Օգնություն՝ վատ վերաբերմունքի արժանացած կանանց
«ԱՄԲՈՂՋ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ բռնության են ենթարկվում։ Դուք է՞լ եք նրանց թվում։ Իմացեք, թե ձեր անվտանգությունն ինչու է կարևոր Աստծու համար, և թե նա ինչ է անելու, որ կանայք այլևս վատ վերաբերմունքի չարժանանան»։
Այս խոսքերով է սկսվում jw.org կայքում տեղ գտած «Կանանց անվտանգությունը։ Աստվածաշնչի տեսակետը» հոդվածը։ Հոդվածի վերջում մի հղում կա, որը սեղմելով կարելի է ներբեռնել PDF ֆորմատի նյութ։ Այդ նյութը հնարավոր է տպել և ծալելով՝ ստանալ չորս էջանոց թռուցիկ։ Միացյալ Նահանգներից Սթեյսի անունով մի քույր ասում է. «Ես տպեցի մի քանի օրինակ, և քույրերից մեկի հետ դրանք տարանք մեր ժողովի տարածքում գտնվող կանանց ապաստարաններից մեկը»։
Այնտեղի աշխատակիցներից մեկը հարցրեց, թե արդյոք քույրերը կարող են այդ թռուցիկների լրացուցիչ օրինակներ բերել, որպեսզի դրանք տա ապաստարանում բնակվողներին։ Արդյունքում նրանք թռուցիկների ևս 40 օրինակ, ինչպես նաև jw.org կայքի 30 այցեքարտ տվեցին։ Հետագա այցելության ժամանակ ապաստարանի ադմինիստրատորը խնդրեց, որ քույրերը ապաստարանում բնակվողներին ցույց տան, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։
Սթեյսին ու ևս երկու քույրեր այցելեցին մեկ ուրիշ ապաստարան, որտեղ հինգ թռուցիկ տալուց հետո նրանցից ավելի շատ օրինակներ խնդրեցին։ Աշխատակիցներից մեկն ասաց. «Այս թռուցիկը կօգնի այստեղի կանանց»։ Ապա ավելացրեց. «Մենք սրա կարիքն ունենք»։ Երբ քույրերը հաջորդ անգամ այցելեցին ապաստարան, մի քանի կանայք հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և նրանցից երկուսը ցանկություն հայտնեցին ներկա լինել հաջորդ շաբաթ Թագավորության սրահում անցկացվող շաբաթավերջի հանդիպմանը։
Սթեյսին ասում է. «Մենք ապշած էինք, թե այս հրաշալի հոդվածը ինչ արձագանք ունեցավ։ Այդ նյութը տպված թերթիկի ֆորմատով տարածելը գրավիչ մեթոդ է Թագավորության մասին լուրը այս հատուկ խմբի մարդկանց հայտնելու համար։ Մենք զգացված էինք այն ջերմ արձագանքից, որ ստացանք, և անհամբերությամբ փափագում ենք տեսնել, թե Եհովան ինչպես է օրհնելու բարի լուրը այդ մարդկանց քարոզելու ուղղությամբ ներդրած մեր հետագա ջանքերը»։