«Ինչպե՞ս եմ կարողանալու քարոզել»
Ամբողջ աշխարհում ունենք քույրեր ու եղբայրներ, որոնք հիանալի օրինակ են թողնում այն հարցում, որ, չնայած առողջական լուրջ խնդիրներին, հավատարմորեն մասնակցում են քարոզչական գործին։ Նրանցից է Դալիան, որն ապրում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։
Դալիան 37 տարեկան է։ Նա ի ծնե տառապում է ուղեղի կաթվածի հետևանքներից։ Դալիան անդամալույծ է և խոսքի արատ ունի։ Միայն նրա ընտանիքի անդամներն են կարողանում լավ հասկանալ նրան։ Դալիան ապրում է իր մոր՝ Գալինայի հետ, որը հոգ է տանում նրա մասին։ Թեև քրոջ կյանքը լի է դժվարություններով ու մտահոգություններով, նա դրական տրամադրվածություն է պահպանում։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվում։
Գալինան պատմում է. «1999-ին մեզ այցելեց իմ զարմուհին՝ Ապոլոնիան։ Նկատեցինք, որ Ապոլոնիան, որը Եհովայի վկա է, Աստվածաշունչը լավ գիտի, և Դալիան սկսեց բազում հարցեր տալ նրան։ Շատ չանցած՝ նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Երբեմն ես էլ էի մասնակցում ուսումնասիրությանը, որ բացատրեմ, թե ինչ է ասում աղջիկս։ Նկատեցի, որ նա օգուտներ է ստանում այն ամենից, ինչ սովորում է։ Շուտով խնդրեցի, որ ինձ հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրեն»։
Աստվածաշնչյան ճշմարտությունները հասկանալուն զուգընթաց Դալիային մի հարց սկսեց մտահոգել։ Ի վերջո, նա հարցրեց Ապոլոնիային. «Ինչպե՞ս ինձ նման անդամալույծը կկարողանա քարոզել» (Մատթ. 28։19, 20)։ Ապոլոնիան հանգստացրեց Դալիային՝ ասելով. «Մի՛ վախեցիր։ Եհովան կօգնի քեզ»։ Եվ իսկապես Եհովան օգնում է։
Ինչպե՞ս է քարոզում Դալիան։ Տարբեր կերպերով։ Քրիստոնյա քույրերը օգնում են նրան նամակներ պատրաստելու, որտեղ գրված է աստվածաշնչյան պատգամը։ Նախ Դալիան իր մտքերն է արտահայտում, ապա նրանք նամակ են կազմում՝ գրի առնելով նրա մտքերը։ Դալիան նաև վկայություն է տալիս՝ բջջային հեռախոսով հաղորդագրություններ ուղարկելով։ Իսկ երբ լավ եղանակ է, ժողովի անդամները նրան դուրս են տանում, որ այգիներում ու փողոցներում վկայություն տա։
Դալիան ու նրա մայրը շարունակում են հոգևորապես առաջադիմել։ 2004թ. նոյեմբերին երկուսն էլ նվիրվեցին Եհովային ու մկրտվեցին։ 2008թ. սեպտեմբերին Վիլնյուսում կազմավորվեց լեհախոս խումբ։ Քանի որ խմբում Թագավորության քարոզիչների կարիք կար, Դալիան ու իր մայրը տեղափոխվեցին այնտեղ։ Դալիան պատմում է. «Լինում են ամիսներ՝ անհանգստանում եմ, որ դեռ դուրս չեմ եկել ծառայության։ Բայց երբ աղոթում եմ Եհովային այդ մասին, ինչ-որ մեկը պայմանավորվում է ինձ հետ, որ գնանք ծառայության»։ Ինչպե՞ս է իրեն զգում մեր այս սիրելի քույրը։ Նա ասում է. «Հիվանդությունը կաթվածահար է արել մարմինս, բայց ոչ ուղեղս։ Ես այնքա՜ն երջանիկ եմ, որ կարողանում եմ ուրիշներին պատմել Եհովայի մասին»։