, և այդ պատճառով քարտեզներ կազմելը գրեթե անհնար էր դառնում, իսկ քարտեզագիրները ստիպված ենթադրություններ էին անում։ Այդուհանդերձ, 1541–ին Մերկատորը հասավ իր նպատակին. նա ստեղծեց «ամբողջական գլոբուս, որը գերազանցում էր մինչ այդ եղած քարտեզները»։

Մեղադրվում է որպես հերետիկոս

Լյովենում, որտեղ ապրում էր Մերկատորը, շատ լյութերականներ կային։ 1536–ին նա սկսեց հարել լյութերականությանը, իսկ հետագայում իր կինը դարձավ լյութերական։ 1544 թ. փետրվարին Մերկատորը Լյովենի 42 քաղաքացիների հետ ձերբակալվեց և մեղադրվեց «կասկածելի նամակներ» գրելու մեջ։ Սակայն պատճառներից մեկը կարող էր լինել նաև այն, որ նրա հրատարակած Սուրբ երկրի քարտեզի վերաբերյալ կասկածներ էին հայտնել Լյովենի համալսարանի աստվածաբաններ Թապերը և Լատոմուսը։ Այս երկու անձնավորությունները ղեկավարել են նաև Աստվածաշնչի թարգմանիչ Վիլյամ Թինդալի դեմ հարուցած դատական գործը։ Վերջինս 1536 թ.–ին մահապատժի ենթարկվեց Բելգիայում։ Թապերն ու Լատոմուսը հավանաբար մտահոգվում էին, որ ինչպես Թինդալի Աստվածաշունչը, այնպես էլ Մերկատորի Սուրբ երկրի քարտեզը կխրախուսի մարդկանց Աստվածաշունչ կարդալ։ Ամեն դեպքում՝ Մերկատորը բանտարկվեց իր հայրենի քաղաքի ամրոցում։

Անտուանետ Վան Ռուսմալսը, որը ձերբակալվածների մեջ էր, վկայություն տվեց, որ Մերկատորը երբեք չի մասնակցել բողոքականների Աստվածաշնչի ընթերցանությանը։ Սակայն Անտուանետին կենդանի թաղեցին այն պատճառով, որ նա կանոնավոր ներկա էր գտնվել Աստվածաշնչի ընթերցանությանը։ Յոթ ամիս հետո Մերկատորը ազատ արձակվեց, բայց նրա ողջ ունեցվածքը բռնագրավեցին։ 1552–ին նա տեղափոխվեց Դույսբուրգ (Գերմանիա), որտեղ կրոնական հանդուրժողականություն կար։

Առաջին ատլասը

Մերկատորը շարունակեց թիկունք կանգնել Աստվածաշնչի արարչագործության արձանագրությանը։ Իր կյանքի մեծ մասը նա նվիրեց ամբողջ արարչագործության մասին աշխատանք գրելուն, որը, ինչպես ինքն է ասել, «երկնքի ու երկրի, սկզբից մինչև ներկա ժամանակի» մասին է։ Այն պարունակում էր թե՛ ժամանակագրական, թե՛ աշխարհագրական տեղեկություններ։

1569–ին Մերկատորը հրատարակեց ամենակարևոր պատմական իրադարձությունները՝ սկսած արարչագործությունից։ Նա իր աշխատության առաջին մասը վերնագրեց «Ժամանակագրություն» (Chronologia)։ Քարտեզագրի նպատակն էր օգնել իր ընթերցողին իմանալու, թե որքան ժամանակ գոյություն ունի մարդկությունը, և թե պատմական ինչ կարևոր իրադարձություններ են եղել այդ ընթացքում։ Սակայն քանի որ իր աշխատության մեջ Մերկատորը խոսել էր 1517 թ. Լյութերի՝ ինդուլգենցիայի դեմ բողոքի մասին, «Ժամանակագրությունը» ընդգրկվեց կաթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի ցուցակի մեջ։

Տարիների ընթացքում Մերկատորը նկարեց ու փորագրեց տպաձևեր՝ իր աշխարհագրական նոր քարտեզները լույս ընծայելու համար։ Դժբախտաբար, 1590–ին Մերկատորը կաթված ստացավ, որի հետևանքով զրկվեց խոսելու կարողությունից, և մարմնի ձախ կողմն ամբողջովին թուլացավ։ Այդ պատճառով չափազանց դժվարությամբ էր աշխատում։ Սակայն որոշել էր անավարտ չթողնել իր գործը։ Նա շարունակեց աշխատել մինչև իր մահը՝ 1594 թ.։ Մերկատորը մահացավ 82 տարեկան հասակում։ Նրա որդին՝ Ռումոլդը, ավարտին հասցրեց հոր հինգ քարտեզները։ 1595–ին հրատարակվեց Մերկատորի քարտեզների հավաքածուն։ Դա քարտեզների առաջին ժողովածուն էր, որը կոչվեց աշխարհի ատլաս։

Մերկատորի «Ատլասը» պարունակում էր «Ծննդոց» գրքի առաջին գլխի ուսումնասիրությունը, որում պաշտպանվում էր Աստծու Խոսքի վավերականությունը, թեև փիլիսոփաներն այլ բան էին ասում։ Մերկատորի այդ ուսումնասիրությունը, ինչպես ինքն է ասել, «իր ողջ աշխատանքի նպատակն» էր։

«Մեր ժամանակների ամենամեծ աշխարհագրագետը»

«Ատլասը», որը 1606 թ.–ին Յոդոկուս Հոնդիուսը մեծ տպաքանակով տպագրեց, թարգմանվեց տարբեր լեզուներով և դարձավ ամենաշատ վաճառվող քարտեզների ժողովածուն։ 16–րդ դարի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը Մերկատորին կոչեց «մեր ժամանակների ամենամեծ աշխարհագրագետը»։ Իսկ ժամանակակից գրող Նիկոլաս Քրեյնը Մերկատորին անվանեց «մարդ, ով քարտեզագրեց մոլորակը»։

Մերկատորի թողած ժառանգությունը մեր կյանքի մի մասն է։ Ամեն անգամ, երբ բացում ենք ատլասը, կամ օգտվում ենք գլոբալ տեղորոշման համակարգից, պետք է հիշենք, որ այդ հնարավորություններն ունենք Մերկատորի շնորհիվ, մի մարդու, որը փնտրում էր իր տեղը Աստծու արարչագործության մեջ։

[Նկար 21–րդ էջի վրա]

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԺՐԱՋԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ

Մերկատորը հավատում էր, որ երկիրը կբարգավաճի և կդառնա մի վայր, որտեղ խաղաղություն և արդարություն կլինի։ Հետաքրքիր է նաև, որ նա Հռոմեացիներ 1–11 գլուխների վերաբերյալ մի մեկնաբանություն է գրել, որը սակայն չի հրատարակվել։ Իր մեկնաբանության մեջ նա հերքել է կալվինականների նախասահմանության ուսմունքը։ Նաև չի համաձայնվել Մարտին Լյութերի հետ և նշել է, որ հավատից բացի, փրկության համար կարևոր են գործերը։ Մերկատորը իր նամակում գրել է, որ մարդը մեղք է գործում «ո՛չ մոլորակների [աստղերի դասավորության] և ո՛չ էլ Աստծու կողմից ստեղծված բնության պատճառով, այլ միմիայն իր ազատ կամքով»։ Նաև մերժել է կաթոլիկ եկեղեցու գոյափոխության դոգման՝ ասելով, որ Հիսուսի խոսքերը՝ «սա է իմ մարմինը», պետք է հասկանալ ոչ թե բառացի, այլ հոգևոր իմաստով։

[Նկար 22–րդ էջի վրա]

ՄԵՐԿԱՏՈՐԻ ՊՐՈՅԵԿՑԻԱՆ

Երբևէ փորձե՞լ ես հարթեցնել նարնջի կեղևը։ Անշուշտ, առանց փչացնելու անհնար է դա անել։ Այս օրինակը օգնում է լավ պատկերացնելու, թե ինչ խնդիրների են բախվել քարտեզագիրները, երբ փորձել են գլոբուսը (երկիրը) պատկերել հարթ քարտեզի վրա։ Մերկատորը լուծեց այս խնդիրը՝ ստեղծելով մի համակարգ, որն այժմ հայտնի է Մերկատորի պրոյեկցիա անունով։ Այս մեթոդով երկրագնդի հասարակածից մինչև բևեռներն ընկած զուգահեռականները հարթության վրա պատկերվում են համաչափ հեռավորություններով։ Թեև տարածության ու չափսերի ճշգրտությունը աղավաղվում է (հատկապես հյուսիսում և հարավում), սակայն այս մեթոդը մեծ ձեռքբերում էր քարտեզագրության մեջ։ 1569 թ.–ին Մերկատորի կազմած աշխարհի քարտեզը համարվում է գլուխգործոց, որի շնորհիվ նա մեծ ճանաչում ձեռք բերեց որպես քարտեզագիր։ Իրականում նրա պրոյեկցիան դեռևս օգտագործվում է ծովային ուղիների քարտեզները կազմելիս և ժամանակակից գլոբալ տեղորոշման համակարգում։

[Նկար]

Մերկատորի պրոյեկցիան նմանեցվում է բացված գլանի, որի վրա պատկերված է աշխարհը

[Նկար 21–րդ էջի վրա]

Մերկատորի Սուրբ երկրի քարտեզը, որի մեջ ընդգրկված է ավելի քան 400 տեղանուն (1537)

[Նկար 21–րդ էջի վրա]

Մերկատորի աշխարհի քարտեզը (1538)

«Ամերիկա» տեղանունը երկու մայրցամաքների վրա

[Նկար. թույլտվություն 19–րդ էջի վրա]

Antwerpen, Stedelijk Prentenkabinet

[Նկար. թույլտվություն 20–րդ էջի վրա]

Both maps: From the American Geographical Society Library, University of Wisconsin-Milwaukee Libraries

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը