Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Անապականություն»
  • Անապականություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անապականություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Անմահություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • «Մահը պիտի կործանուի»
    1998 Դիտարան
  • Հարության հույսը մեծ զորություն ունի
    2000 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Անապականություն»

ԱՆԱՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քայքայման, փտման կամ ոչնչացման ենթակա չլինելը։

Անապականության մասին ուղղակի հիշատակումներ արվում են միայն Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում։ Այնտեղ գործածված է հունարեն աֆթարսիա բառը, որը կազմված է ա ժխտական նախածանցից և ֆթեյրո բառի մի բառաձևից։ Վերջինս նշանակում է «ապականել» (2Կթ 7։2, ԷԹ), «քայքայել» (1Կթ 15։33), այսինքն՝ որակապես ավելի ցածր մակարդակի հասցնել, ինչպես նաև «սպանել, կործանել» (2Պտ 2։12)։ Հունարեն Գրվածքներում գործածվում է նաև ածականական ձևը՝աֆթարտոս (անապականելի)։

Ապականություն և ապականելի։ Հասկանալու համար, թե ինչ է անապականությունը նախ օգտակար կլինի քննել, թե ինչպես են գործածվում «ապականություն» և «ապականելի» թարգմանված հունարեն բառերը։ Հարկ է նշել, որ այն, ինչն արդեն ապականված է, և այն, ինչն ապականելի է, այսինքն՝ կարող է ապականվել, նույն բանը չեն։

«Ապականություն» և «ապականելի» բառերը կարող են վերաբերել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բաներին։ Այն պսակը, որը ձգտում էին ստանալ հույն մարզիկները, «թառամող» էր, այսինքն՝ ապականվող էր՝ ենթակա քայքայման, փչացման և ոչնչացման (1Կթ 9։25)։ Նույնիսկ ոսկին (լուծվում է արքայաջրում) և արծաթն են ապականվող (1Պտ 1։18; հմմտ. Հկ 5։3)։ Նավերը կարող են «խորտակվել» կամ բառացի «լիովին ապականվել» (դիաֆթեյրո բառի սաստկական ձևից), այսինքն՝ խարխլվել (Հտն 8։9)։ Նույն հունարեն բառը գործածվում է նաև, երբ խոսվում է երկիրը կործանողների մասին (Հտն 11։18)։ Մարդը, որը նյութական մարմին ունեցող էակ է, մահկանացու է՝ ապականելի (Հռ 1։23, ծնթ.)։ Անկատարության հետևանքով նրա մարմինը ենթակա է հիվանդությունների վնասաբեր ազդեցությանը և մահվան, ինչից հետո այն քայքայվում է ու ոչնչանում (Գրծ 13։36)։ Իսկ ինչ վերաբերում է ոչ նյութական բաներին, օրինակ՝ օգտակար սովորություններին, դրանք նույնպես կարող են քայքայվել վատ ընկերակցությունների պատճառով (1Կթ 15։33)։ Մարդու միտքը ևս կարող է ապականվել, և նա, հնարավոր է, կորցնի իր անկեղծությունն ու մաքրությունը և հեռանա ճշմարտությունից (2Կթ 11։3; 1Տմ 6։5; 2Տմ 3։8), ինչը կհանգեցնի բարոյական անկման՝ մարդու էության ապականման (Եփ 4։22; Հդ 10)։

Նույնիսկ կատարյալ մարդու մարմինն է ապականելի, այսինքն՝ այն զերծ չէ քայքայումից և ոչնչացումից։ Այդ պատճառով Պողոս առաքյալը կարող էր ասել, որ հարություն առած Հիսուսը «այլևս ապականություն չէր տեսնելու» (Գրծ 13։34), ինչը նշանակում է, որ նա ապականելի մարդկային մարմնով չէր կյանքի վերադառնալու։ Միայն Աստծու միջամտության շնորհիվ էր, որ նրա Որդու մարմինը գերեզմանում չապականվեց (Գրծ 2։31; 13։35-37)։ Բայց դա չի նշանակում, որ նրա մարմինը պահպանվեց, որպեսզի հետո նա այդ մարմնով հարություն առնի, քանի որ ինչպես նշեց Պետրոս առաքյալը, Հիսուսը «սպանվեց որպես մարդ, բայց կյանքի բերվեց որպես ոգի» (1Պտ 3։18)։ Ուստի ըստ ամենայնի, Աստված այդ մարմինը հրաշքով վերացրեց՝ թույլ չտալով, որ այն ապականվի, կամ՝ քայքայվի (տես ՄԱՐՄԻՆ, «Քրիստոսի ֆիզիկական մարմինը»)։

Հրեշտակները, թեև ոգեղեն էակներ են, սակայն ապականելի մարմին ունեն, քանի որ նրանց մասին ասվում է, որ ենթակա են կործանման (Մթ 25։41; 2Պտ 2։4; հմմտ. Ղկ 4։33, 34)։

Մարդկությունը՝ մեղքի ու մահվան ստրկության մեջ։ Թեև Ադամը, լինելով կատարյալ, ուներ ապականելի, կամ՝ քայքայվող մարմին, սակայն միայն Աստծու դեմ ըմբոստանալու պատճառով էր, որ «քայքայման ստրկության» մեջ ընկավ և այդ վիճակը փոխանցեց իր բոլոր ժառանգներին՝ ողջ մարդկությանը (Հռ 8։20-22, ծնթ.)։ Այս ստրկությունը մեղքի և օրինազանցության հետևանք է (Հռ 5։12)։ Դրա պատճառով մարդու մարմինը անկատար է դառնում, հետևաբար դեգրադացիայի է ենթարկվում, հիվանդանում է, ծերանում ու մահանում։ Ուստի նա, «ով մեղավոր մարմնի ցանկությունների համար է ցանում, մարմնից ապականություն կհնձի» և չի ստանա հավիտենական կյանք, որը խոստացվել է նրանց, ովքեր «ոգու առաջնորդությանը ներդաշնակ են ցանում» (Գղ 6։8; հմմտ. 2Պտ 2։12, 18, 19)։

Օծյալ քրիստոնյաները ձեռք են բերում չապականվող մարմին։ Ինչպես նշվեց, Եբրայերեն Գրվածքներում ուղղակիորեն չի խոսվում անապականության մասին։ Այնտեղ պարբերաբար ընդգծվում է մարդու մահկանացու լինելը։ Պողոս առաքյալը գրեց, որ Հիսուս Քրիստոսը «բարի լուրի միջոցով հայտնեց մեզ, թե ինչպես ձեռք բերենք կյանք և անքայքայելի մարմին» (2Տմ 1։10)։ Հիսուսի միջոցով Աստված հայտնեց իր կամքի վերաբերյալ սրբազան գաղտնիքը՝ այն, որ նա օծյալ քրիստոնյաներին երկնքում իր Որդու հետ թագավորելու պատվին է արժանացնելու (Ղկ 12։32; Հվ 14։2, 3; հմմտ. Եփ 1։9-11)։ Հարություն տալով նրանց Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, Աստված կենդանի հույս տվեց նրանց՝ «անապականելի, անպիղծ և մնայուն ժառանգություն ստանալու հույս», որը պահված է երկնքում (1Պտ 1։3, 4, 18, 19; հմմտ. 1Կթ 9։25)։ Թեև այդ քրիստոնյաները դեռ երկրի վրա են և ֆիզիկական մարմին ունեն, նրանք կրկին են ծնվում, այսինքն՝ համարվում են Աստծու որդիները։ Նրանք «կենդանի և հավերժական Աստծու խոսքի միջոցով կրկին ծնվում են ոչ թե ապականվող, այլ չապականվող սերմից» (1Պտ 1։23; հմմտ. 1Հվ 3։1, 9)։

Ճիշտ է, երկնային թագավորությունը ժառանգելու կանչված այս քրիստոնյաներին Աստված վերաբերվում է որպես իր որդիների և նրանց տվել է անապականելի ժառանգություն ստանալու խոստում, սակայն քանի դեռ նրանք երկրի վրա են և ֆիզիկական մարմին ունեն, անմահ և անապականելի չեն։ Սա երևում է այն բանից, որ նրանք «շարունակաբար բարի գործեր են անում՝ ձգտելով հասնել փառքի, պատվի և անապականության» (Հռ 2։6, 7)։ «Անապականությունը», որին նրանք ձգտում են հասնել, անկասկած ավելին է, քան պարզապես բարոյական ապականությունից զերծ լինելը։ Հետևելով Քրիստոսի օրինակին և հավատալով նրա քավիչ զոհին՝ այս քրիստոնյաները «ազատվել են աշխարհի ապականությունից, որը սխալ ցանկությունների հետևանք է» (2Պտ 1։3, 4)։ Նրանք «անմար [բռց.՝ «չապականված»] սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին» և «սովորեցնում են անաղարտ [բռց.՝ «չապականված»] ճշմարտությունը» (Եփ 6։24; Տիտ 2։7, 8)։ Կորնթացիներին ուղղված Պողոսի առաջին նամակից պարզ է դառնում, որ անապականությունը (ինչպես նաև փառքն ու պատիվը), որին այդ քրիստոնյաները շարունակաբար և հաստատակամորեն ձգտում են հասնել, նրանց կտրվի հարության ժամանակ, երբ նրանք փառավորվեն որպես Աստծու ոգեղեն որդիներ։

Անմահություն և անապականություն հարությունից հետո։ Հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը անմահ դարձավ և այդուհետ ունի «անկործանելի կյանք» (1Տմ 6։15, 16; Եբ 7։15-17)։ Լինելով իր Հոր՝ անապականելի «Աստծու.... էության ճշգրիտ պատկերը» (Հռ 1։23, ծնթ.; Եբ 1։3)՝ հարություն առած Հիսուսը նույնպես անապականելի է։

Երբ Հիսուսի ժառանգակիցները նրա հետ միավորվում են՝ հարություն առնելով նրա պես, նրանք ոչ թե պարզապես ոգեղեն էակներ են դառնում և հավիտենական կյանք ստանում, այլև նրանց տրվում է անմահություն և անապականություն։ Հավատարմորեն ծառայելուց և ապականելի մարմնով մահանալուց հետո նրանք ստանում են անապականելի ոգեղեն մարմին, ինչպես հստակ նշում է Պողոսը 1 Կորնթացիներ 15։42-54 համարներում։ Հետևաբար «անմահություն» բառով բնութագրվում է այն կյանքը, որը անվերջ և անկործանելի է, իսկ «անապականություն» բառով՝ այն մարմինը, որը Աստված տալիս է այդ ոգեղեն էակներին, և որը ենթակա չէ քայքայման, փտման կամ ոչնչացման։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Աստված նրանց տալիս է իրենց կյանքը ինքնուրույն պահպանելու կարողություն, ինչը նշանակում է, որ նրանք, ի տարբերություն նրա ստեղծած մյուս ֆիզիկական և ոգեղեն էակների, կախում չունեն էներգիայի արտաքին աղբյուրներից։ Սա նրանց հանդեպ Աստծու վստահության ցնցող ապացույց է։ Այսպիսի անկախ և անկործանելի գոյությունը, սակայն, նրանց չի ազատում Աստծու վերահսկողությունից։ Ինչպես և իրենց Գլուխը՝ Հիսուս Քրիստոսը, նրանք շարունակում են հնազանդվել իրենց Հոր կամքին և առաջնորդությանը (1Կթ 15։23-28; ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ; ՀՈԳԻ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը