ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ
Գոհունակ եղեք
Գոհունակ մարդիկ բավարարվում են ունեցածով և գոհ են լինում իրենց կյանքից։ Երբ նրանց հանգամանքները փոխվում են, նրանք փոփոխում են իրենց ապրելակերպը, որ իրենց միջոցներին համապատասխան ապրեն։
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Հոգեբան Ջեսիկա Կոլերը նշել է, որ գոհունակ մարդիկ ավելի հեշտությամբ են կարողանում դրական մտավիճակ պահպանել և ավելի հազվադեպ են նախանձում ուրիշներին։ Հետևաբար զարմանալի չէ, որ այդպիսի մարդիկ սովորաբար ավելի երջանիկ են և սթրեսադիմացկուն։ Իրականում աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից ոմանք նյութական քիչ միջոցներ ունեն և արժևորում են այնպիսի բաներ, որոնք անհնար է փողով գնել, օրինակ՝ ընտանիքի և ընկերների հետ հաճելի շփումը։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Խուսափեք համեմատություններ անելուց։ Եթե ձեր համեստ կենսակերպը համեմատեք մեկ ուրիշի ճոխ կյանքի հետ, գուցե սկսեք դժգոհել ձեր վիճակից ու նույնիսկ նախանձով լցվել։ Դեռ ավելին՝ այն, ինչի հետ համեմատություն եք անում, գուցե բոլորովին էլ չի համապատասխանում իրականությանը։ Թանկարժեք շատ բաներ ունեցող մարդկանցից ոմանք հաճախ խրված են լինում պարտքերի մեջ։ Նիկոլը, ով ապրում է Սենեգալում, ասում է. «Ինձ շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար։ Եթե գոհունակ եմ, արդեն իսկ երջանիկ եմ, անգամ երբ տեսնում եմ, որ ուրիշները ինձնից շատ ունեն»։
Փորձեք հետևյալը։ Անիմաստ աչքի մի՛ անցկացրեք այնպիսի գովազդներ կամ սոցիալական կայքերում տեղադրված նյութեր, որոնք ի ցույց են դնում ուրիշների հարստությունն ու շռայլ ապրելակերպը։
Երախտագետ եղեք։ Սովորաբար երախտագետ մարդիկ գոհունակ են և չեն մտածում, որ իրենց ավելին է պետք, կամ որ իրենք ավելիին են արժանի։ Ռոբերտոնը, ով ապրում է Հայիթիում, ասում է. «Ես նպատակային մտածում եմ իմ ու ընտանիքիս հանդեպ ուրիշների դրսևորած բարության մասին։ Հետո այդ մարդկանց ասում եմ, թե որքան եմ գնահատում նրանց արածները։ Իմ ութամյա տղային էլ եմ սովորեցնում շնորհակալություն հայտնել իրեն տրված ամեն ինչի համար»։
Փորձեք հետևյալը։ Այսպես ասած, երախտագիտության գրանցամատյան պահեք և ամեն օր գրի առեք մի բան, ինչի համար շնորհակալ եք, օրինակ՝ լավ առողջության, ընտանիքի, լավ ընկերների կամ չքնաղ մայրամուտի համար։
Երբեմն բոլորիս համար էլ դժվար է լինում գոհ լինել մեր ունեցածով։ Բայց այդ ուղղությամբ արժե ջանք գործադրել, քանի որ գոհունակությունը երջանկության գրավականն է, իսկ երջանկությունը փողով չես գնի։