Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունվար էջ 14–19
  • Ինչու փրկագնի կարիք ունենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու փրկագնի կարիք ունենք
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ ՆԵՐՎՈՒՄ ԵՆ
  • ՄԵՂՍԱՎՈՐ ՎԻՃԱԿԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ
  • ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
  • ՓՐԿԱԳԻՆԸ ԵՀՈՎԱՅԻ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է
  • Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով փրկագնի մասին
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կարող ես ցույց տալ գնահատանքդ փրկագնի համար
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգուտներ, որ բերում է Եհովայի սերը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ ես թանկ համարում Եհովայի ներողամտությունը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունվար էջ 14–19

ՄԱՐՏԻ 16-22, 2026

ԵՐԳ 20 Քո թանկ Որդուն ես զոհել

Ինչու փրկագնի կարիք ունենք

«Ո՞վ ինձ կազատի այս մարմնից, որը մահվան է տանում» (ՀՌՈՄ. 7։24)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Փրկագինը հնարավորություն է տալիս ներվելու, ապաքինվելու և Աստծու հետ հաշտվելու։

1-2. Ինչի՞ց կարիք ունենք փրկվելու և ինչո՞ւ (Հռոմեացիներ 7։22-24; տես նաև նկարը)։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ շենքը փլուզվել է, և մի մարդ մնացել է փլատակների տակ։ Նա կենդանի է, սակայն իր ուժերով չի կարող դուրս գալ։ Միակ բանը, որ նա կարող է անել, օգնության կանչելն է՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կփրկի իրեն։

2 Իրականում յուրաքանչյուրս նմանատիպ իրավիճակում է։ Ի՞նչ իմաստով։ Երբ Ադամը ըմբոստացավ իր Արարչի դեմ, դարձավ մեղսավոր մարդ։ Նրա սերունդները ժառանգեցին այդ մեղսավոր վիճակը։ Դրա հետևանքով ամբողջ մարդկությունը մնացել է ժառանգած մեղքի «փլատակների» տակ և չի կարող ինքնուրույն դուրս գալ։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին գրած իր նամակում շատ լավ է նկարագրում մեր մեղսավոր վիճակը (կարդա Հռոմեացիներ 7։22-24)։ Նա փափագում էր ազատվել այն «մարմնից, որը մահվան է տանում»։ Պողոսը ժառանգած մեղքի թակարդում էր, որն անխուսափելիորեն տանում է մահվան (Հռոմ. 6։23)։ Մենք այդ նույն դժվար իրավիճակում ենք, ուստի փրկության կարիք ունենք։

Վնասվածքներ ստացած մի մարդ մնացել է փլուզված շենքի փլատակների տակ և ձեռքը մեկնած՝ օգնության է կանչում։

Ինչպես որ փլատակների տակ մնացած մարդը կարիք ունի փրկության, այնպես էլ մենք, որ ժառանգած մեղքի «փլատակների» տակ ենք, փրկության կարիք ունենք (տես պարբերություններ 1-2)


3. Փրկագնի շնորհիվ ի՞նչ է հնարավոր դառնում։

3 Պողոսը մեղքի մասին խոսելիս նաև հուսադրող միտք ասաց։ Նա հարցրեց՝ «Ո՞վ ինձ կազատի այս մարմնից, որը մահվան է տանում», և հետո իր իսկ հարցին հստակ պատասխան տվեց. «Շնորհակալ եմ Աստծուն, ով կազատի ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7։25)։ Պողոսը նկատի ուներ Հիսուսի քավիչ զոհագործությունը՝ փրկագինը։a Փրկագնի շնորհիվ 1) մեր մեղքերը ներվում են, 2) մեղսավոր վիճակից ապաքինվելու հույս ունենք և 3) հաշտվում ենք մեր Արարչի հետ։ Այս երեք մտքերն ուսումնասիրելով՝ կխորացնենք մեր սերը Եհովայի՝ «հույսի աղբյուրի» հանդեպ (Հռոմ. 15։13)։ Նաև մեր գնահատանքը կավելանա Հիսուսի նկատմամբ, ում «շնորհիվ մենք փրկագնով ազատագրվեցինք» (Կող. 1։14)։

ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ ՆԵՐՎՈՒՄ ԵՆ

4-5. Ինչո՞ւ ենք ասում, որ բոլորս էլ փրկագնի կարիքը ունենք (Ժողովող 7։20)։

4 Որպեսզի մեր մեղքերը ներվեն, մենք փրկագնի կարիքը ունենք։ Ցանկացած անկատար մարդ մեղքեր է գործում՝ լինի խոսքով թե գործով (կարդա Ժողովող 7։20)։ Որոշ մեղքեր շատ լուրջ են, օրինակ՝ ամուսնական դավաճանությունը և մարդասպանությունը, որոնք գործողը Մովսիսական օրենքով պետք է մահվան մատնվեր (Ղևտ. 20։10; Թվեր 35։30, 31)։ Ինչ խոսք, շատ մեղքեր այնքան էլ լուրջ չեն, բայց միևնույն է, դրանք մեղք են։ Մի առիթով սաղմոսերգու Դավիթը ասել է. «Քայլերիս մեջ զգույշ կլինեմ, որ լեզվովս մեղք չգործեմ» (Սաղ. 39։1)։ Իսկապես, մեղք կարող է համարվել նույնիսկ մեր ասածը (Հակ. 3։2)։

5 Այժմ մտածիր ասածդ խոսքերի ու արածդ գործերի մասին։ Եղե՞լ է այնպես, որ ուրիշներին ասել ես մի բան և հետո ցանկացել ես խոսքերդ հետ վերցնել։ Արե՞լ ես սխալներ, որոնց համար զղջում ես։ Անկասկած, երկու հարցերին էլ դրական պատասխան կտաս։ Աստվածաշնչում ասվում է. «Եթե ասում ենք, թե ոչ մի մեղք չունենք, ինքներս մեզ խաբում ենք, և ճշմարտություն չկա մեր մեջ» (1 Հովհ. 1։8)։

6-7. Ինչի՞ հիման վրա է Եհովան ներում մեր մեղքերը (տես նաև նկարը)։

6 Փրկագինը ամուր հիմք է տալիս Եհովային, որ ների մեր մեղքերը (Եփես. 1։7)։ Սակայն դա չի նշանակում, որ նա պարզապես անտեսում է մեր սխալները, ասես դրանք որևէ նշանակություն չունեն նրա համար։ Եհովան անտարբեր չէ մեղքի հանդեպ (Ես. 59։2)։ Նրա կատարյալ արդարության համաձայն՝ ներելու համար հիմք է պետք։

7 Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ իսրայելացիները իրենց մեղքերի քավության համար կենդանական զոհեր մատուցեին (Ղևտ. 4։27-31; 17։11)։ Դրանք ավելի մեծ զոհի՝ Քրիստոսի զոհագործության և դրա բերած օրհնությունների նախաշողն էին։ Քրիստոսի զոհը մեր մեղքերը ներելու համար Եհովային իրավական հիմք էր տալու։ Ինչպես երևում է կորնթացի քրիստոնյաներին Պողոսի գրած նամակից, առաքյալը հասկանում էր Քրիստոսի մահվան արժեքը։ Նախկինում նրանց գործած մեղքերը թվարկելուց հետո նա ասաց. «Աստված ձեզ մաքրեց, սրբագործեց և արդար հայտարարեց իր ոգով ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (1 Կորնթ. 6։9-11)։

Մի իսրայելացի ընտանիք ուրախությամբ ոչխար է բերել տաճար ու տալիս է քահանային։

Մեղքերի ներման համար արված կենդանական զոհերը Հիսուսի քավիչ զոհի և դրա բերած օրհնությունների նախաշողն էին (տես պարբերություններ 6-7)


8. Ինչի՞ մասին կարող ես խորհել, մինչ պատրաստվում ես Հիշատակի երեկոյին։

8 Մինչ պատրաստվում ես այս տարվա Հիշատակի երեկոյին, ժամանակ հատկացրու, որ մտածես այն մասին, թե ինչ է նշանակում Եհովայի ներողամտությունը քեզ համար։ Քանի որ փրկագին է տրվել, այլևս կարիք չկա համակվելու մեղավորության ծանր զգացումով նախկինում գործած այն մեղքերի պատճառով, որոնց համար արդեն զղջացել ես։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե դժվարանում ես ընդունել այդ փաստը։ Թերևս մտածում ես. «Հասկանում եմ, որ Եհովան կարող է ներել, բայց ինքս ինձ ներել չեմ կարողանում»։ Սակայն հիշիր. Եհովան է ներողը, իսկ դատելու իրավունքը նա իր Որդուն է տվել։ Եհովան քեզ կամ մեկ ուրիշին չի նշանակել որոշելու, թե ում հանդեպ արժե գթասրտություն դրսևորել, և ում հանդեպ՝ ոչ։ Աստվածաշունչն ասում է. «[Եհովան] լույսի մեջ է, և եթե մենք լույսի մեջ ենք քայլում.... նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։6, 7)։ Մենք կարող ենք վստահ լինել դրանում, ինչպես որ վստահ ենք աստվածաշնչյան ցանկացած այլ ուսմունքի ճշմարտացիության մեջ։ Փրկագինը Եհովային իրավական հիմք է տալիս գթասրտություն դրսևորելու մեր հանդեպ. Աստծու Խոսքն ասում է, որ նա «մեծահոգաբար կների» (Ես. 55։7)։

ՄԵՂՍԱՎՈՐ ՎԻՃԱԿԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ

9. Բացի սխալ արարքներից՝ է՞լ ինչին է վերաբերում մեղքը (Սաղմոս 51։5)։

9 Աստվածաշնչում «մեղք» բառը չի վերաբերում միայն մարդու արարքներին, այն վերաբերում է նաև նրա վիճակին՝ մի բան, ինչը ժառանգել ենք մեր սկզբնավորման պահից (կարդա Սաղմոս 51։5)։ Այս վիճակը ոչ միայն դրդում է մեզ սխալ արարքների, այլև տկարությունների պատճառ է դառնում, ինչի հետևանքով հիվանդանում ենք, ծերանում և մահանում։ Սա օգնում է հասկանալ, թե ինչու են նորածին երեխաները, որոնք չեն հասցրել մեղք գործել, հիվանդանում և նույնիսկ մահանում։ Նաև օգնում է հասկանալ, թե ինչու են և՛ վատ, և՛ լավ մարդիկ տառապում ու ի վերջո մահանում։ Ադամից սերած մի մարդ անգամ չկա, որ մեղսավոր վիճակում չլինի։

10. Ի՞նչ զգացումներ ունեցան Ադամն ու Եվան մեղսավոր դառնալուց հետո։

10 Մտածենք, թե մեղսավոր վիճակը ինչ ազդեցություն ունեցավ առաջին մարդկային զույգի վրա։ Նրանց ներսում հեղաշրջում եղավ։ Ըմբոստանալուց անմիջապես հետո Ադամն ու Եվան կրեցին Աստծու օրենքը խախտելու հետևանքները, օրենք, որը «գրված էր իրենց սրտերում» (Հռոմ. 2։15)։ Նրանք հասկացան, որ իրենց մեջ ինչ-որ բան փոխվել է, բայց ոչ դեպի լավը։ Նրանք զգացին, որ պետք է ծածկեն իրենց մարմինը և ասես հանցագործներ թաքնվեն իրենց Արարչից (Ծննդ. 3։7, 8)։ Առաջին անգամ էր, որ նրանք մեղավորության, անհանգստության, անապահովության, ցավի ու ամոթի զգացում ունեցան։ Այս կամ այն չափով նշված զգացումները ուղեկցելու էին նրանց մինչև մահ (Ծննդ. 3։16-19)։

11. Ինչպե՞ս է մեղսավոր վիճակը ազդում մեզ վրա։

11 Մեղսավոր վիճակը նույն ազդեցությունն ունի մեզ վրա, ինչ ունեցավ մարդկային առաջին զույգի վրա։ Մեր ֆիզիկական և զգացական տառապանքի պատճառը հենց մեղսավոր վիճակն է։ Որքան էլ փորձենք ազատվել դրանից, միևնույն է, չենք կարող դա անել, քանի որ, ինչպես Աստվածաշունչն է ասում, մենք «դատապարտվել ենք փուչ կյանքի» (Հռոմ. 8։20)։ Այս խոսքերը ճշմարտացի են ոչ միայն յուրաքանչյուրիս պարագայում անհատապես, այլև ընդհանուր առմամբ ողջ մարդկության։ Օրինակ՝ մտածիր այն մասին, թե մարդիկ ինչ ջանքեր են գործադրել, որ մաքուր պահեն շրջակա միջավայրը, կանխեն հանցագործությունները, վերացնեն աղքատությունը և հասնեն ազգամիջյան խաղաղության։ Չնայած այս ոլորտներում որոշակի փոքր հաջողություններ են գրանցվել, սակայն մարդկությունն ի վիճակի չի եղել լուծում տալու խնդիրներին։ Ինչպե՞ս կարող է փրկագինը օգնել մեզ ազատվել մեր մեղսավոր վիճակից։

12. Ի՞նչ հույս է տալիս փրկագինը։

12 Փրկագնի շնորհիվ հույս ունենք, որ «ստեղծվածները ազատագրվելու են մեղքի ու մահվան ստրկությունից» (Հռոմ. 8։21)։ Երբ փրկագնի օգուտները լիարժեքորեն տեսնենք Աստծու հաստատած նոր աշխարհում, այլևս չենք տառապի ֆիզիկական, հոգեկան կամ զգացական հիվանդություններից, ոչ էլ կտանջվենք մեղավորության, անհանգստության, անապահովության, ցավի կամ ամոթի կաթվածահար անող զգացումներից։ Դեռ ավելին՝ երկրին հոգ տանելու և խաղաղ ապրելու ուղղությամբ ներդրած մեր ջանքերը այլևս անհաջողության չեն մատնվի, քանի որ երկիրը կղեկավարի նա, ով փրկագնել է մեզ՝ «Խաղաղության Իշխան» Հիսուս Քրիստոսը (Ես. 9։6, 7)։

13. Է՞լ ինչի մասին կարող ես խորհել, մինչ պատրաստվում ես Հիշատակի երեկոյին։

13 Մտածիր, թե մեղսավոր վիճակից ազատագրվելը ինչ է նշանակելու քեզ համար։ Պատկերացրու՝ ամեն առավոտ զարթնում ես լավ զգացողությամբ, ամեն օրդ ապրում ես՝ առանց վախենալու, որ դու կամ հարազատներդ սոված կմնաք, կհիվանդանաք կամ կմահանաք։ Նույնիսկ հիմա կարող ենք ինչ-որ չափով խաղաղություն զգալ՝ «ամուր պահելով մեր առջև դրված հույսը.... ասես խարիսխ.... որը թե՛ հուսալի է, թե՛ անխախտ» (Եբր. 6։18, 19)։ Ճիշտ ինչպես խարիսխը կարող է հաստատուն պահել նավը, այնպես էլ հույսը կարող է ամրացնել մեր հավատը և օգնել դիմակայելու ցանկացած փորձություն, որին բախվում ենք այսօր։ Վստահ եղիր, որ Եհովան «կվարձատրի նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը» (Եբր. 11։6)։ Հիշիր. մխիթարությունը, որ ստանում ես այսօր, և ապագայի վերաբերյալ հույսը, որ ունես, միմիայն փրկագնի շնորհիվ են։

ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

14. Ինչպե՞ս է մեղքը ազդել Ստեղծչի հետ մեր հարաբերությունների վրա և ինչո՞ւ։

14 Այն պահից, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, մարդիկ օտարացան Աստծուց. նրանք այլևս չէին կարող մտերիմ հարաբերություններ ունենալ իրենց Ստեղծչի հետ։ Աստվածաշունչը նույնիսկ ասում է, որ ողջ մարդկությունն է թշնամացել իր Ստեղծչի հետ (Հռոմ. 8։7, 8; Կող. 1։21)։ Պատճառն այն է, որ Եհովան կատարյալ չափանիշներ ունի, ուստի և չի հանդուրժում մեղքը։ Նրա մասին Աստվածաշունչն ասում է. «Քո աչքերը չափազանց մաքուր են, ուստի չեն կարող նայել չարիքին, և դու չես կարող հանդուրժել չարությունը» (Ամբ. 1։13)։ Այսպիսով՝ մեղքը անդունդ առաջացրեց Աստծու և մարդկանց միջև։ Մեզանից ոչ ոք չի կարող Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալ, մինչև որ այդ անդունդը չվերանա, և մենք չհաշտվենք նրա հետ։ Իսկ հաշտությունը հնարավոր է միմիայն փրկագնի շնորհիվ։

15. Հիսուսի մահը ինչպե՞ս հնարավորություն տվեց մարդկանց կրկին լավ հարաբերություններ ունենալ Աստծու հետ։

15 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «հաշտության զոհ է մեր մեղքերի համար» (1 Հովհ. 2։2)։ «Հաշտության զոհ» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել «խաղաղեցնելու միջոց»։ Իսկ փրկագինը ի՞նչ իմաստով «խաղաղեցրեց» Եհովային։ Մենք չպիտի մտածենք, որ նրա Որդու մահը ինչ-որ առումով հանգստացրեց նրան։ Փրկագինը «խաղաղեցրեց», կամ՝ բավարարեց արդարության վերաբերյալ Եհովայի պահանջները։ Այդուհետ նա հիմք ուներ վերականգնելու իր և մարդկանց միջև եղած հարաբերությունները (Հռոմ. 3։23-26)։ Նա նույնիսկ արդար էր համարել բոլոր նրանց, ովքեր նախքան Քրիստոսի մահը հավատարմորեն ծառայել էին իրեն (Ծննդ. 15։1, 6)։ Ինչի՞ հիման վրա. ապագայում տրվելիք փրկագնի։ Եհովան լիովին համոզված էր, որ իր Որդին՝ Հիսուսը, կտա փրկագինը (Ես. 46։10)։ Իսկապես, փրկագինը մարդու առաջ Աստծու հետ հաշտվելու դուռ բացեց։

16. Ուրիշ ինչի՞ մասին կարող ես խորհել, մինչ պատրաստվում ես Հիշատակի երեկոյին (տես նաև նկարը)։

16 Խորհիր այն մասին, թե Աստծու հետ հաշտությունը ինչ է նշանակում քեզ համար։ Գուցե Եհովային դիմում ես որպես քո «Հոր», ինչպես Հիսուսն է սովորեցրել (Մատթ. 6։9)։ Երբեմն էլ նույնիսկ նրան դիմում ես որպես «Ընկերոջ»։ Սակայն հիշիր, որ նրան «Հայր» կամ «Ընկեր» կոչելիս հարկավոր է դա անել խոր ակնածանքով և խոնարհությամբ։ Ինչո՞ւ. քանի որ մեղսավոր ենք և մեր արժանիքների շնորհիվ չէ, որ մտերիմ ենք նրա հետ։ Միմիայն փրկագնի շնորհիվ է, որ կարող ենք Եհովայի հետ ընդհանրապես որևէ փոխհարաբերություն ունենալ։ Նա մարդկանց հնարավորություն է տվել «տանջանքի սյան վրա [Հիսուսի] թափած արյան հիման վրա» հաշտվել իր հետ (Կող. 1։19, 20)։ Դա է պատճառը, որ մենք նույնիսկ այսօր, անկատար լինելով հանդերձ, կարող ենք Եհովայի հետ մտերիմ լինել։

Հռոմեացի զինվորները պատրաստվում են Հիսուսին գամել տանջանքի սյանը։ Երկու զինվոր Հիսուսին բերել են սյան մոտ, իսկ մեկ ուրիշի ձեռքին մուրճ և մեխ է։

Միայն Հիսուսի մահը իրավական հիմք եղավ Եհովայի ու մարդկանց միջև լավ հարաբերությունները վերականգնելու համար (տես պարբերություն 16)


ՓՐԿԱԳԻՆԸ ԵՀՈՎԱՅԻ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է

17. Ինչպե՞ս է փրկագինը փաստում, որ Եհովան գթասիրտ է (Եփեսացիներ 2։4, 5)։

17 Փրկագինը փաստում է, որ Եհովան «հարուստ է գթասրտությամբ»։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «մեզ կենդանացրեց.... մեզ, որ հանցանքների մեջ էինք ու մեռած» (կարդա Եփեսացիներ 2։4, 5)։ Նրանք, «ովքեր տրամադրված են ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը», օգնություն են աղերսում՝ գիտակցելով, որ մնացել են ժառանգած մեղքի «փլատակների» տակ և փրկության կարիք ունեն (Գործ. 13։48)։ Եհովան Թագավորության մասին լուրի միջոցով արձագանքում է նրանց աղաղակին, որպեսզի նրանք կարողանան ճանաչել իրեն ու իր Որդուն՝ Հիսուսին (Հովհ. 17։3)։ Եթե Սատանան մտածում էր, որ Ադամի ու Եվայի գործած մեղքով Եհովայի նպատակը ձախողվեց, ապա չարաչար սխալվում էր։

18. Ինչի՞ մասին պետք է հիշենք, երբ մտածում ենք փրկագնի մասին։

18 Երբ մտածում ենք փրկագնի օգուտների մասին, պետք է շատ ավելի կարևոր մի բան հիշենք։ Փրկագինը չի տրվել բացառապես մեր օգտի համար. դրա միջոցով Եհովան պատասխանում է Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած հարցին (Ծննդ. 3։1-5, 15)։ Փրկագնի միջոցով Եհովան սրբացնում է իր անունը և մաքրում այն նախատինքից։ Նա նաև փրկում է մեզ մեղքից ու մահից՝ փաստելով, որ ինքը սիրո Աստված է։ Անզուգական բարություն դրսևորելով՝ Եհովան, չնայած մեր մեղսավոր վիճակին, հնարավորություն է տալիս մեզ պատասխան տալու Սատանայի բարձրացրած հարցին (Առակ. 27։11)։ Իսկ ինչպե՞ս կարող ես գնահատանքդ ցույց տալ փրկագնի համար։ Այս հարցի պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածում։

ՓՐԿԱԳՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ՝

  • ներում ստանալ,

  • մեղսավոր վիճակից ապաքինվելու հույս ունենալ,

  • հաշտվել Աստծու հետ։

ԵՐԳ 19 Տիրոջ ընթրիքը

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Փրկագինը այն գինն է, որը տրվում է ինչ-որ մեկին գերությունից ազատելու համար։ Հիսուսի զոհաբերական մահը փրկագին է, որը հնազանդ մարդկանց ազատում է մեղքի ու մահվան գերությունից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը