Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունվար էջ 2–7
  • Շարունակենք բավարարել մեր «հոգևոր կարիքները»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակենք բավարարել մեր «հոգևոր կարիքները»
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ, ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՕՐԻՆԱԿ
  • ՊԵՏՐՈՍԻ ՆՄԱՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԼԱՎ ՍՆՎԵՆՔ
  • ՊՈՂՈՍԻ ՊԵՍ ՀՈԳԵՎՈՐ ՀԱԳՈՒՍՏ ԿՐԵՆՔ
  • ԴԱՎԹԻ ՆՄԱՆ ՄՆԱՆՔ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ
  • ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որդեգրիր Եհովայի ու Հիսուսի մտածելակերպը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունվար էջ 2–7

ՄԱՐՏԻ 2-8, 2026

ԵՐԳ 97 Ապրենք Աստծու Խոսքով

Շարունակենք բավարարել մեր «հոգևոր կարիքները»

2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն» (ՄԱՏԹ. 5։3)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Շարունակենք օգուտ քաղել Եհովայի տված հոգևոր սննդից, հագուստից և ապաստանից։

1. Ի՞նչ հիմնական կարիքներով է Եհովան ստեղծել մեզ (Մատթեոս 5։3)։

ԵՀՈՎԱՆ մարդկանց ստեղծել է որոշ հիմնական կարիքներով։ Ապրելու համար մեզ անհրաժեշտ են սնունդ, հագուստ և ծածկ։ Եթե այս անհրաժեշտ բաներից թեկուզ մեկն էլ չի լինում, անգամ կարճ ժամանակով, կյանքը դառնում է փորձություն։ Սակայն Եհովան մեզ ստեղծել է ոչ միայն ֆիզիկական կարիքներով, այլև հոգևոր (կարդա Մատթեոս 5։3)։ Եթե ուզում ենք իսկապես երջանիկ լինել, պետք է գիտակցենք, որ հոգևոր կարիքներ ունենք, և շարունակ բավարարենք դրանք։

2. Նկարագրիր, թե ինչ է նշանակում «գիտակցել, որ հոգևոր կարիքներ ունենք»։

2 Ի՞նչ է նշանակում «գիտակցել, որ հոգևոր կարիքներ ունենք»։ Բնագրում այս արտահայտությունը բառացի նշանակում է «ոգու մուրացկան լինել»։ Այն մեր մտքում տպավորիչ պատկեր է ստեղծում։ Պատկերացնենք ցնցոտիներով մի հալումաշ եղած մարդու, ով կուչ է եկել փողոցի մի անկյունում։ Նա սովից թուլացել է, նրա տեսքի պատճառով մարդիկ խուսափում են նրանից, ցերեկը այրող տապն է նրան հյուծում, իսկ գիշերը՝ խիստ ցուրտը։ Մուրացկանը լավ հասկանում է, որ կյանքը բարելավելու համար օգնության կարիք ունի։ Նմանապես՝ նա, ով գիտակցում է իր հոգևոր կարիքները, այսինքն՝ ոգու մուրացկան է, իր կյանքը բարեփոխելու համար ևս օգնության կարիք ունի։ Ուստի նա ձգտում է օգտվել այն հոգևոր առատ սննդից, որ Եհովան տալիս է իրեն սիրողներին։

3. Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։

3 Այս հոդվածից նախ կիմանանք, թե ինչ կարող ենք սովորել մի փյունիկեցի կնոջից, ով Հիսուսից օգնություն աղերսեց։ Այս պատմության մեջ ընդգծվում է երեք հատկություն, որոնք պետք է զարգացնեն նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն։ Այնուհետև կքննենք Պետրոս և Պողոս առաքյալների, ինչպես նաև Դավիթ թագավորի օրինակները, որոնք հոգևոր մարդիկ են եղել։

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ, ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՕՐԻՆԱԿ

4. Փյունիկեցի մի կին ի՞նչ խնդրեց Հիսուսից։

4 Մի անգամ Հիսուսին մոտեցավ փյունիկեցի մի կին, որի «աղջիկը դիվահար էր ու շատ էր տանջվում» (Մատթ. 15։21-28)։ Այդ կինը ծնկի եկավ նրա առաջ և սկսեց աղաչել, որ օգնի իրեն։ Դրանով նա աչքի ընկնող հատկություններ դրսևորեց։ Քննենք դրանցից երեքը։

5. Ի՞նչ հատկություններ դրսևորեց փյունիկեցի կինը, և ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց (տես նաև նկարը)։

5 Փյունիկեցի կինը իսկական խոնարհություն դրսևորեց։ Ինչի՞ց է դա երևում։ Երբ Հիսուսը օրինակ բերեց, որում նրան համեմատեց շնիկի հետ՝ կենդանու, որին ոչ հրեաները տանն էին պահում, նա չվիրավորվեց։ Իսկ դու ինչպե՞ս կարձագանքեիր, եթե Հիսուսը քեզ նման բան ասեր։ Կվիրավորվեի՞ր նրանից և կթողնեիր կհեռանայի՞ր։ Այդ կինը այլ կերպ վարվեց. նա ոչ միայն խոնարհություն դրսևորեց, այլև հաստատակամություն։ Սա ավելի պարզ երևաց, երբ նա շարունակեց աղերսել Հիսուսին, որ օգնի իրեն։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվել. Հիսուսի հանդեպ հավատը։ Տեսնելով այս կնոջ զորեղ հավատը՝ Հիսուսը ուշագրավ մի բան արեց։ Չնայած նրան, որ Հիսուսը քիչ առաջ ասել էր, որ ուղարկվել է միայն «Իսրայելի տան կորած ոչխարներին» օգնելու, նա այդ կնոջ աղջկա միջից հանեց անմաքուր ոգին։

Փյունիկեցի կինը ծնկի է իջել և Հիսուսից օգնություն է խնդրում։ Հիսուսը և իր երեք աշակերտները, ընթրիքի սեղանի շուրջ նստած, լսում են նրան։

Օգնություն խնդրելով՝ փյունիկեցի կինը դրսևորեց խոնարհություն, հաստատակամություն և հավատ (տես պարբերություն 5)


6. Ի՞նչ ենք սովորում փյունիկեցի կնոջ մասին արձանագրությունից։

6 Մեր հոգևոր կարիքները բավարարելու համար մենք պետք է նույն հատկությունները զարգացնենք. լինենք խոնարհ, հաստատակամ և ամուր հավատ ունենանք։ Միմիայն խոնարհ մարդը կարող է Աստծուց հաստատակամորեն օգնություն աղերսել։ Մենք պետք է ամուր հավատ ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ և վստահենք նրանց, ում միջոցով նա առաջնորդում է իր աշակերտներին (Մատթ. 24։45-47)։ Եհովան ու իր Որդին ուրախությամբ բավարարում են այն մարդկանց կարիքները, ովքեր ցուցաբերում են այս հատկությունները (համեմատիր Հակոբոս 1։5-7)։ Այժմ տեսնենք, թե Եհովան ինչպես է հոգևոր սնունդ, հագուստ և ապաստան տալիս մեզ։ Նաև քննենք Պետրոս և Պողոս առաքյալների, ինչպես նաև Դավիթ թագավորի օրինակները և պարզենք, թե ինչ պիտի անենք այս անհրաժեշտ բաներն ունենալու համար։

ՊԵՏՐՈՍԻ ՆՄԱՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԼԱՎ ՍՆՎԵՆՔ

7. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Պետրոսը, և ի՞նչ պետք է նա աներ՝ բացի դրանից։ Բացատրիր (Եբրայեցիներ 5։14-6։1)։

7 Պետրոս առաքյալն առաջին հրեաներից էր, ովքեր ընդունեցին, որ Հիսուսն է Մեսիան՝ նա, ում միջոցով Եհովան իր ժողովրդին սնում էր «հավիտենական կյանքի տանող խոսքերով» (Հովհ. 6։66-68)։ Նախքան երկինք համբարձվելը Հիսուսը Պետրոսին հետևյալ հանձնարարությունը տվեց. «Կերակրի՛ր իմ գառնուկներին» (Հովհ. 21։17)։ Պետրոսը հավատարմորեն կատարեց այդ հանձնարարությունը, և Եհովան նրան գրել տվեց երկու նամակ, որոնք ընդգրկվեցին Աստվածաշնչում։ Բայց Պետրոսն ինքն էլ կարիք ուներ հոգևորապես սնվելու։ Օրինակ՝ նա ուսումնասիրում էր Պողոսի՝ մինչ այդ գրած նամակները։ Պետրոսը հասկանում էր, որ Պողոսի գրածների մեջ «դժվարըմբռնելի» բաներ կան (2 Պետ. 3։15, 16)։ Բայց, ակներևաբար, նա հաստատակամ էր և հավատում էր, որ Եհովան կօգնի իրեն մարսել, կամ՝ յուրացնել այն «պինդ կերակուրը», որ Պողոսը Աստծու ներշնչմամբ մատուցել էր իր նամակներում։ Պետրոսը նաև վստահ էր, որ Եհովան կօգնի կիրառել սովորածը (կարդա Եբրայեցիներ 5։14-6։1)։

8. Ինչպե՞ս Պետրոսը արձագանքեց փոփոխությանը, որն Աստծու ներկայացուցիչը հայտնեց նրան։

8 Պետրոսը փաստեց, որ հավատ ունի Եհովայի հանդեպ՝ վարվելով նոր ցուցումների համաձայն։ Երբ նա Հոպպե նավահանգստային քաղաքում էր, տեսիլք տեսավ, որում Աստծու ներկայացուցիչը նրան ասաց, որ մորթի և ուտի այնպիսի կենդանիների, որոնք, ըստ Մովսիսական օրենքի, անմաքուր էին։ Հրեաների համար նման հրահանգը ցնցող էր։ Սկզբում Պետրոսն ասաց. «Ոչ մի դեպքում, Տե՛ր։ Ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»։ Այնուհետև նրան ասվեց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր» (Գործ. 10։9-15)։ Պետրոսը հասկացավ ասվածի իմաստը։ Տեսիլքը ստանալուց կարճ ժամանակ հետո նրա մոտ եկան Կոռնելիոս անունով մի մարդու կողմից ուղարկված երեք տղամարդիկ, որ հրավիրեն զրուցելու իրենց տիրոջ հետ։ Ուրիշ անգամ Պետրոսը չէր համաձայնի գնալ օտարազգի մարդու տուն, քանի որ հրեաները օտարազգիներին անմաքուր էին համարում (Գործ. 10։28, 29)։ Բայց քանի որ նա Եհովայից հրահանգ էր ստացել, անմիջապես փոխեց իր տեսակետը և հնազանդվեց նրան (Առակ. 4։18)։ Պետրոսը քարոզեց Կոռնելիոսին ու նրա տնեցիներին և ուրախացավ՝ տեսնելով, թե ինչպես են նրանք ընդունում ճշմարտությունը, ստանում սուրբ ոգին և մկրտվում (Գործ. 10։44-48)։

9. Առնվազն ի՞նչ երկու օգուտ կքաղենք՝ հոգևոր պինդ կերակուրի հանդեպ ախորժակ զարգացնելով։

9 Պետրոսի նման մենք պետք է կանոնավորաբար սնվենք «կաթով», այսինքն՝ Աստծու Խոսքի հիմնարար ճշմարտություններով։ Պետք է նաև ախորժակ զարգացնենք հոգևոր պինդ կերակուրի հանդեպ՝ այն ճշմարտությունների, որոնք գուցե դժվար է ըմբռնել։ Իհարկե, Աստծու Խոսքը խորությամբ հասկանալու համար պետք է ժամանակ հատկացնենք և պատրաստ լինենք ջանքեր գործադրելու, բայց արժե դա անել։ Այդպես մենք առնվազն երկու օգուտ կքաղենք. առաջին՝ Եհովայի մասին կիմանանք բաներ, որոնք կխորացնեն նրա հանդեպ մեր սերն ու հարգանքը, և երկրորդ՝ ավելի շատ կմղվենք ուրիշներին պատմելու մեր երկնային Հոր՝ ակնածանք ներշնչող հատկությունների ու գործերի մասին (Հռոմ. 11։33; Հայտն. 4։11)։ Պետրոսից ևս մեկ բան ենք սովորում. երբ Աստծու Խոսքի բացատրության վերաբերյալ ճշգրտումներ են լինում, մենք պետք է մեր մտածելակերպն ու գործելակերպը արագ համապատասխանեցնենք դրանց։ Միայն այդ դեպքում կլինենք հոգևորապես լավ սնված ու Եհովայի գործում պիտանի։

ՊՈՂՈՍԻ ՊԵՍ ՀՈԳԵՎՈՐ ՀԱԳՈՒՍՏ ԿՐԵՆՔ

10. Ի՞նչ է հոգևոր հագուստը (Կողոսացիներ 3։8-10)։

10 Եհովային հաճելի լինելու համար պետք է օգտվենք նրա տրամադրած ևս մեկ միջոցից՝ հոգևոր հագուստից։ Ի՞նչ նկատի ունենք։ Պողոս առաքյալը գրեց, որ մենք պետք է «հանենք մեր վրայից հին անձնավորությունը» և «հագնենք նոր անձնավորությունը» (կարդա Կողոսացիներ 3։8-10)։ Այդպիսի փոփոխությունը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Դա երևում է Պողոսի օրինակից։ Երիտասարդ տարիքից նա ամեն ինչ անում էր Աստծու հավանությունը ստանալու համար (Գաղ. 1։14; Փիլիպ. 3։4, 5)։ Բայց նա Աստծու նպատակի մասին ճշգրիտ գիտելիքներ չուներ, ուստի հոգևորապես խղճուկ վիճակում էր։ Քրիստոսի ուսմունքներին անտեղյակ լինելը, դրան գումարած նրա հպարտությունը, նրան դարձրել էին «հանդուգն մարդ», ով բնավորության բացասական գծեր ուներ (1 Տիմոթ. 1։13)։

11. Իր բնավորության ո՞ր գիծը Պողոսը պետք է ջանար փոխել։ Բացատրիր։

11 Նախքան քրիստոնյա դառնալը Պողոսը տաքարյուն էր։ «Գործեր» գրքում ասվում է, որ նա այնքան բարկացած էր Քրիստոսի աշակերտների վրա, որ նրանց հանդեպ «ատելությամբ էր լցված և ցանկանում էր սպանել» (Գործ. 9։1)։ Քրիստոնյա դառնալուց հետո Պողոսը, անկասկած, ջանք արեց, որպեսզի հանի իր հին անձնավորությանը բնորոշ այս հատկանիշը (Եփես. 4։22, 31)։ Այնուամենայնիվ, երբ նա և Բառնաբասը վիճեցին, «բարկության ուժեղ պոռթկում եղավ» (Գործ. 15։37-39)։ Պողոսը սայթաքեց, բայց չհանձնվեց։ Նա շարունակեց ճնշել իր մարմինը, այսինքն՝ պայքարել իր անկատարության դեմ, որպեսզի արժանանա Եհովայի հավանությանը (1 Կորնթ. 9։27)։

12. Ինչի՞ շնորհիվ Պողոսին հաջողվեց փոխել իր բնավորության վատ գծերը։

12 Պողոսին հաջողվեց փոխել իր բնավորության վատ գծերն ու հագնել նոր անձնավորությունը, քանի որ նա ինքն իրեն չէր ապավինում (Փիլիպ. 4։13)։ Պետրոսի պես նա ապավինում էր «Աստծու տված զորությանը» (1 Պետ. 4։11)։ Երբեմն նա վհատվում էր։ Բայց այդ ժամանակ հիշում էր այն բոլոր լավ բաները, որ իր երկնային Հայրը արել էր իր համար, և դա ամրացնում էր առաջ շարժվելու նրա վճռականությունը (Հռոմ. 7։21-25)։

13. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին։

13 Մենք կարող ենք ընդօրինակել Պողոսին, եթե ընդունենք, որ անկախ նրանից, թե որքան երկար ենք ծառայում Եհովային, պետք է շարունակ հանենք հին անձնավորությունը և հագնենք նորը, այսինքն՝ Աստծու տված հոգևոր հագուստը։ Եվ եթե սայթաքում ենք, օրինակ՝ կորցնում ենք ինքնատիրապետումը կամ ինչ-որ մեկի հետ կոպիտ ենք խոսում, չպետք է թևաթափ լինենք։ Փոխարենը պետք է շարունակենք հետամուտ լինել մեր նպատակին և փոխենք մեր մտածելակերպն ու վարվելակերպը (Հռոմ. 12։1, 2; Եփես. 4։24)։ Սակայն մի կարևոր բան պետք է հիշենք. ի տարբերություն բառացի հագուստի, որը հարմարեցվում է մեզ, Եհովայի տված հագուստին մե՛նք պետք է հարմարվենք։ Միանգամայն տրամաբանական է, որ Աստծու պահանջներին համապատասխանելու համար մե՛նք պետք է փոխվենք։

ԴԱՎԹԻ ՆՄԱՆ ՄՆԱՆՔ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ

14-15. Ի՞նչ իմաստով է Եհովան իր ժողովրդին հոգևոր ապաստան տալիս (Սաղմոս 27։5; տես նաև նկարը)։

14 Իսկապես երջանիկ լինելու համար հոգևոր սննդից ու հագուստից բացի՝ մեզ նաև հոգևոր ապաստան է անհրաժեշտ։ Ի՞նչ է այն, և ի՞նչ կարող ենք անել, որ Եհովայի պաշտպանության տակ լինենք։

15 Դավիթ թագավորը խոսեց Եհովայի տված հոգևոր ապաստանի մասին (կարդա Սաղմոս 27։5)։ Եհովան պաշտպանում է իր ծառաներին ցանկացած մեկից կամ ցանկացած բանից, ինչը կարող է անդառնալի վնաս հասցնել նրանց հավատին։ Ինչպե՞ս է նա պաշտպանում մեզ վտանգներից։ Աստված խոստանում է, որ մեր դեմ ստեղծած ոչ մի զենք հաջողություն չի ունենա (Սաղ. 34։7; Ես. 54։17)։ Թեև Սատանան ու նրա համախոհները զորեղ են, բայց նրանք չեն կարող անվերականգնելի վնաս հասցնել մեզ։ Նույնիսկ եթե նրանք խլեն մեր կյանքը, Եհովան կվերադարձնի այն՝ մեզ հարություն տալով (1 Կորնթ. 15։55-57; Հայտն. 21։3, 4)։ Եհովան նաև կօգնի մեզ հաղթահարել մեր մտահոգությունները, որոնք կարող են պատճառ դառնալ, որ դադարենք նրան ծառայելուց (Առակ. 12։25; Մատթ. 6։27-29)։ Եվ ի վերջո մեր սիրող Հայրը տվել է հոգևոր ընտանիք, որն աջակցում է մեզ, ինչպես նաև երեցներ, որոնք հովվում են մեզ (Ես. 32։1, 2)։ Ներկա լինելով մեր հանդիպումներին՝ հաճախ ենք լսում այն մասին, թե կոնկրետ ինչ կարող ենք անել, որ Եհովայի պաշտպանության տակ լինենք (Եբր. 10։24, 25)։

«Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ մի քույր ձեռք է բարձրացրել, որ մեկնաբանություն անի։ Ուրիշ եղբայրներ ու քույրեր նույնպես ձեռք են բարձրացրել։

Իր հավատակիցների հետ ներկա լինելով հանդիպմանը՝ քույրը ուզում է հոգևոր օգնություն ստանալ (տես պարբերություններ 14-15)


16. Ինչպե՞ս էր Եհովան պաշտպանում Դավթին։

16 Երբ Դավիթը հնազանդվում էր Եհովային, նա պաշտպանում էր նրան այն վնասներից, որոնք կրում են գիտակցաբար մեղք գործողները (համեմատիր Առակներ 5։1, 2)։ Սակայն երբ Դավիթը անտեսում էր Աստծու չափանիշները, Նա չէր պաշտպանում նրան իր արարքների հետևանքներից (2 Սամ. 12։9, 10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ Դավիթն իր մեղքով չէր տառապում։ Նա աղոթքում իր սիրտը դատարկում էր Եհովայի առաջ, ու Եհովան փարատում էր նրա մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ ջերմորեն սիրում է նրան և հոգ է տանում նրա մասին (Սաղ. 23։1-6)։

17. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դավթին։

17 Մենք ընդօրինակում ենք Դավթին, երբ որոշումներ կայացնելիս խորհրդի համար դիմում ենք Եհովային։ Մենք հասկանում ենք, որ երբեմն դժվարությունների ենք բախվում ոչ թե այն պատճառով, որ Եհովան չի պաշտպանել մեզ, այլ քանի որ սխալ որոշումներ ենք կայացրել (Գաղ. 6։7, 8)։ Եվ երբ փորձություններ ենք ունենում ոչ մեր մեղքով, աղոթքում դատարկում ենք մեր սիրտը Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա կպահպանի մեր սիրտն ու միտքը (Փիլիպ. 4։6, 7)։

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ

18. Ի՞նչ դժվարությունների ենք բախվում և ինչպե՞ս կարող ենք շարունակել բավարարել մեր հոգևոր կարիքները (տես նաև նկարները)։

18 2026 թ. տարվա խոսքը հետևյալն է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն»։ Այս խոսքերն առավել քան երբևէ կարևոր են այսօր։ Մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր երջանիկ չեն, քանի որ չեն ընդունում, որ նման կարիք ունեն կամ փորձում են այդ կարիքը բավարարել կեղծ կրոնի կամ մարդկային փիլիսոփայության միջոցով։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանց մտածելակերպն ազդի մեզ վրա։ Դա կարող ենք անել, եթե սնվենք Եհովայի տված հոգևոր կերակուրով, հագնենք նոր անձնավորությունը և ապաստան փնտրենք Եհովայի մոտ։

Համակցված նկարներ. նախորդ նկարում պատկերված քույրը շարունակում է բավարարել իր հոգևոր կարիքները։ 1. Նա ուսումնասիրում է «Դիտարանի» հոդվածներից մեկը։ 2. Նա կերակուր է բերել մի ամուսնական զույգի համար։ Ամուսինը, գլուխը վիրակապով փաթաթած, նստած է բազկաթոռին և կաթիլային ներարկում է ստանում։ 3. Քույրը ուրախությամբ լսում է երկու երեցներին, ովքեր հովվական այցելություն են արել իրեն։

Մենք կբավարարենք մեր հոգևոր կարիքները, եթե սնվենք Եհովայի տված հոգևոր կերակուրով, հագնենք նոր անձնավորությունը և ապաստան փնտրենք Եհովայի մոտ (տես պարբերություն 18)a

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏՎԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ՝

  • հոգևոր սննդից,

  • հոգևոր հագուստից,

  • հոգևոր ապաստանից։

ԵՐԳ 162 Կհագեցնեմ հոգևոր քաղցս

a ՆԿԱՐ։ Նախորդ նկարում պատկերված քույրը հոգևորապես սնվում է՝ ուսումնասիրելով Եհովայի օրենքը, բարություն է ցուցաբերում, որը նոր անձնավորությանը բնորոշ հատկանիշ է, և ընդունում է երեցների օգնությունը, որոնք հովվական այցելություն են արել իրեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը