Հեպատիտ B՝ լուռ մարդասպան
«Ես 27 տարեկան էի և նոր էի ամուսնացել։ Լավ առողջություն ունեի։ Ծանր աշխատում էի և բացի այդ, ունեի շատ պատասխանատվություններ Եհովայի վկաների ժողովում։ Սակայն չգիտեի, որ հեպատիտ B-ն արդեն սկսել է քայքայել լյարդս» (Դուկ Յուն)։
ԼՅԱՐԴԸ մաքրում է արյունը վնասակար նյութերից և կատարում է առնվազն 500 այլ կարևոր ֆունկցիաներ։ Սակայն հեպատիտ (լյարդաբորբ) կոչվող հիվանդությունը քայքայում է մարդու առողջությունը։ Հեպատիտի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել ալկոհոլի չարաշահումը կամ թունավոր նյութերի ազդեցությունը։ Սակայն շատ հաճախ լյարդը ախտահարվում է վիրուսների պատճառով։ Գիտնականները գտել են լյարդաբորբի հարուցիչների հինգ տարբեր վիրուսներ և կարծում են, որ դեռ գոյություն ունեն առնվազն երեք չհայտնաբերված վիրուսներ (տե՛ս շրջանակը)։
Հինգ վիրուսներից մեկը հեպատիտ B-ն է, որն ամեն տարի սպանում է առնվազն 600000 մարդ, այնքան, որքան մահանում են մալարիայից։ Ավելի քան երկու միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը, վարակվել է հեպատիտ B վիրուսով։ Նրանցից շատերը մի քանի ամսվա ընթացքում բուժվել են։ Սակայն մոտ 350 միլիոն մարդ ձեռք է բերել քրոնիկական լյարդաբորբ, և անկախ նրանից՝ նկատվում են ախտանշաններ, թե ոչ, նրանք կարող են վարակել ուրիշներինa։
Ժամանակին արված բժշկական հետազոտությունները կարող են օգնել քրոնիկական հեպատիտով տառապողներին խուսափելու լյարդի լուրջ ախտահարումից։ Ցավոք, շատերն անտեղյակ են, որ վարակված են, քանի որ միայն արյան հատուկ անալիզը կարող է հայտնաբերել այդ վիրուսը։ Լյարդի ֆունկցիայի սովորական ստուգումներն անգամ կարող են ցույց տալ, որ լյարդը ախտահարված չէ։ Այդ պատճառով հեպատիտ B-ն կոչվում է լուռ մարդասպան, որը հարձակվում է առանց նախազգուշացման։ Վարակվելուց հետո նույնիսկ կարող են տասնամյակներ անցնել, և ակնհայտ ախտանշաններ չնկատվեն։ Սակայն այդ ընթացքում օրգանիզմում կարող է ցիռոզ կամ լյարդի քաղցկեղ զարգանալ։ Այս հիվանդությունները խլում են հեպատիտ B վիրուսակիրների չորսից մեկի կյանքը։
«Ինչպե՞ս հեպատիտ B ձեռք բերեցի»
«Առաջին ախտանշաններն ի հայտ եկան 30 տարեկանում,— պատմում է Դուկ Յունը։— Փորլուծություն ունեի։ Գնացի մի բժշկի մոտ, որը արևմտյան բժշկության մասնագետ էր, բայց նա միայն ախտանշանները բուժեցb։ Հետո աղիքների և ստամոքսի համար դիմեցի ասիական ավանդական բժշկության մասնագետի։ Այս բժիշկն էլ հեպատիտի անալիզ չարեց։ Ես կրկին դիմեցի նախկին բժշկին, քանի որ փորլուծությունը շարունակվում էր։ Երբ նա մեղմ հարվածեց որովայնիս աջ կողմին, ցավ զգացի։ Արյան անալիզը հաստատեց նրա կասկածը. հեպատիտ B։ Ցնցված էի։ Մտածում էի՝ ինչպես ձեռք բերեցի այս հիվանդությունը, եթե երբեք արյան փոխներարկում չեմ արել, ոչ էլ այլասերված կյանքով եմ ապրել»։
Երբ պարզվեց, որ Դուկ Յունը հեպատիտ B վիրուս ունի, նրա կինը, ծնողները, քույրերը և եղբայրները նույնպես արյան անալիզ տվեցին. բոլորի մեջ հակամարմիններ կային, քանի որ նրանց իմուն համակարգը պայքարել ու մաքրել էր վիրուսը օրգանիզմից։ Արդյոք Դուկ Յունը նրանցի՞ց էր վարակվել, թե՞ բոլորն էլ մեկ աղբյուրից էին վարակվել։ Ոչ ոք չի կարող ասել։ Իրականում դեպքերի 35 տոկոսի պատճառը մնում է անհայտ։ Մի բան պարզ է. հեպատիտ B-ն ժառանգական հիվանդություն չէ և երբեք չի փոխանցվում սննդի կամ մարդկանց հետ սովորական շփման միջոցով։ Այն փոխանցվում է հիվանդ մարդու արյան կամ բիոլոգիական հեղուկների, օրինակ, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների, թքի միջոցով, երբ վիրուսը ներթափանցում է առողջ մարդու արյան մեջ վնասված մաշկի կամ լորձաթաղանթի միջով։
Վարակված արյան փոխներարկումները շարունակում են վարակել շատերին, հատկապես այն երկրներում, որտեղ հեպատիտ B-ի ախտորոշման կենտրոնները շատ քիչ են կամ ընդհանրապես չկան։ Հեպատիտ B վիրուսը հարյուր անգամ ավելի վարակիչ է, քան ՄԻԱՎ-ը՝ ՁԻԱՀ-ի հարուցիչը։ Նույնիսկ սափրիչի վրայի վարակված արյունը կարող է հեպատիտ B-ի վիրուս փոխանցել, իսկ արյան չորացած հետքը մեկից ավելի շաբաթներ կարող է վարակիչ լինելc։
Տեղեկացված լինելու կարևորությունը
«Երբ այն ընկերությունը, որտեղ աշխատում էի, իմացավ, որ ես հեպատիտ B ունեմ, ինձ առանձին աշխատասենյակ տրամադրեց՝ մյուսներից հեռու»,— ասում է Դուկ Յունը։ Վարակակիրների հանդեպ նման վերաբերմունքը շատ տարածված է։ Պատճառն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչպես է վիրուսը փոխանցվում։ Անգամ իրազեկված մարդիկ կարող են շփոթել հեպատիտ B-ն հեպատիտ A-ի հետ, որով վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, սակայն կյանքին այդքան էլ մեծ վտանգ չի սպառնում։ Ավելին, նույնիսկ բարոյական չափանիշներով ապրող հիվանդներին կասկածանքով են վերաբերվում, քանի որ հեպատիտ B-ն կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով։
Անհասկացողությունը և կասկածները լուրջ խնդիրներ են ստեղծում։ Շատ երկրներում մարդիկ հեպատիտ B վիրուսակիրներին մեկուսացնում են։ Հարևանությամբ ապրողները թույլ չեն տալիս իրենց երեխաներին խաղալ վիրուսակիրների հետ։ Այդպիսի երեխաներին չեն ընդունում դպրոց, իսկ չափահասներին՝ աշխատանքի։ Մեկուսացված լինելու վախից մարդիկ խուսափում են տեստ հանձնելուց, իսկ եթե գիտեն, որ հիվանդ են, նախընտրում են գաղտնի պահել այդ տեղեկությունը։ Նրանք, ովքեր չեն հայտնում ճշմարտությունը, վտանգի են ենթարկում իրենց ու իրենց ընտանիքի անդամների առողջությունը, և արդյունքում հիվանդությունը փոխանցվում է սերնդեսերունդ։
Անհրաժեշտ է բավականաչափ հանգստանալ
Դուկ Յունը պատմում է. «Թեպետ բժիշկը ինձ հանգիստ նշանակեց, բայց երկու ամիս անց սկսեցի նորից աշխատել։ Ժամանակի ընթացքում կատարված արյան անալիզները և համակարգչային տոմոգրաֆիան ցույց չտվեցին, որ ցիռոզի ախտանշաններ ունեմ։ Կարծում էի՝ առողջական վիճակս լավ է»։ Երեք տարի հետո Դուկ Յունը գործուղվեց ավելի մեծ քաղաք։ Նրա կյանքը շատ լարված էր։ Նա տքնաջան աշխատում էր, քանի որ պետք է հոգ տաներ իր ընտանիքին և վճարեր բոլոր վարձերը։
Ամիսների ընթացքում Դուկ Յունի արյան մեջ վիրուսի քանակը բարձրացավ, և նա ավելի շուտ էր հոգնում։ «Ստիպված թողեցի աշխատանքս։ Հիմա ափսոսում եմ, որ այդքան լարված կյանքով եմ ապրել։ Եթե քիչ աշխատեի, հնարավոր է չհիվանդանայի ու լյարդս չքայքայվեր»,— պատմում է նա։ Այդուհանդերձ, Դուկը կարևոր դաս սովորեց. սկսեց քիչ աշխատել և նվազեցրեց իր ծախսերը։ Նրա ընտանիքի անդամները աջակցեցին նրան։ Կինը սկսեց աշխատել, որպեսզի վճարեր վարձերը։
Ապրում եմ մարդասպանի հետ
Դուկ Յունի առողջությունը որոշ չափով կայունացավ, սակայն արյունը ավելի մեծ դժվարությամբ էր մտնում լյարդ, որի պատճառով էլ բարձրանում էր արյան ճնշումը։ 11 տարի հետո նրա կերակրափողում երակ պայթեց, և բերանից արյուն սկսեց հոսել։ Մեկ շաբաթ նա պառկեց հիվանդանոցում։ Չորս տարի հետո գիտակցության խառնաշփոթ եղավ, որովհետև ուղեղում ամոնիակ էր կուտակվել։ Պատճառն այն էր, որ լյարդը այն չէր ֆիլտրել արյան միջից։ Մի քանի օր բուժում ստանալուց հետո այս խնդիրը լուծվեց։
Այսօր Դուկը 54 տարեկան է։ Եթե նրա վիճակը վատանա, բժիշկները շատ բան չեն կարող անել, քանի որ հիվանդությունը վերահսկելու հնարավորությունները սահմանափակ են։ Հակավիրուսային բուժումները չեն կարող վերացնել վիրուսը ամբողջությամբ և բացի այդ, կարող են կողմնակի ազդեցություն թողնել օրգանիզմի վրա։ Վերջին տարբերակը լյարդի տրանսպլանտացիան է (փոխպատվաստում), սակայն հիվանդների ցուցակը դոնորների ցուցակից ավելի մեծ է։ «Իմ կյանքը մազից է կախված,— ասում է Դուկ Յունը,— սակայն մտահոգվելով ոչինչ չեմ կարող փոխել։ Ուրախ եմ, որ դեռ ապրում եմ, ունեմ տուն և հոգատար ընտանիք։ Որոշ իմաստով կարող եմ ասել, որ հանգամանքներս դրական կողմեր ունեն. այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ և ավելի շատ եմ Աստվածաշունչ ուսումնասիրում։ Դա օգնում է ինձ չվախենալ վաղաժամ մահից և սպասել նոր աշխարհին, ուր հիվանդություն չի լինի»d։
Դուկ Յունի դրական տրամադրվածության շնորհիվ նրա ընտանիքը ուրախ է, և նա, կինը ու երեք երեխաները ծառայում են որպես լիաժամ քարոզիչներ։
[ծանոթագրություններ]
a Եթե վեց ամսվա ընթացքում իմուն համակարգը չի վերացնում վիրուսը, ապա հիվանդությունը դառնում է քրոնիկ։
b «Արթնացե՛ք» պարբերագիրը որևէ բուժման ձև չի առաջարկում։
c Վարակված անհատի արյունը հարկավոր է ամբողջությամբ մաքրել՝ օգտագործելով ձեռնոցներ և թարմ պատրաստված լուծույթ, որի մեջ կա տասը բաժին ջուր և մեկ բաժին ժավել։
d Այն մասին, որ այլևս հիվանդություններ չեն լինի, կարող եք կարդալ Հայտնություն 21։3, 4 համարներում և «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։
[մեջբերում 29-րդ էջի վրա]
Ժամանակին արված հետազոտությունները կարող են կանխել վտանգը
[մեջբերում 30-րդ էջի վրա]
Մեկուսացված լինելու վախից մարդիկ խուսափում են տեստ հանձնելուց կամ չեն ուզում ասել, որ հեպատիտ B ունեն
[շրջանակ 28-րդ էջի վրա]
ՀԵՊԱՏԻՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ներկայումս կան հինգ վիրուսներ, որոնք հանդիսանում են հեպատիտի հարուցիչ։ Դրանցից երեքը ամենատարածվածն են՝ A, B, C։ Կան նաև այլ վիրուսներ։ Հեպատիտի բոլոր տեսակների ախտանշաններից կարող է լինել հարբուխը։ Հնարավոր է նաև, որ հիվանդության ընթացքը լինի առանց դեղնախտի կամ ուղեկցվի դեղնախտով։ Շատ մարդիկ էլ, հատկապես երեխաները ախտանշաններ չեն ունենում։ Հեպատիտ B-ի և C-ի դեպքում հնարավոր է, որ նախքան ախտանշանների ի հայտ գալը լյարդը արդեն առավելապես ախտահարված լինի։
ՀԵՊԱՏԻՏ A ՎԻՐՈՒՍ (HAV)
Հեպատիտ A վիրուսը առկա է հիվանդի արտաթորանքի մեջ։ Վիրուսը կարող է ապրել աղի կամ քաղցրահամ ջրում, նաև սառույցի մեջ։ Անհատը հեպատիտ A վիրուս կարող է ձեռք բերել՝
● ուտելով հում ծովամթերք վարակակրի կղանքով աղտոտված ջրից կամ կուլ տալով այդ ջուրը,
● հիվանդի հետ ֆիզիկական սերտ շփման միջոցով, նրա սննդամթերքից, խմիչքից կամ տնային գործածության իրերից օգտվելով,
● զուգարանից օգտվելուց, վարակված երեխայի հագուստը փոխելուց հետո կամ կերակուր պատրաստելուց առաջ ձեռքերը լավ չլվանալու հետևանքով։
Հեպատիտ A վիրուսը սուր, բայց սովորաբար ոչ քրոնիկական հիվանդություն է։ Գրեթե միշտ օրգանիզմը մաքրում է իր միջից վիրուսը շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Հատուկ բուժում չկա, սովորաբար նշանակվում է բավականաչափ հանգիստ և համապատասխան սննդակարգ։ Հարկավոր է խուսափել ալկոհոլային խմիչքներից, ինչպես նաև արգելվում է օգտագործել դեղամիջոցներ, հատկապես ացետամինոֆեն այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկը չի ասում, որ լյարդը ամբողջովին բուժված է, քանի որ դրանք ծանրաբեռնում են լյարդի ֆունկցիան։ Հեպատիտ A վիրուս ունեցած անհատը գուցե նորից չհիվանդանա, սակայն ձեռք բերի հեպատիտի այլ տեսակ։ Պատվաստումները կարող են կանխարգելել հեպատիտ A-ն։
ՀԵՊԱՏԻՏ B ՎԻՐՈՒՍ (HBV)
Հեպատիտ B վիրուսը առկա է հիվանդի արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների մեջ։ Վիրուսը փոխանցվում է, երբ այս հեղուկները ներթափանցում են անհատի օրգանիզմ, որի իմուն համակարգում չկան այս վիրուսի դեմ հակամարմիններ։ Վիրուսը կարող է փոխանցվել
● ծննդաբերության ժամանակ (վիրուսակիր մորից նորածնին)
● բժշկական, ատամնաբուժական գործիքների, տատուներ կամ պիրսինգ անելու ասեղների միջոցով, որոնք հարկ եղած կերպով չեն ախտահանվել (ստերիլիզացվել)
● ներարկիչների, սափրիչի, մատնահարդարման և վարսավիրական գործիքների, ատամի խոզանակների կամ այլ իրերի միջոցով, որոնց վրայի անգամ չնչին քանակությամբ վարակված արյունը կարող է փոխանցվել առողջ մարդուն
● սեռական ճանապարհով
Մասնագետները նշում են, որ հեպատիտ B վիրուսը չի տարածվում միջատների, հազի, ձեռք սեղմելու, գրկախառնվելու, այտը համբուրելու, կրծքով կերակրելու, հիվանդի ուտելիքի, խմիչքի, կերակրի փայտիկների կամ սպասքի միջոցով։ Շատերը բուժվում են, ապաքինվում և իմունիտետ են ձեռք բերում այս հիվանդության դեմ։ Փոքր երեխաները ռիսկային խմբի մեջ են։ Նրանց պարագայում այս հիվանդությունը զարգանում է և վերածվում քրոնիկականի։ Եթե քրոնիկական հեպատիտ B-ն չբուժվի, ապա լյարդը կքայքայվի, ու անհատը կմահանա։ Կանխարգելիչ պատվաստումների շնորհիվ հնարավոր է կանխել հեպատիտ B-ն։
ՀԵՊԱՏԻՏ C ՎԻՐՈՒՍ (HCV)
Հեպատիտ C-ն փոխանցվում է նույն ձևով, ինչպես հեպատիտ B-ն, սակայն հիմնականում վարակակիր ներարկիչների միջոցով։ Հեպատիտ C-ի դեմ ոչ մի պատվաստանյութ դեռ չկաe։
[ծանոթագրություն]
e Հեպատիտի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում www.who.int կայքում։
[շրջանակ 30-րդ էջի վրա]
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Հեպատիտ B (HBV) հիվանդությունը տարածված է ողջ աշխարհում, սակայն քրոնիկական հիվանդների մոտ 78 տոկոսը ապրում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում։ Այս տարածքներում տասից մեկը վիրուսակիր է։ Հիվանդների մեծ մասը վիրուսը ձեռք է բերել մորից ծննդաբերության ժամանակ կամ էլ մանկության շրջանում վարակակիր երեխաների արյան միջոցով։ Նորածինների և ռիսկային խմբի մեջ մտնողների համար նախատեսված պատվաստանյութերը օգնում են կանխելու հիվանդությունըf։ Վակցինացիայի կիրառման շնորհիվ այս հիվանդությամբ վարակվողների թիվը զգալիորեն նվազել է։
[ծանոթագրություն]
f Հեպատիտի պատվաստանյութերը կարող են պատրաստվել արյան ֆրակցիաներից։ Նրանց, ում հետաքրքրում է այս հարցը, կարող են կարդալ «Դիտարանի» 2000թ. հունիսի 15-ի և 1994թ. հոկտեմբերի 1-ի (ռուս.) համարներում տպագրված «Ընթերցողների հարցերը» հոդվածները։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել նաև «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի 215-րդ էջում՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[նկար 31-րդ էջի վրա]
Դուկ Յունը իր կնոջ և երեք երեխաների հետ
[նկար 28-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Sebastian Kaulitzki/Alamy