Քարոզում ենք բարի լուրը բարձրաբերձ անդերում
ՏԱՍՆՈՒԹ հոգի էինք։ Պառկած էինք գետնին՝ քնապարկերի մեջ։ Ցրտից դողում էինք։ Լսում էինք, թե ինչպես է հորդառատ անձրևը հարվածում մեր գլխավերևի մետաղյա ծածկին։ Նայելով հյուղակի խղճուկ վիճակին՝ մտածում էինք. «Տեսնես մենք առաջի՞նն ենք այս խրճիթում»։
Ինչո՞ւ էինք տասնութ հոգով եկել այդ կողմերը։ Որովհետև ուզում էինք հնազանդվել Հիսուսի պատվերին՝ քարոզել բարի լուրը «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8; Մատթ. 24։14)։ Մենք եկել էինք քարոզելու հեռավոր տարածքում՝ բոլիվիական Անդերում։
Դեպի լեռներ
Մեր առաջին նպատակը տեղ հասնելն էր, ինչն արդեն իսկ լուրջ դժվարություն էր։ Իմացանք, որ նման հեռավոր վայրերում հասարակական տրանսպորտը չի գործում ըստ չվացուցակի։ Երբ մեր ավտոբուսը հայտնվեց, պարզվեց, որ այն շատ ավելի փոքր է, քան կարծում էինք։ Ոչ բոլորիս համար նստելու տեղ գտնվեց, ուստի մեզանից ոմանք կանգնած մնացին։ Ի վերջո, բարեհաջող տեղ հասանք։
Մենք իջանք ավտոբուսից և մթերքով, գրականությամբ և անհրաժեշտ իրերով բեռնված՝ մեկ շարքով զգուշորեն սկսեցինք քայլել զառիթափ լեռնալանջի կածանով։ Մենք գնում էինք բոլիվիական Անդերի բարձրադիր գյուղերը։
Հեռվից գյուղերը փոքր էին թվում, սակայն երբ մոտենում էինք, տեսնում էինք, որ իրականում տները իրարից բավական հեռու են գտնվում։ Ուստի ժամեր էին պահանջվում ամեն մի գյուղ գնալու համար։ Ինչքան էլ որ հեռու էինք գնում, էլի մի տուն գտնում էինք։ Ճանապարհը հաճախ էինք կորցնում՝ խճճվելով դաշտերի ոլորապտույտ կածանների մեջ։
«Ինչո՞ւ շուտ չէիք գալիս»
Մի կին շատ էր տպավորվել՝ տեղեկանալով, թե ոտքով ինչքան ճանապարհ ենք անցել։ Ուստի թույլ տվեց օգտվել իր խոհանոցից, ինչպես նաև վառելափայտ տվեց, որ պատրաստենք մեր ուտելիքը։ Իսկ մի տղամարդ, իմանալով, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահացածների վիճակի մասին, հարցրեց. «Ինչո՞ւ շուտ չէիք գալիս»։ Նրա հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ երբ ուզում էինք հեռանալ, չբաժանվեց մեզանից, այլ եկավ մեզ հետ, որ էլի հարցեր տա։ Մի ուրիշ մարդ նախկինում երբեք չէր լսել Եհովայի վկաների մասին և մեծապես հետաքրքրվեց մեր գրականությամբ։ Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց մեր գալու համար և տվեց մի խրճիթի բանալի, որտեղ մենք կկարողանայինք գիշերել։
Մի գիշեր շատ մութ էր։ Մենք, առանց նկատելու, մեր վրանները խփեցինք մեծ սև մրջյունների բնի մեջտեղում։ Նրանք իսկույն արտահայտեցին իրենց վրդովմունքը՝ կծելով մեզ։ Չափազանց հոգնած էինք ու տեղներիցս չշարժվեցինք։ Բարեբախտաբար, շատ չանցած՝ մրջյունները համակերպվեցին մեր ներկայությանը։
Քանի որ գետնին էինք պառկած, սկզբում մեր ոսկորները ցավում էին, սակայն գիշերվա ընթացքում հարմարվեցինք։ Առավոտյան մեր բոլոր ցավերը մոռացանք, երբ տեսանք կուսական հովիտները, որոնց վերևում ծուլորեն սահում էին ամպերը, իսկ հեռվում երևում էին լեռների ձյունածածկ գագաթները։ Լռությունը խախտվում էր միայն գետի խոխոջյունից և թռչունների դայլայլից։
Գետում լվացվելուց հետո միասին քննարկեցինք օրվա խոսքը, նախաճաշեցինք ու սկսեցինք դանդաղ բարձրանալ դեպի մյուս հեռավոր գյուղերը։ Մեր ջանքերը ապարդյուն չանցան։ Այնտեղ հանդիպեցինք մի տարեց կնոջ, որը, Աստվածաշնչում կարդալով Աստծու անունը՝ Եհովա, սկսեց լաց լինել։ Նա շատ հուզված էր։ Այժմ այդ կինը Աստծուն աղոթելիս կարող էր նրան անունով դիմել։
Իսկ մի տարեց տղամարդ ասաց, որ Աստված հավանաբար հիշել է իրեն, և սկսեց մի երգ երգել այն մասին, թե հրեշտակներն են մեզ ուղարկել։ Մեկ ուրիշ տղամարդ այնքան տկար էր, որ չէր կարող դուրս գալ տնից։ Նա մեզ ասաց, որ իրենց գյուղից ոչ ոք չի այցելում իրեն։ Այդ մարդը ուղղակի ապշել էր, որ մենք, երկար ճանապարհ անցնելով, Լա Պասից եկել հասել ենք իրենց գյուղ։ Մի ուրիշն էլ խորապես տպավորվել էր, որ Եհովայի վկաները իրենք են գնում մարդկանց տները, այն դեպքում երբ մյուս կրոնները հակառակն են անում՝ եկեղեցու զանգերով հավաքում են մարդկանց։
Այդ վայրերում էլեկտրականություն չկա։ Ուստի մարդիկ պառկում են քնելու, երբ մութն ընկնում է, և վեր են կենում լուսադեմին։ Այդ իսկ պատճառով նրանց իրենց տներում քարոզելու համար պետք է այցելեինք առավոտյան ժամը վեցին։ Այլապես մեծ մասը արդեն գնացած էր լինում դաշտ՝ աշխատելու։ Օրվա ընթացքում մենք գնում էինք քարոզելու աշխատողներին։ Նրանցից ոմանք դադարեցնում էին գործը, որ լսեն Աստծու Խոսքը, իսկ այդ ընթացքում գութան քաշող եզները մի փոքր հանգստանում էին։ Շատ գյուղացիներ, որոնք տանն էին լինում, մեզ հրավիրում էին ներս, ոչխարի մորթի էին փռում, որ նստենք, և կանչում էին ընտանիքի բոլոր անդամներին՝ մեզ լսելու։ Ոմանք էլ աստվածաշնչյան գրականության համար իրենց երախտագիտությունն էին հայտնում՝ մեզ նվիրելով եգիպտացորենով լի մեծ պարկեր։
«Դուք ինձ չեք մոռացել»
Ինչ խոսք, որպեսզի մարդիկ ավելացնեն իրենց սուրբգրային գիտելիքները, հարկավոր է կրկին այցելել նրանց։ Շատերը թախանձագին խնդրում էին մեզ վերադառնալ ու ավելի շատ բաներ սովորեցնել։ Ուստի մենք մի քանի անգամ եկանք Բոլիվիայի այս մասերը։
Մի տարեց կին անչափ ուրախացավ՝ մեզ դարձյալ տեսնելով իրենց գյուղում։ Նա ասաց. «Դուք ինձ համար իմ երեխաների պես եք։ Դուք ինձ չեք մոռացել»։ Մի մարդ շնորհակալություն հայտնեց մեր կատարած գործի համար և առաջարկեց, որ հաջորդ անգամ, երբ գանք, իր տանը մնանք։ Սակայն մեր ջանքերի ամենամեծ վարձատրությունն այն էր, որ մի կին, որի հետ խոսել էինք նախորդ այցելությունների ժամանակ, տեղափոխվել էր քաղաք և այժմ բարի լուրի քարոզիչ է։
Մեր առաջին ճանապարհորդության վերջին օրը ճամփորդական վառարանի նավթը վերջացավ, իսկ սննդի պաշարները գրեթե սպառվել էին։ Մենք փայտ հավաքեցինք, պատրաստեցինք մեր վերջին ճաշը, կերանք ու ոտքով ճամփա ընկանք դեպի քաղաք, որտեղից պետք է ավտոբուսով վերադառնայինք տուն։ Այդ քաղաքը բավականին հեռու էր։ Վերջապես գիշերը հասանք քաղաք։
Վերադառնում ենք տուն
Սակայն մեր դժվարությունները չավարտվեցին։ Ճանապարհին ավտոբուսը փչացավ։ Քիչ անց եկավ մի բեռնատար, որի թափքը լիքն էր մարդկանցով։ Մի կերպ խցկվեցինք, և մեքենան շարունակեց ընթացքը։ Այդ մարդիկ զարմանքով հարցնում էին, թե ինչ ենք անում այդ կողմերում։ Մենք նրանց քարոզելու առիթը բաց չթողեցինք։ Այդ տարածքի մարդիկ ամաչկոտ են, բայցև ջերմ ու բարյացակամ։
Ինը ժամ բեռնատարի թափքում ճոճվելուց հետո վերջապես հասանք տուն՝ մինչև ոսկորները թրջված ու սառած։ Բայց մենք ամենևին չէինք ափսոսում։ Ճանապարհին կարողացել էինք մի կնոջ հետ պայմանավորվել, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնենք։ Նա ապրում էր քաղաքում։
Այո՛, մեծ առանձնաշնորհում է բարի լուրը քարոզել հեռավոր տարածքներում ապրող մարդկանց։ Մենք քարոզել ենք չորս մեծ գյուղերում և բազմաթիվ գյուղակներում։ Մեր մտքից դուրս չեն գալիս Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում» (Ես. 52։7; Հռոմ. 10։15)։
[նկար 17–րդ էջի վրա]
Պատրաստ ենք քարոզելու բարի լուրը