ԳԼՈՒԽ 33
Ինչո՞ւ խուսափել պոռնկագրությունից
Որքա՞ն հաճախ են անսպասելիորեն աչքովդ ընկնում պոռնկագրական պատկերներ։
□ Երբեք
□ Հազվադեպ
□ Միշտ
Որտե՞ղ է դա սովորաբար պատահում։
□ Ինտերնետ
□ Դպրոց
□ Հեռուստացույց
□ Ուրիշ
Ի՞նչ ես անում այդ ժամանակ։
□ Անմիջապես շրջվում եմ
□ Հետաքրքրությունից մղված՝ մի քիչ նայում եմ
□ Շարունակում եմ դիտել և նույնիսկ սկսում եմ նոր բաներ փնտրել
ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի տասնամյակ առաջ պոռնկագրությունը դժվարհասանելի էր մարդկանց։ Բայց այսօր թվում է, թե այն հետապնդում է քեզ։ 19-ամյա մի աղջիկ ասում է. «Երբեմն ինչ-որ բան եմ փնտրում կամ գնում ինտերնետով կամ էլ բանկային հաշիվներս եմ ստուգում, և հանկարծ պոռնկագրական պատկեր է հայտնվում»։ Նման դեպքերը հազվադեպ չեն։ Մի ուսումնասիրության համաձայն՝ 8-ից 16 տարեկան պատանիների 90 տոկոսը ինտերնետով տնային աշխատանքները կատարելիս անսպասելիորեն անվայել տեսարանների է հանդիպել։
Իմանալով, որ շատերն են պոռնկագրություն դիտում՝ գուցե հարցնես. «Մի՞թե դա այդքան վատ բան է»։ Պատասխանն է՝ այո։ Այն ապականում է ինչպես դիտողներին, այնպես էլ դրանց հեղինակներին։ Հաճախ նման բաներ դիտելը տանում է անբարոյության։ Բայց ուրիշ հետևանքներ էլ են լինում։
Պոռնկագրություն դիտելը կարող է սովորություն դառնալ և երկար ժամանակ մեծ վնասներ պատճառել։ Ջեֆը, որը 14 տարի առաջ ձերբազատվել էր պոռնկագրություն դիտելու սովորությունից, ասում է. «Ես ամեն օր պայքարի մեջ եմ։ Ցանկությունը, որը թեև այդքան ուժգին չէ, սակայն դեռ մնացել է։ Հետաքրքրությունը նույնպես չի անցել։ Պատկերները հիշողությունիցս լիովին չեն վերացել։ Լավ կլիներ, որ երբեք այս կեղտաջրի մեջ ընկած չլինեի։ Սկզբում ամեն բան անվնաս էր թվում։ Բայց հիմա գիտեմ, որ այդպես չէ։ Պոռնկագրությունը վնասակար է, այն այլասերում է, քայքայում և ստորացնում բոլոր նրանց, ովքեր առնչվում են դրան։ Ինչ էլ ասեն պոռնկագրության սիրահարները, միևնույնն է, դրա մեջ ոչ մի, բացարձակապես ոչ մի լավ բան չկա»։
Գտիր պատճառները
Ինչպե՞ս խուսափել պատահաբար հայտնվող պոռնկագրական պատկերներից։ Նախևառաջ պարզիր, թե ինչ իրավիճակներում ես հանդիպում նման տեսարանների։ Նկատի առ հետևյալը։
Դասընկերներդ բջջային հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով պոռնկագրական նկարներ ուղարկո՞ւմ են։ Եթե այո, ապա լավ կլինի ջնջել այդ նամակները՝ առանց բացելու։
Երբ ինտերնետով ինչ-որ բան փնտրելու համար բառ ես գրում, պոռնկագրական պատկերներ հայտնվո՞ւմ են։ Եթե այո, ապա պետք է առավել ուշադիր լինես բառերի ընտրության հարցում։
Նշիր, թե ինչ իրավիճակներում ես հանդիպում այդպիսի տեսարանների։
․․․․․
Այս ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կարող ես նվազեցնել այդ տեսարաններին հանդիպելու հավանականությունը։
․․․․․
Ի՞նչ անել, եթե արդեն թակարդն ես ընկել
Մի բան է պատահականորեն պոռնկագրական պատկեր տեսնելը, մեկ ուրիշ բան է միտումնավոր դիտելը։ Իսկ ի՞նչ անել, եթե այն արդեն դարձել է սովորություն։ Ինչ խոսք, հեշտ չէ ձերբազատվել նման սովորությունից։ Պատկերացրու՝ ձեռքերդ թելով կապկպել են։ Դժվար չէ քանդել այն։ Բայց եթե մի քանի անգամ կապկպեն, արդեն դժվար կլինի քանդել։ Նույն իրավիճակում են գտնվում պոռնկագրություն դիտելու սովորություն ունեցողները։ Որքան շատ են դիտում, այնքան ավելի են խճճվում։ Ինչպե՞ս ձերբազատվել։
Իմացիր, թե ինչ է պոռնկագրությունը։ Պոռնկագրության միջոցով Սատանան ապականում է այն, ինչ Եհովան ստեղծել է որպես մաքուր ու արժանավայել մի բան։ Դա հասկանալը կօգնի քեզ «ատելու չարությունը» (Սաղմոս 97։10)։
Մտածիր հետևանքների մասին։ Պոռնկագրությունը քայքայում է ամուսնությունը։ Այն նաև նվաստացնում է բոլոր նրանց, ովքեր նկարահանվում են այդպիսի տեսարաններում։ Բացի այդ, ապականում է նրանց, ովքեր դիտում են այն։ Տեղին է, որ Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Գրի առ, թե ինչ կործանարար հետևանքների կարող է հանգեցնել պոռնկագրություն դիտելը։
․․․․․
Ինքդ քեզ խոսք տուր։ «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին»,— ասաց հավատարիմ Հոբը (Հոբ 31։1)։ Իսկ ի՞նչ ուխտ կարող ես կապել ինքդ քեզ հետ։ Ահա մի քանի օրինակ։
Եթե սենյակում մենակ լինեմ, չեմ օգտվի ինտերնետից։
Անմիջապես կփակեմ անսպասելիորեն բացված պոռնկագրական կայքը։
Եթե սայթաքեմ ու նորից դիտեմ պոռնկագրություն, կխոսեմ հասուն ընկերոջ հետ։
Ուրիշ ի՞նչ կարող ես անել՝ պայքարելու պոռնկագրություն դիտելու սովորության դեմ։ Գրի առ։
․․․․․
Աղոթիր այդ մասին։ Սաղմոսերգուն աղոթեց Եհովային. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց» (Սաղմոս 119։37)։ Եհովա Աստված ուզում է, որ դու հաղթանակած դուրս գաս այս պայքարից։ Նա ուժ կտա քեզ, որ անես այն, ինչ ճիշտ է (Փիլիպպեցիներ 4։13)։
Խոսիր որևէ մեկի հետ։ Վստահելի ընկերոջ հետ խոսելը կարևոր քայլ է այդ սովորությունից ձերբազատվելու համար (Առակներ 17։17)։ Գրիր այն հասուն անհատի անունը, ում հետ կկարողանայիր ազատորեն խոսել այդ թեմայի մասին։
․․․․․
Համոզված եղիր, որ կարող ես ձերբազատվել այդ սովորությունից։ Իրականում, ամեն անգամ, երբ չես տրվում այն դիտելու գայթակղությանը, դու արդեն հաղթանակ ես տանում։ Պատմիր Եհովային այդ մասին և շնորհակալություն հայտնիր նրան, որ ուժ է տվել քեզ այդպես վարվելու համար։ Միշտ հիշիր, որ պոռնկագրությունից հեռու մնալով՝ ուրախացնում ես Եհովայի սիրտը (Առակներ 27։11)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5)։
ԱՌԱՋԱՐԿ
Հավաստիացիր, որ պոռնկագրական կայքերի մուտքը քո համակարգիչ արգելափակված է։ Մի՛ բացիր նաև քո էլեկտրոնային փոստին եկած կասկածելի նամակները։
ԳԻՏԵԻ՞Ր
Պոռնկագրություն դիտելու ուժգին ցանկությունը արտացոլում է Նոյի օրերի չար հրեշտակների խեղաթյուրված տեսակետը սեքսի վերաբերյալ (Ծննդոց 6։2)։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Որպեսզի պաշտպանեմ ինձ պոռնկագրությունից, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչպե՞ս է պոռնկագրությունը ստորացնում այն, ինչը պատվարժան է։
● Ինչպե՞ս կօգնես քրոջդ կամ եղբորդ, որը պոռնկագրություն դիտելու խնդիր ունի։
[մեջբերում 278-րդ էջի վրա]
«Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը գրեթե ամեն տեսակի թմրադեղ փորձել եմ, բայց ամենադժվարը ինձ համար պոռնկագրությունից ձերբազատվելն էր։ Դա ինձ հաջողվեց միայն Եհովայի օգնությամբ» (Ջեֆ)։
[նկար 276-րդ էջի վրա]
Որքան շատ ես դիտում պոռնկագրություն, այնքան դժվար է լինում դրանից ձերբազատվել