ԳԼՈՒԽ 20
Ի՞նչ անեմ, եթե աղքատ եմ
Գրեգորին ապրում է Արևելյան Եվրոպայում։ Նա չի կարող գնել այնպիսի հագուստ կամ էլեկտրոնային սարքեր, որոնք կարող են գնել Արևմուտքում ապրող երիտասարդները։ Նա շատ վատ է զգում, որ ապրում է այսպիսի պայմաններում, ուստի որոշել է տեղափոխվել Ավստրիա։ Քո կարծիքով՝ Գրեգորին աղքա՞տ է։
□ Այո □ Ոչ
Լուիսն ապրում է հազարավոր կիլոմետրեր հեռու՝ աֆրիկյան մի գյուղում։ Նրա ընտանիքն ապրում է փոքրիկ հյուղակում։ Լուիսը նախանձում է մոտակա քաղաքի երեխաներին, որոնք վայելում են այնպիսի «ճոխություններ», ինչպիսիք են՝ հոսող ջուրն ու էլեկտրականությունը։ Քո կարծիքով՝ Լուիսն աղքա՞տ է։
□ Այո □ Ոչ
ՀՍՏԱԿ Է, որ աղքատությունը հարաբերական հասկացություն է։ Գուցե Գրեգորին մտածում է, որ աղքատ է, բայց Լուիսի հետ համեմատած՝ նա հարուստ է։ Եթե քեզ աղքատ ես համարում, ապա մտածիր, որ կան ավելի վատ պայմաններում ապրող մարդիկ։ Ինչ խոսք, եթե չունես դպրոցական հագուստ կամ չկան անհրաժեշտ պայմաններ, օրինակ՝ հոսող ջուր, դժվար թե քեզ մխիթարի այն միտքը, որ ուրիշներն ավելի վատ վիճակում են։
Աղքատ ընտանիքներում մեծացած պատանիները սովորաբար իրենց անարժեք ու անպիտան են զգում ու այդ զգացումները փորձում են խեղդել՝ ալկոհոլ և թմրադեղեր օգտագործելով։ Սակայն իրականությունից խուսափելը ավելի է բարդացնում իրավիճակը։ Ինչպես նշվում է Առակներ 23։32-ում, ալկոհոլը ի վերջո «օձի պես կխայթի և իժի պես թույն կարձակի»։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Մարիա անունով մի աղջիկ, որն աղքատ ընտանիքից է, ասում է. «Իրականությունից խուսափելով՝ ոչ թե լուծում ես խնդիրներդ, այլ ավելի շատ խնդիրներ ես ստեղծում»։
Գուցե դու ալկոհոլ ու թմրադեղեր չես օգտագործում, սակայն հույս էլ չունես, որ կյանքդ մի օր կբարելավես։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները կազատեն քեզ հուսահատության կապանքներից։ Այդ խորհուրդների օգնությամբ կկարողանաս ճիշտ տեսակետ զարգացնել կյանքի հանդեպ։ Տեսնենք, թե ինչպես։
Գնահատիր այն, ինչ ունես
Նախևառաջ կենտրոնացիր ոչ թե այն բանի վրա, ինչ չունես, այլ ինչ ունես։ Օրինակ՝ տուն, քեզ սիրող ընտանիք. դրանք փողից ավելի կարևոր բաներ են։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին» (Առակներ 15։17)։ Քրիստոնյա պատանիները մեկ ուրիշ արժեքավոր բան էլ ունեն՝ համաշխարհային եղբայրություն (1 Պետրոս 2։17)։
Նաև դրական վերաբերմունք զարգացրու քո ունեցած նյութական իրերի վերաբերյալ։ Գուցե ապրում ես հասարակ տան մեջ, կրում ես հին կամ վերանորոգած հագուստ, չես ուտում ճոխ ուտելիքներ։ Բայց մտածիր. Աստծուն հաճեցնելու համար պե՞տք է արդյոք ունենալ նորաձև հագուստ կամ շքեղ տուն։ Ապրելու և առողջ լինելու համար անհրաժե՞շտ է յուրօրինակ կերակուրներ ուտել։ Ո՛չ։ Պողոս առաքյալը այս առումով կարևոր բան սովորեց։ Նա գիտեր, թե ինչ է և՛ կարիքի մեջ լինելը, և՛ առատության մեջ լինելը (Փիլիպպեցիներ 4։12)։ Նա հետևյալ եզրակացության եկավ. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Էլդրիդը, որը մեծացել է աղքատ ընտանիքում, ասում է. «Մենք պարզապես հարմարվել էինք, որ մեր ընտանիքի բյուջեն սուղ է, ու չենք կարող ասել՝ «ուզում եմ»»։ Ամեն անգամ, երբ Էլդրիդի դպրոցական շալվարը մաշվում էր, նրա մայրը վերանորոգում էր այն։ Էլդրիդն ավելացնում է. «Ինչ խոսք, պետք է դիմանայի ծաղրանքին, թեև իմ հագուստը մաքուր էր ու ոչ հնամաշ»։
Հաղթահարիր թերարժեքության զգացումը
11-ամյա Ջեյմսը իր մոր և քրոջ հետ ապրում էր Յոհաննեսբուրգում՝ ժամանակավոր ճամբարում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Նյութական առումով նրանք գրեթե ոչինչ չունեին։ Ջեյմսը, սակայն, ուներ արժեքավոր բաներ՝ ժամանակ և էներգիա, ու մեծ ուրախությամբ օգտագործում էր դրանք ուրիշներին օգնելու համար։ Ամեն շաբաթ-կիրակի նա կամավոր աջակցում էր տեղի Թագավորության սրահի շինարարության գործին։ Նա չէր սպանում իր ժամանակը, ուստի իրեն թերարժեք չէր զգում։ Ջեյմսը ասում է. «Շինարարությանը մասնակցելուց հետո՝ օրվա վերջում, մեծ բավականություն էի զգում»։
Մեկ այլ օգտակար գործ է բարի լուրը տնետուն քարոզելը (Մատթեոս 24։14)։ Երիտասարդ Եհովայի վկաները այս գործը կատարում են կանոնավորաբար։ Նրանք ապագայի վառ հույս են տալիս մարդկանց, և արդյունքում մեծանում է իրենց ինքնահարգանքի զգացումը։ Ճիշտ է, այս գործն անելու համար նրանք փող չեն ստանում։ Բայց հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը Զմյուռնիայում ապրող քրիստոնյաներին։ Նրանք աղքատ էին, բայց ունեին հոգևոր լավ հատկություններ։ Այդ պատճառով Հիսուսն ասաց նրանց. «Գիտեմ քո նեղության ու աղքատության մասին (սակայն դու հարուստ ես)»։ Ի վերջո այն բանի շնորհիվ, որ գործերով փաստեցին իրենց հավատը Հիսուսի թափած արյան հանդեպ, նրանք ձեռք բերեցին անգերազանցելի հարստություն՝ անմահ կյանքի պսակը (Հայտնություն 2։9, 10)։
Առաջ նայիր
Անկախ այն բանից՝ հարուստ ես, թե աղքատ, կարող ես մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Աստվածաշունչն ասում է. «Հարուստն ու աղքատը հանդիպեցին իրար։ Նրանց երկուսի Ստեղծողը Եհովան է» (Առակներ 22։2)։ Այս բանի գիտակցումը երիտասարդ Եհովայի վկաներից շատերին օգնել է հաղթահարելու տնտեսական դժվարությունները։ Նրանք գիտեն, որ երջանկությունը կախված է ոչ թե նյութական բաներ ունենալուց, այլ Եհովայի ընկերը լինելուց, նրա, ով ընկերանում է բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են ծառայել իրեն։ Աստված հույս է տալիս, որ ապրելու ենք նոր աշխարհում, որտեղ այլևս աղքատություն չի լինի (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։3, 4)։
Իսկ մինչ այդ օգտագործիր այն, ինչ ունես։ Ապագային հույսի աչքերով նայիր։ Հոգևոր գանձեր դիզիր (Մատթեոս 6։19–21)։ Եվ մի՛ մտածիր, որ աղքատությունը անհաղթահարելի խնդիր է։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։
ԱՌԱՋԱՐԿ
Խուսափիր խաղամոլությունից, ծխախոտից և ալկոհոլի չարաշահումից։ Եթե ընտանիքիդ անդամներից մեկը նման սովորություն ունի, քո վարքով լավ օրինակ եղիր նրա համար։
ԳԻՏԵԻ՞Ր
Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ դու բավականության զգացում կունենաս, ինչպիսին էլ որ լինեն քո հանգամանքները (Փիլիպպեցիներ 4։12, 13; 1 Տիմոթեոս 6։8; Եբրայեցիներ 13։5)։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Ի՞նչ ունեմ ես ․․․․․։
Ինչպե՞ս կարող եմ իմ ունեցածով օգնել ուրիշներին ․․․․․։
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ է աղքատ լինելը հարաբերական հասկացություն։
● Ինչո՞ւ խելամիտ չէ իրականությունից փախչելու համար թմրադեղեր, ալկոհոլ կամ այլ բաներ օգտագործել։
● Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել, որ հաղթահարես տնտեսական դժվարությունները։
[մեջբերում 168-րդ էջի վրա]
«Թեև աղքատությունից դուրս գալու ելք չէի տեսնում, բայց հասկանում էի, որ հանցագործ կյանքով ապրելն էլ ելք չի։ Իմ հասակակիցներից շատերը, ովքեր սկսեցին այդպիսի կյանք վարել, կա՛մ խմում են ու թմրադեղեր օգտագործում, կա՛մ արդեն բանտում են» (Ջորջ)։
[շրջանակ/նկար 164-րդ էջի վրա]
վարժություն
Պե՞տք է արդյոք տեղափոխվեմ այլ երկիր
Կան երիտասարդներ, որոնք ուզում են այլ երկրներ գնալ փող վաստակելու համար, որպեսզի իրենց կամ իրենց ընտանիքի կարիքները հոգան։ Ոմանք էլ տեղափոխվում են այլ երկիր օտար լեզու սովորելու, կրթությունը շարունակելու կամ ընտանեկան խնդիրներից խուսափելու համար։ Որոշ քրիստոնյա երիտասարդներ տեղափոխվել են այնպիսի երկրներ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ինչ խոսք, այլ երկիր տեղափոխվելը լուրջ հարց է, ուստի պետք է լավ ծանրութեթև անել։ Եթե այդպիսի ցանկություն ունես, խորհրդածիր ստորև բերված հարցերի ու աստվածաշնչյան համարների շուրջ։ Թղթի վրա գրի առ քո պատասխանները։ Հետո աղոթիր և որոշում կայացրու։
□ Ի՞նչ իրավաբանական պահանջներ պետք է բավարարեմ (Հռոմեացիներ 13։1)։
◻ Որքա՞ն գումար է անհրաժեշտ տեղափոխվելու համար (Ղուկաս 14։28)։
◻ Ինչի՞ց է երևում, որ կկարողանամ օտար երկրում հոգալ իմ կարիքները (Առակներ 13։4)։
◻ Ի՞նչ խորհուրդ են տալիս հասուն մարդիկ, ովքեր ապրել են այլ երկրում (Առակներ 1։5)։
◻ Ի՞նչ են ծնողներս մտածում այս առնչությամբ (Առակներ 23։22)։
◻ Ի՞նչ մղումներ ունեմ (Գաղատացիներ 6։7, 8)։
◻ Եթե ապրելու եմ ուրիշների հետ, ինչպե՞ս դա կանդրադառնա իմ հոգևոր սովորությունների վրա (Առակներ 13։20)։
◻ Բարոյական, ֆիզիկական և հոգևոր առումով ի՞նչ վտանգների գուցե բախվեմ (Առակներ 5։3, 4; 27։12; 1 Տիմոթեոս 6։9, 10)։
◻ Տեղափոխվելուց հետո իրո՞ք օգուտներ կստանամ (Առակներ 14։15)։
[նկար 167-րդ էջի վրա]
Աստվածաշնչի խորհուրդները կազատեն քեզ հուսահատության կապանքներից