Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 3/15 էջ 24–28
  • Արդարները հավիտյան կգովաբանեն Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդարները հավիտյան կգովաբանեն Աստծուն
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են նրանք երջանիկ
  • Հարստությունը իմաստությամբ են օգտագործում
  • Ողորմած և արդար
  • Օրհնություններ՝ արդարների համար
  • «Կ’բարձրանայ փառքով»
  • Ուրախություն գտեք Եհովայի արդարության մեջ
    2002 Դիտարան
  • Քո հաճությունը Եհովայի օրենքի մե՞ջ է
    2004 Դիտարան
  • Եհովան արժանի է, որ գովաբանենք իրեն
    2009 Դիտարան
  • Արդար հայտարարել
    Աստվածաշնչի ըմբռնում
2009 Դիտարան
w09 3/15 էջ 24–28

Արդարները հավիտյան կգովաբանեն Աստծուն

«Յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը։ ....Նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան» (ՍԱՂ. 112։6, 9)։

1. ա) Ինչպիսի՞ ապագա է սպասում բոլոր նրանց, ում Աստված արդար է համարում։ բ) Ի՞նչ հարց է առաջանում։

ՀՐԱՇԱԼԻ ապագա է սպասում բոլոր այն մարդկանց, ում Աստված արդար է համարում։ Եհովայի գեղեցիկ հատկությունների մասին արդարները հաճույքով կսովորեն ամբողջ հավիտենության ընթացքում։ Նրանք ավելի շատ բաներ կիմանան Աստծու ստեղծագործությունների մասին, և նրանց սրտերը էլ ավելի շատ կփափագեն գովաբանել Աստծուն։ Այս հրաշալի ապագան վայելելու համար շատ կարևոր է արդար լինել։ 112–րդ սաղմոսում շեշտվում է հենց այս հատկությունը։ Բայց ինչպե՞ս կարող է սուրբ և արդար Աստվածը՝ Եհովան, մեղավոր մարդկանց արդար համարել։ Չէ՞ որ ինչքան էլ ջանում ենք անել միայն ճիշտը, միևնույն է, սխալվում ենք, իսկ երբեմն էլ լուրջ սխալներ ենք գործում (Հռոմ. 3։23; Հակ. 3։2)։

2. Սիրուց մղված՝ ի՞նչ հրաշքներ գործեց Եհովան։

2 Սիրուց մղված՝ Եհովան հնարավոր դարձրեց, որ մեղավոր մարդիկ արդար համարվեն։ Ինչպե՞ս։ Աստված հրաշք գործեց՝ իր սիրելի Որդու կյանքը երկնքից տեղափոխելով մի կույսի արգանդը, որպեսզի նա ծնվի որպես կատարյալ մարդ (Ղուկ. 1։30–35)։ Իսկ երբ թշնամիները սպանեցին Հիսուսին, Եհովան մեկ այլ ուշագրավ հրաշք գործեց։ Աստված նրան կյանքի վերադարձրեց՝ որպես փառավոր ոգեղեն էակի (1 Պետ. 3։18)։

3. Ինչո՞ւ էր Եհովան ուրախ՝ պարգևատրելու իր Որդուն երկնային կյանքով։

3 Եհովան իր սիրելի Որդուն պարգևատրեց մի բանով, որը նա չուներ նախքան երկիր գալը. Աստված նրան տվեց անկործանելի երկնային կյանք (Եբր. 7։15–17, 28)։ Նա ուրախությամբ դա արեց, որովհետև Հիսուսը լիակատար անարատություն պահեց դաժան փորձությունների ներքո։ Այդպիսով Հիսուսը իր Հորը հնարավորություն տվեց լավագույն, սպառիչ պատասխանը տալու Սատանային, որը պնդում էր, թե մարդիկ ծառայում են Աստծուն եսասիրական շարժառիթներով և ոչ թե անկեղծ սիրուց մղված (Առակ. 27։11)։

4. ա) Վերադառնալով երկինք՝ ի՞նչ արեց Հիսուսը մեզ համար, և ինչպե՞ս Եհովան արձագանքեց։ բ) Ինչպե՞ս ես վերաբերվում այն ամենին, ինչ Եհովան և Հիսուսը արել են քեզ համար։

4 Բարձրանալով երկինք՝ Հիսուսը «մեզ համար ներկայացավ Աստծու երեսի առաջ» «իր սեփական արյան» արժեքով։ Մեր սիրառատ երկնային Հայրը բարեհաճորեն ընդունեց նրա թանկ զոհաբերությունը՝ որպես «հաշտության զոհ մեր մեղքերի համար»։ Ուստի ունենալով «մաքրված խիղճ»՝ մենք կարող ենք «սրբազան ծառայություն մատուցել կենդանի Աստծուն»։ Մեր սրտերն էլ են ուզում 112–րդ սաղմոսը գրողի պես բացականչել. «Գովաբանե՛ք Յահին» (ՆԱ) (Եբր. 9։12–14, 24; 1 Հովհ. 2։2)։

5. ա) Ի՞նչ պետք է անենք, որ Աստված մեզ արդար համարի։ բ) Ինչպե՞ս են կազմված 111–րդ և 112–րդ սաղմոսները։

5 Որպեսզի Աստված մեզ միշտ արդար համարի, պետք է շարունակենք հավատ ընծայել Հիսուսի թափած արյանը։ Պետք է ամեն օր շնորհակալություն հայտնենք Եհովային մեր հանդեպ ունեցած մեծ սիրո համար (Հովհ. 3։16)։ Նաև անհրաժեշտ է շարունակ ուսումնասիրել Աստծու Խոսքը և ջանք չխնայել՝ մեր սովորածի համաձայն վարվելու։ 112–րդ սաղմոսը հիանալի խորհուրդներ է տալիս նրանց, ովքեր ուզում են Աստծու առաջ միշտ մաքուր խիղճ ունենալ։ Այս սաղմոսը 111–րդի շարունակությունն է։ Երկուսն էլ սկսվում են «ալելուիա», կամ՝ «գովաբանեք Յահին» (ՆԱ) բացականչությամբ։ Եբրայերեն բնագրում երկու սաղմոսներում էլ կա 22 տող, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է այբուբենի համապատասխան տառովa։

Ինչո՞ւ են նրանք երջանիկ

6. Ինչպե՞ս է օրհնվում 112–րդ սաղմոսում նկարագրված աստվածավախ մարդը։

6 «Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։ Նորա զաւակը զօրաւոր կ’լինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կ’օրհնուի» (Սաղ. 112։1, 2)։ Նկատենք, որ սաղմոսերգուն նախ խոսում է եզակի թվով՝ ասելով «մարդ», իսկ հետո՝ 2–րդ համարի վերջում, խոսում է հոգնակի թվով՝ ասելով «ուղիղներ»։ Այստեղից կարելի է ենթադրել, որ «մարդը» խորհրդանշում է մարդկանց խմբի։ Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը Աստծու ներշնչանքով Սաղմոս 112։9–ը կիրառեց առաջին դարի քրիստոնյաների նկատմամբ (կարդա՛ 2 Կորնթացիներ 9։8, 9)։ 112–րդ սաղմոսը հրաշալի կերպով նկարագրում է, թե որքան երջանիկ են այսօր Քրիստոսի հետևորդները։

7. Ինչո՞ւ Աստծու ծառաները պետք է առողջ վախ ունենան նրա հանդեպ, և ինչպե՞ս ես դու վերաբերվում Աստծու պատվիրաններին։

7 Ինչպես նշված է Սաղմոս 112։1–ում, ճշմարիտ քրիստոնյաները «երանելի», կամ՝ երջանիկ են, որովհետև Եհովայից «վախենում են»։ Սա առողջ վախ է. նրանք չեն ուզում Եհովային տհաճեցնել, և այսպիսի աստվածավախությունը օգնում է նրանց դիմադրելու Սատանայի աշխարհի ոգուն։ Քրիստոնյաները Աստծու «պատվիրանները շատ են հավանում», ուստի հաճույքով են նրա Խոսքը ուսումնասիրում և նրա առաջնորդությանը հնազանդվում։ Այդ պատվիրաններից է Թագավորության մասին բարի լուրը ամբողջ աշխարհում հռչակելը։ Նրանք ջանում են աշակերտներ պատրաստել բոլոր ազգերի մարդկանցից, իսկ ամբարիշտներին զգուշացնում են, որ Աստծու դատաստանի օրը մոտ է (Եզեկ. 3։17, 18; Մատթ. 28։19, 20)։

8. ա) Ինչպե՞ս են օրհնվել այսօր Աստծու նվիրված ծառաները իրենց եռանդի համար։ բ) Ի՞նչ օրհնություններ են սպասում երկրային հույս ունեցողներին։

8 Աստծու ծառաները հնազանդվել են քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվիրաններին, ուստի պատահական չէ, որ այսօր նրանց թիվն արդեն անցնում է յոթ միլիոնից։ Ո՞վ կարող է ժխտել, որ Եհովայի ժողովուրդը դարձել է «զորավոր՝ երկրի վրա» (Հովհ. 10։16; Հայտն. 7։9, 14)։ Եվ դեռ ինչքա՜ն կօրհնվեն նրանք, երբ Աստված իրագործի իր նպատակը։ Մեծ բազմությունը, որի անդամները ունեն երկրային հույս, կվերապրի «մեծ նեղությունից» և կկազմի հիմքը «նոր երկրի», որտեղ «արդարություն պիտի բնակվի»։ Ժամանակի ընթացքում Արմագեդոնից վերապրածները էլ ավելի «կօրհնվեն»։ Նրանք կդիմավորեն հարություն առած միլիոնավոր անհատների։ Ի՜նչ սքանչելի հեռանկար։ Ովքեր «շատ են հավանում» Աստծու պատվիրանները, վերջիվերջո, կհասնեն կատարելության և հավիտյան կվայելեն «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (2 Պետ. 3։13; Հռոմ. 8։21)։

Հարստությունը իմաստությամբ են օգտագործում

9, 10. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաներն օգտագործում իրենց հոգևոր հարստությունը, և նրանց արդարությունը ինչպե՞ս կմնա հավիտյան։

9 «Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը. եւ նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան։ [Նա] խաւարի մէջ լոյս է ծագ[եցն]ում ուղիղների համար. ողորմած, գթած եւ արդար է» (Սաղ. 112։3, 4)։ Ճիշտ է, աստվածաշնչային ժամանակներում Աստծու ծառաներից ոմանք մեծ հարստություն ունեին, բայց ճշմարտությունն այն է, որ հարուստ են բոլոր նրանք, ում Եհովան հավանում է, նույնիսկ եթե ունևոր չեն։ Այո՛, նրանք, ովքեր իրենց անձը խոնարհեցնում են Աստծու առաջ, հնարավոր է՝ Հիսուսի օրերի մարդկանց պես աղքատ ու արհամարհված լինեն (Ղուկ. 4։18; 7։22; Հովհ. 7։49)։ Բայց անկախ այն բանից՝ մարդը շատ ունի, թե՝ քիչ, նա կարող է հարուստ լինել հոգևորապես (Մատթ. 6։20; 1 Տիմոթ. 6։18, 19; կարդա՛ Հակոբոս 2։5)։

10 Օծյալ քրիստոնյաները, ինչպես նաև նրանց ուղեկիցները, իրենց հոգևոր հարստությունը չեն պահում բարձի տակ։ Փոխարենը՝ «լույս են ծագեցնում ուղիղների համար» Սատանայի խավար աշխարհում։ Ինչպե՞ս։ Նրանք օգնում են մարդկանց օգտվելու Աստծու մասին գիտելիքների և վերին իմաստության գանձարանից։ Հակառակորդները փորձել են քար գցել Թագավորության քարոզչության գործի վրա, բայց ապարդյուն։ Այս արդար գործի պտուղը «կ’մնայ յաւիտեան»։ Փորձությունների ներքո շարունակելով արդար մնալ՝ Աստծու ծառաները կարող են վստահ լինել, որ կապրեն մշտապես, «կմնան հավիտյան»։

11, 12. Ինչպե՞ս են Աստծու ծառաներն օգտագործում իրենց նյութական միջոցները։

11 Աստծու ժողովուրդը՝ թե՛ ծառա դասակարգը և թե՛ «մեծ բազմությունը», փաստել է իր առատաձեռնությունը։ Սաղմոս 112։9–ում ասվում է. «Նա փռեց եւ աղքատներին տուաւ»։ Ճշմարիտ քրիստոնյաները հաճախ նյութապես օգնում են իրենց հավատակիցներին, ինչպես նաև կարիքավոր մերձավորներին։ Նրանք նյութական օժանդակություն են ցույց տալիս նաև աղետների ժամանակ։ Եհովայի ծառաները զգում են Հիսուսի ասած խոսքերի ճշմարտացիությունը, այն, որ տալը երջանիկ է դարձնում մարդուն (կարդա՛ Գործեր 20։35; 2 Կորնթացիներ 9։7)։

12 Բացի սրանից, Աստծու ժողովուրդը մեծ ծախսեր է անում 172 լեզվով «Դիտարան» պարբերագիրը լույս ընծայելու համար։ Այս լեզուներից շատերով խոսում են աղքատ մարդիկ։ «Դիտարանը» մատչելի է նաև ժեստերի մի քանի լեզուներով և Բրայլի գրատիպով, որը նախատեսված է կույրերի համար։

Ողորմած և արդար

13. Ովքե՞ր են ողորմածաբար տալու լավագույն օրինակները, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։

13 «Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս» (Սաղ. 112։5)։ Անկասկած, նկատած կլինես, որ մարդիկ, երբ օգնում են, միշտ չէ, որ դա անում են ողորմածությունից մղված։ Ոմանք պարզապես ուզում են ցուցադրել, որ շատ ունեն, ոմանք էլ տալիս են փնթփնթալով։ Հաճելի չէ օգնություն ստանալ այն մարդուց, ով ստիպում է քեզ զգալ ստորադաս, անպիտան կամ ինչպես մեկի ուսերին դրված բեռ։ Բայց որքա՜ն հաճելի է օգնություն ստանալ ողորմած մարդուց։ Եհովան՝ մեր երջանիկ ու ողորմած Աստվածը, տալիս է ուրախությամբ (1 Տիմոթ. 1։11; Հակ. 1։5, 17)։ Հիսուս Քրիստոսը այս հարցում կատարելապես ընդօրինակեց իր Հորը (Մարկ. 1։40–42)։ Այսպիսով՝ որպեսզի Աստված մեզ արդար համարի, պետք է լինենք ողորմած և տանք ուրախությամբ, հատկապես քարոզչական ծառայության ժամանակ, երբ մարդկանց հոգևոր օգնություն ենք առաջարկում։

14. Ինչպե՞ս կարող ենք «մեր բանը շինել իրավունքով», կամ՝ արդարությամբ։

14 «Իր բանը շինում է իրաւունքով [այսինքն՝ արդարությամբ]» (Սաղ. 112։5)։ Ինչպես կանխագուշակվել էր, հավատարիմ տնտեսը Տիրոջ ունեցվածքի մասին հոգ է տանում՝ Եհովայի արդար չափանիշներին ներդաշնակ (կարդա՛ Ղուկաս 12։42–44)։ Դա երևում է, օրինակ, երեցներին տրված սուրբգրային առաջնորդությունից, մասնավորապես ժողովում կատարված լուրջ մեղքերի առնչությամբ։ Ծառա դասակարգի արդար գործելակերպը երևում է նաև այն բանից, թե ինչպես է նա առաջնորդում բոլոր ժողովների, միսիոներական տների և Բեթելների գործունեությունը։ Անշուշտ, երեցները, հետևելով ծառայի տված առաջնորդությանը, արդարությամբ են վարվում։ Առհասարակ բոլոր քրիստոնյաները իրենց գործերում, ներառյալ գործարար հարաբերություններում, պետք է արդարությամբ վարվեն ինչպես իրար հետ, այնպես էլ իրենց հավատը չընդունող մարդկանց հետ (կարդա՛ Միքիա 6։8, 11)։

Օրհնություններ՝ արդարների համար

15, 16. ա) Ինչպե՞ս են արդարները արձագանքում վատ լուրերին։ բ) Ի՞նչ են վճռել շարունակ անել Աստծու ծառաները։

15 «Նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը։ Չար համբաւից [«Գէշ լուրէն», ԱԱ] չի վախենալ. նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։ Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ» (Սաղ. 112։6–8)։ Պատմության մեջ վատ լուրերը երբեք այնքան շատ չեն եղել, ինչպես այսօր։ Լսում ենք պատերազմների, ահաբեկչության, հանցագործության, աղքատության, նոր հիվանդությունների մասին, լսում ենք, որ «մոռացված» հիվանդությունները վերադարձել են, շրջակա միջավայրը ահավոր աղտոտված է։ Այն մարդիկ, ում Աստված արդար է համարում, չեն կարող խուսափել այս ամենից, սակայն նրանք ահ ու սարսափի մեջ էլ չեն ընկնում։ Նրանց սրտերը «հաստատուած» են, քանի որ նրանք վստահությամբ են նայում ապագային՝ իմանալով, որ Աստծու արդար նոր աշխարհը մոտ է։ Երբ ինչ–որ աղետ է պատահում, խուճապի չեն մատնվում, որովհետև գիտեն՝ Եհովան օգնելու է։ Աստված երբեք թույլ չի տա, որ արդարը «տեղից շարժվի». նա կզորացնի նրան (Փիլիպ. 4։13)։

16 Հակառակորդները ստեր են տարածում ճշմարիտ քրիստոնյաների մասին և ատելություն են սերմանում մարդկանց մեջ, որպեսզի լռեցնեն նրանց։ Սակայն նրանք հաջողության չեն հասնի։ Աստծու ծառաները շարունակում են անվախորեն կատարել իրենց հանձնարարված գործը, այն է՝ քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել։ Ինչ խոսք, որքան վերջը մոտենում է, այնքան արդարները ավելի մեծ հակառակության են բախվում։ Նրանց հանդեպ ատելությունը կհասնի գագաթնակետին, երբ Բանսարկու Սատանան՝ Մագոգի Գոգը, լայնամասշտաբ հարձակում ձեռնարկի։ Այդ ժամանակ մենք «կնայենք մեր նեղիչների վրա» և կտեսնենք նրանց ստորացուցիչ պարտությունը։ Որքա՜ն կուրախանանք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան լիովին սրբացնում իր անունը (Եզեկ. 38։18, 22, 23)։

«Կ’բարձրանայ փառքով»

17. Ինչպե՞ս է արդարը «բարձրանալու փառքով»։

17 Ի՜նչ հաճելի կլինի միասին փառաբանել Եհովային, երբ չի լինի Սատանայի և նրա աշխարհի կողմից եկող հակառակությունը։ Այդ հաճույքը հավիտյան կվայելեն բոլոր նրանք, ովքեր արդար են Աստծու աչքում։ Ամբարիշտները ծնկի չեն բերի նրանց, որովհետև Եհովան խոստանում է. «[Արդարի] եղջիւրը կ’բարձրանայ փառքով» (Սաղ. 112։9)։ Եհովայի արդարը հաղթական կցնծա՝ տեսնելով Նրա գերիշխանության բոլոր հակառակորդների վախճանը։

18. Ինչպե՞ս կկատարվեն 112–րդ սաղմոսի վերջին խոսքերը։

18 «Ամբարիշտը կ’տեսնէ եւ կ’բարկանայ. իր ատամները կ’կրճտեցնէ եւ կ’հալուի. ամբարիշտների ցանկութիւնը կ’կորչի» (Սաղ. 112։10)։ Աստծու ժողովրդի բոլոր հակառակորդները շուտով «կհալվեն» իրենց նախանձի և ատելության մեջ։ Նրանց ցանկությունը՝ տեսնել մեր գործը ձախողված, կկորչի նրանց հետ միասին գալիք «մեծ նեղության» ժամանակ (Մատթ. 24։21)։

19. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

19 Իսկ դու կլինե՞ս նրանց թվում, ովքեր կտեսնեն այդ փառավոր հաղթանակը։ Եթե հիվանդության կամ տարիքի պատճառով ննջես մահվան քնով նախքան Սատանայի աշխարհի կործանումը, կլինե՞ս հարություն առած «արդարների» մեջ (Գործ. 24։15)։ Քո պատասխանը կլինի «այո», եթե շարունակես հավատալ Հիսուսի քավիչ զոհին ու շարունակես ընդօրինակել Եհովային, ինչպես 112–րդ սաղմոսում նկարագրված՝ մարդկանց խումբ խորհրդանշող արդար «մարդը» (կարդա՛ Եփեսացիներ 5։1, 2)։ Աստված հոգ կտանի, որ արդարների «հիշատակն» ու գործերը երբեք չմոռացվեն։ Եհովան հավիտյանս հավիտենից կհիշի և կսիրի նրանց (Սաղ. 112։3, 6, 9)։

[ծանոթագրություն]

a Այն, որ այս սաղմոսները կապված են իրար հետ, երևում է նրանց կառուցվածքից և բովանդակությունից։ 112–րդ սաղմոսում նկարագրված աստվածավախ «մարդը» դրսևորում է Աստծու այն հատկությունները, որոնք գովերգվում են 111–րդ սաղմոսում։ Դրանում կարող ենք համոզվել՝ 111։3, 4–ը համեմատելով 112։3, 4–ի հետ։

Հարցեր՝ խորհրդածելու համար

• Եհովային գովաբանելու ի՞նչ պատճառներ ունենք։

• Ի՞նչն է այսօր երջանիկ դարձնում ճշմարիտ քրիստոնյաներին։

• Ինչպե՞ս տվողին է Եհովան սիրում։

[նկար 25–րդ էջի վրա]

Որպեսզի արդար լինենք Եհովայի աչքում, պետք է հավատանք Հիսուսի թափած արյանը

[նկարներ 26–րդ էջի վրա]

Նվիրաբերություններ անելով՝ կարող ենք օգնել աղետից տուժածներին և նպաստել սուրբգրային գրականության տարածմանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը