Սթրես՝ լուրջ վտանգ առողջության համար
«Ես ժամերով աշխատում եմ։ Աշխատում եմ, երբ պատահի, ցերեկ ու գիշեր։ Կոնկրետ գրաֆիկ չունեմ։ Հաճախ մի հիվանդանոցում վիրահատություն անելուց հետո ընդամենը մի քանի րոպե եմ ունենում, որ խցանված փողոցներով հասնեմ մյուս հիվանդանոց՝ հաջորդ վիրահատության» (Պիտեր Ստյուարդ, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
ՀԱՎԱՆԱԲԱՐ պատկերացնում ես, թե այս բժիշկը ինչ է զգում, թեպետ հնարավոր է դու այլ իրավիճակում ես սթրես տարել։ Անկախ այն բանից, թե որն է քո սթրեսի պատճառը՝ մեքենա վարելը, տանը կամ աշխատավայրում լարված իրավիճակը կամ այլ հանգամանքներ, սթրեսը մնում է սթրես։ Եվ դա նոր երևույթ չէ։
Ավելի քան 3000 տարի առաջ մի ռազմիկ ազնվորեն խոստովանեց. «Ահուդողը բռնել է ինձ, և սարսուռն է ինձ համակել» (Սաղմոս 55։5)։ Այո՛, այս մարդը գիտեր, թե ինչ է սթրեսը։ Պատանի ժամանակ, երբ հովիվ էր, դաշտերում առյուծի ու արջի էր հանդիպել։ Մի անգամ էլ մի սարսափազդու ռազմիկ էր նրա դեմ դուրս եկել, որ սպանի նրան (1 Սամուել 17։4–10, 23, 24, 34–36, 41–51)։
Իրականում սթրեսը վատ բան չէ։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք պայքարել դժվարությունների դեմ։ Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում սթրեսը օգնում է մարդուն այնպիսի «սխրագործություններ» անելու, որ նրա մտքով անգամ չէր անցնի, որ ընդունակ է նման բանի։ Իսկ երբ անհատը կարևոր հանձնարարություն է ստանում, սթրեսը օրգանիզմում մեծ քանակությամբ ադրենալին է առաջ բերում, և նա կարողանում է հրատապ գործը ժամանակին ավարտելa։
Սակայն խնդիրներն առաջ են գալիս այն ժամանակ, երբ սթրեսը դառնում է մշտատև, և մեր օրգանիզմը չի հանգստանում։ Բժիշկ Արին վան դեր Մերվը նշում է. «Սթրեսը համար մեկ վտանգն է մեր առողջության և բարօրության համար»։ Հավանաբար դու այլևս չես կարողանում դիմանալ սթրեսին կամ էլ ուզում ես խուսափել սթրեսային իրավիճակներից։ Գուցե հարցնում ես. «Կարո՞ղ եմ մի բան անել սթրեսից դուրս գալու համար»։
Այո՛։ Շատերն են կարողացել հաղթահարել իրենց սթրեսը։ Երբևէ մտածե՞լ ես, որ թեթևացում բերող այդ միջոցը Աստծու Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Թեև Սուրբ Գիրքը բժշկական ձեռնարկ չէ, սակայն իմաստուն խորհուրդներ է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել։ Այս գիրքը բացատրում է, թե ինչու են այսօր սթրեսային իրավիճակներն այսքան շատ։ Բացի այդ, Աստվածաշնչում կան գործնական առաջարկներ, որոնք կօգնեն հնարավորինս նվազեցնելու ու կառավարելու սթրեսը։
[ծանոթագրություն]
a Ադրենալինը հորմոն է, որը արտադրում են մակերիկամները։ Այս հորմոնի շնորհիվ մարդը կարողանում է դուրս գալ անսպասելի իրավիճակներից։