Կլիմայական գագաթաժողովներ անիմաստ հանդիպումնե՞ր
«Աշխարհը պետք է ոտքի կանգնի, որ լուծի կլիմայական փոփոխություններին վերաբերող հարցերը։ Գիտնականների մեծ մասը այն կարծիքին է, որ եթե մենք ոչինչ չանենք, ապա ամենուրեք երաշտ, սով, ժողովուրդների խոշոր տեղափոխություններ կլինեն, որոնք տասնամյակներ շարունակ ավելի մեծ խնդիրների պատճառ կդառնան» (ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամա)։
ՈՐՈՇ գիտնականներ նշում են, որ Երկրագունդը «հիվանդ է»։ Ախտանշանները ցույց են տալիս, որ ջերմաստիճանը գնալով բարձրանում է։ Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը մոտենում է իր գագաթնակետին, ու դա մի այնպիսի աստիճան է, որի ժամանակ ջերմաստիճանի անգամ չնչին բարձրացումը, ինչպես նշվում է «Գարդիան» բրիտանական թերթում, կարող է «կտրուկ կլիմայական փոփոխություններ առաջացնել երկրի վրա, որն էլ իր հերթին ավելի շատ կբարձրացնի երկրագնդի ջերմաստիճանը»։
Ինչպե՞ս հայտնվեցինք այս իրավիճակում։ Հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել։ Եվ առհասարակ, մի՞թե մարդն ի զորու է լուծելու գլոբալ տաքացման խնդիրը, էլ չնշենք այն մեծ խնդիրները, որոնց բախվում է մարդկությունը։
Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ այս խնդրի հիմնական պատճառը մարդկային գործոնն է, որը սկիզբ առավ արդյունաբերական հեղաշրջումից, որից հետո սկսեցին չարաշահվել հանածո վառելիքները, օրինակ՝ ածուխը և նավթը։ Մեկ այլ պատճառ է լայնատարած անտառահատումը։ Անտառները ասես շրջակա միջավայրի թոքերը լինեն։ Ծառերը կլանում են ջերմոցային գազերի որոշ մասը, որոնք ծանրաբեռնում են մթնոլորտը և նպաստում գլոբալ տաքացմանը։ Սակայն անտառահատումների պատճառով գնալով շատանում է ածխաթթու գազի քանակը մթնոլորտում։ Այս խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով աշխարհի ղեկավարները կլիմայական գագաթաժողովներ են հրավիրում։
Կիոտոյի արձանագրությունը
1997 թ. Կիոտոյի արձանագրությունը նպատակներ դրեց ածխաթթու գազի արտանետումները սահմանափակելու համար։ Ստորագրելով այս համաձայնագիրը՝ Եվրամիության մեջ մտնող երկրները և 37 այլ արդյունաբերական երկրներ պարտավորվեցին 2008 թ.-ից 2012 թ. ընթացքում արտանետումների քանակը նվազեցնել 1990 թ. մակարդակից մոտ 5 տոկոսով ցածր։
Կիոտոյի արձանագրությունը, սակայն, ուներ թերի կողմեր։ Օրինակ՝ հսկա արդյունաբերական երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, չմիացան այս կոնվենցիային և չհամաձայնեցին սահմանափակել իրենց երկրի արտանետումների քանակը։ Մինչդեռ ածխաթթու գազի գլոբալ արտանետման մոտ 40 տոկոսի համար պատասխանատու են Ամերիկան ու Չինաստանը։
Կոպենհագենի գագաթաժողովը
Կոպենհագենի գագաթաժողովի՝ Կողմերի 15-րդ կոնֆերանսի նպատակն էր փոխարինել Կիոտոյի արձանագրությանը և նոր նպատակներ դնել 2012 թ. և դրան հաջորդող տարիների համարa։ 192 ազգերի ներկայացուցիչներ, ներառյալ 119 երկրների ղեկավարներ 2009 թ. դեկտեմբերին հավաքվեցին Կոպենհագենում (Դանիա), որպեսզի կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր քննարկեն։ Կողմերի 15-րդ կոնֆերանսը կանգնեց հետևյալ երեք խնդիրների առաջ։
1. Իրավականորեն պարտավորեցնող համաձայնություն։ Զարգացած երկրները չցանկացան ընդունել արտանետումները սահմանափակող չափականակը և չցանկացան սահմանափակել իրենց երկրների արտանետումները։
2. Անօգուտ ֆինանսավորում։ Տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ է պետք ներդնել գլոբալ տաքացման գնալով շատացող հետևանքների դեմ պայքարելու և շրջակա միջավայրի համար մաքուր տեխնոլոգիաներ արտադրելու համար։
3. Արտանետումները վերահսկելու մեթոդ։ Այս մեթոդը յուրաքանչյուր երկրի կօգնի մնալու արտանետումների չափաքանակի մեջ, ինչպես նաև համոզվելու, որ զարգացող երկրները նվիրաբերված գումարները ճիշտ են օգտագործում։
Երկրները համաձայնության եկա՞ն։ Վերոնշյալ պայմանների քննարկումը այնպիսի լուրջ խնդիրներ հարուցեց, որ անգամ մի փոքր համաձայնության անհնար էր հասնել։ Կոնֆերանսի վերջին ժամերի ընթացքում 28 երկրների ղեկավարներ հաստատեցին վերջնական մի փաստաթուղթ, որը կոչվեց Կոպենհագենյան համաձայնագիր։ Այս համաձայնագիրը պաշտոնապես հաստատվեց հետևյալ թույլ խոսքերով, որը նշում է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը. «Կոնֆերանսը.... հաշվի կառնի Կոպենհագենյան համաձայնագիրը»։ Այլ կերպ ասած՝ ըստ համաձայնագրի գործելը թողնված էր յուրաքանչյուր երկրի։
Ի՞նչ է սպասվում
Բազմաթիվ կոնֆերանսներ են անցկացվել կամ ծրագրվել, սակայն մարդիկ կասկածում են, թե արդյոք դրանք որևէ խնդիր կլուծեն։ «Երկիր մոլորակի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ»,— ասում է «Նյու Յորք Թայմս»-ի թղթակից և հայտնի տնտեսագետ Փոլ Քրուգմանը։ Շատ հաճախ քաղաքական ու ֆինանսական շահերը ավելի կարևոր են, քան այն, թե ապագայում ինչ վիճակում կլինի շրջակա միջավայրը, և արդյունքում ամեն ինչ մնում է նույնը։ «Որոշ արդյունաբերությունների ֆինանսական ճգնաժամն է պատճառը, որ աշխարհը մինչ օրս չի լուծել այս խնդիրը»,— ասում է Քրուգմանը։ Նա նաև նշում է, որ իր երկրի կլիմայական փոփոխությունների «հանցագործության հիմնական կասկածյալները» «ագահությունն ու [քաղաքական] վախկոտությունն» են։
Գլոբալ տաքացումը կարելի է նմանեցնել փոթորկի։ Օդերևութաբանները կարող են չափել փոթորկի ուժգնությունը, նաև կանխագուշակել, թե ինչ ուղղությամբ է այն շարժվում հօգուտ տվյալ տարածքում ապրողների։ Բայց ո՛չ գիտնականները, ո՛չ քաղաքագետները և ո՛չ էլ առաջադեմ բիզնեսմենները չեն կարող կանգնեցնել փոթորիկը։ Նույնը կարելի է ասել նաև գլոբալ տաքացման մասին։ Այս ամենը մեզ հիշեցնում է Երեմիա 10։23-ում գրված խոսքերը. «Մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին»։
Գլոբալ տաքացմանը վե՛րջ կդրվի
Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, որ «երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը.... զուր տեղը չարարեց» (Եսայիա 45։18)։ Աստծու Խոսքը նաև ասում է. «Երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4)։
Այո՛, Աստված թույլ չի տա, որ երկիրը անմարդաբնակ դառնա։ Ընդհակառակը՝ նա կմիջամտի և վերջ կդնի մարդկային ձախողված կառավարություններին և նրանց, ովքեր հոգ չեն տանում երկրի մասին։ Սակայն կենդանի կպահի բոլոր նրանց, ովքեր բարոյապես մաքուր կյանքով են ապրում և անկեղծորեն ուզում են հաճեցնել նրան։ Առակներ 2։21, 22-ում գրված է. «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից»։
[ծանոթագրություն]
a Կողմերի կոնֆերանսը կանոնավոր կերպով կազմակերպվում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմից։
[շրջանակ 13-րդ էջի վրա]
Ջերմոցային գազերը մթնոլորտի կազմության մասն են, որոնք երկրի մակերևույթից կլանում են անդրադարձվող ճառագայթները։ Ժամանակակից արդյունաբերական պրոցեսների արդյունքում արտանետվող գազերի մեծ մասը ջերմոցային են։ Դրանց մեջ են մտնում ածխածնի երկօքսիդը, քլորֆտորածխաջրատները, մեթանը և ազոտի օքսիդը։ Ամեն տարի մթնոլոտ է արտանետվում ավելի քան 25 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդ։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ սկսած արդյունաբերության դարաշրջանից՝ մթնոլորտում ածխածնի երկօքսիդի քանակը 40 տոկոսով բարձրացել է։
[նկար 12-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Earth: NASA/The Visible Earth (http://visibleearth.nasa.gov/); Barack Obama: ATTILA KISBENEDEK/AFP/Getty Images