Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 23–26
  • Ինդոնեզիայի «անտառային մարդը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինդոնեզիայի «անտառային մարդը»
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջին հանդիպումը օրանգուտանի հետ
  • Ծառաբնակներ
  • Ընտանեկան կյանքը
  • Ոչնչացման եզրին
  • «Կշտանում են Տիրոջ ծառերը»
    2004 Դիտարան
  • Դրախտի մի անկյուն
    2004 Արթնացե՛ք
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 23–26

Ինդոնեզիայի «անտառային մարդը»

ՀՍԿԱ կենդանին հենվել էր ծառի ճյուղերին, որոնք շատ բարակ էին նրա խոշոր մարմինը պահելու համար։ Նա պլշած նայում էր մեզ։ Մենք էլ շունչներս պահած նրան էինք նայում։ Թվում էր՝ նա անտարբեր է մեր հանդեպ։ Սակայն մենք հմայված էինք նրանով։ Մեր աչքի առաջ աշխարհի ամենամեծ ծառաբնակ կենդանին էր։

Օրանգուտանները դասվում են մեծ կապիկների, օրինակ, գորիլաների և շիմպանզեների շարքին։ Այս հսկա, մենակյաց արարածները ապրում են Հարավարևելյան Ասիայի ամենամեծ կղզիներում՝ Բոռնեոյի և Սումատրայի սաղարթախիտ ջունգլիներում։ «Օրանգուտան» բառը ծագել է երկու ինդոնեզական բառերից՝ օրանգ և ուտան, որը նշանակում է «անտառային մարդ»։

Եթե ուզում եք ավելի շատ բան իմանալ այս հրաշալի կարմրաշիկավուն կապիկների մասին, կարող եք մեզ հետ ճամփորդել նրանց հայրենի վայրերով՝ Բոռնեոյի ջունգլիներով։

Առաջին հանդիպումը օրանգուտանի հետ

Օրանգուտաններ տեսնելու համար գնացինք Թանյունգ Փութինգ ազգային պարկը, որտեղ բազմազան կենդանիներ են ապրում։ Սակայն այցելուների ուշադրությունը հիմնականում գրավում են այնտեղ ապրող հազարավոր օրանգուտանները։

Մեր ճամփորդությունը սկսվեց Կումայի նավահանգստից։ Նստեցինք փայտե մի նավակ՝ կլոտոկ, որի վրա շարժիչ էր տեղադրված։ Նավարկելով հոսանքն ի վեր՝ մենք ավելի ու ավելի մխրճվեցինք ջունգլիի՝ անանցանելի թվացող բուսականության մեջ։ Գետի հանդարտ, բայց պղտոր ջրերում վխտում էին ահարկու կոկորդիլոսները, իսկ երկու ափերը եզրագծում էին խիտ-խիտ աճած նիպա արմավենիները։ Լսվում էին տարօրինակ ձայներ, որոնց արձագանքը տարածվում էր ջունգլիներում և մեծ տպավորություն էր թողնում մեզ վրա։

Նավակից դուրս գալուց անմիջապես հետո միջատներին վանող նյութ ցանեցինք մեզ վրա և մտանք անտառ։ Մի քանի րոպե անց նկատեցինք առաջին արու օրանգուտանին, որի մասին խոսեցինք սկզբում։ Նրա կարմրաշիկավուն մորթին պղնձի պես փայլում էր կեսօրվա բարկ արևի ճառագայթների տակ։ Սակայն այդ գեղեցիկ մորթին չէր քողարկում մկանուտ մարմինը, որը ահարկու տեսք էր հաղորդում նրան։

Հասուն արու օրանգուտանների հասակը 1,7 մետր է, իսկ քաշը մոտավորապես 90 կիլոգրամ է՝ էգերից երկու անգամ ավելի ծանր։ Արուների այտերի կողքին կիսալուսնաձև բարձիկներ կան, որոնք նրա դեմքը դարձնում են կլորավուն ու տափակ։ Կոկորդից ասես փոքր տոպրակ է կախված, ինչի շնորհիվ նա ահավոր բարձր ձայներ ու գոչյուններ է արձակում։ Երբեմն նրա աղաղակը կարող է տևել հինգ րոպե և լսվել ավելի քան մեկ կիլոմետր հեռավորությունից։ Զարմանալի չէ, որ օրանգուտանի աղաղակը կոչում են «երկար կանչ»։ Իր կանչով արուն գրավում է էգին և զգուշացնում է մյուս արուներին, որ հեռու մնան։

Ծառաբնակներ

Մենք շարունակեցինք ճանապարհը։ Մեր աչքի առաջ օրանգուտանները մի ծառից մյուսն էին ցատկում։ Նրանց ոտքերն ու ձեռքերը ամուր են, ճկուն և կեռաձև։ Բացի բութ մատից, մյուս մատները երկար են, իսկ ոտքի մատները մեծ են։ Հանգիստ ու նրբագեղ շարժումներով նրանք հեշտությամբ ծառից ծառ են անցնում և մեծ արագությամբ առաջ են ընթանում։ Թվում է, թե նրանք երբեք չեն շտապում։

Սակայն գետնի վրա այնքան դանդաղ են քայլում, որ մարդիկ կարող են առաջ անցնել նրանցից։ Օրանգուտանները կարողանում են նաև վարպետորեն թաքնվել՝ ստվերի պես անհետանալով կանաչ ճյուղերի մեջ։

Սրանք մեծ կապիկների շարքին դասվող միակ կենդանիներն են, որոնք իրենց գրեթե ողջ կյանքն անցկացնում են ծառերի վրա։ Հաճախ մայրամուտին նրանք ընտրում են ծառի ամուր հաստ երկշիվ ճյուղ, որը գտնվում է գետնից մոտ 20 մետր բարձրության վրա, և դրա վրա բարակ ճյուղերից ու տերևներից տաքուկ անկողին են պատրաստում։ Անձրևից պաշտպանվելու համար երբեմն «տանիք» են ավելացնում, ինչը չեն անում ո՛չ շիմպանզեները և ո՛չ էլ գորիլաները։ «Շինարարությունը» ավարտում են ընդամենը հինգ րոպեում։

Օրանգուտանների սիրած կերակուրը ծառերի պտուղներն են։ Նրանք կատարյալ հիշողություն ունեն և գիտեն, թե երբ և որտեղից հասած մրգեր գտնել։ Նրանց ճաշացուցակի մեջ մտնում են տերևներ, արմատներ, նորածիլ ընձյուղներ, մեղր և միջատներ։ Օրանգուտանները երբեմն փայտի կտորով են ծառերի փչակներից մեղր կամ միջատ հանում։ Ընդհանուր հաշվով այս կապիկները իրենց ճաշացուցակի մեջ ունեն ավելի քան 400 տեսակի «ուտեստներ»։

Մենք ականատես եղանք մեկ ուրիշ տեսարանի. օրանգուտանները հավաքվել էին բանանի կույտի շուրջ։ Այս կենդանիները մարդկանց խնամքի տակ են մեծացել, այնուհետև նրանց բաց են թողել վայրի ջունգլիներ։ Քանի որ վայրի օրանգուտանների նման չեն կարողանում բավարար սնունդ հայթայթել, մարդիկ նրանց լրացուցիչ ուտելիք են տալիս, որ կարողանան գոյատևել։

Ընտանեկան կյանքը

Մենք հիացանք նաև օրանգուտանների ձագերով, որոնք կառչել էին իրենց մայրերից։ Որոշ փոքրիկներ էլ չարաճճիություններ էին անում ծառերի կամ գետնի վրա։ Էգ օրանգուտանները սեռահասուն են դառնում 15–16 տարեկանում, ձագ ունենում են 7 կամ 8 տարին մեկ։ Օրանգուտանները իրենց կյանքի ընթացքում երեք ձագից ավել չեն ունենում։ Այդ պատճառով համարվում են աշխարհի ամենադանդաղ բազմացող կաթնասունները։ Ապրում են մինչև 45 տարեկան։

Մոր և ձագի միջև ամուր կապվածություն կա։ Մայրը սնում և հոգ է տանում իր ձագուկին ավելի քան ութ տարի։ Կյանքի առաջին տարին փոքրիկը մորից պոկ չի գալիս։ Նա շարունակում է մնալ մոր հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի ծնվել իր եղբայրը կամ քույրիկը։ Երբեմն պատանի էգերը նույնիսկ փոքրիկի ծնվելուց հետո էլ շարունակում են մոր կողքին լինել և հետևել, թե ինչպես է նա խնամում նորածնին։

Սակայն ձագ ունենալուց հետո մայրը իրենից հեռացնում է պատանի դարձած արու ձագին։ Դրանից հետո պատանին սկսում է թափառել ջունգլիում։ Արուն շրջում է ավելի քան 15 քառակուսի կիլոմետր տարածության մեջ՝ խուսափելով մյուս արուներից, իսկ էգերի հետ հանդիպում է միայն զուգավորվելու համար։

Էգերը, սակայն, ավելի քիչ տարածքում են շրջում իրենց ողջ կյանքի ընթացքում։ Երբեմն մի քանի էգ միաժամանակ են սնվում՝ մի ծառի ճյուղերից կախված։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք գրեթե չեն շփվում իրար հետ։ Մենակյաց կենսակերպը առանձնակի է դարձնում այս կապիկներին։ Իսկ այժմ գնանք մեկ ուրիշ վայր և ավելի շատ բան իմանանք «անտառային մարդու» մասին։

Ոչնչացման եզրին

Ազգային պարկում գործում է մարդաբան Լուիս Լիկիի անունը կրող ճամբարը, որտեղ ուսումնասիրում են օրանգուտաններին և զբաղվում են նրանց ռեաբիլիտացման և պահպանման հարցերով։ Այստեղ օրանգուտանները շատ մոտ էին մեզ։ Ոմանք նույնիսկ մոտենում էին և ցուցադրում իրենց մարմնամարզական հմտությունները։ Էգերից մեկը անգամ խլեց ընկերոջս ժակետը։ Մենք շատ ոգևորված էինք, որ կարող ենք այսքան մոտ լինել այս գեղեցիկ արարածներին։

Լիկիի ճամբարը սթափեցնող տեղեկություն է հաղորդում օրանգուտանների մասին։ Այս կենդանիները կանգնած են ոչնչացման եզրին։ Որոշ էկոլոգներ ասում են, որ օրանգուտանների ապագան մռայլ է. տասը տարի անց նրանց այլևս չենք տեսնի ջունգլիներում։ Նրանց գոյությանը սպառնում են երեք գործոններ։

Անտառահատումներ։ Անցած 20 տարվա ընթացքում վերացել է օրանգուտանների բնակավայրերի 80 տոկոսը։ Ինդոնեզիայում օրական միջին հաշվով անտառահատում են 51 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն՝ ամեն րոպե հինգ ֆուտբոլի դաշտի չափ տարածք։

Ապօրինի որս։ Որքան մարդիկ խորանում են ջունգլիների մեջ, այնքան ավելի շատ են որսում օրանգուտանների։ Օրանգուտանի միայն գանգը արժե 70 դոլար, որը վաճառվում է հուշանվերների անօրինական շուկաներում։ Ոմանք էլ սպանում են այս կենդանիներին՝ կարծելով, թե դրանք մեծ վնաս կարող են հասցնել բերքին։ Կան մարդիկ էլ, որոնք որսում են այս կապիկներին մսի համար։

Ձագերի վաճառք։ Սև շուկայում օրանգուտանի ձագն արժե մի քանի հարյուրից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար։ Հաշվարկների համաձայն՝ ամեն տարի վաճառվում է մոտ հազար ձագ։

Թե՛ պետական և թե՛ մասնավոր գործակալությունները փորձում են որքան հնարավոր է պաշտպանել այս կենդանիներին ոչնչացումից։ Նրանք ստեղծում են ռեաբիլիտացիոն կենտրոններ, հիմնում են ազգային պարկեր և արգելանոցներ, կանխարգելում են անօրինական անտառահատումները, ինչպես նաև կազմակերպում են օրանգուտանների մասին տեղեկատվական և ուսումնական ծրագրեր։

Աստվածաշունչը հայտնում է, որ շուտով Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18; Եսայիա 11։4–9; Մատթեոս 6։10)։ Այդ ժամանակ սաղմոսերգուի խոսքերը իրականություն կդառնան. «Անտառի բոլոր ծառերը թող ուրախությունից ցնծան» (Սաղմոս 96։12)։ Բոլոր կենդանիները, այդ թվում նաև Ինդոնեզիայի «անտառային մարդը» ազատ ու ապահով կբնակվեն, և ոչ մի բան չի սպառնա նրանց գոյությանը։

[քարտեզ 23-րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՄԱԼԱՅԶԻԱ

Բոռնեո

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Սումատրա

ԱՎՍՏՐԱԼԻԱ

[նկար 24-րդ էջի վրա]

Չափահաս արու օրանգուտանի դեմքին կան կիսալուսնաձև բարձիկներ

[թույլտվությամբ]

© imagebroker/Alamy

[նկարներ 25-րդ էջի վրա]

Օրանգուտանները հեշտությամբ են անցնում ծառից ծառ, բայց գետնի վրա դանդաղ են առաջ շարժվում

[թույլտվությամբ]

Top: © moodboard/Alamy; bottom: Orangutan in the Camp Leakey of Tanjung Puting National Park, managed by BTNTP, UPT Ditjen PHKA Dephut

[նկար 23-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Orangutan in the Camp Leakey of Tanjung Puting National Park, managed by BTNTP, UPT Ditjen PHKA Dephut

[նկար 26-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Orangutan in the Camp Leakey of Tanjung Puting National Park, managed by BTNTP, UPT Ditjen PHKA Dephut

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը