Ի՞նչ աստիճանի են մարդիկ բարկացած
Մի մարդ, որ բուտերբրոդ էր պատվիրել, զայրացավ՝ տեսնելով, որ պատվերը ուշանում է։ Նա, սպառնալով աշխատողին, հրեց նրան ու ապտակեց։ Հետո ճանկեց իր բուտերբրոդը և դուրս եկավ ֆաստֆուդ ռեստորանից։
ԲՈԼՈՐՍ էլ ժամանակ առ ժամանակ բարկանում ենք։ Բարկությունը զգացում է, ինչպես օրինակ՝ սիրո զգացումը, հույսը, մտահոգությունը, տխրությունը և վախը։ Վերահսկված բարկությունը պատշաճորեն է դրսևորվում և լավ նպատակի է ծառայում։ Օրինակ՝ բարկությունը կարող է դրական արդյունքներ տալ, եթե այն մղում է անհատին վճռական լինելու որոշ խնդիրներ հաղթահարելու համար։
Սակայն, ինչպես վերը նշված օրինակն է ցույց տալիս, բարկությունը կարող է նաև վնասակար լինել։ Ոմանք ավելի արագ են բարկանում, ավելի հաճախ ու ավելի ուժգնորեն։ Եվ այդ պահին կարող են խոսքերով կամ նույնիսկ ֆիզիկապես հարձակում գործել։ Արդյունքում ստացվում է, որ բարկությունն է նրանց վերահսկում և ոչ թե իրենք են վերահսկում բարկությունը։ Անզուսպ բարկությունը վտանգավոր է և այդ պատճառով այն հաճախ բնորոշվում է որպես «խնդրահարույց բարկություն»a։
Բարկացող մարդիկ ոչ միայն իրենց են վնասում, այլև շրջապատի մարդկանց։ Նման հակվածություն ունեցողները անգամ չնչին հարցերի ժամանակ կարող են բորբոքվել, կատաղի պոռթկալ, ինչը ի վերջո հանգեցնում է աղետալի հետևանքների։ Նկատի առնենք հետևյալ օրինակները։
Մի մարդու վրա կրակեցին այն պատճառով, որ նրա ընկերներից մեկը պատահմամբ սպորտային պայուսակով խփել էր անցորդներից մեկին։
19-ամյա մի տղա իր նշանածի 11 ամսական երեխային մահվան աստիճանի ծեծել էր։ Համակարգչով բռնի խաղ խաղալու ժամանակ, երբ երեխան կպել էր կառավարման վահանակին, նա ինքնատիրապետումը կորցրել էր, քանի որ դրա պատճառով խաղը տանուլ էր տվել։
Նման դեպքերը ցույց են տալիս, թե ինչ աստիճանի են մարդիկ բարկացած, ու նրանց թիվը գնալով աճում է։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ այսքան ագրեսիվ։
[ծանոթագրություն]
a Մի գրքույկում «խնդրահարույց բարկությունը» նկարագրվում է որպես «բարկությունը հսկելու ոչ նորմալ ձև, որը անընդհատ ակնհայտ դժվարություններ է առաջ բերում անհատի կյանքում, այդ թվում նաև նրա մտածելակերպի, զգացմունքների, վարքագծի և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունների մեջ» (Boiling Point— Problem Anger and What We Can Do About It)։
[շրջանակ 3-րդ էջի վրա]
Բարկությունը զգացում է։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ բարկություն արտահայտելը, եթե այն դրսևորվում է պատշաճորեն, կարող է տեղին լինել։ Սակայն այս հոդվածներում խոսվում է անառողջ բարկության մասին, որը կարող է էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր վնաս պատճառել մեզ և ուրիշներին։