Ծանոթացեք բատակների հետ
Երբ 13-րդ դարում իտալացի հետախույզ Մարկո Պոլոն այցելեց Սումատրա կղզի (Ինդոնեզիա), տեսավ «լեռնեցի մարդկանց», ովքեր, ինչպես նկարագրում է նա, «ապրում են.... գազանների նման.... և ուտում են մարդու միս»։ Ասում են, որ այդ մարդիկ, որոնց մասին խոսում էր հետախույզը, բատակներն են։ Ես ու կինս, սակայն, բոլորովին այլ կարծիք կազմեցինք նրանց մասին։ Հրավիրում ենք ձեզ ծանոթանալ այդ մարդկանց հետ, որոնց մենք ճանաչեցինք ու սիրեցինք։
«ՀՈ՜ՐԱՍ»։ Այսպես ողջունեցին մեզ մեր բատակ ընկերները, երբ ժամանեցինք Հյուսիսային Սումատրա։ Սա մեր նոր միսիոներական նշանակման վայրն էր։ Հյուսիսային Սումատրան կղզու ամենագեղեցիկ մասն է, քանի որ այստեղ գեղատեսիլ լեռների գրկում ընկած է Թոբա լիճը։ Այս լիճը բատակների բնակավայրի մարգարիտն է և համարվում է աշխարհի ամենամեծ խառնարանային լիճը, որ գոյացել է հրաբուխների հետևանքով (տե՛ս շրջանակը)։
Բատակները բնիկ ինդոնեզացիների ամենամեծ համայնքն են կազմում։ Նրանց թիվը հասնում է ութ միլիոնի։ Նրանք բաժանված են վեց առանձին էթնիկ խմբերի՝ թոբա, սիմալունգուն, կարո, դայիրի, անգկոլա և մանդայլինգ։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է մեծ տոհմերից։ Այդ պատճառով իրար հանդիպելիս բատակներն անմիջապես հարցնում են. «Ո՞ր տոհմից ես»։ Հետո սկսում են պարզել, թե իրենք ինչ բարեկամական կապեր ունեն։
Կանոններ ամուսնության վերաբերյալ
Բատակների ամուսնությունը ոչ միայն տղամարդու և կնոջ, այլև երկու տոհմերի միություն է։ Կարելի է ամուսնանալ մոր կողմի զարմիկի կամ զարմուհու հետ, սակայն հոր կողմի ազգականի հետ ամուսնանալը խստիվ արգելված է։ Հարկավոր է հետևել այս կանոնին. Ա տոհմի տղամարդը կարող է կին ընտրել Բ տոհմից, Բ տոհմի տղամարդը՝ Գ տոհմից, իսկ Գ տոհմի տղամարդը՝ Ա տոհմից։ Ամուսնության այս կանոնը ամրացնում է բատակների ազգակցական կապերը, և նորապսակները դառնում են բարեկամների երկար շղթայի մի նոր օղակ։
Անգամ եթե բատակ զույգը օրինապես ամուսնացած է և ունի երեխաներ, նրանց միությունը կարող է վավերացվել միայն այն դեպքում, երբ տեղի ունենա ավանդական հարսանեկան արարողությունը, որին ներկա կլինեն հարյուրավոր ազգականները։ Այս ճոխ միջոցառումը կարող է տևել մի քանի ժամ։
Օրինակ՝ կարո տոհմի հարսանիքների ժամանակ հարսնագինը և օժիտը ուշադրությամբ հաշվում են և բաժանում յուրաքանչյուրի տոհմի հատուկ խմբերին։ Դրանից հետո միայն շարունակվում է ամուսնության արարողությունը։ Տոհմի անդամները երկար ճառեր են ասում, իսկ հարսն ու փեսան ուշադիր լսում են։ Ճոխ հացկերույթից և պարերից հետո հարսանիքը ավարտվում է։
Դրախտ հողագործների համար
Անցյալում բատակները մի քանի ընտանիքներով ապրել են ընդարձակ տներում, որոնց երկլանջ թամբաձև տանիքների գագաթի երկու անկյունները երկարում էին դեպի դուրս՝ գոմեշի կոտոշների նման։ Զարդապատկերներով հարուստ այս տները կառուցվել են հաստ գերանների վրա։ Որպես շինանյութ օգտագործվել է փայտ, եղեգ և շաքարի արմավենու մանրաթել։ Մեխ չի օգտագործվել։ Բատակներն այսօր էլ շարունակում են ապրել 300 տարվա հնություն ունեցող այս տներում։ Որոշ տներ այնքան մեծ են, որ մոտ 12 ընտանիքներ կարող են ապրել այնտեղ։ Տան «ներքնահարկը»՝ հիմքը, ծառայում է որպես գոմ ընտանի կենդանիների համար (կով, հավ, շուն, խոզ, ասիական գոմեշ)։
Տնտեսությունը հիմնված է հողագործության, ձկնորսության, անասնապահության, ինչպես նաև տուրիզմի վրա։ Թոբա լճի շուրջը գտնվող բլուրների լանջերին սփռված դարավանդային հողակտորները, որոնք ամֆիթատրոնի տեսք են հաղորդում բնապատկերին, հողագործների համար իսկական դրախտ են դարձնում այս վայրը։ Այստեղ աճում են բրնձի զմրուխտավառ հասկերը։ Հրաբխային սևահողում փարթամորեն աճում են նաև սուրճ, պտղատու ծառեր և տարատեսակ համեմունքներ։ Իսկ զուլալ ու սառնորակ ջրերից ձկնորսները առատ բարիքներ են հանում՝ իրենց փայտե նավակներով լողալով լճի վրայով։
Ամեն երեկո կայտառ երեխաները, ջուր շաղ տալով իրար վրա, լողում են լճում, իսկ տղամարդիկ հաճելի ժամանակ են անցկացնում սրճարաններում։ Պաղ գիշերվա մեջ լսվում են երաժշտության ձայներ։ Բատակները երգում են զիլ ձայնով։ Նրանք սիրում են նաև պարել, սակայն տղամարդիկ ու կանայք պարում են առանձին խմբերով՝ նազանքով շարժելով իրենց ձեռքերը։
Անցյալի մութ էջերը
Մարկո Պոլոյի ժամանակներից մինչև 19-րդ դար եղած արձանագրությունները խոսում են այն մասին, որ բատակները դաժան մարդակերներ են եղել, որոնք հատուկ արարողություններից հետո կերել են թշնամու զինվորներին և հանցագործներին։ Սակայն, ինչպես ասում է պատմաբան Լեոնարդ Անդայան, «հավանաբար մարդակերության արարողությունների հետ կապված որոշ սարսափազդու մանրամասներ իրենք բատակներն են պատմել, որպեսզի օտարերկրացիները չփորձեն նվաճել իրենց տարածքները»։ Ամեն դեպքում «19-րդ դարում հոլանդական գաղութարար կառավարությունը արգելեց մարդակերությունը այն շրջաններում, որոնք իր հսկողության տակ էին»,— նշվում է «Բատակներ. Սումատրա կղզու ժողովուրդ» գրքում (The Batak — Peoples of the Island of Sumatra)։
Բատակները ոգեպաշտ են և ունեն մի շարք աստվածներ։ Նրանք կատարում են հատուկ արարողություններ, ծեսեր, զբաղվում են ոգեհարցությամբ ու կախարդությամբ։ Բոլոր կախարդական խոսքերը, ոգեհարցական բառերը և բժշկություններ անելու համար հատուկ բաղադրատոմսերը գրված են փայտից ու կաշվից պատրաստված դարսաձև գրքում, որի երկարությունը 15 մետր է։ Բատակները գործում են նաև նախշազարդ սուրբ հագուստներ՝ չարին հեռացնելու և ապագան գուշակելու համար։
Արձանագրությունների համաձայն՝ Արևմուտքից եկած առաջին միսիոներները բապտիստներ Ռիչարդ Բուրտոնը և Նաթանայել Ուարդն էին։ Նրանք ոտք դրեցին այս կղզի 1824-ին։ Տասը տարի անց, երբ հոլանդացիները փորձում էին գրավել բատակների որոշ տարածքներ, ժամանեցին ևս երկու ամերիկացի միսիոներներ՝ Հենրի Լիմանը և Սեմյուել Մունսոնը, սակայն շատ չանցած՝ սպանվեցին։ Այնուհետև եկան երկու կաթոլիկ միսիոներներ, որոնք անտեսեցին իրենց տրված նախազգուշացումները և արժանացան նույն բախտին։
Սակայն գերմանացի միսիոներ Լյուդվիգ Նոմենսենը, որն այստեղ եկավ 1862-ին, կարողացավ լեզու գտնել բատակների հետ և մեծ հաջողությունների հասավ։ Տեղացիները նրան առայսօր մեծ հարգանքով են հիշում։ Ներկայումս բատակներից ոմանք իրենց քրիստոնյաներ են համարում, սակայն մեծ մասը մուսուլմաններ կամ ոգեպաշտներ են։ Շատերն էլ շարունակում են հետևել իրենց նախնիների հավատալիքներին ու սովորույթներին։
Բարի լուրը հասնում է այստեղ
1936-ին Եհովայի վկաները սկսեցին բատակներին քարոզել Աստծու Թագավորության մասին բարի լուրը, որը Հիսուսի մարգարեության համաձայն՝ պետք է քարոզվեր «ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։ Շատերը ընդունեցին Աստվածաշնչի պատգամը և թողեցին իրենց սնոտիապաշտական ապրելակերպը։ Այսօր այս գեղատեսիլ վայրում կան Եհովայի վկաների մոտ 30 ժողովներ (տե՛ս շրջանակը)։
Ես ու կինս քարոզում ենք բարի լուրը այս տարածքում ապրող բոլոր մարդկանց։ Հաճախ հանդիպում ենք զբոսաշրջիկների, որոնք աշխարհի տարբեր վայրերից եկել են զմայլվելու Թոբա լճի հրաշագեղ տեսարանով և վայելելու դրախտային եղանակը։ Իրոք, սա չնաշխարհիկ վայր է, սակայն մենք միշտ ասում ենք, որ իսկական գեղեցկությունը մարդիկ են՝ ջերմ և ընկերասեր բատակները։
[շրջանակ 17-րդ էջի վրա]
ՊԱՂ ԼԻՃ, ՈՐԸ ԿՐԱԿՈՏ ԱՆՑՅԱԼ Է ՈՒՆԵՑԵԼ
Թոբա լիճն ունի 87 կիլոմետր երկարություն և 27 կիլոմետր լայնություն։ Այն հրաբխային խառնարանում գոյացած ամենամեծ լիճն է աշխարհում։ Այս լճի քաղցրահամ ջուրն այնքան շատ է, որ կարող է մեկ մետր շերտով ծածկել Միացյալ Թագավորության ողջ տարածքը։ Գտնվելով կանաչապատ հրաբխային լեռների մեջ, որոնք Բարիսան լեռների մի մասն են՝ այս կապուտակ լիճը բոլոր կողմերից գրավում է լուսանկարիչների ուշադրությունը։
Լիճը ձևավորվել է մեկ կամ մի քանի հրաբխային վիթխարի ժայթքումների հետևանքով։ Գիտնականները կարծում են, որ պատմության մեջ ամենաուժգին ժայթքումները դրանք են եղել։ Ժամանակի ընթացքում հսկայական այս խառնարանը լցվել է ջրով և արդյունքում առաջ է եկել Թոբա լիճը։ Երկրակեղևի ցնցումների հետևանքով լճի վրա առաջ է եկել գեղեցիկ Սամոսիր կղզին, որի տարածքը 647 քառակուսի կիլոմետր է՝ մոտավորապես Սինգապուրի Հանրապետության տարածքի չափ։
[շրջանակ 18-րդ էջի վրա]
ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ
Թոբա լիճը մոտ 300 կիլոմետր հեռու է հասարակածից։ Զարմանալի է, սակայն եղանակը զով է, քանի որ լիճը ծովի մակարդակից 900 մետր բարձր է։ Այս բարենպաստ եղանակ ունեցող դրախտում փարթամ արմավենիները և սոճիները աճում են կողք-կողքի։
Բազմազան է նաև կենդանական աշխարհը։ Օրինակ՝ հյուսիսային մասում կան օրանգուտաններ, սպիտակաթաթ գիբոններ և պրեսբիտիս թոմասի տեսակի կապիկներ, իսկ հարավում ապրում են գետակինճեր և պրեսբիտիս մելալոֆոս տեսակի կապիկներ։
[շրջանակ/նկար 19-րդ էջի վրա]
ՆԱԽԿԻՆ ՈԳԵՀԱՐՑԸ ԱՅԺՄ ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է
Նուրսին բատակ ոգեհարց-բժշկուհի է եղել։ Նա կախարդության միջոցով բուժել է հիվանդություններ, չար ոգիներ է հանել և հաղորդակցվել է «մահացածների» հետa։ Այս գործը նրան լավ եկամուտ էր բերում։ Չնայած կախարդությամբ էր զբաղվում, սակայն տեղի բողոքական եկեղեցու պատվարժան անդամ էր։
Երբ Եհովայի վկաները Նուրսիին հայտնեցին Աստծու անունը, նա շատ զարմացավ (Սաղմոս 83։18)։ Ավելի ուշ Աստվածաշնչից իմացավ, որ առաջին դարում նրանք, ովքեր դարձան հավատացյալներ, դադարեցին կախարդությամբ զբաղվելուց և այրեցին ոգեհարցության հետ առնչվող բոլոր գրքերը, որպեսզի Աստված ընդունի իրենց երկրպագությունը (Գործեր 19։18, 19)։ Չնայած ուժգին հակառակությանը՝ Նուրսին նույնպես որոշեց այդպես վարվել, քանի որ լիովին վստահում էր Հիսուսի հետևյալ խոսքերին. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։
Այսօր Նուրսին և նրա որդի Բեսլին մկրտված Եհովայի վկաներ են, իսկ նրա ամուսինը՝ Նենգկուն, կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։ «Կյանքս իմաստով լցվեց, քանի որ այժմ ծառայում եմ Եհովային,— ասում է Նուրսին։ Երբ ոգեհարց-բժշկուհի էի, փափագում էի գտնել ճշմարտությունը։ Հիմա ես գտել եմ այն և մեծ բավականություն եմ զգում»։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Աստվածաշնչի տեսակետը. ի՞նչ գիտենք դևերի մասին» հոդվածը, էջ 20։
[նկար]
Նուրսին ամուսնու և որդու հետ
[քարտեզ 16-րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Սումատրա
Թոբա լիճ
[թույլտվությամբ]
Based on NASA/Visible Earth imagery
[նկար 16-րդ և 17–րդ էջերի վրա]
Թոբա լճի տեսարանը Պուսուկ Բուհիթ լեռան լանջերից
[նկար 18-րդ էջի վրա]
Սիպիսոպիսո ջրվեժը, որը գտնվում է Թոբա լճի հյուսիսում, ունի 110 մետր բարձրություն